Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ջոկի ապագա հրամանատարները ջանացին արդարացնել վերադասի սպասումները

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` հունիսի 3-8-ը ամփոփիչ ավարտական քննություններ անցկացվեցին մոտոհրաձգային ուսումնական զորամասում: Նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: Քննություններն ընդունեց համապատասխան ծառայությունների գծով մասնագետներից կազմված հանձնաժողովը` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանի ղեկավարությամբ:

Մոտոհրաձգային ուսումնական զորամասում ուսումնառության ժամկետը վեց ամիս է, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողները տարբեր առարկաներ են սովորում` տեսական և գործնական: Ուսումնառության առանձնահատկությունն այն է, որ այստեղ պատրաստում են ջոկի հրամանատարներ, ապագա կրտսեր հրամանատարներ: Կուրսանտները քննությունները բարեհաջող հանձնելուց և կոչում ստանալուց հետո արդեն այլ զորամասերում ստանձնում են ենթակա անձնակազմի անմիջական ղեկավարումը: Հետեւաբար, զորամասի նկատմամբ ուշադրությունը մեծ է: Մեծ է նաև ուսուցանող անձնակազմի պատասխանատվությունը. եթե ամփոփիչ քննությունների ժամանակ կուրսանտը թեկուզև մեկ առարկայից անբավարար գնահատական ստանա, ապա չի դառնա կրտսեր հրամանատար, իսկ թերացման համար, ինչ խոսք, մեղավոր է նրան ուսուցանող օղակի հրամանատարը: Եվ միանգամայն բնական է, որ բոլորն էլ ձգտում են առավելագույն գիտելիքներ փոխանցել կուրսանտներին: Հատկապես դժվար է տվյալ զորամասի ջոկի հրամանատարների գործը: Այլ զորամասերում ջոկի անդամներից յուրաքանչյուրն իր հստակ պարտականություններն ունի, նրանց հենց դա էլ սովորեցնում են: Իսկ ուսումնական ջոկի անդամներից յուրաքանչյուրն ինքը ապագա ջոկի հրամանատար է, ուստի եւ տվյալ ջոկի ղեկավարը պարտավոր է յուրաքանչյուրի հետ աշխատել անհատապես, որպեսզի հետագայում վերջինս կարողանա համակարգել եւ համատեղել և՛ ջոկի հրամանատարի, և՛ մեխանիկ-վարորդի, և՛ նշանառու-օպերատորի պարտականությունները՝ գործողությունների ճիշտ հուն ուղղորդելու համար: Միևնույն ժամանակ ջոկի հրամանատարը պետք է պատրաստ լինի կատարելու դասակի հրամանատարի պարտականությունները:

Այստեղ պատրաստում են տարբեր մասնագետներ` տանկի, ՀՄՄ հրամանատարներ, հրաձգային ջոկի հրամանատարներ և այլն: Յուրաքանչյուր առանձին դեպքում ուսուցումը կազմակերպվում է հաշվի առնելով տվյալ մասնագիտացման համար անհրաժեշտ առանձնահատկությունները: Սակայն կան որոշակի տարրեր, որոնք ընդհանուր են բոլոր ստորաբաժանումների համար: Օրինակ` ամենից առաջ կուրսանտի հետ անցկացվում են անհատական զրույցներ, նրան հենց սկզբից հոգեբանորեն նախապատրաստում են անձնակազմ ղեկավարելու գործին: Մի շարք տեսական դասընթացներից հետո սկսվում է գործնական շրջանը: Բացի հրաձգարանում անցկացվող կրակային, մարտավարական պատրաստության պարապմունքներից, կուրսանտները հնարավորություն ունեն իրենց վարպետությունը հղկելու նաև վարժասարքերով, ինչն էականորեն նպաստում է բարձր արդյունքների ձեւավորմանը: Թե ինչ արդյունավետությամբ են անցկացվում համապատասխան միջոցառումները, ցույց են տալիս ամփոփիչ քննությունները: Փաստ է, որ դրանք անցնում են լարված մթնոլորտում, յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն արդյունք ցուցադրել:

♦♦♦

Հինգ օրվա ընթացքում անձնակազմը հանձնեց և՛ տեսական, և՛ գործնական քննություններ` ֆիզիկական, կրակային, շարային պատրաստություն, մեքենավարում, ՀՊՊ և այլն:

Մի քանի ստորաբաժանման օրինակով հետևեցինք քննությունների ընթացքին, ծանոթացանք հանձնաժողովի նախնական եզրակացություններին: Փոխգնդապետ Վ.Վարդանյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային գումարտակում պատրաստում են ՀՄՄ-ի անձնակազմեր: Մեքենավարման քննության ժամանակ հրամանատարը մեզ հավաստիացրեց, որ անձնակազմը լիովին պատրաստ է քննություններին, ստորաբաժանումում առկա է մրցակցային առողջ մթնոլորտ: Նրա խոսքով, գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ, պետք է նշել, որ հանձնաժողովի անդամները բավական խիստ են մոտեցել նորմացույցների գնահատմանը: Նախապատրաստական շրջանում ամենից շատ ուշադրություն է դարձվել մեքենավարմանը, հրաձգությանը և ֆիզիկական պատրաստությանը: Հենց մեքենավարումից էլ տվյալ պահի դրությամբ գրանցվել էին ամենաբարձր արդյունքները: Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց գումարտակի հրամանատարը, կուրսանտների արդյունքները ցանկացած առարկա հանձնելիս էականորեն չեն տարբերվում, քանի որ ուսումնական փուլի ընթացքում բոլոր առարկաների նկատմամբ հավասարապես նույն մոտեցումն է դրսևորվել:

Մեր այցելության պահին մեքենավարման դաշտ էին դուրս եկել մեխանիկ-վարորդները: Նրանք ուսումնական շրջանում անցնում են 153 կմ՝ դրսեւորելով ցերեկային և գիշերային պայմաններում բոլոր նրբությունների և առանձնահատկությունների լիարժեք տիրապետում: Մեխանիկներից բացի, ՀՄՄ վարելու հմտություններ են ձեռք բերում նաև ջոկի հրամանատարն ու նշանառու-օպերատորը:

Թեև նշեցինք, որ գումարտակի բոլոր կուրսանտների ցուցանիշները շատ մոտ էին իրար, այնուամենայնիվ, սպաները նշեցին մի քանիսի անունները, ովքեր որոշակի առավելություն ունեին ծառայակից ընկերների նկատմամբ: Գարիկ Հովհաննիսյանը, Ռազմիկ Մինասյանը, Վիկտոր Առուշանյանը մի փոքր ավելի արագ և ճիշտ անցան սահմանված ուղին` հաղթահարելով արգելափակոցները: Բոլորը հատկապես նշեցին Գարիկ Հովհաննիսյանի անունը, որը արժանացել է զորամասի մեքենավարման գծով ավագ սպա, մայոր Պ. Մուրադյանի շնորհակալությանը՝ ծառայության հենց սկզբից պարտականությունները բարեխիղճ կատարելու, զինտեխնիկային լավ տիրապետելու և իր մասնագիտական կարողությունները մշտապես զարգացնելու համար:

♦♦♦

Մարտական մեքենաները ընթանում են հողի և փոշու ամպ բարձրացնելով, ռադիոկապով պարբերաբար հրամաններ են տրվում, զեկուցումներ են լսվում առաջադրանքների կատարման վերաբերյալ: Նույն պատկերն է նաև քիչ այն կողմ՝ տանկերի վարման համար նախատեսված ուղեգոտում: Որոշ դեպքերում կուրսանտների գործողությունները այնքան էլ վարժ չեն, կան որոշակի թերացումներ, գործողություններում պակասում է վստահությունը: Բայց հուսանք՝ բանակային առաջին քննությունից հետո տղաները իրենց ավելի վստահ կզգան և կգործեն առավել վարժ՝ արդեն իսկ մշտական տեղակայման զորամասերը համալրելով: Հատկանշական է, որ նրանց գործողություններում չկար նեղ մասնագիտական «կաշկանդվածություն», այսինքն` տանկիստները, որ ամբողջ օրն զբաղված էին իրենց մարտական մեքենայով, ցուցադրեցին լավ շարային քայլք: Դրանում համոզվեցինք` հետևելով առաջին տանկային գումարտակի առաջին տանկային ուսումնական վաշտի քննությանը շարային պատրաստությունից, ապա նաև լսելով հանձնաժողովի անդամների եզրակացությունները: Ի դեպ, նախնական արդյունքներով, այդ նույն վաշտը` կապիտան Ա. Կյուրեղյանի հրամանատարությամբ, զորամասում ամենալավն էր հանձնել քննությունները` բոլոր առարկաներից ստանալով «լավ» գնահատական: Մի քանի քննական կետերում գործընթացին հետևելուց հետո հրաձգային վաշտերից մեկի հետ բարձրացանք հրաձգարան, որտեղ կրակային պատրաստության քննությունն էր ընդունում փոխգնդապետ Ա. Շիրվանյանը: Նա նշեց, որ կուրսանտները կատարում են երկրորդ ստուգողական վարժությունը, խոցում են հայտնվող և շարժվող թիրախները: Մինչ այդ պահը առավել դիպուկ են եղել մոտոհրաձգային վաշտերից մեկի կուրսանտները, իսկ տվյալ պահին արդեն թիրախները գերազանց խոցողներն էին Արայիկ Տոնոյանը և Արամ Բունիաթյանը:

Քիչ այն կողմ, ուսումնական կետերից մեկում, կրակելու իրենց հերթին էին սպասում հրաձգային դասակի զինվորները: Ստուգողական վարժության պահանջները նրանց հետ ևս մեկ անգամ վերհիշում էր ջոկի հրամանատարը: Հետաքրքիր էր իմանալ նրանց կարծիքը քննությունների ընթացքի, որպես ջոկի հրամանատար իրենց հետագա անելիքների ու դերի մասին: Մեծ մասը վստահ էր, որ քննություններից հետո կստանա սերժանտական կոչում և կնշանակվի ջոկի հրամանատարի պաշտոնում: Համոզված էին ասում, քանի որ լավ էին հանձնել նախորդ քննությունները, կրակայինն էլ արդեն սովորական էր նրանց համար: Միայն առաջին անգամ էին վատ կրակել, հետո աստիճանաբար բարելավել էին արդյունքները: Միհրան Մանգասարյանը, Սմբատ Գասպարյանը, Հակոբ Հակոբյանը գերազանց են կրակում, խոցում են բոլոր թիրախները, այժմ էլ վստահաբար պատրաստ են: Ընդհանրապես, բոլորն էլ կարևորում էին ջոկի հրամանատարի դերակատարումը բանակում և որպես լիարժեք մասնագետ կայանալու-կատարելագործվելու անհրաժեշտությունը: Իհարկե, պակաս կարևոր չէ նաև մարտական ամենափոքր օղակի ներսում բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձեւավորումը: Ջոկի հրամանատարը պարտավոր է խորամուխ լինել իր ենթակաների խնդիրների, հոգսերի մեջ, հետաքրքրվել նրանց անձնական կարիքներով: Նրանց շփումն սկսվում է առավոտյան ստուգումից, երբ սերժանտը հետևում է անձնակազմի արտաքին տեսքին, հանդերձանքին: Այնուհետև սկսվում են պարապմունքները, և նրանք գրեթե ամբողջ օրը միասին են անցկացնում: Բնականաբար, բոլորի խնդիրներն ընդհանուր են դառնում, և զարգանում են կոլեկտիվ զգացողությունը, գործելաոճը, իրար փոխօգնության հասնելու ձգտումը, ինչը շատ կարևոր է նման փոքր ու կարևոր օղակում:

Քննությունների արդյունքների վերջնական ամփոփումից և մասնագիտական խոր վերլուծությունից հետո միայն պարզ կլինի, թե որքանով է նպատակային անցկացվել ուսումնական գործընթացը, որ օղակն է ավելի ճիշտ և գրագետ նպատակային օգտագործել համապատասխան միջոցներն ու հնարավորությունները մարտունակ մասնագետ կադրեր պատրաստելու համար:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/06/2013