Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՎ Է ԻՍԿԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



Ես բանաստեղծ չեմ, զինվորական եմ, բայց մեկ-մեկ հոգեկան խռովքի կամ ոգևորության պահերին գրիչը ձեռքս եմ առնում ու թղթին եմ հանձնում մտքերս: Սիրո մասին էլ եմ գրում, անարդարությունների մասին էլ, բայց իմ սիրած թեման հայրենիքն է, այն հողը, որի վրա ապրում եմ, որի համար պայքարել եմ… Լա՞վ եմ գրում` չգիտեմ, ընկերներս հավանում են, ոգևորում… Այդքանն էլ է ինձ բավական. գոնե մի քանի հոգի սիրով կարդում են: Հիշում եմ, երբ փոքր էի ու մասնակցում էի բանաստեղծ Արևշատ Ավագյանի խմբակին, նա ասում էր` բանաստեղծները գրում են այն մի հոգու համար, որն իրենց կհասկանա: Հիմա ես էլ գրում եմ այն մի քանի ընկերներիս համար, որոնք գրածներս կարդում ու հավանում են:

Հենց նրանք էլ խորհուրդ տվեցին բանաստեղծություններս «Հայ զինվոր» բերել:

Մասնակցել եմ Արցախյան պատերազմին: Այդ ծանր տարիները մեր ամենից պատվով տարիները եղան: 1992թ. էր. Արցախյան հերոսամարտի ճակատագրական տարիներից մեկը: Շուշի-Լաչին փայլուն ռազմագործողությունը ադրբեջանցիների կատաղությունը հասցրել էր գագաթնակետին: Նրանք իրենց ուժերը կենտրոնացրել էին և լրջորեն սպառնում էին Լաչինին` կյանքի ճանապարհին: Այդ ծանր ու լարված իրավիճակում միակ փրկությունը մեր ուժերի շուտափույթ համալրումն էր: Մեր գումարտակը կազմավորվեց Երևանում՝ 1992թ. նոյեմբերի վերջին: Մեր դասակը էջմիածինցիներից ու արմավիրցիներից էր կազմված: Առաջին օրը պետք է ընտրեինք դասակի հրամանատարին: Այն ժամանակ ամեն դասակ ինքն էր ընտրում իր հրամանատարին: Պարզվեց` ոչ ոք, ինձնից բացի, մարտական փորձ չունի: Այդպես, ինձ` ավագ սպայիս, ընտրեցին դասակի հրամանատար: Շուտով հասանք Լաչին, փոխարինեցինք կռվող տղաներին, ու կամաց-կամաց պատերազմը մեզ ներքաշեց իր դաժան առօրյայի մեջ` փորձելով մեր կամքը, մեր ուժը, մեր ոգին… Այո՛, ոգին: Հենց այդ ոգին էլ մեզ հաղթանակի տարավ: Հենց այդ ոգու պակասից էլ թշնամին, որ և՛ թվով, և՛ զինվածությամբ գերազանցում էր մեզ, խայտառակ պարտություն կրեց:

Մենք պարտավոր ենք հայրենիքի հանդեպ սեր ու նվիրվածություն սերմանել մատաղ սերնդի հոգում: Հայրենիքը մեր միակ հանգրվանն է: Պետք է սիրենք այն ու պաշտպանենք: Հայրենասերն այսօր նա է, ով նվիրված է իր գործին, ով պարկեշտ ու ազնիվ է, ով ապրում է այս հողի վրա ու արարում է այս ժողովրդի համար: Հայրենասեր է ոչ միայն քաջ զինվորականը, այլև հմուտ ու գրագետ ուսուցիչը: Ես իմ կռիվը կռվել եմ և հիմա փորձում եմ պարզապես լավ դաստիարակ ու լավ ուսուցիչ լինել… Պարզվում է` լավ ուսուցիչ լինելը նույնքան դժվար է, որքան լավ մարտիկ լինելը: Փորձում եմ զինվորականի իմ գիտելիքները, պատերազմական իմ փորձառությունը փոխանցել իմ աշակերտներին… Թող նրանք երբեք պատերազմ չտեսնեն, բայց պարտավոր են կռվել ու պաշտպանվել կարողանալ…

Այս երկու բանաստեղծություններն էլ, որ ներկայացրել եմ տպագրության, գրված են նույն մտահոգությամբ` սիրել, պաշտել հայրենիքը և կարողանալ այն պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանել ու մեզ են փոխանցել մեր մեծերը:

ՌԱՖԱՅԵԼ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի զինղեկ, փոխգնդապետ

ՆԺԴԵՀՅԱՆ ՔԱՅԼԵՐԳ

Ավարայրից կռվով հասել ենք Շուշի,
Հայ աշխարհը հավերժ պիտի սա հիշի,
Որ ողբը չէ ուժը հայոց մեծ ազգի,
Այլ հարվածը Սասնա Դավթի կուռ բազկի:

Կրկներգ
Օ՛ն, անդր, առաջ գնդերով կուռ
Միշտ աննահանջ մինչ Սասնա դուռ,
Արծիվ Նժդեհ, Առյուծ Մհեր
Պիտ պաշտպանեն դրոշը մեր:

Արևելքից,Արևմուտքից մտաքող,
Հարվածում են մեզ դարանից` գողեգող,
Նենգ թշնամին որքան էլ որ բարբաջի,
Դարը մերն է,մեկ է պիտի նահանջի:

Արարատից մինչև Նեմրութ սիգապանծ,
Երկիրը մեր մեզ է սպասում կարոտած,
Պիտ ետ բերենք, աշխարհն էլ թե դեմ լինի,
Ով որ բերի հազար նրան երանի:

Կրկներգ
Օ՛ն, անդր, առաջ գնդերով կուռ
Միշտ աննահանջ մինչ Սասնա դուռ,
Արծիվ Նժդեհ, Առյուծ Մհեր
Պիտ պաշտպանեն դրոշը մեր:

ՄԱՅՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄ

Պարոնա՛յք սպաներ, սերուցք իմ ազգի,
Թշնամին փորձեց թափը ձեր բազկի:
Պատիվն սպայի անարատ պահած,
Հասցրիք թշնամուն մահացու հարված:

Պարոնա՛յք սպաներ, պարտքը զինվորի,
Ոտքի է ձեզ հանել` մահացու փորձի,
Կանգնե՛լ եք հզոր, կանգնել աներեր.
Աստված պահապան, պարոնա՛յք սպաներ:

Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի,
Արծիվ են ծնել, ձեզ են վստահել,
Անմորուս,անբեղ շարքի են կանգնել,
Վարժե՛ք զինվորին, պարոնայք սպաներ:

Ամեն մի զինվոր հույսի հզոր սյուն,
Պահում է սրտում մի կույս սիրասուն,
Մայր է կարոտում ու հայրենի տուն,
Սիրե՛ք զինվորին, ինչպես ձեր որդուն,

Պարոնայք սպաներ, կրթե՛ք իմ որդուն,
Թող քաջ ու հերոս վերադառնա տուն,
Ու թե թշնամին մեր հողը խուժի,
Նա խոսքը երդման երբե՛ք չի դրժի:

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Հոգևոր-մշակութային


05/09/2013