ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԵՌՈՒԶԵՌԸ
ՀԻՄՆԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ` ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻՆ
Ազգային բանակում ավարտին է մոտենում ձմեռային ուսումնական փուլը: Եթե մարտական զորամասերում հրամանատարները գործնական պարապմունքների միջոցով ստորաբաժանումների և առանձին զինծառայողների հմտություններն ու կարողություններն են ստուգում, ապա ուսումնական զորամասերում հունիսի երեքից սկսվել են քննությունները:
Գնդապետ Մ. Մհերյանի հրամանատարությամբ գործող ՀՕՊ ուսումնական զորամասում կուրսանտների գիտելիքների ստուգումն սկսվեց մայիսի 31-ից` ոչ քննական առարկաների ստուգարքների ընդունումից: Ներկայացնելով կիսամյակի ընթացքում արված աշխատանքները և ընթացիկ փուլի առանձնահատկությունները՝ հրամանատարի տեղակալ, մայոր Ռ. Ոսկանյանն ասաց.
-Ուսումնական փուլն սկսել ենք մարտական զորամասերից տասնհինգ օր շուտ` հունվարի տասնվեցին, և եթե նախորդ տարիներին քննություններն ավարտվում էին ապրիլի վերջին, ապա այս տարի մեկ ամիս ուշ` հունիսի ութին: Վստահեցնում եմ, որ աշխատել ենք անշտապ, և կուրսանտները ձեռք են բերել ավելի հիմնավոր գիտելիքներ: Մեր զորամասը պատրաստում է մասնագետներ զորատեսակի մի շարք մասնագիտությունների գծով, ինչի համար ունենք բավարար ուսումնանյութական բազա, իսկ որ զենքերի ուսումնականը չունենք, կազմակերպում ենք համակարգի մարտական դիվիզիոններում:
Կուրսանտները վերջերս են վերադարձել դաշտային ելքից և զորային ստաժավորումից: Տասը օր ՊՆ համազորային զորավարժարանում նրանք կրակել, գործնական պարապմունքներ են անցկացրել ԶԻԿ-23-4, ԶԿ-2, ԱԶԹ-57 կայանքների վրա, միաժամանակ առաջադրանքներ են կատարել տարբեր ռադիոտեղորոշիչ կայանքներով: Դյուրակիր զենիթահրթիռային համալիրով (Իգլա) գործնական պարապմունքներն անցկացվում են զորամասում` վարժասարքի վրա: ՈՒսումնական փուլի ընթացքում կուրսանտները փորձաշրջաններ են անցկացրել նաև այն զորամասերում, որոնք ունեն «Ս-125», «ԱՍԱ-ՕԿ», «Կրուգ» համալիրներ: Մեզ` զորամասի սպաներիս, շատ են օգնում զորատեսակի զորացրված (տարիքի պատճառով) սպաները: Նրանք մեթոդիստ-ծառայողի հաստիքով աշխատում են զորամասում և իրենց գիտելիքներն են փոխանցում երիտասարդներին: Ասեմ, որ կիսամյակի ընթացքում զորամասն ամեն ամիս ստուգվել և անհրաժեշտ օգնություն է ստացել վարչության մասնագետներից:
ԱՌԱՆՑ ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Ուսումնական մարտկոցի կուրսանտները հանգստի և տեղեկատվության սենյակում ստուգարք էին հանձնում կապի պատրաստությունից: Դասակի հրամանատար կապիտան Դավթյանը բաժանել էր հարցաթերթիկները և հետևում էր, որ կուրսանտներն առանց իրար հուշելու նախապատրաստվեն.
-Այստեղ «Ս-125», «Ս-300», ՌՏԶ, «ԱՍԱ-ՕԿ» կուրսանտներն են, կապը նրանց համար հիմնական առարկա չէ, բայց կարևոր է,-ասաց կապիտանը:
ԶԻԿ-23-4-ը կամ «Շիլկան» նախատեսված է ինչպես ՀՕՊ, այնպես էլ ցամաքային մարտերի համար, այն մեկ րոպեում 3400 կրակոց է կատարում: Կուրսանտների հետ վերջին գործնական պարապմունքն էր անցկացնում մայոր Ռ.Ոսկանյանը: Զրահամեքենայի հրամանատարը կուրսանտ Հրանտ Կարապետյանն էր, հեռավորության օպերատորը` Հովհաննես Դավոյանը, նշանառու-օպերատորը` Գևորգ Անտոնյանը: Հովհաննեսը բացատրեց, թե ինչպես է չափում հեռավորությունը: Հետո պարզվեց, որ բոլորն էլ ուսանողներ են: Հրանտը սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, Հովհաննեսն ու Գևորգը` Ագրարային համալսարանում:
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
ԱԶՏ-57 զենիթահրետանային կայանքը լեռնային պայմաններում շատ կարևոր զենք է, սպասարկող լրիվ հաշվարկը ութ մարդ է, բայց վեց հոգով էլ կարող են այն գործածել: Կուրսանտներ Արսեն և Արտակ Քարիմյան եղբայրները, Հովհաննես Սիմոնյանը, Անդրանիկ Գինոսյանը, Նարեկ Աբրահամյանը և Վահե Տիգրանյանն այն հաջողությամբ գործածում, նշանառության էին բերում:
Քարիմյանները Լոռու մարզի Շամլուղ քաղաքից են (Վրաստանին սահմանակից), զույգեր են, ծնվել են 1994թ.: Տեղի հիմնական դպրոցից հետո ուսումը շարունակել են Վանաձորի մանկավարժական ինստիտուտին կից հենակետային վարժարանում, որն ավարտելուց հետո Արսենն ընդունվել է ինստիտուտի կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա, իսկ Արտակը` ինֆորմատիկա ֆակուլտետները:
-Ծնողներս սովորական մարդիկ են, հայրս Ախթալայի հանքերում մեքենավար է, մայրս չի աշխատում, ունեմ փոքր քույր, որը դպրոցական է:
Իմացանք, որ վերջերս գյուղի դպրոցի տնօրինությունը և Ալավերդու զինկոմը (առանձին-առանձին) նամակներ են գրել զորամասի հրամանատարությանը և հետաքրքրվել, թե ինչպես են ծառայում իրենց սաները (զինակոչիկները):
-Մենք գոհ ենք Քարիմյաններից, շատ պարտաճանաչ, բարեխիղճ, լավ սովորող, ընկերասեր, ուրախ տղաներ են, և ես վստահ եմ, որ նրանք ծառայության ընթացքում ոչ մի դժվարություն չեն ունենա,- ասաց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Վահե Մախսուդյանը:
ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ռադիոկայանի մոտ էլ վերջին պարապմունքներից մեկն էին անցկացնում կուրսանտներ Սեյրան Շաբոյանը, Հակոբ Կարապետյանը, Զորիկ Սինդոյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Կամո Գրիգորյանը:
Ուսումնական գործընթացներին ծանոթացնելուց հետո մայոր Ռ.Ոսկանյանը հավաստիացրեց, որ զորամասը լավ է նախապատրաստվել և պայքարելու է բարձր գնահատականների համար: Ավելացնենք, որ քննություններից հետո կուրսանտները կունենան հանգստանալու հնարավորություն, այնուհետև կմեկնեն իրենց նոր, մարտական զորամասերը:
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ,
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ