Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ



Վաղ առավոտյան մեկնեցինք դիրքեր։ Հրամանատարական «ուազիկը» դժվարությամբ էր հաղթահարում լեռնային ճանապարհի օձագալար կեռմաններն ու վերելքները։ Ճանապարհից ահյակ ձորն է` գեղուղեշ ծառերի սաղարթով պարուրված։ Արևը մեկ դուրս էր գալիս անձրևաբեր սև ամպի ետևից, մեկ թաքնվում հանդիպակաց լեռան թիկունքում։ Մի քանի օր տեղացած հորդառատ անձրևներից տեղ-տեղ վնասվել էր դիրքեր տանող ճանապարհը` է՛լ ավելի դժվարացնելով վերելքը։

Ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, և զինվորականները աչքի լույսի պես են այն պահպանում։

-Եղանակային ինչ պայմաններ էլ լինեն, ճանապարհը միշտ անցանելի պետք է լինի։ Տեսեք, այս պահին էլ «Կամացո» տրակտորը աշխատում է, վերացնում հեղեղումներից առաջացած փլուզումները։ Աշխատանքների հսկողությունը իրականացնում է իմ տեղակալը` փոխգնդապետ Ս. Հայրապետյանը,- ասաց հրամանատարը և կատարված աշխատանքները ոնց որ պետք է ստուգելուց և իր տեղակալին մի քանի նոր հանձնարարականներ տալուց հետո կարգադրեց շարունակել ճանապարհը։

♦♦♦

Գնդապետ Ռ.Բեգլարյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումները մարտական առաջադրանքը կատարում են ծովի մակերևույթից 2800մ բարձրության վրա։ Ես, որ այս կողմերում եղել եմ տասնյակ անգամներ` տարվա բոլոր եղանակներին, ամեն անգամ զարմացած ու հիացած եմ մնացել հայ զինվորի ու սպայի աննկուն կամքի, տոկունության բացառիկ և անօրինակ դրսևորումներից։ Իմ այս խոսքերի մեջ չափազանցության նշույլ անգամ չկա, և ինչպես ժողովուրդն է ասում` «Ավելի լավ է մեկ անգամ տեսնես, քան տասը անգամ լսես»։

Հրամանատարի ուղեկցությամբ այցելում ենք առաջին իսկ հենակետը։ Դիտորդ, շարքային Ֆրունզե Խաչատրյանը գնդապետին տեսնելով թեև փոքր-ինչ անակնկալի եկավ, բայց, զսպելով հուզմունքը, բավականին սահուն զեկուցեց` ներկայացնելով օպերատիվ իրավիճակը։ Զեկույցը լսելուց հետո հրամանատարը դիտորդին հարցրեց նրա ծառայական պարտականությունները. շարքային Խաչատրյանը պատասխանեց մեկ շնչով։

-Ապրե՛ս,- զինվորին խրախուսեց գնդապետը և ձեռքից վերցնելով հեռադիտակը` սկսեց ակնդետ ուսումնասիրել տարածքը:

Հրամանատարի հայացքն ուրիշ է, դիտողականությունը` նույնպես։ Փորձառու զինվորականը արծվենի իր հայացքով «սանրեց» անծայրածիր թվացող դաշտավայրը, ապա հակառակորդի դիրքերը զննելուց հետո հեռադիտակը հանձնեց զինվորին։

-Մեր հողերն են, ինչքան նայում եմ, այնքան ավելի եմ կարոտում,- ասաց գնդապետն ու մեզ առաջնորդեց դիրքեր։

Լսվեց հերթապահի «Զգա՛ստ» հրամանը, և մինչ կմտնեինք գետնատնակ, հերթափոխի պատրաստ զինվորները տողան կազմեցին։ Հրամանատարը ողջունեց զինվորներին և հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով, հուզող խնդիրներով։ Այնուհետև պատահական ընտրությամբ սկսեց հարցեր տալ զինվորներին։

Գնդացրորդ, շարքային Աբգար Սարգսյանին ուղղված` «Ի՞նչն է արգելվում մարտական հենակետում» հարցին տրվեց սպառիչ պատասխան, իր հերթին Հարություն Կարագյոզյանն էլ շատ վարժ պատասխանեց դիտորդի իր պարտականությունների վերաբերյալ հարցին։

Կրտսեր սերժանտ Տիգրան Մարգարյանը հենակետի կապի պատասխանատուն է: Նրա շնորհիվ զորամասում կապի ծառայությունը բարձր մակարդակի վրա է` հենակետը ապահովված է անխափան և շուրջօրյա կապով։

Ախոյան Ռաֆիկը գետնատնակի խոհարարն է, զինվորները գոհ են նրա եփած ճաշերից։

-Յուրաքանչյուր զինծառայող անխտիր ստանում է իր հասանելիք սնունդը, և խոհարարն էլ գիտի, թե քանի գրամ, ասենք` շաքարավազ, խտացրած կաթ կամ կարագ պետք է տրվի զինվորին,- ներկայացրեց հրամանատարը։

Ավագ հետախույզ, գնդացրորդ Դանիել Վարոսյանի ծառայության մեկ տարին լրացավ հունիսին։ Նա մասնակցել է գումարտակային զորավարժությանը` հետախուզական դիտակետից հետևել մարտի դաշտին, հայտնաբերել կարևոր թիրախները, խոշոր կուտակումները, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը և անմիջապես զեկուցել հենակետի ավագին։

Զորացրվելուց հետո Դանիելը ուժերը կփորձի Գեղարվեստի ակադեմիայի նկարչության բաժնում, իսկ մինչ այդ նա դեռ մեկ տարի նվիրումով կշարունակի ծառայել հայրենիքին։

♦♦♦

Ազատամարտի թեժ տարիներին ադրբեջանցիները լավ իմանալով, որ այս տարածքի տերն ու տիրակալը նա է, ում ձեռքում է տվյալ հենակետը, քանիցս փորձել են տիրանալ, և նույնիսկ ինչ-որ ժամանակ հենակետը ձեռքից ձեռք է անցել, ցավոք, ունեցել ենք կորուստներ։ Արդեն երկու տասնամյակ և ավելի այս տարածքը վստահաբար հսկում ու պահպանում է հայ զինվորը, և թշնամու մտքով դժվար թե անցնի ևս մեկ անգամ փորձել հայ զորականի բազկի ուժը։

Դիրքերից վերադառնալիս հիշեցի մեծն Նժդեհի հայտնի խոսքը. «Դիրքեր, հենակետեր կան, որոնց ռազմավարական նշանակությունն այնքան մեծ է, որ դրանց տիրելու համար նույնիսկ ճակատամարտեր կարելի է մղել»…

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ազգային բանակ


01/08/2013