Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՇ



Լույս է տեսել տեխնիկական գիտությունների թեկնածու, ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի «Ադրբեջանական հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը» գիրքը: Այն հեղինակի նախորդ` «Ադրբեջանական հանրապետության վիրտուալ ժողովրդագրությունը» աշխատության տրամաբանական շարունակությունն է /«Հայ Զինվոր» թիվ 35 (951) և ամբողջովին նվիրված է այդ երկրի սոցիալ-տնտեսական համակարգի վերլուծությանը: Աշխատության մեջ քննարկվում են Ադրբեջանի նավթային ոլորտը, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեն, արտաքին առևտուրը, և ռազմական ծախսերը: Գիրքն իր տեսակի մեջ եզակի է` այն համատեղում է հարուստ փաստագրական տեղեկատուի և վերլուծական ուսումնասիրության հատկանիշները: Բավական է ասել, որ այստեղ զետեղված են ավելի քան ութսուն հաշվարկային գրաֆիկներ, ինչպես նաև առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում Ադրբեջանի մասին Wikileaks կայքէջի հրապարակում-բացահայտումները:

-Պարոն Մարջանյան, մեր զրույցը նախաբանի կարիք չունի: Ըստ էության, այն Ձեր նախորդ գրքի առնչությամբ մեր հանդիպման շարունակությունը կարող է համարվել: Ուստի, ինչպես ասում են, միանգամից անցնենք բուն նյութին: Հայտնի է, որ Ադրբեջանը մոնոտնտեսություն է՝ հիմնված հում նավթի պաշարների վրա. ինչպիսի՞ հեռանկար ունի այս երկիրը: Հիշում եմ` Դուք առաջիններից մեկն էիք, որ դեռ անցած տարի բարձրաձայնեցիք այդ երկրում նավթի արդյունահանման ծավալների անխուսափելի անկման մասին: Ավելի ուշ հնչեց նաև այդ երկրի նախագահի հանդիմանանքը՝ ուղղված Բրիտանական BP ընկերությանը…

– Ադրբեջանում ավարտվում է «Մեծ նավթի» դարաշրջանը` պայմանավորված Ազերի-Չիրագ-Գյունեշլի /ԱՉԳ/ նավթադաշտի շահագործումով: Այս դաշտը ապահովում է մերօրյա Ադրբեջանի հում նավթի արդյունահանման ավելի քան 90, և ողջ պետական եկամուտների ավելի քան 80 տոկոսը: Անցած դարի 20-ականներին Վրաստանը հաճախ կիսահեգնական անվանում էին «Վրաստանի Խողովակաշարային Հանրապետություն»: Այսօր ունենք բոլոր հիմքերը Ադրբեջանը կոչելու «Ազերի-Չիրագ-Գյունեշլիի Հանրապետություն»: Անհրաժեշտ է փաստել, որ, հիմնվելով ԽՍՀՄ Նավթային արդյունաբերության նախարարության 1970թ. աղավաղված քարտեզի վրա և հետևելով «Ալիևի դոկտրինին», Ադրբեջանը միակողմանիորեն զավթել-օկուպացրել է այս նավթադաշտը՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի և Կասպիցի կարգավիճակը սահմանող բոլոր հիմնական դրույթները: Առ ասօր Ադրբեջանը միակ մերձկասպյան պետությունն է, որն իր կողմից զավթված Կասպիցի տարածքը սահմանադրորեն հայտարարել է սեփական «ազգային տարածք»: Այս օկուպացիան իր տրամաբանական ավարտը ունեցավ 1994թ. սեպտեմբերյան «դարի պայմանագրի» ստորագրումով: Բայց այսօր խափանված է ԱՉԳ «հիմնական նավթի» BP/AIOC ընկերությունների եռափուլ ծրագիրը: Ծրագրի հավելյալ նոր` 4-րդ փուլի իրականացումը (COP, մեկնարկը` 2013-ին) ի վիճակի կլինի երկարաձգել ԱՉԳ նավթադաշտի շահագործումը, բայց չի ապահովի օրական 1 մլն բարել նավթի արդյունահանման բաղձալի ցուցանիշը: Առաջիկա տարիներին Ադրբեջանում անխուսափելի է նավթադոլարային եկամուտների նվազումը:

– Բարի՛, բայց գրքում Դուք պնդում եք նաև, որ դրան հաջրդելու է «գազի դարաշրջանը»: Դուք այն նույնիսկ անվանել եք «Հարավ-Կասպիական վերջնախաղ»: Ի՞նչն է բանը:

– Այո՛, ճիշտ է, խոսքը Կասպիցի գազային դաշտերի մասին է: Եվ ամենակարևորը՝ Հարավային Կասպիցի սահմանազատման մասին է: Նախ՝ հաշվարկները ցույց են տալիս, որ գազային ոլորտի անգամ ամենահավակնոտ ծրագրերի իրականացումը Ադրբեջանին կապահովի մոտ 6-7 անգամ ավելի քիչ շահույթ, քան ԱՉԳ ծրագիրը: Առաջիկա տարիներին Ադրբեջանում ածխաջրածիններից /գազ և նավթ/ գոյացած ընդհանուր եկամուտների նվազումը անխուսափելի է:

– Իսկ ո՞ւր մնաց նախագահ Ալիևի տխրահռչակ «Նավթը Արդրբեջանի ժողովրդի հարստությունն է» կարգախոսը:

– Նավթն անպայմանորեն չի հանգեցնում երկրի հարստությանն ու բարեկեցությանը: Ես այդ հարցին մանրամասն անդրադարձել եմ գրքում և ամփոփել «Եզրակացության» մեջ: Ադրբեջանում գործող կլանաօլիգարխիկ համակարգի կողմից ածխաջրածինների ոլորտը զավթված է, իսկ գոյացած բարիքը օտարված է Ադրբեջանի քաղաքացիներից, ի հակադրություն «Ադրբեջանի նավթը Ադրբեջանի ժողովրդի հարստությունն է»՝ իսկապես էլ տխրահռչակ կարգախոսի: Զավթված բարիքն առաջին հերթին ուղղվում է գործող ռեժիմի պահպանմանը և վերարտադրմանը: Օրինակ` Ադրբեջանից ածխաջրածինների արտահանումների ոլորտում կոռուպցիոն բաղադրիչը 2010-2012 թթ. ընթացքում կազմել է տարեկան արտահանման ընդհանուր ծավալի մոտ 25 տոկոսը: ափանված է ադրբեջանական հանրապետության տնտեսական ոլորտի բազմազանեցման /դիվերսիֆակացիայի/ ծրագիրը: Երկրի տնտեսական համկարգը շարունակում է մնալ մոնոտնտեսություն` հիմնված ածխաջրածինների արդյունահանման վրա: Իսկ ածխաջրածինների արդյունահանումից եկամուտների նվազման սպասելիքները, միջազգային նավթագազային ընկերությունների շանտաժին հլու ենթարկվելը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ ադրբեջանական հասարակությունում առաջացնում են շոշափելի հիասթափություն դեռ 1994 թ. Ադրբեջանին համատարած բարօրություն ու սոցիալ-տնտեսական շեշտակի զարգացում խոստացած «Ալիևի դոկտրինից»: Այդ հիասթափությունը, զուգորդված հասարակության խորացող սոցիալական բեևեռացմամբ, հանրային և անձնական ազատությունների բռնաճնշմամբ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ համակարգային բնույթ ունեցող խտրականություններով, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում երկրում: Իրադրությունը խորանում է Ադրբեջանում առկա ժողովրդավարության սաղմնային մակարդակի, քաղաքացիական հասարակության թերզարգացածության և հատկապես իշխանափոխության մեխանիզմների և իշխանության կիրառման, ըստ էության, կիսաֆեոդալ բնույթի պատճառով:

– Ձեր նախորդ գրքում Դուք անդրադարձել էիք Ադրբեջանի ազգային կազմին` այդ երկրի համար չափազանց սուր մի հարցի: Եթե հիշողությունս չի դավաճանում, այնտեղ գնահատված էր նաև ադրբեջանական հանրապետության էթնոցիդալ ներուժը, այն է` ազգային բազմազանության միտումնավոր միօրինականացումը…

– Միանգամայն իրավացի եք: Բերեմ միայն բնիկ թալիշների օրինակը. թալիշների թվաքանակը շուրջ երկու միլիոն է, բայց ահա Բաքվի պաշտոնական վիճակագրությունը այդ թիվը փոքրացնում է առնվազն տասը անգամ: Էթնիկ բազմազանության նկատմամբ նմանօրինակ քաղաքականության որդեգրումը ամենևին չի սահմանափակվում թալիշներով և տարածվում է նաև Ադրբեջանում ապրող մյուս բնիկ ժողովուրդների վրա… Այս հանգամանքը չի կարող շոշափելի լարվածություն չառաջանել հանրապետությունում: Այդ լարվածությունն այսօր ակնհայտ է, և դրան գումարվում են մի շարք այլ հանգամանքներ` Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը, Հարավային Կասպիցի սահմանազատման տակավին չլուծված և չափազանց լարված խնդիրը, Ադրբեջանում իշխանափոխության քաղաքակիրթ մեխանիզմների բացակայությունը և այլն, և այլն… Այս բոլոր հանգամանքները հուշում են, որ առաջիկա տարիները` հատկապես 2017-2019 թթ. տարածաշրջանի համար լինելու են բավականին բարդ, նույնիսկ պայթյունավտանգ…

– Ուզում եք ասել…

– Ուզում եմ ասել, որ տվյալ ժամանակահատվածում խիստ կմեծանա պատերազմի հավանականությունը: Եվ դա միայն ձեր խոնարհ ծառայի կարծիքը չէ: Հիշենք` ս.թ. հունվարին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի Կոնգրեսում արած հայտարարությունը` Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկների հավանականությունը ավելի ու ավելի է մեծացնում պատերազմի հավանականությունը Լեռնային Ղարբաղում…

– Ի՞նչ նկատի ունի Քլեփերը՝ «սխալ հաշվարկների հավանականություն» ասելով…

– Այն որ` հսկայածավալ ռազմաարդյունաբերական զարգացումը, ծանր, գրոհային նշանակության սպառազինությունների մեծածավալ գնումները Ադրբեջանում կարող են այն թյուր տպավորությունն ստեղծել, թե եկել է առաջին կործանիչ հարվածը հասցնելու պահը… Առավել ևս, երբ հայտնի են նաև 2017-2018 թթ. տարածաշրջանային պատերազմների սցենարները, որնցից մեկը մշակվել է ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի ընդերքում…

– Ձեր գրքի ամենածավալուն գլուխը նվիրված է Ադրբեջանի Հանրապետության ռազական ծախսերին. մի քանի փաստերի կամ թվերի լեզվով չե՞ք գծագրի ընդհանուր պատկերը:

– Ադրբեջանի ռազմական ծախսերի շուրջ ստեղծվել է արտառոց իրավիճակ: Ըստ էության, դրանց մասին հավաստի գնահատականները բացակայում են թե՛ պաշտոնական, թե՛ այլ աղբյուրներում: Ադրբեջանի կողմից ռազմականացման համալիր ծրագրի իրականացմանը, գրոհային նշանակության սպառազինությունների ծավալուն գնումներին, հիմնարար կարևորության միջազգային պայմանագրերի կոպիտ խախտունմերին միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ ցուցաբերում է անտարբեր, իսկ որոշ դեպքերում նաև խրախուսական վերաբերմունք: Թվերի լեզուն, ինչպես ասում են, խոսուն է: 1992-2012 թթ. ընթացքում Ադրբեջանը ծախսել է մոտ 30 մլրդ դոլար ռազմական նպատակներով: Այն կոպտորեն խախտում է իր իսկ ստորագրած միջազգային պայմանագրերի հիմնարար դրույթները, պետկան մարմիններից, միջազգային հանրությունից և սեփական քաղաքացիներից թաքցնում է առաջին հերթին գրոհային նշանակության ծանր սպառազինությունների իր գումարները: Ադրբեջանին զինող բոլոր հիմնական երկրները ռազմական և սպառազինության մատակարարումների ոլորտում «բարձր» կամ «շատ բարձր» կոռուպցիայի ցուցիչով երկներ են, և այս «զուգադիպումը» չափազանց մտահոգիչ է: Կոռուպցիան բուն Ադրբեջանում հսկայածավալ է: Ադրբեջանի ռազմական /պաշտպանական/ ոլորտում միայն 1992-2012 թթ. ընթացքում կոռուպցիայի ծավալը կազմել է 3-5 մլրդ և ավելին է, քան անցած 20 տարիների ընթացքում ՀՀ ողջ ռազմական ծախսերը:

– Պարոն Մարջանյան, Դուք ներկայացրիք տարածաշրջանում հնարավոր պատերազմի սցենարը, իսկ խաղաղության սցենար չկա՞ արդյոք:

– Դժվարանում եմ ասել նման ամբողջական սցենարի գոյության մասին, սակայն լավատեսական եզրահանգումների որոշակի հիմքեր, այնուամենայնիվ, կան…

– Շտապում եմ հարցնել` որո՞նք են դրանք:

– Նախ` Վրաստանում ավարտվում է Մ. Սահակաշվիլիի դարաշրջանը, և այդ երկիրը կարծես թե վերադառնում է, տարածաշրջանային տեսանկյունից, ավելի ընդունելի ձևաչափի, ապա` խափանվեց Սիրիայի մասնատման անմիջական փորձը, որին հետևելու էր Իրանի մասնատման գործընթացի մեկնարկը, երրորդ` Ռուսաստանը տարեցտարի ավելի է ամրացնում աշխարհաքաղաքական ուժային կենտրոն հանդիսանալու իր կարողությունը, չորրորդ` Միջերկրականում գազի շոշափելի պաշարների պեղումով լուծվում է Իսրայելի էներգետիկ խնդիրը. սա կարող է նվազեցնել Իսրայելի ներգրավվածությունը Կասպիա-Կովկասյան տարածաշրջանային խնդիրներում, հինգերորդը` ինչպես ցույց տվեցին անցած տասնամյակի գործընթացները, ամենևին էլ բացառված չեն անակնկալ զարգացումները բուն Ադրբեջանում` կապված էթնիկ, կլանային, սոցիալական և այլ զարգացումների հետ, և, վերջինը` ամենակարևորը` մարտունակ, օրեցօր հզորացող և ամրապնդվող Հայաստանի Հանրապետության հաղթական զինված ուժերը:

Հարցազրույցը՝ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


14/11/2013