Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐՆ «ԸՆՏԵԼԱՆՈՒՄ ԵՆ» ՆՈՐ ՀՕՊ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ



Ռուսաստանի Դաշնության Արևելյան ռազմական օկրուգը ռազմաօդային-տիեզերական պաշտպանության զորամասի հետ համատեղ անցյալ շաբաթ զորավարժություններ է սկսել։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ծրագրում ներառվել է մարտական կրակ «Ս-400 Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերից և «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրներից։

Ռուսաստանը «Ս-400» համակարգերի և «Պանցիր-Ս» համալիրների մարտական կրակով առաջին զորավարժությունն անցկացրել է 2012թ. օգոստոսի 10-16-ը Աստրախանի մարզի «Աշուլուկ» զորավարժարանում: Ըստ ռուսական լրատվամիջոցների` ներկայումս Ռուսաստանն ստեղծում է «Ս-400»-ների հինգերորդ գունդը: Ընդհանուր առմամբ, մինչև 2020թ. Ռուսաստանի ԶՈՒ-ում պետք է ձևավորվի «Ս-400»-ների 28 գունդ, յուրաքանչյուրում՝ 2 դիվիզիոն, յուրաքանչյուր դիվիզիոնի կազմում` 8 արձակման կայանք:

♦♦♦

«Ս-400 Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրը մեծ և միջին հեռահարության զենք է, որը նախատեսված է օդատիեզերական հարձակման բոլոր ժամանակակից միջոցները խոցելու համար` հետախույզ-ինքնաթիռներ, ռազմավարական և մարտավարական ավիացիայի ինքնաթիռներ, մարտավարական, օպերատիվ-մարտավարական բալիստիկ հրթիռներ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, գերձայնային թիրախներ, ռադիոխանգարող թռչող սարքեր, ռադիոտեղորոշման հսկիչ ինքնաթիռներ և այլն: Յուրաքանչյուր ԶՀՀ ապահովում է միաժամանակ 36 թիրախների խոցում` նրանց վրա ուղղորդելով մինչև 72 հրթիռ: Համալիրը կարող է 400կմ հեռավորության վրա խոցել աերոդինամիկական թիրախներ, իսկ մինչև 60 կմ հեռավորության վրա` մարտավարական բալիստիկ թիրախներ, որոնք շարժվում են 4.8 կմ/վ արագությամբ: Ընդ որում, թիրախը հնարավոր է հայտնաբերել մինչև 600 կմ հեռավորության վրա: Հրթիռները կարող են խոցել ցածր` ընդամենը 5 մ բարձրության վրա թռչող թիրախներ, այն դեպքում, երբ ամերիկյան «Փեթրիոթ» համալիրը ունակ է խոցելու առնվազն 60 մ բարձրության վրա թռչող թիրախները:

Ինչ վերաբերում է ցամաքային բազավորման «Պանցիր Ս» ինքնագնաց զենիթային հրթիռա-հրանոթային համալիրին, ապա այն նախատեսված է քաղաքացիական և ռազմական օբյեկտները (այդ թվում մեծ հեռահարության ՀՕՊ համալիրները) մոտ տարածությունից օդային հարձակման բոլոր ժամանակակից և հեռանկարային միջոցներից պաշտպանելու համար: Բացի դրանից, համալիրն ունակ է պայքարելու թեթև զրահավորված ցամաքային թիրախների, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի դեմ:

«Պանցիր-Ս»-ի առանձնահատկությունը թիրախավորման և ուղեկցման բազմակապուղային համակարգը հրանոթա-հրետանային սպառազինության հետ համատեղելու կարողությունն է: Թիրախները կարող է խոցել 5 մ-ից մինչև 15 կմ բարձրության վրա և 200 մ-ից մինչև 20 կմ հեռավորության վրա, նույնիսկ առանց արտաքին աջակցման: Այն թիրախների համար, որոնց ցրման արդյունավետ մակերեսը 2 քառ.մ է, հայտնաբերման հեռավորությունը կազմում է 32-36 կմ: Համալիրը րոպեում կարող է որսալ առավելագույնը 10 թիրախ: Դատելով ըստ ամենայնի` այն արդյունավետ է հատկապես ուղղաթիռների դեմ պայքարում:

Ա.ՅԱՎՐՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Ռազմական


11/07/2013