Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԽՆԿԱՀՈՏ ՈՒ ԱՂՈԹՔ ԷՐ…



Մարտական դիրքերում, որտեղ հակառակորդն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հետևում է քո ամեն շարժին, որտեղ վտանգն առավել ծանր ու խիտ է կախված ամեն մեկի գլխին, եւ ամեն անզգույշ քայլ կարող է ճակատագրական լինել` հավատքն առ Աստված առավել մեծ է։ Ուստի պատահական չէ, որ ԼՂՀ ՊԲ առաջնագծի գրեթե բոլոր մարտական դիրքերում աղոթատեղի կամ փոքրիկ մի մատուռ կա, որտեղ զինվորները մոմ են վառում, աղոթում։ Դրանք հիմնականում զինվորների նախաձեռնությամբ ու իրենց իսկ ձեռքերով են կառուցված։

ԼՂՀ հարավարևելյան ուղղության առաջնագծի զորամաս մեր հերթական այցելությունը համընկավ դիրքերից մեկում փոքրիկ մատուռի օծման արարողակարգի հետ։

Այս դիրքում աղոթատեղի մինչ այդ էլ կար. անցած զորակոչին ծառայությունն արդեն ավարտած մարտիկներն էին կառուցել։ Նրանցից հերթափոխն ընդունած զինվորները շատ էին ուզում, որ այս փոքրիկ սրբատեղին եկեղեցու տեսք ունենա` գմբեթ ու խաչ էլ լինի։

Եվ հերթապահությունից հանգիստ ժամանակ տղաները` Ռաֆայելը, Դավիթը, Աշոտը, Սլավիկը, Կարենը ձեռքի տակ եղած «շինանյութով» նախ կառուցեցին իրենց մատուռի գմբեթը։ Վաշտի հրամանատար Արամ Գևորգյանն էլ ծանոթ դարբնի մոտ հրաշագեղ մի խաչ պատվիրեց, որը գմբեթին տեղադրելուց հետո առանձնակի շքեղություն հաղորդեց կառույցին։

Փոքրիկ մատուռի օծման արարողությունը, որը կատարեց զորամասի հոգևոր հայր Սարգիս սարկավագը, հանդիսավոր անցավ։ Ներկա էին զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գ. Գաբրիելյանը, հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արսեն Աղաբեկյանը եւ ուրիշներ։

Դիրքերում տարածվեց խնկահոտը, մոմի բոցերը թույլ ճարճատեցին, ու փոքրիկ մատուռը լցվեց զինվորների աղոթքով։ Այդ նվիրական պահին ամեն մեկը յուրովի իր սրտի խոսքը մրմնջաց՝ անկասկած մաղթելով իր հարազատններին բարօրություն ու իրենցից ամեն մեկին անփորձանք ծառայություն։

ԳՈՀԱՐ ՓԻԼԹՈՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Բանակ և հասարակություն


14/11/2013