Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆՔ…



1995 թվականն էր։ Խմբագրակազմով հանգստանում էինք գեղատեսիլ Սևանա լճի ափին՝ Այրիվանքի տարածքում գտնվող պաշտպանության նախարարության ենթակայության հանգստյան տներից մեկում։ Եռօրյա հանգիստն այնքան բովանդակալից ու հետաքրքիր անցավ, որ նույնիսկ տարիներ անց, երբ վերհիշում ենք այդ օրերին տեղի ունեցած որոշ դիպվածներ, մի կուշտ ծիծաղում ենք։

Ճիշտն ասած՝ հանգստյան տուն կոչվածը դեռ այն ժամանակ արդեն հոգեվարքի մեջ էր և որպես այդպիսին չէր ծառայում իր նպատակին, որի մասին իհարկե չգիտեինք, բայց մի կերպ տեղավորվեցինք, ավելի ճիշտ՝ սենյակները, որտեղ դեռ չէին հասցրել բնավորվել տարատեսակ կենդանիներ, մի կերպ տեղավորվեցինք մենք՝ մեր կանանցով ու աղջիկներով: Տղամարդիկ՝ ոնց պատահի, որտեղ պատահի. մեկ-երկուսը՝ լողափին, մի քանիսը՝ վրանի տակ ու մեքենաներում, իսկ տողերիս հեղինակն ու համակարգչային բաժնի պետ Աշոտ Դալլաքյաննը, Գագիկ Մախսուդյանը, Կորյուն Պապինյանը գիշերը լուսացրինք խարույկի կողքին, որի վրա գառան խաշլաման էր։ Երանելի ժամանակներ էին… ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս (այժմ արդեն լուսահոգի) Վրեժ Իսրայելյանը քեֆի սեղանի շուրջ հրապարակավ հայտարարեց.

-Սամվե՛լ, ես ու դու նստում ենք տղերքի հետ բլոտ խաղալու, թե որ պարտվեցինք՝ էլ ինձ երբեք էս խաղում ընկեր չես լինի, հետն էլ էս երեք օրվա ընթացքում ինչ պակաս պռատություն եղավ, դու ես գլուխ բերելու։ Նստեցինք խաղի և հուրախություն ինձ հաղթեցինք։ Վրեժը երեկոյան ընթրիքին կենացս խմեց. մարդ ըսենց ընկեր կունենա, որ պարտության դառնությունը երբեք չճաշակի։

Այդ պահին կանանցից մեկը նկատեց, որ լավաշը քչություն է անում և տեղյակ պահեց խմբագրին։

-Հասկացա, Հռիփսիմե ջան, լավաշի հարցը Սամվելը կհոգա, եթե պետք լինի, տնական ձու ու մածուն էլ կբերի։

-Բայց մենք հաղթել ենք, պարոն Իսրայելյան,- ասացի անակնկալի եկած։

– Ա՛յ տղա, դու չէիր ասո՞ւմ` շեֆ, Սևան գնանք, ինչ հարց լինի, գլուխ կբերեմ, հը՞։

Խմբագրության վարորդի` Հայկի հետ գնացինք մոտակա գյուղը` Այրիվանք՝ հանձնարարությունը կատարելու։

Հեռվից նկատեցի, որ տներից մեկի երդիկից ծուխ է բարձրանում. մտածեցի՝ ուրեմն լավաշ են թխում: Տան ուղղությունը բռնած՝ շարժվեցինք առաջ։ Իսկապես էլ հաց էին թխում։ Գտա հացթուխին, որ թեեւ տարեց, բայց բավական աշխույժ կին էր:

-Տատի՛ ջան, այս կողմերում ենք հանգստանում, հացը վերջացավ։ Մեզ լավաշ է պետք, գյուղամիջում հարցուփորձ արեցինք, Ձեր տան տեղը ցույց տվին՝ որպես համով հացթուխի։

Տատիկը, որի տրամադրությունն իմ խոսքերից ակնհայտորեն բարձրացավ, մի պահ հարցախույզ հայացքով նայեց ինձ, ապա ոտից գլուխ մի լավ չափելուց հետո հարցրեց.

-Քանի՞ հատ ես ուզում:

-Մի տասը հատ,- ասացի՝ ինչ մտքիս եկավ։

-Տասը հատ,- զարմանքով կրկնեց, ապա ավելացրեց.

-Տասը հատ լավաշը քանի՞ հոգի կուտա, ոնց հասկնում եմ, շատոր եք:

Ու անմիջապես ձայն տվեց հարսներից մեկին.

– Մի տասը հատ նոր թխածից, մի տասը հատ էլ էն թրջուկ լավաշից տուր մեր տղերանցը, հարսի՛կ, թող ուտեն ու միշտ հիշեն մեր լավաշի համ։

Ուզեցի վճարել, նեղացավ. -Տատին իր թխած լավաշը չի ծախա, խի մեր տան տեղը ցույց տվողներ չգիտե՞ն…

-Տատի՛ ջան, մեզ մի հիսուն հատ տնական ձու և մեկ էլ երեք կիլոյանոց բանկայով մածուն է հարկավոր…

Վերադարձանք բեռով-բարձով: Եվ երբ գլխավոր խմբագրի հանձնարարությունը պատվով կատարածի եւ բնականաբար նաեւ՝ տղամարդու իր խոսքը գետնով չտվածի լրջությամբ ներկայացա, Վրեժ Իսրայելյանը մի ակնթարթ հայացքը գցեց մեր «ավարի» վրա եւ տարակուսած ասաց.

-Այրիվանքում էլ բան մնա՞ց…

Հաջորդ օրը երեկոյան այդ հանգստյան տան (որն ի դեպ զորամասի կարգավիճակ ուներ) զինվորները մեզ առաջարկեցին ֆուտբոլ խաղալ, և մենք էլ մեր հերթին տեղյակ պահեցինք մեր ղեկավարին։ Պայմանավորված ժամին խաղն սկսվեց. Ես, Հայկը, Բենոն, Աշոտը… դաշտը փոքր էր, և յուրաքանչյուր կողմը խաղին մասնակցում էր մեկ դարպասապահով և երեք խաղացողով, «Հայ զինվոր» թերթի պատիվն էինք պահում, ժամկետային զինծառայողներն էլ՝ թիկունքի զորամասերից մեկի, որի հրամանատարն էր գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալը:

Առաջին խաղակեսը շահեցինք անհավանական խոշոր հաշվով` հակառակորդ թիմի դարպասն ուղարկելով քսանից ավելի գնդակ։

Մեկ էլ հայտնվեց հերթապահը և Վրեժ Իսրայելյանին տեղեկացրեց, որ իրենց հրամանատարն է եկել։ Բնականաբար, արդեն նրան զեկուցել էին խայտառակ հաշվի մասին… Վրեժին բարևելուց հետո նա զինվորներին կանչեց իր մոտ և բոլորիս ներկայությամբ լսելի ձայնով հայտարարեց՝ եթե պարտվեք, վաղը ևեթ կհայտնվեք Հորադիսում։

Այս հայտարարությունը լսելով և Ադմիրալին լավ ճանաչելով՝ մեր հրամանատարն էլ մեզ հավաքեց և ասաց. դուք ձեր բարձր կարգը ցույց տվեցիք։ Հիմա էլ այնպես արեք, որ զինվորները չհայտնվեն Հորադիսում։

Արժանապատվորեն պարտվեցինք… Ադմիրալը մեկ- մեկ իր զինվորներին շնորհավորելուց հետո մոտեցավ Վրեժ Իսրայելյանին.

– Վրե՛ժ ջան, տեսար, չէ՞, հրամանատարի խոսքը ի՞նչ զորություն ունի,- կրծքին թփթփացնելով՝ հպարտացավ Ադմիրալը,- որ հրամանը տա և չկասկածի, որ կկատարվի։

-Մարտի դաշտում, անշուշտ, բայց սպորտում էլ զինվորները հենց ի՛մ տղաների նման պետք է լինեն,- հակադարձեց գլխավոր խմբագիրը և հրամանատարին հրավիրեց իրենց ընդհանուր հաղթանակը նշելու։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Բանակ և հասարակություն


22/08/2013