Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԻՄ ԶԻՆՎՈ՛Ր ԵՂԲԱՅՐ



ՎԱՀԱԳՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
կապիտան

Երբ կրտսեր եղբորս՝ շարքային Վահե Պետրոսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրեց «Արիության» մեդալով, ես ամբողջ գիշեր չկարողացա քնել և ոչ էլ թողեցի մերոնք աչք կպցնեն: Ուրախությունից ու հպարտությունից սիրտս պայթում էր, տեղս չէի գտնում… «Փոքր եղբորս՝ շարքային Վահե Պետրոսյանի հենակետը վեցերորդ անգամ լավագույնն է ճանաչվել… և նա պարգևատրվել է «Արիության» մեդալով…»,- անընդհատ կրկնում էի մտքումս: Ուզում էի՝ շուտ լուսանա, որ զորամաս գնամ և բոլորին՝ սպա ընկերներիս, հրամանատարներիս, զինվորներիս պատմեմ, ասեմ՝ տեսե՛ք, եղբայրս, որ շարքային է, ինձնից յոթ տարով փոքր, «Արիության» մեդալի է արժանացել… Երեկ գիշեր դարձյալ չեմ քնել. իմ կրտսեր եղբայրս՝ շարքային Վահե Պետրոսյանը, գերազանց ծառայության համար դարձյալ մեդալով է պարգևատրվել… Դարձյալ ամբողջ գիշեր չքնեցի. մտածում էի մեր ընտանիքի մասին՝ ծնողներիս, իմ մասին, եղբորս մասին… Մտածում էի՝ երկու եղբայր ենք, երկուսս էլ՝ ծառայության մեջ. ես՝ սպա, նա՝ շարքային զինվոր, ու թեև մեզ սար ու ձորեր են իրարից բաժանում, բայց իմ սիրտը իմ քաջ, իմ հերոս կրտսեր եղբոր մոտ է, որ հիմա, այս ուշ ժամին, իր համար հանգիստ քնած է զորամասում… Մտքերս ինձ տարան դեպի այն օրը, երբ առաջին անգամ ռազմական դպրոցի սանի համազգեստով տուն մտա… Այն ժամանակ մենք դեռ մեր հայրենի Աքորի գյուղում էինք ապրում, իսկ ես սովորում էի Ստեփանակերտի Ք.Իվանյանի անվան վարժարանում: Մերոնք առաջին անգամ էին ինձ համազգեստով տեսնում, և նրանց ուրախությանը չափ չկար… Իսկ Վահեն ինձնից չէր պոկվում, ուրախությունից ասես գժվել էր, շուրջս էր պտտվում, հազար ու մի հարց էր տալիս՝ էս ի՞նչ նշան է, ի՞նչ է նշանակում … Ճիշտ այնպես, ինչպես ես պոկ չէի գալիս Արցախյան ազատամարտից կարճատև հանգստի համար գյուղ եկած ազատամարտիկներից. նայում էի նրանց զինվորական համազգեստներին ու մտքումս Աստված-Աստված անում, որ պատերազմը շուտ չվերջանա, մինչև ես մեծանամ, զինվորական շորեր հագնեմ ու նրանց նման կռվեմ մեր ազգի թշնամիների դեմ… Գուցե եղբայրս քայլում է իմ ոտնահետքերո՞վ, և նրա հաջողությունների մեջ մի փոքր, շատ փոքր ներդրում նաև ե՞ս ունեմ՝ նրա ավագ եղբայրը… Չգիտեմ՝ ինչի՞ եմ հասել ես՝ հայոց բանակի կապիտանս, բայց ինչի հասել եմ, հասել եմ իմ ուժերով, իմ քրտինքով… Իմ հույսը ինքս եմ եղել, ուրիշ ոչ ոք… Իմ ծառայության ընթացքը գուցե չի զարդարվել մեդալներով, բայց երբ մտածում եմ, տեսնում եմ՝ հպարտանալու բաներ հաստատ ունեմ. նախ բրիգադի կապի պետ նշանակվեցի, հետո առաջխաղացման կարգով՝ մարտկոցի հրամանատար… Հենց այդ ժամանակ էր, որ իմ ղեկավարած մարտկոցը ճանաչվեց ստորաբաժանման լավագույն մարտկոց…

Փառք Աստծո, պատվով եմ կատարում իմ ծառայությունը: Այս զորամասը ես իմն եմ համարում, որովհետև այստեղից է սկսվել իմ զինվորական կենսագրությունը… Իսկ մեր զորամասը կանգնած է սահմանին, թշնամու դեմ դիմաց, բարձր ու անառիկ լեռներում: Իսկական հերոսներ են մեր սպաները: Նրանցից շատերը անցել են Արցախյան պատերազմով, փորձառու զինվորականներ են, հարազատ ընկերոջ մահ են տեսել, ճաշակել են հաղթանակի բերկրանքը և լավ գիտեն թշնամու «լեզուն»: Իսկապես դժվար է նրանց հետ չափվել, նրանց հետ հավասար ոտք գցել, բայց ես աշխատում եմ նրանցից հետ չմնալ՝ փորձառության պակասը լրացնել գիտելիքներով, եռանդով, աշխատասիրությամբ… Եվ լավ գիտեմ, թե ինչ արժեք ունի հաղթանակը, եւ թե ինչպիսի հոգեկան և ֆիզիկական կենտրոնացում, գերլարում է պահանջում, և իհարկե՝ նվիրում, անսահման սեր ու նվիրում…

Եվ ուրեմն՝ որքա՜ն մեծ է կրտսեր, շարքային եղբորս հաղթանակը…

Խորհելով իմ մասին, եղբորս մասին, նրա հաղթանակների մասին, ես չէի կարող չհիշել իմ ծնողներին. հորս՝ այդ ազնիվ ու աշխատասեր մարդուն, որ կյանքում մի երջանկություն ունեցավ՝ մե՛նք, և մի նպատակ՝ մեր երջանկությունը, մորս՝ այդ մշտապես համեստ ու խոնարհ կնոջը, որ ապրեց ու չարչարվեց մեզ համար և մի ամբողջ կյանք նվիրեց դպրոցին… Հիշեցի մեր տան հացի սեղանները… Հայրս, որ մշտապես հարգանքով ու սիրով էր վերաբերվում մորս, միայն մի դեպքում էր անզիջում. մայրս պարտավոր էր հացի սեղանի շուրջ հավաքել ընտանիքի բոլոր անդամներին… Եվ մայրս իր վրա դրված այդ պարտականությունը կատարում էր սիրով, եթե չասեմ՝ զինվորական հրաման կատարելու պես… Մենք միշտ ամբողջ ընտանիքով միասին ենք ճաշել… Հիմա նրանք մենակ են նստում մեր տան սեղանի շուրջ ու սպասում են իրենց զինվոր որդիների վերադարձին…

Երբ կնոջս ասում եմ՝ ես իմ բոլոր հաջողությունների համար՝ փոքր ու մեծ, պարտական եմ ընտանիքիս, նա խռովում է՝ բա ե՞ս: Ծիծաղում եմ. «Երբ ասում եմ ընտանիքիս, իհարկե, նաև քեզ նկատի ունեմ: Քեզ ու նաև իմ փոքրիկ բալիկին»: Եվ ես չեմ կեղծում. որովհետև նրանք ինձ հետ են լինելու՝ ուր էլ որ զինվորականիս բախտը ինձ նետի… Նրանք իմ թիկունքն են…

…Երեկ գիշեր ես դարձյալ չեմ քնել ու մտքումս անընդհատ շնորհակալ եմ եղել իմ կրտսեր, շարքային եղբորը, որն իր՝ հայ զինվորականին վայել անձնվեր ծառայությամբ ինձ՝ իր մեծ եղբորը այսպիսի քաղցր ու սրտառուչ մտորումների առիթ տվեց:

Ես հպարտ եմ քեզնով, իմ զինվո՛ր եղբայր: Չգիտեմ, թե դու վաղը կյանքի ի՞նչ ճանապարհ ես ընտրելու, կքայլե՞ս արդյոք մեծ եղբորդ ոտնահետքերով, թե ոչ, ինչը թերևս բոլորովին էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ դու շարքային զինվորի քո պարտքը կատարում ես գերազանց՝ պատիվ բերելով եղբորդ, ընտանիքիդ, ազգիդ…

Պատրաստեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Ազգային բանակ


20/06/2013