Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ



Եթե ազգային բանակի մարտական զորամասերում ամառային ուսումնական փուլը նոր է սկսվում, ապա ուսումնականներում արդեն հետևում է մնացել մեկնարկային առաջին օրերին հատուկ կաշկանդվածությունը, և գործընթացը մտել է բնականոն հուն: Մենք չունենք այնպիսի մարտական զորամաս, որը զրահատեխնիկայի մասնագետներ չստանա մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասից, և բարեբախտաբար, ամենուր գոհ են բաղրամյանցիներից: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև այստեղ վերադաս հրամանատարության խիստ հսկողության պայմաններում են անցնում բոլոր տեսական ու գործնական պարապմունքները:

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Զորամաս հերթական անակնկալ այցի ժամանակ հրամանատար, գնդապետ Գևորգ Ենոքյանին, հրամանատարի տեղակալ, գնդապետ Արամ Հովհաննիսյանին, բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սուրեն Մալումյանին հանդիպեցինք ուսումնական տարբեր տեղամասերում` վաշտերի ու դասակների պարապմունքներին հետևելիս: Առիթը բաց չթողնելով՝ լսեցինք հրամանատարի կարծիքն այս տարվա նախորդ և ներկա ուսումնական փուլերի առանձնահատկությունների մասին:

-Եթե արտասահմանյան շատ երկրներում բանակների զարգացման ու կատարելագործման շեշտը դրվում է սպառազինության, նորագույն տեխնիկայի ձեռք բերման վրա, ապա մեր բանակում, այդ ամենից բացի, նախ և առաջ կարևորվում են զինծառայողների և զինվորական ստորաբաժանումների հնարավորությունների բացահայտումն ու զարգացումը, գիտելիքների ու հմտությունների անշեղ աճը: Մենք ձգտում և համապատասխան աշխատանք ենք տանում, որ մեր զինվորը կատարելապես տիրապետի զենքին, ռազմական տեխնիկային, նաև կարողանա պատշաճ օգտագործել ստորաբաժանման սպառազինության մեջ առկա մյուս բոլոր զինատեսակները: Լավ մասնագետ լինելուց բացի, մեր զինվորը պետք է ունենա բարձր բարոյահոգեբանական պատրաստություն, արագ մտածելու կարողություն, որը կարևոր է իրավիճակը վերլուծելու-գնահատելու և որոշումներ կայացնելու տեսանկյունից, ինչպես նաև՝ հնարամտություն և անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն: Առաջադրված խնդիրը հնարավորինս արդյունավետ լուծելու համար պաշտպանության նախարարությունը և ԶՈՒ գլխավոր շտաբը պարբերաբար փոխում են մոտեցումները զորամասերի համալրման, ուսումնական գործընթացի կազմակերպման, ծրագրերի ու մեթոդների ներդրման հարցերում: Այժմ մեզ մոտից հանվել և ենթասպաների պատրաստման կենտրոնի վրա են դրվել պայմանագրային սերժանտների պատրաստման առաջադրանքները: Եթե նախորդ տարում ուսումնականները համալրվում էին անմիջապես մարտական զորամասերից, ապա այս տարի համալրումը կրկին կատարվում է հավաքակայանից: Եթե նախկինում մարտական զորամասեր տեղափոխվելուց հետո էին զինվորներն ստանում հանգստանալու, արձակուրդ գնալու հնարավորություն, ապա այժմ նրանք մեզ մոտից են գնում տուն, վերադառնում, որից հետո միայն տեղափոխվում են մարտական զորամասեր: Ճիշտ է՝ այս դեպքում ինչ-որ չափով սահմանափակվում է մեր սպաների հանգստանալու և հաջորդ ուսումնական փուլին նախապատրաստվելու ժամանակը, բայց կարևոր է այն հանգամանքը, որ, մարտական զորամասեր տեղափոխվելով, մասնագետ երիտասարդ զինվորներն էլ չեն մտածում արձակուրդի մասին և կենտրոնանում են իրենց ծառայության, մարտական պատրաստության խնդիրների կատարման վրա:

Մենք` բաղրամյանցիներս, ուսումնական փուլն սկսել ենք հուլիսի տասնյոթից: Ինչպես գիտեք, այս զորակոչի կուրսանտների ճնշող մեծամասնությունը բարձրագույն կրթություն ստացածներն են, մյուսները բուհերից տարկետում ունեցողներն են կամ էլ միջնակարգ կրթությամբ զորակոչվածները: Կարող եմ ասել՝ չենք դժգոհում նաև կուրսանտների առողջական վիճակից, այսինքն՝ չկան ուսումնական զորամասերի պահանջներին չհամապատասխանող տղաներ: Ձեզ հայտնի են նաև մեր զորամասի հնարավորությունները: Գործում են վարժասարքերը, որոնց միջոցով անցկացվում են սկզբնական պարապմունքները, ուսումնական ռազմական տեխնիկան` տանկերը, ՀՄՄ-1 և ՀՄՄ-2-ները, քարշակները, դասացուցակով ստորաբաժանումներին են տրամադրվում վարման, ինչպես և հրաձգության ուսումնական կետերը: Անխափան գործում է նաև հրաձգային զենքերի համար նախատեսված հրաձգարանը: Կուրսանտներն ապահովված են գործնական պարապմունքների համար նախատեսված արտահագուստով, խստորեն հետևում ենք, որ նրանք մշտապես լինեն մաքուր ու բարետես, պահպանեն անձնական հիգիենայի կանոնները: Ընդհանրապես, իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է ողջ զորամասի սանիտարական վերահսկողությունը: Ստորաբաժանումների հրամանատարների միջոցով էլ ծնողներին զգուշացրել ենք, որ տեսակցության գալիս սննդամթերք չբերեն, որովհետև զինվորներին կերակրում ենք ինչպես հարկն է, կամ էլ շուտ փչացող մթերք չբերեն:

Որպես բանակի համար կարևոր մասնագետներ պատրաստող զորամասի հրամանատար` գոհ եմ ուսումնական գործընթացի մեկնարկից, գործում ենք նախանշված ծրագրով, հետևում ենք, որ նպատակային օգտագործվեն ինքնապատրաստման ժամերը, ձգտում ենք հետաքրքիր միջոցառումներով լրացնել զինծառայողների հոգևոր-մշակութային պահանջմունքները, առաջացող խնդիրները քննարկում ենք սպայական ժողովներում, հատկապես միջանձնային հարաբերություններում պետք է ամեն ինչ լինի պարզ, հստակ ու մաքուր, որպեսզի այդ մաքրությունը մեր կուրսանտներն իրենց հետ տանեն մարտական զորամասեր: Ձմեռային ուսումնական փուլն ավարտել ենք գոհացուցիչ արդյունքներով՝ աշնանը ավելի բարձր արդյունքի հասնելու վճռականությամբ,-ասաց գնդապետ Գ. Ենոքյանը:

ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻ

Մոտոհրաձգային գումարտակի փորձառու հրամանատար, փոխգնդապետ Վազգեն Վարդանյանը վերջին օրերն է անցկացնում զորամասում, իրականացել է սովորելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու նրա ձգտումը, և նա շուտով մեկնելու է: Նրա գումարտակի մեխանիկ-վարորդների վաշտը՝ դասակի հրամանատար, կապիտան Համբարձում Համբարձումյանի ղեկավարությամբ, շարային պատրաստության պարապմունք էր անցկացնում: Կուրսանտների խրոխտ կեցվածքից, վարժ ու անթերի կատարումից հասկացանք, որ առաջինը կազմավորվածներից է: Մեր ենթադրությունը հաստատեց փոխգնդապետ Ս. Մալումյանը:

-Առաջադիմությունը, իրոք, զգացվում է, մեկ ամսվա ընթացքում լավ կոփվել են, լավ վաշտ է, մենք գոհ ենք,- ասաց նա:

Դադարի պահին մոտեցանք ջոկերից մեկին: Կրտսեր սերժանտ Դավիթ Բարսեղյանը, որը շարային պատրաստության պարապմունքների հիմնական անցկացնողներից է, ասաց.

-Բոլորի մեջ էլ զգացվում է սովորելու, կարողությունները զարգացնելու ձգտումը: Բանիմաց, զարգացած տղաներ են:

-Կուրսանտ Համլետ Մելիքյան, Երևանից եմ, զորակոչվել եմ ճարտարապետաշինարարական համալսարանի առաջին կուրսն ավարտելուց հետո, արդեն մեկ ամիս այստեղ եմ: Ինձ շատ լավ եմ զգում, չեմ դժվարանում:

-Կուրսանտ Անդրանիկ Բավեյան, Չարենցավանից եմ, զորակոչվել եմ 32 օր առաջ, պետական բժշկական համալսարանի ուսանող եմ, ամեն ինչ կարգին է:

-Կուրսանտ Արայիկ Գրիգորյան, գյումրեցի եմ, արդեն քսան օր այստեղ եմ, մերոնք եկել, տեսել են: Ես ոչ մի բանի կարիք չունեմ, նորմալ ծառայում եմ:

Հարևանությամբ շարային պատրաստություն էին կատարում նաև փոխգնդապետ Արման Մելքոնյանի մոտոհրաձգային գումարտակի կուրսանտները` վաշտի հրամանատար, կապիտան Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ, իսկ մարզավանում կապիտան Արթուր Կյուրեղյանի տանկային վաշտի կուրսանտներն էին.

-Իննսուն տոկոսը բարձրագույն ավարտած տղաներ են, մյուսները` տարկետում ստացած ուսանողներ: Անցած ուսումնական փուլի ավարտական քննությունների ժամանակ ֆիզպատրաստությունից վաշտը «լավ» գնահատական է ստացել, հանձնաժողովը կասկածեց և պահանջեց կրկնել, ու «լավը» դարձավ «գերազանց»: Համոզված եմ, որ տղաները նորից նման արդյունք ցույց կտան,-ասաց կապիտան Ա. Կյուրեղյանը:

Կուրսանտներ Տարոն Ստեփանյանը` մանկավարժական համալսարանի շրջանավարտ, Ռուբեն Հովակիմյանը` ՀՊՃՀ-ի, Անդրանիկ Սառիկյանը` ԵՊՀ-ի, Հայկ Փարամազյանը` ԼՂՀ ազգային ագրարային համալսարան, Էդգար Դանիելյանը` ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի, Նվեր Երոյանը` ԵՃՊՀ-ի շրջանավարտներ, և Հայբուսակի ուսանող Արման Միրզոյանը, խոսելով բանակից ստացած առաջին տպավորությունների մասին, նշեցին, որ իրենց սպասելիքները գերազանցված են:

-Ասում եմ անկեղծորեն, չէի պատկերացնի, որ բանակն այսքան մեծ հնարավորություններ կունենա: Ամեն ինչ ստեղծված է ապրելու, ծառայելու, սովորելու, առաջադրանքները կատարելու համար,-ասաց Տարոնը:

***

Գումարտակի երրորդ վաշտի դասակներից երեքը ՀՄՄ-1-ի առաջին վարումն էին կատարում կապիտան Արմեն Հարությունյանի և մայոր Սոս Հովսեփյանի ղեկավարությամբ: Վերջինս, ներկայացնելով պարապմունքների ընթացքը, ասաց.

-Արդյունքներն ինձ բավարարում են, առաջին քսան կուրսանտներից միայն մեկն է մի փոքր դժվարացել: Կան տղաներ, որոնք առաջին վարման համար նախանձելի վստահություն են դրսևորում, օրինակ` Դավիթ Սարդարյանը, Սուրեն Պողոսյանը…:

Հերթը հասել էր կուրսանտներ Ռոմիկ Խալաթյանին, Վահե Ալավերդյանին և Սմբատ Սաֆարյանին: Ազդանշանով նրանք գործարկեցին մեքենաները և միմյանց հետևից շարժվեցին առաջ:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/08/2013