Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՑ ԼԱՎ ԶԻՆՎՈՐ ՉԿԱ



Սպարապետ Վազգեն Սարգսյանի` արդեն թևավոր դարձած այս խոսքը հիշեցի հերթական գործուղման ժամանակ՝ գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ մեր երկրի հյուսիսարևելյան սահմանի բավականին բարդ ու դժվարին հատվածը հուսալի պաշտպանող զորամաս այցելելիս։ Նախ ասեմ՝ ինչու եմ օգտագործում «բարդ ու դժվարին հատված» արտահայտությունը` լավ իմանալով, որ սահմանում առհասարակ միշտ էլ ծառայությունը բարդ է ու դժվարին. քանզի հենց այս ուղղությամբ են գտնվում Ադրբեջանի թերևս ամենամեծ և ամենախիտ բնակեցված շրջանները: Եվ երկրորդ` մեր դեմ թերևս ամենից շատ դիվերսիոն գործողություններ հակառակորդը փորձել է իրականացնել հենց այս ուղղությամբ։

Երիցս իրավացի էր Սպարապետը, երբ ասում էր՝ հայ զինվորից լավ զինվոր չկա, իսկ ես նաեւ ուզում եմ հավելել՝ հայ սպայից լավ սպա չկա։ Այսօր փոքր-ինչ վերապահումով, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ հայ սպան հենց այնպիսին է, ինչպիսին իր հանճարեղ դիտարկումներում նկատի է ունեցել ու ցանկացել մեծագույն մտածող և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը։ Եթե այդպես չլիներ, գուցե մեր զինվորը աշխարհի ամենալավ զինվորը չլիներ, և ես համոզված եմ, որ լավ զինվոր ասելով՝ Վազգեն Սարգսյանը նկատի է ունեցել նաև հայ սպային, սպայի այն տեսակը, որ մշտապես զինվորի հետ է, զինվորի կողքին, իսկ կռվի ժամանակ` նրանից առաջ։

Եվ իմ՝ որպես զինվորական լրագրողի, երկարատեւ ծառայության ընթացքում ամրագրված տպավորությունը հայ սպայի նկարագրի նկատմամբ մեկ անգամ եւս հաստատվեց, երբ երկու օր շարունակ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից (այն ժամանակ՝ քսան տարեկան երիտասարդ) փոխգնդապետ Հ.Սահակյանի հետ ծանոթանալու առիթ ունեցա: Հենց նրա հետ էլ եղա առաջնագծում։

Փոխգնդապետի ուղեկցությամբ առաջինը այցելեցինք կրտսեր սերժանտ Էրիկ Քոչարյանի հրամանատարությամբ գործող հենակետ, որը հակառակորդի կրակակետից հեռու է երեք հարյուր մետր։ Ճանապարհին փոխգնդապետը վարորդին կարգադրեց կանգնել հանդիպած առաջին իսկ խանութի մոտ։ Քիչ հետո վերադարձավ լիքը փաթեթով, և մենք շարժվեցինք։

-Անկասկած, զինվորների համար է,- ականջիս շշնջաց մեր թերթի աշխատակից Գնել Շահնազարյանը։ Եվ իսկապես, դիրքեր հասնելուն պես փոխգնդապետը հենակետի ավագին հանձնեց փաթեթի ողջ պարունակությունը՝ հանձնարարելով բաժանել զինվորներին։

Դիրքի ավագը հրամանատարի տեղակալին զեկուցեց, որ ջոկը մարտական հերթապահություն է իրականացնում հաստատված գրաֆիկի համաձայն, և որ օրվա ընթացքում հակառակորդի կողմից ոչ մի շարժ չի նկատվել։ Նկատենք, որ հակառակորդը ոչ միայն չի համարձակվում կրակել, այլև տեղաշարժվելիս նկատելիորեն կաշկանդված է, ինչը, կարծում եմ, մեր զինվորների և հրամանատարության` առաջնագծի ծառայության նկատմամբ պահանջվող զգոնության և աչալրջության, բարձր կարգապահության դրսևորման արդյունք է:

Կրտսեր սերժանտ Է.Քոչարյանից տեղեկացանք, որ իրենց ջոկը առաջնագծի այս հատվածի պահպանությունն ստանձնելու ընթացքում թշնամու կողմից սադրանքի դրսևորումներ չի նկատել։

-Ամեն դեպքում, մազաչափ անգամ չպետք է թուլացնեք զգոնությունը,- բնական մտահոգությամբ ասացի ես։

-Իհարկե, պարոն մայոր, զգոնության փոքր-ինչ թուլացումն ու անզգուշությունը կարող են ճակատագրական լինել, մեր հրամանատարները, մենք դա շատ լավ ենք գիտակցում,- ասաց նա և մեզ առաջնորդեց դիրքեր։

Մեր այցի պահին գնդացրորդ, շարքային Ռուստամ Միրզոյանը, որը բազկամարտից գնդային առաջնության կրկնակի հաղթող է, աչալուրջ դիտարկում էր կատարում և իր դիտարկման արդյունքը զեկուցեց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալին.

-Ոչ մի շարժ չեմ նկատել, նույնիսկ ձայներ չեմ լսել։

Այնուհետև դիտորդը մեզ ծանոթացրեց տեղանքին։

-Ահա մեր դիմաց մեծ ու փոքր բնակավայրերն են, ջրամբարը, իսկ նրանից աջ` դիմացի բլրի վրա բազմած շինությունը նախկինում այս կողմերում մեծ համբավ ունեցող ռեստորանային համալիրն է,- ասաց շարքային Ռ.Միրզոյանը` չմոռանալով ցույց տալ նաև թշնամու մի քանի հենակետեր, հետն էլ հավելելով` մեր դիրքերն իշխող են։

Շարժվեցինք առաջ. դիտակետում շարքային Անաստաս Վարդազարյանն է։

-Հը՞, շարժ կա՞- հետաքրքրվում եմ։

-Ոչ մի շարժ, պարոն մայոր։ Գիշերը ժամը 23-ից մինչեւ 01:00-ն վերակարգում եմ եղել` ո՛չ կրակոց, ո՛չ բան,- պատասխանեց զինվորը և կարծես ինքն իրեն ստուգելու համար նորից հեռադիտակը մոտեցրեց աչքերին։

-Պարոն փոխգնդապետ, հերթափոխի ժամն է, թույլ թվեք կատարել,- փոխհրամանատարին դիմեց առաջնագծում մեզ ուղեկցող հենակետի ավագն ու փութաց գետնատնակ։

Նույն հենակետում են ծառայում ջոկի հրամանատար, հրաձիգ, հենակետի ավագի օգնական Տիգրան Մկրտչյանը, որն ազատ ոճի ըմբշամարտիկ է, Հայաստանի առաջնության երրորդ մրցանակակիր, նռնակաձիգ Արթուր Զուռնաչյանը, հրաձիգ, շարքային Դավիթ Յավրյանը, որ փոխգնդապետի` «Որո՞նք են դիտորդի պարտականությունները» անակնկալ հարցին տվեց սպառիչ պատասխան։ Աշնանը Դավիթը կզորացրվի։

-Երբեք և ոչ մի իրավիճակում չեմ մոռանա ծառայակից ընկերներիս, հրամանատարիս` գնդապետ Մ.Մախսուդյանին, փոխգնդապետ Հ.Սահակյանին, իմ անմիջական հրամանատարներին` հայ սպային հարիր մարդկային բարձր որակների համար,- անկեղծացավ Դավիթը։

-Օրերս մեր զորամասի ՈՒրախների և հնարամիտների թիմը առաջին փուլում զորամիավորումում ճանաչվեց լավագույնը, և այդ հաղթանակում իր մեծ վաստակն ունի այս հերթափոխում ընդգրկված շարքային Արտակ Իսոյանը,- ասաց փոխգնդապետ Հ Սահակյանը՝ ներկայացնելով Արտակին:

Շարժվեցինք հաջորդ հենակետ..

Այստեղ զինվորները փոքրիկ մատուռ-աղոթատեղի են կառուցել, որտեղ լինում են հերթափոխի մեկնելուց առաջ, երբեմն էլ ազատ ժամանակ, եթե, իհարկե, ունենում են: Դիրքերի հանդիպակաց բլրին էլ մի մեծ ու գեղեցիկ ԽԱՉ են կանգնեցրել, որը տղաներին ավելի զորավոր ու անխոցելի է դարձնում։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/08/2013