Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐԱԽՏԻ ԴՌՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ



Գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում երդման հանդիսավոր արարողություն է: Հայաստանի տարբեր բնակավայրերից ծնողները, հարազատները, մտերիմ-ընկերները եկել են մասնակցելու այս կարևոր միջոցառմանը: Գիշերով երկար ճանապարհ էին անցել, սակայն զինվոր տղաների հետ մոտակա հանդիպումը հոգնության նշույլ իսկ չէր թողել նրանց դեմքերին:

Զորամասի զինվորների երդման արարողությանը կազմ ու պատրաստ լինելու մասին զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Մ. Վարդանյանը զեկուցում է զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավագյանին: Գնդապետի ողջույնից հետո շարահրապարակ է բերվում զորամասի մարտական դրոշը: Հնչում է պետական օրհներգը:

Սկսվում է երդման արարողությունը: Զինվորական խրոխտ քայլերով հավասար հեռավորության վրա տեղադրված սեղաններին են մոտենում զինվորները և երդման խոսքերի հետ հայացքով փնտրում շարահրապարակի առջևում կանգնած իրենց հարազատներին:

Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղից նորակոչիկ Հայկազունի Մինասյանի երդումը լսելուց տատը հպարտությամբ ասում է.

-Մեծ թոռս` Վարդանը, ծառայեց Չինարի գյուղում, հասարակ զինվոր գնաց, ավագով տուն եկավ: Հայկազունիս էլ պատվով կծառայի:

Խոր Վիրապից զինվոր Խաչիկ Մանուկյանի մոտ են եկել մայրը` Շուշանը, փոքր եղբայրը` Ժորան, հարևանուհին՝ Գոհարը աղջկա՝ Հասմիկի հետ:

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից զինվոր Սմբատ Գևորգյանին շնորհավորելու են եկել Ջանիբեկ պապը, մայրը` Նելլին:

-Ամուսինս արտագնա աշխատանքի է,- ասում է տիկին Նելլին:-Երկրորդ որդիս է սկսում իր ծառայությունը: Շիրազս, արդեն մեկ տարի է, ծառայում է Արցախում: Հպարտ եմ, որ երկու որդի բանակում ունեմ,- ասում է նա:

Ապարանից զինվոր Մինասյան Սարգիսի մոտ են եկել մայրը` Ծովինարը, քույրը` Անժելան, հորեղբայրը` Արթուրը, բարեկամներից՝ Հովհաննեսը:

-Ապարանցու պատիվը մեր Սարգիսը գետնով չի տա, պատվով կծառայի հայրենիքին,- ասում է հորեղբայրը:

Զինվոր Յուրա Միքայելյանի երդմանը ներկա էին պապը` ավագ Յուրա Միքայելյանն իր մարտական ընկերների` Արագած/Բոնդո/ Մկրտչյանի, Գարիկ Եղիազարյանի, Գագիկ Հովհաննիսյանի հետ: Եկել էին տատիկն իր քույրերի հետ, ուսանողական ընկերները:

Շնորհավորելով նորակոչիկներին երդման արարողության կապակցությամբ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանն ասաց.

-Սիրելի՛ զինվորներ, Հայաստան աշխարհը երկիր դրախտավայր է, և դուք՝ այդ դրախտի պահապանները: Եթե բարի մտքով են գալիս, բաց են դրախտի դռները, իսկ եթե չար մտքով, դուք նրանց ուղարկում եք դժոխքի ճանապարհով:

Շնորհավորանքի խոսքեր ասացին զորամիավորման հրամանատարի տեղակալներ, գնդապետներ Հ. Ավագյանը, Ա. Համբարձումյանը, զորամասի հոգևոր սպասավոր Գարիկ սարկավագ Նադանյանը: Արժե մեջբերել զորամասի սերժանտական խորհրդի նախագահ Տիգրան Հախունցի ելույթից.

-Սյունյաց լեռների ասպետ անմահ Գարեգին Նժդեհի հոգին այժմ թևածում է մեր գլխավերևում և կրկին հիշեցնում է մեզ. <<Ուժն է ծնում իրավունք, ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ: Եղեք ուժեղ, սիրելի՛ նորակոչիկներ, օգտագործեք այս երկու տարին ինքնաբացահայտման, ինքնաճանաչման և ինքնակրթության համար, իսկ զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Ա. Համբարձումյանը ասաց. -Սիրելի՛ նորակոչիկներ, ձեզ վիճակվել է ծառայել մի զորամասում, որն իր ուրույն հետագիծն է թողել Արցախյան գոյամարտում: Իր զինծառայողների անմնացորդ արիության համար պարգևատրվել է Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանով: Հավաքված բազմությունը` ծնողներ, բարեկամներ, մի տեսակ ուզում էին, որ արարողությունը շուտ ավարտվի, որպեսզի ավելի երկար ժամանակ անցկացնեն իրենց զավակների հետ, սակայն անկեղծորեն պիտի խոստովանել, որ երբ ելույթ ունեցան զորամիավորման ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Համբարձումյանը, Արցախյան պատերազմի վետերանների միության նախագահ Յ. Միքայելյանը, ազատամարտիկ Արագած /Բոնդո/ Մկրտչյանը, երգիչ-երգահան-գուսան Ռազմար Սասունցին՝ իր խոսքով ու երգով, այդ հայրենաշունչ ելույթներից հետո էլ տղաները, ծնողները, հարազատները «մոռացել էին» պահ առաջ իրենց որդիներին հանդիպելը և զմայլված, ոգևորված դիտում, լսում էին այդ ամենը: Եվ երբ երդման ավարտին ծնողները, զորամասի հրամանատարությունը իրենց գոհունակությունն էին հայտնում միջոցառումը լավ կազմակերպելու, անցկացնելու համար, սպաներից մեկը, որը կանգնած էր շարահրապարակում շարված զինվորների կողքին, մի «մեղմ» նկատողություն արեց. -օրհներգը երգելիս մենք ձեզ էինք նայում, բայց ցավոք ծնողներից միայն մի քանիսն էին ձայնակցում իրենց զինվոր որդիներին: Իսկ որքան հեշտ կլիներ մեր գործը, եթե շատ բաներ սովորած գային մեր տղաները: ...Երդման հանդիսավոր արարողությունից հետո մինչև թույլատրված ժամը հարազատներն իրենց որդիների հետ անցկացրին բնության գրկում. Սյունյաց հրաշալի բնության գրկում` հսկա ընկուզենու ստվերում: Տեղանքը հսկող Ալբերտ պապը պատմում էր. «Մարտից առաջ այս ընկուզենու հովին են նստել Դավիթ Բեկի, Մխիթար սպարապետի զինակիցները: Այս աղբյուրից են ջուր խմել, հագեցրել իրենց ծարավը ու որոտացել` Ի զեե՜ն...Որոտացել են ու մեկնել պատերազմ: Եվ հաղթանակով վերադարձից հետո էլ են նստել այս դարավոր ընկուզենու տակ, խմել այս սառնորակ աղբյուրից: Միայն հաղթական վերադարձից հետո Արցախյան ազատամարտին նույնպես այստեղից են մեկնել ազատամարտիկները»: Պատմում էր պապը, իսկ հայոց բանակին նոր երդում տված զինվորները ուշադիր լսում էին... ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/09/2013