Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՂՀ ԱԳՆ-Ն ԵՎ ՊՆ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ` ԵՐԵԽԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԿԵՂԾ Է



Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը` սահմանային Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին: Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների` «Արմենպրես»-ին տրամադրած համատեղ մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայկական ուժերին մեղադրել էր ադրբեջանցի երեխայի սպանության մեջ, որը հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունները կեղծիք են որակել: Ըստ հաղորդագրության` տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:
«Մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելության կողմից նշված վայրում դիտարկում անցկացնելու ժամանակ ղարաբաղյան կողմը դիտարկման խմբի անդամների ուշադրությունը հրավիրել էր հետեւյալի վրա. ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային դիրքերից մինչեւ Օրթա Քարվենդ գյուղն ընկած հեռավորությունը կազմում է 1400-1500 մետր, այսինքն` տվյալ դեպքում անհնար է, որ «ՍՎԴ» դիպուկահար հրացանից նշանառու կրակով արձակված գնդակը հասներ թիրախին: Նշված հատվածի ռելիեֆը թույլ չի տալիս ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դեպի հակառակորդի կողմը նշանառու կրակ բացել, քանի որ վերջինս ունի բարձր դիրքային առավելություններ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ ԼՂՀ համապատասխան գերատեսչությունների հավաստի աղբյուրների` Օրթա Քարվենդից ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն առավել դիպուկ գնդակոծելու նպատակով ադրբեջանցի զինծառայողները բարձրանում են տների տանիքները, հենց այն տների, որոնց բակերում «երեխաներ են խաղում»: «Սովորաբար սահմանային գոտու գյուղերում մարդիկ բնակություն են հաստատում ոչ թե առաջնային, այլ միջին կամ ետին գոտում ` բնակավայրի առավել պաշտպանված մասում:
Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից դատելով` Օրթա Քարվենդում ամեն ինչ ճիշտ հակառակն է, եւ բակերը, որտեղ «երեխաներ են խաղում», չգիտես ինչու առաջնային գծին հնարավորինս ավելի մոտ են տեղակայված: Անգամ եթե այդ երեխան գնդակից է մահացել, ապա դեռ պետք է ապացուցել, թե ով եւ որ կողմից է կրակել: Չի բացառվում, որ հնարավոր է` Ֆարիզ Բադալովը դարձել է Օրթա Քարվենդ եւ Շխլար գյուղերի միջեւ գտնվող ադրբեջանցի դիրքապահների կողմից արձակված կրակի զոհը:
Չի բացառվում նաեւ, որ հնարավոր է` երեխան մահացել է չպայթած զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչը հաճախ է պատահում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկու կողմերում էլ»,- նշվում է հաղորդագրությունում: Ըստ ղարաբաղյան կողմի` եթե կրակոցն արձակվել է ոչ թե ուղիղ նշանակետին, այլեւ բարձր անկյան տակ, ապա տվյալ դեպքում սովորական հրազենից արձակված գնդակը չէր կարող այդքան հեռու հասնել:
Նման հեռավորության վրա կարող են կրակել միայն խոշոր տրամաչափի գնդացիրները: «Սակայն, ինչպես նշվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Եթե կրակեին խոշոր տրամաչափի զենքից, ապա երեխայի գլուխը պարզապես ցրիվ կտար: Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում եւ ոչ մի մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը:
Հայկական կողմերի համար խորթ են Ադրբեջանի կողմից կիրառվող ֆաշիստական մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելը, դիվերսանտներին ու ահաբեկիչներին ազգային հերոսներ դարձնելը եւ այլն»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի համատեղ հայտարարությունում: Ըստ ղարաբաղյան կողմի` ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպումներից հետո կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից առաջ, ադրբեջանական քարոզչամեքենան թեժացնում է լարվածությունը շփման գծում: «Հերթական օրինակ է դարձել մարտի 10-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Արթուր Աղաբաբյանի մահը:
Ընդ որում` միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումից համարյա անմիջապես հետո: Դա վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է:
Այն ժամանակ, երբ միջնորդները, հայկական կողմերի նախաձեռնությամբ, հերթական անգամ առաջարկում են առաջնային գծից հեռացնել դիպուկահարներին, պաշտոնական Բաքուն ոչ միայն ուղեփակում է վերոնաշյալ նախաձեռնությունը, այլեւ սաստկացնում է դիպուկահարային պատերազմը եւ իր սադրիչ գործողություններով զրոյի է հասցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը: Համաշխարհային հասարակայնությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները եւ նրա դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառի»,- նշվում է հաղորդագրությունում:

Խորագիր՝ Նորություններ


14/03/2011