Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ



Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եւ մասնակցեց նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Պաշտպանության նախարարությունը հովանավորում է կրթահամալիրի ռազմադաստիարակչական ուղղվածության մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր, աջակցում պատանիներին` մասնակցելու Արցախում կազմակերպվող ամենամյա «Ասպետ» ռազմամարզական ճամբարին:

Սեյրան Օհանյանը ողջունեց կրթահամալիրի աշակերտներին եւ ուսուցիչներին, շնորհավորեց 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկը եւ մաղթեց նոր նվաճումներ՝ հանուն մեր երկրի: «Մենք դժվար ճանապարհ ենք անցել, նվաճելով մեր երկրի անկախությունն ու ազատությունը, հաստատել ենք խաղաղություն: Մաղթում եմ ձեզ՝ լինեք կորովի, ուսման մեջ առաջադեմ եւ որ միշտ պահպանեք մեր ձեռքբերումները: Իսկ պահպանելու համար պետք է գիտելիքներ ունենաք, որովհետեւ որքան շատ ու հարուստ լինեն ձեր գիտելիքները, այնքան պաշտպանված եւ ուժեղ կլինենք մենք բոլորս: Բանակը անելու է ամեն ինչ, որ ձեր խաղաղ արարումը լինի անխաթար»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը շրջեց կրթահամալիրում: Տիեզերագիտական ակումբում աշակերտները տեղեկություններ են ստանում աստղագիտության և տիեզերագնացության ձեռքբերումների մասին, ինչպես նաև ուսումնասիրում են հրթիռաշինության կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ակումբի անդամներն առաջարկեցին համագործակցել նախարարության հետ:

Կրթահամալիրի համերգասրահում նախարարը ունկնդրեց Կոմիտասի «Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան» ստեղծագործությունը աշակերտների կատարմամբ:

Մարզադահլիճում Սեյրան Օհանյանը հանդիպեց մարմնամարզության մասնագետ, Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանին: Վերջինս նշեց, որ իր աշխատանքային կարգախոսն է` զբաղվեք սպորտով. սպորտը կյանք է և առողջ ապրելակերպի հիմնական բաղկացուցիչը:

Ռոզա Գսպոյանի խմբում ամենաճկուններն ու արագաշարժներն են:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախարարին տեղեկացրեց, որ աշակերտները իրենց մոտ սովորում են ոչ միայն անգլերեն եւ ռուսերեն, այլեւ վրացերեն, արաբերեն, թուրքերեն, ֆրանսերեն ու իսպաներեն:

Սեյրան Օհանյանի այցի շրջանակներում կազմակերպվեց կլոր սեղան, որի մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն ուղղեցին նախարարին: Դրանք վերաբերում էին ինչպես նրա կենսագրությանը, այնպես էլ մեր երկրի ներկա վիճակին, զինված ուժերի եւ մեր ռազմավարությանը: Պաշտպանության նախարարը կրթահամալիրին նվիրեց իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գիրքը եւ հուշանվեր:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Բանակ և հասարակություն


05/09/2013