Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ



«Հայի վրեժն արդար է ու աստվածային»։
ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ

Թվում է՝ 1915 թվականի Մեծ եղեռնի մասին մենք վաղուց արդեն ամեն ինչ գիտենք, բոլոր մանրամասներին տեղյակ ենք։ Այդպես չէ՝ արդեն քանի տարի իմ գրասեղանի դարակներում խունանում են արաբկիրցի Հովհաննես Ջաղացպանյանի, տրապիզոնցի Գոհար Սարյանի, տենտիլցի Գրիգոր Թեմեճիկյանի, սեբաստացի Հովհաննես Անդրեասյանի ձեռագիր հուշերը, որոնց ամեն անգամ սարսուռով եմ անդրադառնում եւ չեմ պատկերացնում հայի, որ կարողանա երբեւէ սառնասրտորեն ընթերցել, առավել եւս՝ հրատարակել դրանք։

Բարեբախտաբար, 1915 թվականը 1915 թվականով չվերջացավ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի լպիրշ հայտարարությունը Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուին, թե՝ «հայկական հարց գոյություն չունի, որովհետեւ այլեւս հայ էլ գոյություն չունի», ժամանակը ցույց տվեց, որ սոսկ ամբարտավան պոռոտախոսություն է։ Նրանց հանդիպումից շատ չանցած` Թալեաթին, հայերի ցեղասպանությունը հղացող, կազմակերպող ու իրագործող «Իթթիհադ վե թերաքքը» երիտթուրքերի կուսակցության մյուս ղեկավարներին դատեց հենց Թուրքիայի գերագույն զինվորական ատյանը, շատերին ծանր պատիժների՝ ընդհուպ մահվան դատապարտեց։ Նախճիրից պատահաբար փրկված, անապատներում անթաղ հարազատներ թողած, տուն-տեղ, ունեցվածք, ի վերջո բնօրրան կորցրած տարագիր հայերը մի պահ թեթեւացած շունչ քաշեցին, անմեղ զոհերի վրեժը, գեթ մասամբ, լուծված համարեցին, բայց շատ շուտով համոզվեցին, որ զինվորական դատարանի բոլոր վճիռներն էլ ոչ միայն խաբեություն, ծաղր, հեգնանք են։ Ծաղր, հեգնանք՝ իրենց, իրենց նահատակների հիշատակին։ Ցեղասպանության հանցագործների մի մասը նույնիսկ դատարանի դահլիճ չներկայացավ, աներեւութացավ, իսկ նրանք, ովքեր ձերբակալվեցին ու Մալթա կղզի աքսորվեցին, մեկը մյուսի ետեւից փախուստի դիմեցին, կեղծ անձնագրերով ապաստանեցին եվրոպական մայրաքաղաքներում։ Մարդկության պատմության ողջ ընթացքում եղե՞լ էր ավելի մեծ անարդարություն։ Եփրատի արնագույն, արնաբույր ալիքները դեռեւս հայերի դիակներ էին ափ հանում, իսկ Թալեաթ փաշան, Թուրքիայի նախկին վարչապետ Սաիդ Հալըմ փաշան, նախկին ռազմական նախարար Ջեմալ փաշան, Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազըմը, ուրիշ շատ շատերը այդ նույն հայերից կողոպտված, հափշտակված հարստությամբ զեխ ու շվայտ խրախճանքների էին տրվում, մեղկ գիշերներ վայելում Բեռլինում, Փարիզում, Հռոմում, Բաքվում ու Թիֆլիսում։

1915-ը, սակայն, 1915-ով չվերջացավ□

1919-ի հոկտեմբերը Երեւանում ցուրտ էր։ Նրանք, սակայն, Արարատից ու Արագածից փչող, Աստաֆյան փողոցում պտտահողմի վերածվող ձյունամրրիկից չէին սարսռում։ Համազգային հեղինակություն, ազդեցություն ունեցող գործիչներ, կուսակցությունների շատ ղեկավարներ նման գաղափարը կործանարար, իրականացումը անհնարին էին համարում։ Նրանք, չնայած այնքան էլ շատ չէին, այնուամենայնիվ, պատասխանատու մարմին ստեղծեցին, առաջին նիստը գումարեցին։ Նախաձեռնողը՝ Շահան Նաթալին, միայն մի նախադասություն ասաց.

-Քայլը, որին դիմում ենք, մեր ցանկությամբ չէ, այլ մեր մեկ ու կես միլիոն նահատակների պահանջով։ Նահատակների ձայնը ինչպե՞ս կարելի է չլսել։

Ապա նա կարդաց 200 գլխավոր հանցագործների ցանկը, որոնց դատապարտել էր Թուրքիայի զինվորական ատյանը, դատավճիռը, սակայն, չէր իրագործել։ Պատասխանատու մարմնի պահանջով, ինչպես տեղնուտեղը կոչվեց՝ «Սեւ ցանկ», անցան նաեւ այն դավաճան հայերը, ովքեր տեղահանության, աքսորի, սպանդի ծանր տարիներին մատնիչներ ու գործակալներ էին դարձել, ուրացել էին ամենանվիրականը, որ ունեին՝ իրենց հայրենիքը, ազգությունը, հավատը։

Ցուցակում առաջինը Թալեաթ փաշան էր։ Նա հենց այդպես էլ կոչվում էր՝ «Թիվ 1»։ Նաթալին մոտեցավ մի գունատ, հրաբորբ հայացքով երիտասարդի, ում անունն այդ ժամանակ դեռեւս ոչ ոք չգիտեր, ձեռքը ուսին դրեց, հանձնարարեց.

-Կը պայթեցնես գանգը, ոտքդ սատակի վրա կդնես ու կսպասես, որ գան քեզ ձերբակալեն, դատեն։ Դատարանում դու ոչ թե մեղադրյալ, մեղադրող կդառնաս։

Այդպես էլ եղավ։

Մեկը երկու հարյուր արեւմտահայ մտավորականներից, որոնց խողխողեցին Չանղրիում ու Այաշում. մարգարեացել, նահատակվելուց առաջ սեփական արյամբ բանտի պատին գրել էր. «Դուք հայուն մարմինը կրնաք մեռցնել, ոգին՝ երբեք»։ Թուրքերը մեզնից խլեցին մեր հայրենիքը, գլխատեցին մտավորականությանը, ժողովրդի կեսից ավելիին ոչնչացրին, բայց ոգին սպանել չկարողացան։

Որոտաց 21-ամյա Արշավիր Շիրակյանի գնդակն, ու Հռոմում ընկավ Թուրքիայի մեծ վեզիր Սաիդ Հալըմը։

Որոտաց 20-ամյա Արամ Երկանյանի գնդակն, ու Թիֆլիսում ընկավ մուսավաթական Ադրբեջանի նախագահ, Բաքվի հայերի ջարդարար Խան-Խոյսկին։

Որոտաց 25-ամյա Սողոմոն Թեհլերյանի գնդակն, ու Բեռլինում ընկավ Թալեաթ փաշան։

Որոտաց 33-ամյա Միսաք Թոռլաքյանի գնդակն, ու հենց Ստամբուլում ընկավ մուսավաթական Ադրբեջանի ներքին գործոց նախարար, Շուշիի հայության ջարդարար Բեհբուտ խան Ջիվանշիրը։

Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գեւորգյանի, Հակոբ Մելքումովի, Գրիգոր Թաթուլյանի՝ Շեկ Առյուծի, գնդակներից ընկան Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազըմը, Ջեմալ փաշան, Էնվեր փաշան□

Երջանկահիշատակ Մեսրոպ արք. Աշճյանն իրավացի էր՝ ժամանակն է Մեծ Եղեռնի նահատակներին Հայոց Եկեղեցու սրբերի շարքը դասել, այնպես, ինչպես ժամանակն է մեր հայտնի ու անհայտ քաջամարտիկների հայրենանվիրումը հաղթակամարներով հավերժացնել։

Վրիժառության հայ քրմերի մասին առանձին-առանձին՝ «Հայ զինվորի» հաջորդ համարից։

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԸ …ԴԵՐ-ԶՈՐՈ՞ՒՄ

Մեր թաղը՝ հին Արաբկիրին այնքա՜ն նման Նոր Արաբկիրը։ Ծերունիները՝ Էրզրումցի Մարտիրոս աղան, կիլիկիացի Աբգար հայրիկը, արաբկիրցի Հարություն քեռին։ Եվ իհարկե՝ խոտորջուրցի Կառլոս Չախալյանը։ Երբ նրանք հավաքվում էին Վահագն Դավթյանենց թթենիների տակ ու սուրճ խմելով՝ կոտորածների, միայն կոտորածների մասին էին պատմում, Կառլոս Չախալյանը ոչ թե բոլորի նման բնօրրանի բարբառով՝ այնպիսի լեզվով էր խոսում, բառեր գործածում, որ գրաբարն էր հիշեցնում։ Նա կաթոլիկ էր, Խոտորջուրի Միջնթաղ գյուղից գնացել հասել էր Վիենա, Մխիթարյանների գիշերօթիկն ընդունվել։ Այնքան լավ էր սովորել, որ աբբահայրն ազատել էր ուսման վարձից, հոգեւոր սպասավորության էր պատրաստել։ Բայց Կառլոս, դու Կառլոս, հենց իմանում է տեղահանության մասին, Եվրոպան թողնում, գյուղ է վերադառնում, ծնողներին միանում։ Որ տարագրության ճանապարհին ոչ թե միայն նրանց` բոլոր հարազատներին կորցնի, ոտքով Միջագետք՝ Րաքքա հասնի։

– Մի օր, աքսորականի մի շատ տխուր օր,- մեղեսիկը խշրտացնելով, մտքերի մեջ էր ընկնում նա,- ես փրկության ամեն հույս կորցրած` պառկել էի Եփրատի ափին, դեմքս տաք ավազի մեջ թաղել, որ ջերմություն, շոյանք զգամ, մոռանամ այն ամենը, ինչ իմ աչքերով տեսել էի Միջնթաղից Րաքքա ձգվող ճանապարհին□

Հանկարծ նա բեդվինական «Մարուտաքի-մարուտա» երգի մեղեդին է լսում։ Գլուխը բարձրացնում է, տեսնում մի խումբ աղջիկների, որոնք ամենայն հավանականությամբ Րաքքայում մածուն վաճառելուց էին վերադառնում։ Աղջիկները նրան նկատելով, հոգեվարք, մահամերձ են կարծում, ճչալով փախչում են, բայց մեկը (անշուշտ ավագը՝ ճշտում էր պարոն Կառլոսը), փայտե դույլերի մեջ մնացած մածունին ջուր է խառնում, կռանալով խմեցնում է հայ աքսորականին։ Ու այնքան է կարեկցում, որ վերցնում, տանում է իրենց վրանագյուղը։

Այստեղ Կառլոս Չախալյանն ինքն իրեն ընդհատում, կտրուկ քաղաքականությանն էր անցնում, պատմում էր բեդվինական Էլ-Աջիլի ցեղախմբի մասին, որը քոչվորական կյանք է վարել Եփրատի հարավային վտակի՝ Բլըխի ավազանում ու չի ենթարկվել օսմանյան գերիշխանությանը։ Ամեն անգամ հենց թուրքական զորք է հայտնվել, զինված հարձակումներով ջլատել, անապատից քշել է։

Հայ աքսորականին վրանագյուղ տարած աղջիկը հանգուցյալ շեյխի դուստրն է եղել։ Շեյխի այրին՝ Ավոշ մայրիկը, նրան զավակի պես ընդունում, սպեղանիներով վերքերը բուժում է։ Զարմանում է միայն, որ այդքան շատ է ուտում, ավելի ճիշտ՝ երբեք չի կշտանում։

Կառլոսը մտերմացել է հատկապես շեյխի կրտսեր որդու՝ Հուսեինի հետ, որը մարտախումբ է ունեցել ու ամեն անգամ արշավանքից գյուղ վերադառնալիս, հիացմունքով է պատմել հայ կամավորների մղած ինքնապաշտպանական մարտերի մասին։

Ունկնդիրներին մի պահ թվում էր, թե պարոն Կառլոսը կարոտով է հիշում այդ օրերը.

– Ես երեք տարի ապրեցի Էլ-Աջիլի ցեղախմբում ու չնայած լեզուս, կրոնս չմոռացա, կարճ ժամանակում կատարյալ բեդվին դարձա։ Օտար մեկն ինձ չէր կարող տարբերել բնիկներից։

Մի օր էլ Հուսեինը անսպասելի ցերեկն է մտնում տուն, փաթաթվում է Կառլոսին.

– Աչքդ լույս, օսմանցին պարտվեց, հայերն ու արաբներն այլեւս ազատ են,- հետո, անսպասելի ձայնը ցածրացնում է, հարցնում,- ինրա՞դ րուն ալա մամալաքադ՝ կուզե՞ս հայրենիք վերադառնալ։

Այդքան կամաց ասված խոսքերը շեյխի այրին լսում, գոռում է զավակի վրա.

– Ի՜նչ ես տղային խելքահան անում, Հուսեին, ուզում ես նորից այն արյունոտ աշխա՞րհը վերադառնա, որտեղ բոլոր հարազատներին մորթել են։- Նա մոր նման Կառլոսին գրկում, հեկեկում է։- Չէ՛, չեմ թողնի, չեմ տա□

Քանի անգամ ուզում է պատմած լիներ, հենց հասնում էր այս պահը, պարոն Կառլոսի հայացքը տամկանում, ձայնը խզվում էր։ Հուզվո՞ւմ, թե՞ խղճի խայթ էր զգում։

– Ես ասպնջական բեդվիններին շատ էի պարտական, նրանք իմ կյանքը փրկել, ոչ մի անգամ օտարական լինելս չէին զգացրել, ազգությունս, կրոնս չէին վիրավորել։ Բայց ի՜նչ կարող էի անել՝ հայրենիքի սերն ավելի զորավոր էր։ Ամեն գիշեր քնում ու մեր Խոտորջուրը, Քաջքար լեռն ու Ճորոխ գետն էի տեսնում երազում։ Վերջը՝ կարոտին չդիմացա։ Մի ցայգալույսի երկարավուն բիրս, մուրճ-գուրզս վերցրի, սուր դաշույնս գոտիս խրեցի ու շներին՝ «հաթ, հաթ» սաստելով՝ ճամփա ընկա։ Քանի՜-քանի անգամ եմ սոսկացել անապատի արքայի՝ առյուծի մռնչյունից, քանի՜-քանի անգամ են ոտքերիս տակով նետի պես սուրացել սեւ օձերը։ Բայց ես շուրջս այլեւս ոչինչ չէի զգում, ոչինչ չէի տեսնում՝ տուն էի գնում։

Մի գիշեր էլ, դարձյալ Եփրատի ափին, փափուկ բանի վրա կոխեցի՝ հետ քաշվեցի, տեսնեմ մեր նահատակների ոսկորներն են։ Հավաքեցի, դաշույնով ավազը փորեցի, որ հողին հանձնեմ, երկու բազկոսկրի արանքում տարօրինակ իր նկատեցի։ Կռացա, վերցրի, ամբողջ մարմնով սարսռացի՝ գիրք էր։ Մեսրոպատառ գիրք, որի կազմը քայքայվել էր, էջերը լերդացած արյունից կպել էին իրար։ Բեդվինի մարխս վառեցի, շուռումուռ տվեցի, փշրվեց։ Էջի մի անկյունում հազիվ երկու տող կարդացի՝ «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք…»։

Որքան տարիներն անցնում էին, այնքան այս դրվագին հասնելիս Կառլոս Չախալյանը երկար էր լռում։ Հետո անսպասելի հայացքը բարձրացնում, գոռում էր ունկնդիրների վրա։

– Դուք մի բան հասկանո՞ւմ եք իմ պատմածից։

– Ի՞նչ ես ուզում, որ հասկանանք,- տարակուսում էին ծերունիները։

– Այն, որ հայ մարդը ամեն ինչ կորցրել, բայց գիրքը հետը անապատ է տարել, գիրքը թեւի տակ է մեռել։ Հավատացել է, որ մեր գիրը յաթաղանից էլ զորեղ է, մեր գի՛րը մեզ հայ պիտի պահի։

Երբ Կառլոս Չախալյանն առաջին անգամ պատմեց այս ամենը, մեր թաղում ով չուներ «Վերք Հայաստանին», գնաց, առավ, ծայրեծայր կարդաց։ Ու այն մեզ համար ոչ թե սովորական գիրք, այլ մասունք, նշխարք դարձավ։ Մինչեւ հիմա էլ այդպես է։

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


05/09/2013