Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՀՀ զինված ուժերում մեծ ուշադրություն է դարձվում զորքերում անձնակազմի իրազեկվածության բարձրացմանը ինչպես հակահրդեհային կանոնների պահպանման, 1-ին բուժօգնության կազմակերպման, այնպես էլ տարհանման, հրդեհի մարման գործողությունների խելամիտ իրականացման խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի hամաձայն` բոլոր զորամիավորումներում ընթանում են նպատակային ուսուցողական միջոցառումներ:

Մեթոդագործնական պարապմունքներն անցկացվում են զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի եւ տարածքային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական ջոկատների, ԶՈՒ թիկունքի հակահրդեհային տեսչության համագործակցությամբ:

Վերջերս 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկի բազայի վրա, ենթակա զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի մասնակցությամբ անցկացվեց մեթոդաբանական պարապմունք, որի նպատակը անձնակազմին տեսական ու գործնական ցուցումների միջոցով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանների և ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան դրույթների մասին իրազեկելն ու պարզաբանելն էր:

Գնդապետ Տ.Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման սպաներն ու տեղի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողներն անցկացրին «Անձնակազմի տարհանումը արտակարգ իրավիճակներում» և «Պայմանական հրդեհի մարումը» թեմատիկ լսարանային պարապմունքներ:

Զորամասի հաստիքային հրշեջ խմբի իրականացրած «Ինտենսիվ տարածված հրդեհի օջախների կազմակերպված մարումը» ցուցադրական պարապմունքն է՛լ ավելի ամբողջական դարձրեց ուսումնական նյութի մատչելիությունը, որի ընթացքում ի հայտ եկավ հրշեջների մասնագիտական բարձր վարպետությունը` տեխնիկայի ու հակահրդեհային միջոցների տիրապետման և հրդեհի մարման գործողությունների իմացությամբ հանդերձ:

Ե՛վ հարցուպատասխանների միջոցով ստացված պարզաբանումները, և՛ մեթոդաբանական պարապմունքի բարդ ու դժվարին դրվագների ցուցադրություններն օգնեցին զինծառայողներին լավագույնս պատկերացում կազմելու ինչպես հրդեհի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակների, այնպես էլ դրանց դեմ պայքարի արդյունավետ ուղիների ու միջոցների մասին:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Ազգային բանակ


24/07/2013