Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔ ՄԵՂԵԴՈՒ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ…



Լույս տեսավ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի 1000-րդ համարը: Անցած համարները թերթելիս աչքի է զարնում մի անուն` լուսանկարները` մայոր Արմեն Ճենտերեճյանի…

Եվ ծնվեց կարոտի այս խոսքը…

Սիրելի՛ Արմեն, մենք միասին քայլեցինք-անցանք Հայոց Լեռնապարի ողջ սահմաններով: Նայեցինք Գոգի լեռից Նախիջևանին, Մեղրիի Սոյուղի բարձունքից` Ագուլիսին, Մռավից` մեր գերված Հյուսիսային Արցախին, Շահումյանին: Դու անցար վաստակած հանգստի, բայց քո շունչն ու պատկերը հայոց սահմաններում է, որտեղ ամեն գնալուց ես քեզ տեսնում եմ, զգում եմ քո ներկայությունը: Քեզ ճանաչողները պատմում են քեզանից, ես էլ եմ պատմում քո մասին նոր զորակոչված տղաներին: Պատմում եմ, որ դու ազգանվեր գործ ես անում (և, իրոք,առանց այդ գործի դժվար է քեզ և Աշոտին պատկերացնել): Կոմիտասյան մեղեդիներ եք ուսուցանում հայորդիներին այնպիսի գաղթօջախում, որը եղել է, կա ու կմնա որպես մեր հայրենասիրությունը սնող դարբնոց, որտեղ ծնվել ու ծնվում են Հայ դատի, մեր Ազատագրական պայքարի հրեղեն տղաները: Ձեզ ամենայն բարիք, Ճենտերեճյան եղբայրներ…

Մեր անկախության սեպտեմբեր ամիսն էր: Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Արմեն եւ Աշոտ Ճենտերեճյան եղբայրների եւ Աշոտի որդու՝ կիթառահար Վահագն Ճենտերեճյանի համերգը։ Արմենի որդին՝ Կարենը, արդեն ավարտել է իր ծառայությունը հայոց բանակում: Աշոտի որդիներին՝ Վահագնին ու Հրաչյային, հանդիպել եմ Քարվաճառում։ Հրաչյան գեղանկարիչ է, Վահագնը՝ երաժիշտ։ Եվ Մռավի գագաթին իրենց ծառայությունն անցկացնող եղբայրների մասին իմ ակնարկը ավարտվում էր այսպիսի տողերով. «Եվ հավատում ես, որ անցնող տարիների հետ Մռավի գագաթին անցկացրած իրենց ծառայության մասին Հրաչյան ու Վահագնը մեզ կպատմեն մեղեդու ու գույների լեզվով»։ Եվ ուրախությամբ պիտի ասել, որ արդեն իրականություն դարձան այդ խոսքերը՝ Վահագնի համար հավաստիքն այս համերգին իր մասնակցությունն էր, իսկ Հրաչյայի նկարած սրբապատկերները օծվեցին Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ սրբազանի ձեռամբ եւ այժմ գտնվում են Բերձորի սուրբ Հարություն եկեղեցում։

Իսկ Արմեն եւ Աշոտ Ճենտերեճյան եղբայրները իրոք հուզվել են. քանի՜ տարի է անցել, երբ դուետը համերգներով հանդես չի եկել։ Ու եղբայրները հուզված են՝ մնացե՞լ է իրենց հանդիսատեսը, իրենց սիրող, վստահող երաժշտության ունկնդիրը։ Վստահությունն իրենց իսկ ուժերի հանդեպ՝կա, պահպանվում է։ …Եվ համերգը կայացավ. ամեն ինչ անցավ հրաշալի, եւ բոլոր հարցերը գտան իրենց պատասխանները, եւ նրանց վարձատրությունն ինչպես միշտ անդավաճան հանդիսատեսն էր՝ ուսանող, դասախոս, զինվորական, բժիշկ, արվեստագետ ու նկարիչ։ Կարեւորն այն էր, որ այս անգամ էլ երաժշտությունն ի մի բերեց երաժշտության սիրահարների մի հատված, մի տեսակ, որ միեւնույն ժամանակ ունկնդրում, հասկանում է մեկմեկու դասական երաժշտության լեզվով՝ Կոմիտաս, Հայդն, Հենդել, Վիվալդի… Կորելի…

…Տարիներ առաջ էր, պատերազմական օրերին, երբ շատ էին գաղթում նաեւ մտավորականները, թերթերից մեկը տպագրել էր Արմեն եւ Աշոտ Ճենտերեճյան եղբայրների լուսանկարը եւ գրել. «Ճենտերեճյան եղբայրները չեն թողնի Հայաստանը»։

Եվ մնացին, ապրեցին առանց ճիչ ու աղմուկի, առանց բարձրագոչ աղաղակի, ապրեցին այնքան սովորական, այնքան բնական, որ ամեն Աստծո օր օրհնանք ստացան 90-ն անց Հայկանուշ մայրիկից, այնքան բնական, ինչպես ասենք հեռավոր սարերում հնձվորը վաղ առավոտյան իր խոտն է հնձում, ինչպես գյուղացին բահին կռթնած նայում է իր աշնան ապրուստին՝ իր արտ ու այգին զովացնող ջրին… Պարզապես ապրեցին այնպես, ինչպես հարազատ զավակն է իր պարտքը տալիս ծնողին: Լռեցին՝ սակայն ցավ ապրեցին, երբ շատերը խոսեցին բոլորի անունից:

Քննադատում էր մեկը. հետո մյուսը շարունակում էր. երրորդը, չորրորդը, եւ բազմաձայնության մեջ լռում է ոգեղենը, զգում ես, որ նյութապաշտությունը կերել է, ուտում է մարդուն, բարոյազրկել բարոյականությունը։ Եվ ամենակարեւորը՝ ասում են եղբայրները, սերը պակասել է աշխարհից։ Իսկ երբ սերը պակասում է աշխարհից, խաչքարի ստվերում շնացողը խոսում է բարոյականությունից, մարդկանց հացը գողացողը խոսում է արդարությունից, անպաշտպանին ցուցադրաբար ապտակողը խոսում է հերոսությունից, ծնողին ծերանոց գցողը խոսում է բարությունից, էդ նույն ծերերին մի կտոր հաց տվողը խոսում է բարեգործությունից։ Հետո մեղանչողը եկեղեցի է կառուցում, հաց գողացողը այդ եկեղեցում դառնում է մոմավաճառ, ապտակողը պահանջում է շքանշան, ծնողին ծերանոց գցողի միակ բաժակաճառը, որը ծնողների կենացն է՝ դառնում է տեսահոլովակ, ծերերին մի կտոր հաց տվողը դառնում է բարերար…

Արմեն եւ Աշոտ Ճենտերեճյանները մնացին հայրենիքում եւ ապրեցին «Քո խիղճը քեզ դատավոր» սկզբունքով։ Մինչ աշխարհով մեկ շրջելը եղբայրները արդեն ծանոթ էին, մանրակրկիտ շրջել էին Հայաստանով մեկ. ծանոթ էին մեր հոգեւոր տաճարներին՝ լինեին խոնարհված, թե կանգուն։ Հետո խոսեցին պետական մտածողության տեր այրերի պես, խոսեցին ցավով մեր նորաստեղծ պետության մասին, որ մեր քայլերը լինեն Սասնա Դավթի նման՝ ժամը՝ օր, օրը՝ տարի պիտի ամբողջացնի, որ հետ չմնանք 21-րդ դարից։ Ու հայրենիքը հոգում նրանք քայլեցին Վարուժանի, Սեւակի, Մեծարենցի, Մնձուրու, Համաստեղի, Շահնուրի ոտնահետքերով։ Եղան սփյուռքում եւ սիրով են խոսում մեր սփյուռքի հայապահպան ուժի մասին։

Նրանց Հրաչյա հայրը՝ տեսած գաղթ, Աթենքի կոնսերվատորիա ավարտած ազնվական մի այր, մայրը՝ երկար տարիների մանկավարժ։ Ճենտերեճյանների մորեղբայրը ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանն է: Նրանք զարմիկներն են բանաստեղծ Մուշեղ Իշխանի։

Արմեն եւ Աշոտ Ճենտերեճյան եղբայրների ջութակային դուետը, լինելով առաջինը ողջ Խորհրդային Միությունում, նախկին բոլոր հանրապետություններում, ինչպես նաեւ արտասահմանում (Չեխիա, Կուբա, Ֆրանսիա, Լիբանան) հնչեցրեց Հայդնի, Մոցարտի, Հենդելի, Տարտինիի, Վիվալդիի, Պագանինիի, Սադոյանի ստեղծագործությունները… Ճենտերեճյան եղբայրները ներկայացնում էին Հայաստանը աշխարհով մեկ:

Ճենտերեճյան եղբայրների հետ ամեն մի հանդիպում անջնջելի հետք է թողել իմ հիշողություններում։ Զարմանալ կարելի է եղբայրների աշխատասիրության, համեստության, իմացության վրա։ Ունեն ազնվականին վայել նրբանկատություն։ Անգամ մեր սարերի ավերակ եկեղեցու մասին, որտեղ անցել է իմ մանկությունը, նրանք պատմում էին մանրամասն ու բացատրում մասնագիտորեն։ Այն դահլիճներում, որտեղ եղել եմ ունկնդիրն ու ակնդիրը նրանց համերգների՝ լեցուն են եղել հանդիսականներով։ Ներկա են եղել տարբեր սերնդի, տարիքի ներկայացուցիչներ, սակայն գերակշիռ մասը եղել են ուսանողներ, երիտասարդ, վառվռուն ջահելներ։ Երիտասարդները լսելով նրանց երաժշտությունը, ծանոթանալով-զրուցելով եղբայրների հետ՝ մնայուն երկու արժեք էին ձեռք բերում. առաջինը՝ տարբերակում էին քաղքենուն քաղաքացուց եւ երկրորդ՝ սակայն էլի առաջնային՝ գիտակցում էին խոսքի, գործի արժեքը, գինը։ Գործը սերմ է, որը պիտի ցանել ճիշտ ժամանակին, որ ծիլ դառնա (ինչպես սերմնացանն է սերմը շաղ տալիս) ոչ թե անժամանակ, որ դառնա քամու բերանն ընկած ամպի ծվեն։

Ճենտերեճյան եղբայրների ստեղծագործական կյանքը միշտ միասին էր, մինչեւ հայոց երրորդ անկախությունը։ Եղբայրների կենսագրությունն էլի թերի չէր լինի, սակայն մեր նորանկախ պետության հետ նրանց կատարած գործը մի նոր համեմունք ավելացրեց այդ կենսագրությանը։ Արմենը դարձավ զինվորական, լրագրող-լուսանկարիչ եւ եղավ հայոց սահմանային բոլոր դիրքերում։ Եվ լսել էր պետք այն զրույցներն ու իմաստասիրական խոսքերը, մտքերը, որ Արմենն ասում էր ամեն անգամ սահմանային զորամասեր գործուղման ժամանակ, երբ խոսում էր դիրքապահ զինվորների, սպաների հետ։ Հետո ականատեսը եղանք ոգեւորության, հպարտություն ապրեցինք զինվորական թեմայով Արմենի լուսանկարչական ցուցահանդեսների նկարները դիտելով: Իսկ Աշոտը մեկնեց Ստեփանակերտ, դարձավ Արցախի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստերը։ Մի քանի տարի հետո տեղափոխվեց Բերձոր եւ դարձավ այնտեղի երաժշտական դպրոցի փոխտնօրենը։ Լսել է պետք երկու եղբայրների զրույցները՝ Արմենը նոր եկած հայոց հեռավոր սահմանային դիրքերից, իսկ Աշոտը ազատագրված Քաշաթաղի բնակավայրերից։ Արմենը պատմում է հայոց բանակի խանդավառ զինվորներից, Աշոտը պատմում է Բերձորի իր սաներից, հետո, երբ պատրաստվում է նորից մեկնել՝ երաժշտական այս խանութից այն խանութ ընկած իր սաների համար գնում էր երաժշտական անհրաժեշտ պարագաներ։ Պատմում է այնտեղ հաստատված առաջին բնակիչներից, պատմում է սարերում գտնված նշխար-խաչքարերից, պատմում է, պատմում են…

Պատմում են սիրով, պատմում են ցավով, պատմում են անանձնական հպարտությամբ, պատմում են կիրթ մտավորականի զգայուն սրտով։ Եվ ցավն ու հպարտությունը միախառնվում են, լույս տալով հայրենի երկրին՝ մեղեդու գույներով։ Այդպիսի զգացում ես ապրում, որովհետեւ նրանց բառերը դուրս են գալիս իրենց հոգու հնոցից։ Եվ նրանց կատարած սոնետն ընկալում ես այնպես, ինչպես այն առաջին անգամ հնչել է եկեղեցում։ Այլ կերպ անհնար է ընկալել-լսել, որովհետեւ քեզ թվում է՝ ճանաչում ես Ճենտերեճյան եղբայրներին եւ ուզում ես այդ գեղեցիկ ապրումների համար հայտնել քո շնորհակալությունը:

Այսպես են ապրում Աշոտ եւ Արմեն Ճենտերեճյան եղբայրները՝ ողորմիներ պարգեւելով նրանց, ովքեր ննջում են մայր հողում՝ դառնալով ազգի, ժողովրդի, հայոց աշխարհի մի սուրբ մասունք եւ երանիներ պարգեւելով Հայկանուշ մայրիկին, հարազատներին եւ բոլոր նրանց, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու այդ ազնիվ հոգիները…

Գ. Շ.

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Ճակատագրեր


10/10/2013