Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻՆ ՋՈՒՐ



Նվիրվում է Ագնեվոյի Հրաչին

Գորշ, ցեխակոլոլ հրասայլը` հանկարծակի կտրելով ռազմագծի բախման հատվածը, վայրենի հռնդյունով, անխնա ցրիվ տալով խաղողի մարգերը, անարգել առաջ էր սլանում: Հրամանատարը հեռադիտակով հանդարտ զննում էր անհամար ցեխաշերտերը անփութորեն այս ու այն կողմ ցպնող խելապատառ հրեշին:

-Դե, քեզ տենամ, Անդո՛: Քո հերթն է, – ընկերոջը գոտեպնդեց, ավտոմատը հենեց խրամատի թմբին, երկար նշան բռնեց ու հրասայլի աշտարակի կիսալուսնի պատկերին հենված, անընդմեջ կրակ տեղացող ինքնագոհ ազերուն մեկ կրակոցով գետին տապալեց:

«Տիգրան ջան, սրանցից ոչ մեկի մահը սրտովս չի, բայց աշխարհում ոչ ոք ինձ չի կարող ապացուցի, թե ուրիշ ելք կա: Ախր էս անաստվածները ուզում են մեր հողին ու ջրին տեր դառնալ»…

Անդոյի ականանետի կրակոցը զուգադիպեց հրասայլի կտրուկ շրջադարձին:

-Ես դրա մերը կանիծեմ, հրամանատա՛ր,-բառերը կատաղած դուրս շպրտեց Անդոն ու հակատանկային ականը ամրացրեց գոտուն,- ո՞նց թե դու փախչես իմ ճանկից…

Մի տաքացի, դրանից բան դուրս չի գա: Շատ է հեռու, թող բլուրը անցնի, մի բան կմտածենք,- կարգադրեց Հրաչը ու Կարոյին նշան արեց, որ ընկերոջը մխիթարի:

-Էս տարի գինի չխմեցինք, ուզած-չուզած` թուրքի տանկից ենք գինի քաշելու, – հաջող-անհաջող հումորը շուրթին Կարոն սողաց դեպի Անդոյի կողմը:

Տես, թե ոնց է էդ դալար մովերը ավերում: Արունդ եմ խմելու, հլը սպասի…

Անդոն դեմքը շրջեց Ագնեվոյի Հրաչի կողմը ու հանդիպեց արդեն վաղուց հայտնի հրամանատարի սառը, անտարբեր հայացքին:

Հա, Վիտո…տեսնում ենք, ոնց չէ, էլ սնարյադ չունենք, թե չէ՝ գիտես…մի նեղվի, էդ կառոպկեն մեկ ա մերն ա…Չէ, մի ուղարկի, մեկա կուշանա, մենք ձևը գիտենք դրան կանգնեցնելու,- ռացիան դեմքից չհեռացնելով՝ Հրաչը նայեց Անդոյին:

Երկու թևերն էլ լավ են աշխատում, հալալա տղերքին… Դե, մի ժամից Սեյիդախմեդլի կմտնենք, Վիտո ջան…Մենակ թե էս կարդաշից բան չեմ հասկանում, ռեխը դեմ տված առաջա վազում…

Էդ անասունը երևի տոռմուզի տեղը մոռացելա, հրամանատար:

Կամ էլ շտապում ա, որ Ալլահի գյոռի դռները չփակվեն, – փորձեց ծիծաղել Անդոն:

Երկու վիրավոր ունեմ, Վիտո՛… Բժիշկը որի՞ն հասնի, այ ախպեր… Ուղարկի Արամի թևը, ոնց որ ընդեղ ծանր վիրավոր կա… Դե մերոնց վիրակապել ենք, ճանապարհ դրել…Ոչինչ, կդիմանան: Դե բոյից հետո կհանդիպենք…Կապի վերջը…

Անդոն անհամբեր սպասում էր հրամանատարի վերջին երկու բառերին:

– Դավայ, Անդո ջան…Տեսնում ես էն գերանի ետևի թփերը, մի ռիվոկով հասի թփերին ու սսկվի, մինչև որ ձախ թևով մոտենամ: Ուշադիր եղիր, կարողա հեռվից սնայպերը վրեդ աշխատի: Թե բան ա, կանցնես գերանի հետևը: Չշտապես, լավ ռաշչոտ արա, գիտես՝ վերջի գռանատնա: Բաշնյայի հյուրերին ես կդիմավորեմ:

– Կամանդի՛ր…, – Կարոն չհասցրեց դժգոհություն հայտնել:

– Դու մեր ստրախովկեն ես, Կարո՛, լոլոզ բոյդ չտնկես: Պեկայիդ ձենը մի վայրկյան պիտի չլռի, հա, ռացիան վերցրու, նավսյակի…

Կարոն ներքուստ դժգոհեց, բայց հրամանատարի կարգադրությունը չքննեց…

Անդոն մի վերջին ակնկալիքով թեքվեց հրամանատարի կողմը` հուսալով ժպիտի մի ծալք նշմարել նրա դեմքին, սակայն վերստին հանդիպեց Հրաչի սառն ու վճռական հայացքին:

-Քեզ տեսնեմ, Անդո՛ ջան,- հուսադրող, բայց խիստ, ձայնեց Հրաչը…

Անդոն առանց հնչյուն արտահայտելու աչքով արեց Կարոյին, զննող հայացքը հառեց մարտադաշտին ու…

Հաղթակամարից դեպի Եռաբլուր ձգվող սպիտակ սավանը անտրտունջ ճռթճռթում էր: Հենափայտի հենակից ծառս եկած վարդերը համաչափ օրորվում էին` ստվերելով առավոտի գունատ ձյունածածկի արահետը: Կաղ, համրաքայլ զինվորականը մեն միակ այցելուի փառավորությամբ, անփույթ կոխ տալով չդադարող ձյան փաթիլները, բարձրանում էր դեպի Փառքի Հովիտը: Առավոտից անհանգիստ քամին տեղացող ձյունից տեղ-տեղ գոյացած բլրակները այս ու այն կողմ էր ցպնում, կարծես ամրապնդելով հավասարության ու ներդաշնակության այն օրենքը, որը ծնվեց այնժամ, երբ Եռաբլուրում թաղվեց Արցախում զոհված առաջին նահատակը: Աստիճանները բարձրանալիս հենափայտը հանկարծակի սահեց ու լղար, պարթևահասակ զինվորականը, մի կերպ հավասարակշռելով իրեն, դեմքը հառեց մատուռ-եկեղեցու գմբեթին, հուսալով, որ զանգի, թե ինչ-որ մի ուրիշ ձայնի անսովոր թնդացող արձագանքը այնտեղից հնչեց: Հետո, խաբկանքից սթափված, ձեռքը տարավ գոտկատեղին, համոզվեց ջրամանների առկայության փաստով ու սառը, ոչինչ չարտահայտող դեմքը մեկից ջղաձգվեց:

…Անդոն, դարան մտած կատվի պես, կտրուկ դուրս թռավ խրամատից: Կքված, արագ տեղաշարժերով հասավ նշանակված թփերին ու դիրքավորվեց: Կարոն պեկայի փողը ուղղեց ու կարճ կրակահերթով` աջ ու ձախ գնդակներ ցպնելով կարծես ջանում էր կոծկել հրամանատարի, Անդոյի ու իր` քիչ առաջ նյութած ծրագրի իսկությունը: Ձախ, շրջանցիկ ուղղությամբ, հայացքը մեկ Անդոյին, մեկ անարգել մոտեցող հրասայլին ուղղելով` Հրաչը սողում էր դեպի թփերի զուգահեռ անկյունը:

«Տիգրան ջա՛ն, վաղը մարտի 8-ն է, շատ կուզեի, որ քեզ ու մայրիկի հետ այդ օրն անցկացնել, բայց էս անկուշտ հրեշին պիտի կանգնեցնենք, որդի՛, ուրիշ ճար չկա: Ոչինչ, մի՛ տխրի, մյուս տարի մայրիկի տոնը միասին կդիմավորենք…»:

Անդոյի ազդանշանը կանգնեցրեց և՛ ընթացքը, և՛ մտովի զրույցը որդու հետ: Հրաչը արագ թեքվեց մոտեցող հրասայլի ձախ անկյունը ու շունչը պահած` մատը տարավ ձգանին: Հակատանկային գրանատը փայլատակեց իր նշանակության ողջ ուժգնությամբ: Հրասայլը խռպոտ ոռնոցով կանգ առավ ու կրակի շիթերը մեկից շրջապատեցին խոցված գազանին: Հրաչը արագ ոտքի կանգնեց ու հրասայլի հետևից հայտնված կարդաշներին դիմահար կրակոցով տապալեց: Հետո շարքից հանեց նաև հրասայլի աշտարակից դուրս պրծնող ծխախեղդ թուրքերին ու…

Կարոյի պեկայի ձայնը լսում էր, հեռվում գործադրվող հրանոթի պայթյունները նույնպես, բայց ոչ Անդոյի կռվարար աղաղակները կամ կրակոցները…

Զննող հայացքը ազերիների դիակներից շրջեց ու տեսավ գերանի հետևում ծանր տնքացող Անդոյին: Միտքը չհասցրեց ափսոսանք կամ ցավ գրանցել` բախվեց սրտի կենսատու ռիթմը հատող գնդակին…Կրծքին շարված պահունակների արանքից արյուն էր հոսում: Ոտքի կանգնելու փորձ չարեց. հասկացավ, ինչ կատարվեց: Խուլ հևոցով կողքի թեքվեց ուր երեք քայլի վրա անիմանալի, անհասկանալի զգացողությամբ վարակիչ ժպիտը դեմքին` անխռով մեկնվել էր կռվարար Անդոն` Ագնեվոյի դասակի իր բախտակից եղբայրը, մահվան սարսափին ծաղրող, խոցված, արյունլվա, բայց երբեք չնահանջող խելառ Անդոն…Հրամանատարի դեմքը անսահման հրճվանքից պայծառացավ…

Արևը իր խամրած ստվերների ծվեններն էր ժողովում Եռաբլուրի խաղաղ օվկիանում: Կեսօրի քամին դեռևս իր ջանասեր վարքի մեջ էր: Եռաբլուրում ծառ ու թուփ, քար ու ճամփա, ամենայն ինչ հավասար են, և միայն շիրմաքարերն իրավունք ունեն վեր հառնել: Արտասովոր այցելուն միակն էր ողջերի մեջ, որ մարմինը հավասարել էր շարահրապարակի քարե զինվորների միագիծ շարքին ու վերհուշի բզկտող ցավը լռության դագաղին պահ տված` սպասում էր, որ խողովակի ջուրը ամփոփի դույլի պարունակությունը: Վարդերի թերթերը ցրտից կծկվել էին դույլի եզրին և համբերությամբ սպասում էին իրենց նշանակության խոհեմ իմաստին: Հայացքն անթափանց հեռվին գամած համր, խորասույզ զինվորականը խորը շունչ քաշեց: Կենդանության եկած խորհրդավոր ուրվականը դեռ բավարար գիտակցություն չուներ ընկալելու, որ ոտքերի տակ լճացած աղբյուրի ջուրը` առվակ դարձած, ճամփա էր հարթում շիրմաքարերի ուղղությամբ:

…«Ի~նչ երջանկություն, հրամանատարը ժպտում է»…-Հրճվանքը հաղթել էր կրծքի անասելի ցավին: Չորս տարիների` կորստի, տառապանքի, հաղթանակի ու ուրախությունների անվերջ ապրումների մեջ` Անդոն առաջին անգամ տեսավ, որ հրամանատարը ժպտում է:

«Հրամանատարը ժպտում է… Հրաչի ժպիտի մեջ դառնություն չկա, ընդհակառակը՝ ի~նչ վստահություն…Հրամանատարը գոհ է, ուրեմն՝ մեր գործն արդար է, ու արժի այդ գործի համար ապրել…», – դժվար ժպիտը դեմքին, մարող գիտակցության վերջին թրթիռով` եզրակացրեց Անդոն:

Կարոն, գազազած վագրի անզուսպ ոստյունով, վայրկենապես հայտնվեց հրամանատարի կողքին:

– Հրաչ ջան, ախր… ախր էս ո՞նց եղավ: Հրամանատար, դիմացի, հիմա երկուսիդ էլ դուրս կհանեմ… Ես դրանց…

Կարոն անկանոն ցնցվում էր, բայց դողացող ձեռքը հասցրեց վիրակապը ամրացնել Հրաչի վերքին:

-Ես լավ եմ, Անդոյին հասի… Զգույշ սնայպերը…,- բերանում կուտակվող արյունը չթողեց շարունակի:

Հաջորդ վայրկյանին Կարոն արդեն Անդոյի մոտ էր: Ամբողջ հասակով ոչ թե ծնկեց, այլ կարծես փլվեց ընկերոջ դիակի առջև: Աչքերը դուրս թռան կապիճներից, դողահար ծնոտը կախ ընկավ, բայց ծպտուն չհանեց, որ հրամանատարը չիմանա կատարվածը:

-Ջու~ր… -Կարոյի ականջը շանթեց հրամանատարի նվաղ ձայնը:

-Հիմա, հիմա կբերեմ, դիմացի, ախպերս, մի վայրկյանից կհասնեմ, արևս մեռնի, մի վայրկյանից, չշարժվես, Հրաչ ջան:

Միտքը մշուշվում էր, ու կյանքը կորզող վերքը թույլ չէր տալիս կողմնորոշվելու` Անդոն շարունակում է ժպտալ, թե՞ հեգնական ժպիտը որպես աշխարհին ուղղված դատավճիռ` հոգու թեթև, երանելի թռիչքների մեջ էր:

«Տիգրան ջան, վաղը մայրիկի հետ Եռաբլուր կգնաս, Դուշմանի ծննդյան օրն է, Վարդանի շիրիմին կարմիր կակաչներ կտանեք, Վարդանը կակաչ շատ էր սիրում: Որդի, շուտով դու եղբայր կունենաս, երկուսով ավելի հեշտ կլինի, դու արդեն մեծ տղա ես, պիտի հասկանաս, որ Տիգրանուհու համար դժվար է լինելու: Մայրդ միշտ ձեր օգնության կարիքն է զգալու…»: Աչքերը շաղվեցին, միտքը նվաղեց:

Ջրամանը ձեռքին Կարոն դուրս թռավ խրամատից: Անպատասխան ռացիան դեռ աղմկում էր. «Ապրես, Հրաչ ջան, Անդո ջան, դրա ատամները լավ փշրեցիք…ո՞նց եք, դուք ո՞նց եք…ձեն հանեք, Կարո»…

Խելահեղ վազքի մեջ, կրակոցների աղմուկների ներքո Կարոն անսխալ տարբերում էր զինվորական ջրամանի ալիքվող ջրի ձայնը ու աղոթում էր, որ վայրկյան առաջ հասնի Հրաչին: Անհասցե գնդակը գտավ իր թիրախը…

Վիրավոր ծնկի անասելի ցավը նրան չէր ընկճում, ուրիշ մտքից էր սարսափում. միայն թե՝ ջուրը հասցնի: Սողալով անցավ վերջին ակոսն ու ջրամանը մեկնեց Հրաչին. այլևս ո՛չ աղերսները, ո՛չ փաղաքուշ բառերը և ո՛չ էլ ջուրը չէին կարող օգնել Հրաչին… Կարոյի` օդը պատռող ոռնոցը ոչ մի կերպ նման չէր ողբի` երբևէ արտահայտած որևէ դրսևորման:

…Մարտյան կուչ եկած արևը իր անդրադարձն էր փնտրում ձյունածածկի հայելու մեջ: Գարունն ուշանում էր, Եռաբլուրում այն միշտ ուշանում է: Վերջապես սթափվելով` Կարոն ձեռքն առավ դույլը և սառցակալած վարդերն ափում սեղմելով, շարժվեց: Անփույթ ձգվող առվակը մոլորված զինվորականին կարծես ուղեկցում էր դեպի Հրաչի շիրիմը:

Առվակը հասել ու անցել էր Հրաչի տապանաքարը: Կարոն նվազ կարևորությամբ` վերջնականորեն տրվելով անորոշությանը, վարդերը իջեցրեց ձյունոտ ծաղկամանի մեջ, թեքվեց, որ դույլից ջուր լցնի և միայն այդ պահին հանկարծ գիտակցեց իր արարքի ողջ անհեթեթությունը:

-Հրա՛չ, զգույշ չընկնես, Տիգրա՛ն, այս կողմ արի, այս շարքում է հայրիկը, – հեռվից լսվեց Տիգրանուհու մեղմ ձայնը:

Կարոն թեքվեց ձայնի կողմը ու ծանր տնքաց:

– Ինձ, ո՞նց ներեմ, եղբայր: Ջուրը չհասցրի…Հիմա ծարավդ առ, թող սիրտդ հովանա, Հրաչ ջան, – ջրամանները շարեց տապանաքարին, թեքվեց շիրմաքարին դաջված նկարին ու մեկից տապալվեց գետնին… Կաթվածահար եղած գիտակցությունը Կարոյին թույլ չէր տալիս ընկալելու, թե նկարից ո՞վ է իրեն նայում` Հրա՞չը, թե նրան նույնացող իր դեմքը:

1994թ. Ֆիզուլի

ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


24/10/2013