Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-12-ը Վլադիվոստոկում կանցկացվի ռուս-չինական «Ծովային համագործակցություն-2013» զորավարժությունը, որին կմասնակցեն չինական ռազմածովային ուժերի 7 նավեր: Դրանք հուլիսի 8-10-ը խոշորամասշտաբ զորաշարժեր կիրականացնեն Պետրոս Մեծի ծոցում: Տարբեր դասերի նավերի ընդհանուր թիվը կհասնի 20-ի: Զորավարժությանը կմասնակցեն նաև 10-ից ավելի ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Երկու երկրների նավաստիները կազատագրեն ծովահենների գրաված նավը և կիրականացնեն որոնողափրկարարական գործողություն` վթարի ենթարկված նավին օգնելու համար: Կմշակվեն հակասուզանավային, հակաօդային և հականավային պաշտպանության համատեղ գործողություններ:

Բացի այդ, հուլիսի 27-ից օգոստոսի 15-ն էլ նախատեսվում է անցկացնել ռուս-չինական հակաահաբեկչական «Խաղաղության առաքելություն-2013» զորավարժությունը Չելյաբինսկում։ Նման ձևաչափով զորավարժություն անցկացվել է անցած տարի ապրիլին՝ Դեղին ծովում, որին մասնակցել է 7 նավ։

Ռուս-չինական առաջին համատեղ զորավարժությունն անցկացվել է 2005թ. օգոստոսի 18-25-ը Շանդունի թերակղզում և Վլադիվոստոկում: Հատկանշական է, որ հենց 2005թ. են կարգավորվել Ռուսաստանի և Չինաստանի սահմանային վեճերը, և երկու երկրների խորհրդարանները վավերացրել են ռուս-չինական պետական սահմանի մասին լրացուցիչ համաձայնագիրը: Դրանով ավարտվել է դեռ ԽՍՀՄ-ի օրոք` 1964թ. սկսված բանակցային գործընթացը սահմանների հստակեցման հարցի շուրջ (2012թ. օգոստոսի դրությամբ Չինաստանի և Ռուսաստանի համար վիճելի էր 17 հա տարածք):

Հատկանշական է նաեւ, որ 2005թ. ռուս-չինական զորավարժության սցենարի համաձայն` պայմանական պետությունը իր հարևաններին է դիմում էթնիկ հողի վրա զանգվածային անկարգությունները հանդարտեցնելու խնդրանքով: Զորավարժությանը մասնակցել էր 10 հազար զինծառայող (1500-ը` ռուսական կողմից): Զորավարժության երեք փուլերն էին` ռազմաքաղաքական խորհրդատվություններ և օպերատիվ պլանավորում, զորքերի փոխադրում և ծավալում, մարտական գործողությունների վարում:

Զորավարժությունը մտահոգել էր Թայվանին. նա հայտարարել էր, որ մշակվում է իր տարածքը գրավելու ռազմագործողություն (նկատենք, որ Ռուսաստանը Թայվանը համարում է Չինաստանի տարածք և ինչպես այդ, այնպես էլ Տիբեթի հարցերում անվերապահորեն աջակցում վերջինիս):

Ա.ՅԱՎՐՈՒՄՅԱՆ