Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Ո՞Վ Է ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԶԻՆՅԱԼՆԵՐԻՆ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով, 2012թ. հուլիսից մինչև այս տարվա մայիսը Սիրիայում սպանվել են 280 օտարերկրացիներ Լիբիայից (60), Թունիսից (47), Սաուդյան Արաբիայից (44), Հորդանանից (32), Եգիպտոսից (27), Լիբանանից (20), Չեչնիայից (5), Դաղստանից (7):

Դեռ 2012թ. նոյեմբերին պաշտոնական Դամասկոսը հրապարակեց սպանված օտարերկրացիների ցուցակը, որում կար 142 անուն` աշխարհի 18 երկրներից, այդ թվում Սաուդյան Արաբիայից, Լիբիայից, Աֆղանստանից, Թունիսից, Եգիպտոսից, Քաթարից, Լիբանանից, Թուրքիայից, Չեչնիայից և Ադրբեջանից, ինչպես նաև Եվրոպայից: Նրանց մեծ մասը, ըստ սիրիական ԶԼՄ-ների, «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամ է կամ անդամակցել է Սիրիա գալուց հետո (իսկ Սիրիա եկել է Թուրքիայի կամ Լիբանանի տարածքով):

Այս տարվա հունիսի սկզբին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարեց, որ սիրիական կառավարության դեմ կռվում են Ռուսաստանի մոտ 200 քաղաքացիներ: Ըստ լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաընկերության` հունիսի դրությամբ Սիրիայում սպանվել էին Ռուսաստանի ավելի քան 500 քաղաքացիներ: Հակակառավարական զինյալների թվում են նաև ղրղըզներ, տաջիկներ, ուզբեկներ, թուրքմեններ, այսինքն` ԱՊՀ պետությունների քաղաքացիներ:

Հարց է ծագում` ո՞վ և ինչպե՞ս է կազմակերպում Սիրիայի իշխանությունների դեմ կռվել ցանկացող` աշխարհի տասնյակ պետություններից հարյուրավոր և նույնիսկ հազարավոր կամավորականների հավաքագրումը, ուսուցումը, փոխադրումը, զինումը, հանդերձավորումը, թիկունքային ապահովումը, վարձատրումը: Շատ բարդ կազմակերպչական խնդիր, որը, այնուամենայնիվ, հաջողությամբ լուծվում է: Նշանակում է` աշխարհում գործում է անդրազգային ինքնատիպ մի կառույց (կամ կառույցներ), որին հաջողվում է հաղթահարել պետական իշխանությունների հսկողությունը (իհարկե` որոշ պետությունների աջակցությամբ):

ԴԱՐԱՎՈՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Փորձագետների կարծիքով, այդ կառույցը, ի տարբերություն պետության, ունի ոչ թե հիերարխիկ (աստիճանակարգային), այլ ցանցային (պարզաբանումը` ստորև) կառուցվածք: Թեպետ ցանցային սկզբունքով գործող կազմակերպությունների, ցանցային պատերազմների մասին սկսել են խոսել համեմատաբար վերջերս (վերջին տարիներին), սակայն վերլուծաբանների մեծ մասը համակարծիք է, որ ցանցային կառույցները գոյություն են ունեցել մարդկության պատմության ամբողջ ընթացքում: Ցանցային կառույցների (ընկերությունների) օրինակներ են քաղաքական կուսակցությունները, գաղտնի օրդենները, օրինակ` մասոնությունը, բիզնես-կառույցները, տարատեսակ ակումբները, քրեական խմբավորումները, մաֆիան, պետությունների հետախուզական ծառայությունների ստեղծած գործակալական ցանցերը և այլն: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կազինի կարծիքով, նման կառույցների համար նախկինում երբեք առանձին տերմին չի գործածվել, և դրանք չեն առանձնացվել որպես սոցիոմշակութային օբյեկտների առանձին դաս: Ի՞նչ է պատահել, որ մարդկային հասարակությունն ուսումնասիրող գիտնականները սկսել են հաճախակի գործածել «ցանցային կառուցվածք» արտահայտությունը:

Վերոնշյալ ցանցային կառույցները տարասեռ են` հիմնված տարբեր գաղափարախոսությունների, աշխարհայացքների, գործունեության տեսակների վրա և հետապնդում են տարբեր նպատակ (բիզնես, համաշխարհային տիրապետություն, կրոնապետության կամ քրեական կայսրության ստեղծում և այլն): Այդուհանդերձ, ինչպես իրավացիորեն նկատում է Ա.Կազինը, բոլոր ցանցային կառույցներին միավորում է այն, որ դրանք վերջիններիս «հեռացնում» են պետությունից կամ նույնիսկ հակադրում նրան: Եւ քանի որ վերջին տասնամյակների ընթացքում կտրուկ թուլացել է պետության` որպես հաստատության նշանակությունը, ուստի «ջրի երես» են դուրս եկել և պետության տեղն են փորձում զբաղեցնել ցանցային կառույցները: Այլ կերպ ասած` մենք ապրում ենք պատմական մի ժամանակաշրջանում, երբ ավանդական իմաստով պետության (մասնավորապես` ազգային պետության) դերը նվազում է, և առաջացած «դատարկ տարածությունը» փորձում են զբաղեցնել ցանցային կառույցները. դիմակայություն գոյություն ունի պետության և ցանցային կառույցների միջև:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻԵՐԱՐԽԻԱՆ

Դրանց հակադրությունն ավելի լավ ըմբռնելու համար չենք կարող խուսափել պետության սահմանումը տալու փորձից: Ինչպես հայտնի է, պետության տասնյակ սահմանումներ կան, որոնցից յուրաքանչյուրը շեշտում է պետություն երևույթի էական կողմերից գլխավորները: Ա.Կազինի կարծիքով, պետության սահմանման մեջ որոշիչը արժեքների հիերարխիայի (աստիճանակարգության) գոյությունն է: Պետության ավանդական ընկալումը ենթադրում է մեկ պետության մեջ միավորված մարդկանց` ազգերի, ժողովուրդների համար ընդհանուր գործի, ընդհանուր ճշմարտության, ընդհանուր բարոյականության, ընդհանուր շահի, նաև` ընդհանուր թշնամու գոյություն: Պետությունը բնորոշող` հարկադրանքի (բռնության) իրավունքը լեգիտիմություն է ստանում (այսինքն` հասարակության կողմից ընդունված, օրինական է դառնում) հենց ընդհանուր արժեքների այդ աստիճանակարգության շնորհիվ: Խախտվե՞ց այդ ընդհանրությունը` պետությունը կքայքայվի, ինչպես քայքայվեց, օրինակ, ԽՍՀՄ-ը:

Այսպիսով, «պետությունը հանդես է գալիս որպես մարդկային կեցության` ուղղաձիգ ծավալված ամբողջականություն, կյանք, որը կազմակերպված է արժեքային որոշակի հիերարխիային համապատասխան»: Ա.Կազինը զուգահեռներ է անցկացնում պետության և Եկեղեցու` որպես հաստատությունների միջև` նշելով, որ մեկը կազմակերպում է աշխարհիկ կյանքը, իսկ մյուսը կողմնորոշված է դեպի հանդերձյալը: Թե՛ պետությունը, և թե՛ Եկեղեցին ընդգրկում են մարդու կյանքի և գործունեության բոլոր ոլորտները` թե՛ անձնականը և թե՛ հասարակականը (պետության օրենքները կարգավորում են ինչպես ներընտանեկան, այնպես էլ սոցիալական հարաբերությունները, նույնը` Եկեղեցու օրենքները):

ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ ահա ցանցային կառույցները կոչված են լուծելու հատվածական կենսական խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, առավելագույն շահույթ կամ տվյալ քաղաքական կուսակցության հաղթանակն ապահովելը կամ էլ քրեական տվյալ հանցախմբի ազդեցության ոլորտն ընդլայնելը: Բերենք ցանցերի հիմնական բնութագրերը.

ա) Ցանցերը բաղկացած են մտավոր պատրաստվածության որոշակի մակարդակ, որոշակի աշխարհայացք ունեցող մարդկանցից (օրինակ` մահմեդականներից, որոնց նպատակը շարիաթի օրենքներով առաջնորդվող մահմեդական համաշխարհային կրոնապետություն ստեղծելն է): Ցանցում արդյունավետորեն գործելու համար այս մարդկանցից յուրաքանչյուրը պետք է տիրապետի, օրինակ, համակարգչային տեխնոլոգիաներին, սոցիալական ցանցերից օգտվելու համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների, կոնսպիրացիայի (գաղտնի գործունեություն ծավալելու):

բ) Յուրաքանչյուր ցանց (ցանցի մասնակիցները) ինքնուրույն է սահմանում իր ներսում վարքագծի նորմերը (վարքագծի, էթիկայի, բարոյականության կանոնները): Օրինակ` այս տարվա մայիսին համացանցում հայտնվեց տեսանյութ, որում «Սիրիական ազատ բանակ» կոչվող զինված խմբավորման ակտիվ թեւերից մեկի` «Ֆարուքի բրիգադ» խմբավորման հրամանատար Էբու Սաքքարը կտրում ու հանում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից սպանված մի զինվորի սիրտը եւ ուտում՝ բղավելով. «Թող Աստված վկա լինի, ձեր բոլորի սիրտն ու թոքերն ուտելու ենք, շուն Ասադի զինվորներ»: Մարդակերը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ ինքը չի փոշմանել իր արարքի համար։ «Աստված վկա, բոլոր ալեւիներին կոտորելու ենք։ Ես դեռ նոր տեսանյութ ունեմ, որ պետք է գցեմ համացանց։ Տեսանյութում ես սղոցով կտրում եմ Ասադի զինվորներից մեկի մարմինը եւ մանր մասերի բաժանում»,-ասել է Էբու Սաքքարը։ Ինչպես տեսնում ենք, նա սահմանել է ահաբեկչական ցանցի` իրեն ենթակա հատվածի յուրահատուկ «բարոյականություն», յուրահատուկ վարքագիծ, ինչը ամենևին էլ պարտադիր չէ, որ բնորոշ լինի բոլոր ընդդիմադիրներին. ցանցի մեկ այլ հատվածում (այսինքն` ուրիշ խմբավորման մեջ) կարող է ընդունված լինել հակառակորդի զինվորին մաշկազերծ անելը (այդպիսի դեպքեր էլ եղել են), գլխատելը (որ սովորական բան է այսօրվա Սիրիայում) կամ պարզապես գնդակահարելը:

գ) Ցանցի մասնակիցներն ունակ են վերահսկելու մյուս անդամներին: Ցանցում «ոստիկանություն» չկա. Սիրիայի կառավարության դեմ կռվող յուրաքանչյուր մոլեռանդ կարող է իրեն իրավունք վերապահել գնդակահարելու նրան, ով, դիցուք, մարդասիրություն հանդես կբերի քրիստոնյայի նկատմամբ:

դ) Ցանցի մասնակիցները ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունեն. յուրաքանչյուր կամավորական ահաբեկիչ կարող է անդամակցել ցանկացած խմբավորման և հետո տեղափոխվել մեկ այլ խմբավորում:

ե) Ցանցի անդամների համար ինֆորմացիոն բազաները հասանելի են հավասար չափով. օրինակ` ահաբեկչական ցանցի յուրաքանչյուր անդամ (Սիրիայի օրինական իշխանության դեմ կռվող յուրաքանչյուր ահաբեկիչ) իրավունք ունի իմանալու այնքան «ռազմական գաղտնիք», ինչքան մյուս անդամները:

զ) Ցանցի վերափոխման վերաբերյալ որոշումներն ընդունվում են կոլեգիալ կարգով. ցանցի անդամները և հատկապես «տեղային հեղինակությունները» ունեն ձայնի հավասար իրավունք: Կենտրոնացված, միանձնյա որոշումները բնորոշ չեն ցանցային կառույցներին:

է) Ցանցի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցները կիրառվում են ներցանցային հեղինակավոր մարմնի կողմից, ընդ որում՝ համակարգն ինքն է որոշում հեղինակություններին:

ը) Քիչ թե շատ «քաղաքակիրթ» ցանցերում բարձրագույն պատիժը հեռացումն է: (Խոսքը չի վերաբերում, օրինակ, մաֆիաներին, որտեղ բարձրագույն պատիժը տանջալի մահապատիժն է):

թ) Ապագայում մարդը միաժամանակ կապրի և կաշխատի մի քանի ցանցերում։ Մարդկային գործունեության բոլոր ոլորտներն այս կամ այն չափով կհամադրվեն որոշակի ցանցերի հետ` լոկալ, տարածաշրջանային, գլոբալ:

Պատկերն ամբողջացնելու նպատակով բերենք արդի աշխարհի ցանցային կառույցների կոնկրետ օրինակներ.

– անդրազգային ընկերություններ, բանկեր, այդ թվում Համաշխարհային բանկը,

– վերազգային տնտեսական կառույցներ` Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Փարիզի, Լոնդոնի, Հռոմի ակումբներ,

– պետական կազմավորումներ, որոնցում իշխանությունը հայտնվել է ցանցային կառույցների հսկողության ներքո, և որոնք դրա հետևանքով կորցրել են աստիճանակարգությունը, պետականությունը և ինքնիշխանությունը` դառնալով գլոբալ ցանցի մաս (օրինակ` Սոմալիի նման պետությունները),

– ոչ կառավարական միջազգային կազմակերպությունները,

– միջազգային վերպետական դաշինքները (օրինակ` ՆԱՏՕ-ն),

– կրոնական-էթնիկ խմբեր, որոնք ունեն միասնական նպատակ (օրինակ` հրեական սփյուռքը: Ցանցային կառույց դառնալու ներուժ ունի նաև հայ ժողովուրդը),

– կրոնական դեստրուկտիվ կազմակերպությունները` տոտալիտար աղանդները,

– միջազգային հանցավոր կազմակերպությունները (օրինակ` թմրանյութերի մաֆիան),

– միջազգային ահաբեկչական կազմակերպությունները,

– գաղտնի կազմակերպությունները (մասոնական օթյակներ, Բիլդերբերգյան, Ռոտարի ակումբներ, Եռակողմ հանձնաժողով, Միջազգային հարաբերությունների խորհուրդ, տարբեր օրդեններ` տաճարականների, իլյումինատների, մալթական ասպետների և այլն),

– ռազմական մասնավոր ընկերություններ:

Հաջորդ համարում. համասեռամոլությունը` մարտահրավեր պետականությանը

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ռազմաքաղաքական


01/08/2013