Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՋԱԽՋԱԽԵՑԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ



Ճամբարային հավաքներն ավարտվեցին մարտական հրաձգությամբ մարտավարական եռօրյա հրետանային զորավարժություններով

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ

1-ին բանակային զորամիավորումում հաջողությամբ ընթանում են ուսումնական փուլերի համաձայն անցկացվող բոլոր պլանային միջոցառումները: Եռամսյա արդյունքների ամփոփման նախօրեին հանդիսավոր միտինգով մեկնարկեցին հրետանավորների ճամբարային հավաքները:

Հավաքների պետ, գնդապետ Բաբայանը հրետանային ստորաբաժանումների զինծառայողների՝ հավաքին պատրաստ լինելու մասին զեկուցեց զորամիավորման հրամանատար գնդապետ Փարվանյանին, որի ողջույնից հետո բարձրացվեց ճամբարի դրոշը:

Փողային նվագախմբի նվագակցությամբ մեր զինծառայողները հպարտ ու խրոխտ կեցվածքով երգեցին ՀՀ օրհներգը: Հանդիսավոր միտինգը հայտարարվեց բացված:

Ելույթ ունեցողները կարևորեցին հավաքների դերն ու նշանակությունը հրետանավորների մասնագիտական գիտելիքների գերազանց տիրապետման գործում: Իսկ լավ հրետանավորը հրետանային հաշվարկի լավ անձնակազմն է, նրանք, ովքեր ճամբարային «վերջնաարդյունքը» լավագույնս են ցույցադրում զորավարժության ժամանակ՝ անվրեպ խոցելով բոլոր թիրախները:

Հավաքների պետի տեղակալ, փոխգնդապետ Եղիազարյան.

– Հրետանին իր արժանի ավանդն ունի Արցախյան ազատամարտի հաղթանակի գործում: Այն իր հուժկու կրակային հարվածներով մեծապես նպաստեց մեր զորքերի ընդհանուր մարտական հաջողություններին՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ:

Յուրաքանչյուր հավաքից հետո հրետանային ստորաբաժանումները հասնում են մարտունակության մի նոր, ավելի բարձր աստիճանի: Հավաքներում հրետանավորներն աչքի են ընկնում արհեստավարժությամբ՝ բարձրացնում են իրենց մարտական պատրաստականության մակարդակը, ավելի լավ տիրապետում մարտավարման արվեստին, ակտիվ ուսուցմամբ ձեռք բերում մասնագիտական վարպետություն: Պարտավորեցնող է նաեւ այն, որ 2013-ը հայտարարված է մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի: Եվ այս հավաքը դրականորեն կնպաստի այդ կարեւոր նպատակին հասնելուն, և մենք պատվով կկատարենք մեր առջև դրված բոլոր խնդիրները:

Դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Մաթևոսյանը, վկայակոչելով անբարենպաստ եղանակը, ներկաներին հորդորեց երբեք չվհատվել եւ դժվարությունները հաղթահարելիս՝ դրանց դիմակայել արժանավայել. առավել ևս՝ հարմարվել բնության արհավիրքներին, որոնք ավելի են կոփում ու նպատակասլաց դարձնում:

Նա իր խոսքը եզրափակեց Գարեգին Նժդեհի` Հայաստանի 1-ին Հանրապետության զինծառայողներին ուղղված նշանավոր խոսքերով, որը նաև այժմեական է ճամբարի մասնակիցների համար .

– Հայ բանակի զինծառայող, քեզնի՛ց է կախված հարազատ ժողովրդիդ ու Հայրենիքիդ հանդեպ պարտքի կատարումը: Դու՛ միայն կարող ես պաշտպանել քո պապենական օջախը դրսի թշնամիներից, ովքեր մեր իսպառ բնաջնջումն են ցանկանում: Դու՛ միայն կարող ես քո ետևից տանել հայրենասիրությամբ համակված երիտասարդներին՝ նրանց դարձնելով անձնվիրության ու հերոսության մարմնացում, նրանց մեջ վառ պահելով Հայրենիքի արևոտ ու ծաղկուն ապագայի հույսը: Դու՛ միայն կարող ես ամրապնդել և ուժեղացնել մեր ազգային բանակը, որովհետև դու՛ ես մեր բանակի ոգին ու սիրտը: Քեզնի՛ց է կախված մեր ժողովրդի վարքն ու բարքը: ՈՒրեմն՝ գործի՛ անցիր…

Շարքային Առաքելյանը պատերազմ չի տեսել, սակայն նա քաջատեղյակ է հրադադարին նախորդած մեր ազգի փորձություններին.

– Տարիներ առաջ այստեղ պատերազմ էր՝ հոգու, արժանապատվության կռիվ: Կենաց-մահու պայքար՝ հանուն պատվի ու ազգային հպարտության: Պետք էր արժանին հատուցել թշնամուն մեր՝ դարեր ի վեր թափված արյան ու կորսված երազանքների համար: Հիմա հողն ամուր է, լեռներն աննկուն, երկինքը՝ խաղաղ: Մենք` որպես հայոց հաղթանակած բանակի զինվորներ, պետք է կատարելագործենք մեր գիտելիքները, որպեսզի, Աստված մի արասցե, հարկ եղածին պես, ժամանակին ու դիպուկ կրակային խոցումներով կարողանանք ոչնչացնել հակառակորդին, քանզի մեզ է վստահված Հայրենիքի պահապանի սուրբ գործը:

Հավաքների պետ, գնդապետ Բաբայանը հույս հայտնեց, որ հրետանային ստորաբաժանումները հավաքների ընթացքում լիարժեք կնախապատրաստվեն պլանով նախատեսված հետագա գործընթացներին՝ ի հայտ բերելով կրակային խոցման բարձր արդյունքներ: Հաշվի առնելով, որ հավաքներում ընդգրկված զինվորների գերակշիռ մասը փորձառու հրետանավորներ են, որոնք մեկ անգամ չէ, որ համալիր, հսկիչ-համալիր մրցումներում մշտապես ցույց են տվել նորմատիվների կատարման բարձր արդյունքներ, ինչպես, մասնակցելով հրետանու կրակի կառավարմամբ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների, իրենց դրսևորել են լավագույն կողմերով, կասկած չի կարող հարուցել այն, որ նրանք իրենց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հաջորդներին՝ ապահովելով ընդհանուր գործի հաջողությունն ու շարունակականությունը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Փարվանյանի խոսքը ավելի քան սթափեցնող էր.

– Բոլորս գիտենք, որ պատերազմն անխուսափելի է՝ կլինի այսօր թե վաղը կամ 10 տարի հետո՝ նշանակություն չունի: Չունենք այլ ճանապարհ, ուստի չպետք է որևէ օգնության, օժանդակ ուժի վրա հույս դնենք: Պիտի ապավինենք միայն ինքներս մեր ուժին: 6 տարի շարունակ ազգովի երկաթե օղակում էինք: Մեր համառությամբ ու նպատակասլացությամբ կարողացանք փշրել արգելքներն ու ձևավորել Ազգային Բանակ: Այն օրերին ձեզնից շատերը դեռ ծնված չէին: Փառք Աստծո, որ դուք այսօր ծառայում եք այնպիսի մարտունակ բանակում, որում, ի թիվս այլ զորատեսակների, կա, գործում է հրետանին: Իզուր չէ, որ այն պատերազմի աստվածն է համարվում: Այսօր հրետանու դեմքը ցույց տվողները դուք եք: Պետք է վստահ լինեք, որ հանուն հայ ազգի, հանուն մեր հող ու ջրի, ձեզ հետ միասին ի վիճակի ենք անելու ամեն ինչ:

Օրհնանքի խոսք ասաց զորամասի հոգևոր սպասավոր Սիմոն Սարկավագ Իգիթյանը: Պահը խորհրդավոր էր. հավաքների մասնակից զինծառայողները հորդառատ անձրևի տակ մրմնջում էին հայ զինական ուժի պահպանմանն ու զորակցությանը կոչված «Հայր մերը»:

Այնուհետև զորամիավորման հրամանատարը շրջայց կատարեց վրանային ավանում:

Առջևում հրետանավորների` մի քանի շաբաթ տևող վրանային կյանքն է` լի հետաքրքիր զինվորական առօրյայով. պարապմունքներ, մրցումներ, մարզումներ, ազատ ժամանց, հանգիստ…

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դժվար է պատկերացնել` Արցախյան ազատամարտը հաղթական ավարտ կունենա՞ր առանց հայ հրետանավորների: Կադրային սպա, լուսահոգի գնդապետ Առնո Տատինցյանի և նրա գործը շարունակողների մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ այսօր մեր զինված ուժերի հրետանին գտնվում է բարձր մարտունակության վիճակում:

Հրետանավորի համար միայն տեսական գիտելիքներով բավարարվելը նույնն է, թե մարտական գործողությունների մասին լսել և իմանալ ուրիշից: Այդ է պատճառը, որ հայոց բանակում մշտապես կարևորվում են դաշտային պարապմունքները, որոնք հրետանավորների համար պարբերաբար կազմակերպվում են ճամբարային հավաքների տեսքով:

2013թ. պատրաստության պլանի համաձայն` 1-ին բանակային կորպուսի հրետանային ստորաբաժանումների հետ վերջերս անցկացվեցին մեկամսյա ճամբարային հավաքներ:

Գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման բոլոր հրետանային ստորաբաժանումների համար այս զորավարժությունների հիմնական առանձնահատկությունն այն էր, որ, բացի ճամբարներում ընդգրկված ուժերից, մարտական պատրաստականության լուրջ փորձություն անցան նաև զորամիավորման մյուս հրետանային ստորաբաժանումները:

Հաջողությամբ իրականացվեցին հրետանային ստորաբաժանումների՝ բարդ ռելիեֆի ու ճանապարհային դժվարին պայմաններում հիմնական տեղակայման վայրերից դեպի նստեցման շրջան ռազմերթը, նոր տեղանքում կենտրոնացման շրջանի ընդգրկումը, անձնակազմի ու տեխնիկայի անվտանգ տեղակայումը, քողարկումը, զորավարժության կրակային փուլի նախապատրաստությունը:

Հրետանային ստորաբաժանումների` մարտական հրաձգությամբ մարտավարական եռօրյա զորավարժությունների ընթացքում դիվիզիոնները համապատասխան ազդանշանով բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Շարասյունների ձևավորման շրջանում տրվեց երթի հրաման: Իրականացվեցին զորավարժության կրակային փուլի նախապատրաստական լայնածավալ միջոցառումներ:

Կենտրոնացման շրջան և տարբեր կրակային դիրքեր մեր այցելության ժամանակ հաշվարկների հետ անվտանգության կանոնների խստիվ պահպանման հրահանգներ էին տալիս, կրակային խնդիրները պարզաբանում և համապատասխան խորհուրդներով զինծառայողներին օժանդակում էին կապիտան Ս. Բաշբերուկյանը, ավագ լեյտենանտ Գ. Գևորգյանը, կրտսեր սերժանտ Կ. Թովմասյանը: Փոխգնդապետ Կ.Ղամբարյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի դիտակետում անհրաժեշտ սարքավորումները կարգաբերելով և մարտկոցների հետ անխափան կապ հաստատելոու միջոցով զորավարժությանը նախապատրաստվում էին դիվիզիոնի հրամանատար, մայոր Ա. Հակոբյանը և ճամբարային հավաքների հրետանու պետ, փոխգնդապետ Վ. Խաչատրյանը:

Կարևորելով միաժամանակ անցկացվող դիվիզիոնային 3 զորավարժությունները` ծավալվող գործողություններին անմիջականորեն հետևում էին վերադաս հրամանատարությունը՝ ՀՀ զնված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ: Տեղի ունեցավ զորավարժության ղեկավար, գնդապետ Կ. Բաբայանի զեկույցի ունկնդրում, որն ընդմիջվում էր բանակային կորպուսի պաշտպանական գործողությունների և մայոր Հ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի գործողությունների շուրջ անհրաժեշտ պարզաբանումներով, հարց ու պատասխանով: Տրվեց մարտական կարգադրություն: Հետախուզվեցին վաշտերի, դասակների գրոհի անցման բնագծերը: Զորամիավորումը զբաղեցրեց հուսալի պաշտպանություն:

Ըստ զորավարժության սցենարի` հակառակորդի բրիգադները ընթացքից հանկարծակի հարձակվել էին մեր պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղ մեր էշելոնները զբաղեցրել էին ամուր բնագծեր՝ թույլ չտալու հակառակորդի առաջխաղացումը:

Առաջնագծում կրակային միջոցները հետ մղեցին թշնամու հարձակումները, հակատանկային դիվիզիոնը արգելափակեց թշնամու մխրճումը դեպի մեր պաշտպանության խորքը եւ հետ մղեց հակառակորդի գրոհող զրահատեխնիկան՝ զբաղեցնելով նոր բնագծեր:

Հակառակորդը կասեցվեց, փոխգործակցությամբ կազմակերպվեց հակահարված: Հակառակորդի լիակատար ջախջախումով մեր պաշտպանական գծի երկայնքով վերականգնվեց նախկին իրադրությունը:

Բոլոր դիվիզիոններն էլ գրանցեցին նշանակետերի խոցման լավ արդյունքներ: Իսկ մի խումբ հրետանավորներ արժանացան բարձր գնահատականի: Մեծ էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զարմանքն ու հիացմունքը, երբ նա իմացավ, որ գերազանց խոցում իրականացրած շարքայինների մեծ մասը բոլորովին վերջերս բանակ զորակոչված զինվորներ են: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը գերազանց ծառայության համար զինվորներին շնորհակալություն հայտնեց, խրախուսեց արժեքավոր նվերներով:

Հակատանկային թնդանոթի անձնակազմերի գերազանցիկներն էին` մարտկոցի հաշվարկի հրամանատարներ, դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր սերժանտ Հայկ Բոստանջյանը, շարքայիններ Ֆրունզիկ Սիմոնյանը, Պետրոս Պետրոսյանը, նշանառուներ շարքային Գոռ Պողոսյանը, Տիգրան Գրիգորյանը, Վազգեն Առաքելյանը, լիցքավորողներ շարքային Արման Եգորյանը, Լևոն Թովմասյանը:

Զորավարժության ղեկավար, գնդապետ Կ. Բաբայան.

– Նման միջոցառունները բարձրացնում են անձնակազմի բարոյակամային հատկանիշները, ձևավորում ֆիզիկական տոկունություն, դիմացկունություն: Այդ խնդիրն անձնակազմը հաջողությամբ կատարեց:

Դիվիզիոնի հրամանատար, մայոր Հ. Վարդանյան.

– Զորավարժությունը մեզ տվեց մեծ փորձ, հմտություն: Հետագա նմանատիպ միջոցառումներում դա կօգնի առավել արդյունավետ կատարել բոլոր տիպի մարտական խնդիրները:

Զորավարժություններով ավարտված հրետանու ճամբարային հավաքները ցույց տվեցին, որ 1-ին բանակային զորամիավորման մարտունակությունը բարձր է, և մեր զինծառայողները պատրաստ են կատարելու իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/11/2013