Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ ՀԵՏՔԵՐՈՎ



Անհնար է թերագնահատել կնոջ դերը հասարակական-քաղաքական կյանքում և հայ ընտանիքում առհասարակ: Հայ մայրերն են, որ իրենց երեխաներին մանուկ հասակից պետք է սեր եւ նվիրում ներշնչեն հայրենիքի, բանակի հանդեպ:

Ուստի եւ հաշվի առնելով կանանց եւ աղջիկների յուրահատուկ դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում` վերջերս մայրաքաղաքի N 105 դպրոցում կազմակերպվեց օդամղիչ հրացաններից հրաձգության մրցույթ աղջիկների համար, որը ավանդական դարձնելու մտադրություն է նկատվում:

Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ և համապատասխան հրահանգավորում անցկացնելուց հետո, նախատեսված օրը, նախատեսված ժամին սկսվեց հրաձգությունը: Աղջիկները ամենայն լրջությամբ էին կատարում վարժությունը` փորձելով լավ ցուցանիշներ գրանցել, առանց կաշկանդվելու, հմուտ հրաձիգի նման նրանք խոցում էին թիրախները, հավաքում անհրաժեշտ միավորներ: Արդյունքում ՝ 10-րդ դասարանցի Էլինե Պողոսյանը գրավեց մրցանակային I տեղը, II և III տեղերը նվաճեցին 9-րդ դասարանցիներ Անի Խզմալյանը և Լուսինե Դավթյանը: Երկրորդ տեղը գրաված Անի Խզմալյանը նշեց, որ կյանքում առաջին անգամ է, որ մասնակցում էր նման միջոցառման, և իր համար հետաքրքիր էր, թե արդյոք ինչպես կարող է ինքը օգտվել զենքից, առավել ևս՝ կրակել, ինչը առաջին անգամվա համար այնքան էլ վատ չստացվեց:

Նարե Խաչատրյանն էլ ասաց, որ իր երկու պապերը մասնակցել են Արցախյան ազատամարտին: Մայրական պապը` Ռոստոմը, եղել է Ջերմուկի ազատամարտիկների վաշտի հրամանատար, որի կազմում է կռվել նաև իր հայրը` Միշա Խաչատրյանը: Դեռ փոքր հասակից լսել է պապերի զրույցները ազատամարտի, պատերազմական առանձին դրվագների մասին, և այդ ժամանակից էլ մեջը սեր է արթնացել զենքի, զինվորական գործի հանդեպ:

Աղջիկները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ընդունակ են արագ սովորել, տիրապետել կրակային գործի առանձնահատկությունները: Մրցույթին մասնակցելը ուրախություն և հիացմունք պատճառեց բոլոր մասնակիցներին, որքան էլ ոմանք առաջին անգամ էին իրենց ձեռքը օդամղիչ հրացան վերցնում:

Հաղթողները խրախուսվեցին տնօրինության պատվոգրերով և ծաղկեփնջերով:

Ուրախ էին աղջիկները եւ հպարտ, քանի որ հասկացան, որ հարկ եղած դեպքում իրենք էլ կարող են մեր հերոսական կանանց արժանի հետնորդները, փոխարինողները լինել:

ՀՐԱՉ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևանի N 105 ավագ դպրոցի զինղեկ,
փոխգնդապետ

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Բանակ և հասարակություն


13/06/2013