Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԻՐՏՍ ԽԱՂԱՂ Է»



Երանուհի Ասատրյանը վերջերս Մոսկվայից եկել է Հայաստան` տեսակցելու սահմանային զորամասերից մեկում ծառայող զինվոր զավակներին` Արտյոմին ու Գոռին:

-Ամբողջ օրը մտքերով զավակներիս հետ եմ,- ասում է Երանուհին,- ժամանակն ինչքան արագ է թռչում: Հայաստանում դժվար ժամանակներ էին, աշխատանք չկար, ստիպված գնացինք Ռուսաստան ու մնացինք այնտեղ: Տղաներս շատ փոքր էին, Ռուսաստանում էլ դպրոց հաճախեցին, ռուսական միջավայրում մեծացան: Սակայն, երբ եկավ ծառայելու ժամանակը, առանց մի վայրկյան տատանվելու վերադարձան Հայաստան ու զորակոչվեցին բանակ: Կարգին հայերեն խոսել էլ չգիտեն, հրամանները մի փոքր ուշացումով են ընկալում: Բայց զինընկերները սիրով սովորեցնում են մեր հայերեն տառն ու բառը: Գնացել էի զորամաս, զրուցում էի տղաներիս հետ, մեկ էլ ասում են. «Մա՛մ, բանակը մեր մտածելակերպը փոխել է»: Ռուսական առոգանությամբ հնչած «մտածելակերպ» բառը մի տեսակ անսովոր է հնչում ականջիս, ու նաեւ զարմանում եմ, կատակում. «Այ երեխեք ջան, գոնե գիտե՞ք` ի՞նչ է նշանակում այդ բառը»: Պարզվում է` լավ էլ գիտեն. հայերենի բառապաշարն էլ բավականին հարստացրել են:

-Ինչպիսի՞ պայմաններ էին զորամասում:

– Տղաներս ծառայում են գնդապետ Վ. Ասատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Ինձ հաճելիորեն զարմացրեց ծառայավայրի խնամված եւ կոկիկ վիճակը, շուրջբոլորը գեղեցիկ վարդեր էին, աչք շոյող մաքրություն: Հոգատար շունչ զգացի, հոգատար վերաբերմունք ամեն ինչի նկատմամբ: Փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտում են ծառայում իմ զինվոր որդիները, սիրտս խաղաղ է: Արտյոմն էլ, Գոռն էլ գոհ էին, բավականին փոխվել էին, ավելի առնականացել ու, իսկապես, փոխվել էր նաեւ նրանց մտածելակերպը` ավելի հասուն էին դարձել, ինքնուրույն, ավելի կշռադատված: Տեր Աստված, որքան արագ է թռչում ժամանակը…

-Դժվար չէ՞` միանգամից երկու զավակ բանակում:

-Ինչ խոսք, շատ-շատ դժվար է մեզ համար, բայց իրենք երկու եղբայր միմյանց թեւութիկունք կլինեն, ու ծառայությունն ավելի հեշտ կանցնի, միասին կհաղթահարեն բանակային կյանքի դժվար օրերը:

-Ինչո՞վ են զբաղվելու զորացրվելուց հետո, կրկին կգնա՞ն Մոսկվա:

-Երբ զավակներս փոքր էին, ես նրանց միշտ ասում էի` իմ գեներալներ (ամեն ծնողի համար իր զավակը գեներալ է): Վերջին շրջանում, մինչեւ բանակ գալը, ճիշտն ասած, անչափ հետաքրքրությամբ էին նայում ռուսական ալիքներից մեկով հեռարձակվող «հՏսՊՈՑօ» ֆիլմը, հետո, երբ Հայաստան եկան ծառայության գնալու համար, այստեղ էլ «Բանակում» սերիալն էին կլանված նայում: Զինվորական կյանքի նկատմամբ սեր եւ հետաքրքրություն էր առաջացել: Եկան ու տեսան իրական բանակը` մեր հայկականը: Գոռս ուզում է ծառայությունից հետո զինվորական կրթություն ստանալ, զինվորական դառնալ: Տեսնենք, ժամանակը ցույց կտա:

-Ի՞նչ կմաղթեք մեր հայ զինվորներին:

– Թող աշխարհի բոլոր զինվորների համար օրը խաղաղությամբ բացվի: Ուզում եմ նաեւ միշտ խաղաղ լինեն աշխարհն ու մայրական սիրտը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Բանակ և հասարակություն


08/08/2013