Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՃԱՐԵՂ, ԻՄԱՍՏՈՒՆ, ԲԱԶՄԱՇՆՈՐՀ



Զինվորը Շուշանի հյուրն է: Զրույցից հասկանում եմ, որ ժողովրդի շրջանում «Եղնիկներ» անվամբ հայտնի զորամասից է: Ես թերթում եմ «Հայ զինվորի» վերջին համարը եւ ջանում եմ չլսել նրանց հարցուպատասխանը (միտքս ինչո՞ւ ծանրաբեռնեմ): Բայց, անկախ իմ կամքից, ականջս սեւեռվում է զինվորի ձայնին.

-Ճիշտ հակառակը, մեր զորամասը շատ կարգապահ, հանգիստ զորամաս է,- Շուշանը ասել է` ձեր զորամասի անունը հաճախ էր հիշվում զանազան դեպքերի առիթով, ու զինվորը ոգեւորված հակաճառում է.

-Սխալ կարծիք է տարածվել մեր զորամասի մասին: Ես վստահ եմ, որ մեր զորամասի ոչ մի զինվոր չի համաձայնի այլ զորամասում ծառայել, որովհետեւ մեզ մոտ փոխըմբռնում կա ու մարդկային վերաբերմունք միմյանց հանդեպ…

Հիշեցի, Շուշանը պատմել է այս զինվորի մասին: Քանդակագործ է: Նույնիսկ անուն-ազգանունը հիշեցի` Հարություն Համբարձումյան: Դիմել է զորամասի հոգեւոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նազարյանին Գյուլիստանի բարձունքներում, Մռավի փեշին գտնվող Սուրբ Ամենափրկիչ վանքում մկրտվելու խնդրանքով: Նորանշանակ սարկավագը խրախուսել է տղայի ցանկությունը, չիմանալով, որ երբեմնի հոգեւոր կենտրոնում Սուրբ Սեղան չկա: Եվ Հարությունը որոշել է եկեղեցու խորանի համար Սուրբ Սեղան պատրաստել: ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը նույն օրը յոթ զինվոր է մկրտել Սուրբ Ամենափրկիչում: Միջոցառման ժամանակ սարկավագը շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Աղաջանյանին եւ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Քյոխյանին նման զինվոր դաստիարակելու համար: Շուշանը ոգեւորված էր այսպիսի զինվորի հետ գալիք հանդիպումով: «Գիտես, երբ Հարությունը պարզել է, որ Արցախում Գանձասարի նշանավոր կաթողիկոս, հայ ազատագրական շարժման հիմնադիր Եսայի Հասան-Ջալալյանին նվիրված հուշարձան չկա, սեփական նախաձեռնությամբ քանդակել է նաեւ Եսայի Հասան-Ջալալյանի կիսանդրին: Հուշարձանի բացման արարողությունը արդեն տեղի է ունեցել,-պատմում էր Շուշանը: – Նա քանդակելու է նաեւ ազգային հերոս Շահեն Մեղրյանի հուշարձանը: Զորամասի սարկավագն այնպիսի՜ գովեստով խոսեց Հարությունի հայրենասիրության մասին, իսկ մեր նախարարը Հարությունին պարգեւատրել է գերատեսչական մեդալով»:

…Ես փակում եմ «Հայ զինվորն» ու պատրաստվում եմ միանալ զրույցին.

-Բանակին ավելի շատ է պետք բարություն, հանդուրժողականություն, սեր, քրիստոնեական վարքուբարք,-ասում է քանդակագործ զինվորը,-Քրիստոնեությունը ուժեղ կրոն է, զորացնող, որովհետեւ չկա ավելի մեծ ուժ, քան Սիրո ուժն է:

-Հայրենիքը հզոր է մեր սիրով,-ասում եմ ես:

-Դու սիրում ես Հայրենիքդ, եթե նա հզոր է,-ասում է զինվորը: Ես տարակուսած նայում եմ Շուշանին` «էս ի՞նչ ասեց»… Շուշանն էլ է շփոթված: Մտքի սայթաքում էր` մտածում եմ, իսկ զինվորն անխռով շարունակում է.

-Եթե ես մեկ այլ ազգի ներկայացուցիչ լինեի (թվում է տարբեր ազգերի անուններ: Գ. Պ.), ես դարձյալ Հայաստանն ու հայ ժողովրդին կսիրեի, որովհետեւ հայ ժողովուրդը փառահեղ է, լավագույնն է աշխարհում:

… Այ քեզ բան: Ես ու Շուշանը հայացքներ ենք փոխանակում: Զինվորը տարերքի մեջ է, այտերը փոքր-ինչ շիկնել են, հայացքը ներշնչված է:

-Պատահական չէ, որ մարդկության ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ ծնունդը մեր պատմական Հայրենիքից է սկսվել: Մենք ենք քաղաքակրթություն տվել աշխարհին: Մենք, Աստծո կամոք, այսպես ենք ծնվել` հանճարեղ, իմաստուն ու բազմաշնորհ: Մենք աշխարհ ենք եկել առաջնորդելու առաքելությամբ…

-Ո՞ւմ առաջնորդելու…

-Մենք միշտ ժամանակից առաջ ենք քայլել: Մենք ճանապարհ ենք բացել ուրիշների համար, հաճախ առաջին հարվածը մեզ վրա ընդունելով: Ճշմարիտ հայրենասիրության ակունքը ազգային հպարտությունն է, չկա ուրիշ խթան ու պատճառ: Ես սիրում եմ իմ ժողովրդին, որովհետեւ իմ ժողովրդի անցյալը հպարտություն է ներշնչում ինձ: Ես պատրաստ եմ ստորագրել իմ ժողովրդի կենսագրության տակ, որովհետեւ փառք ու պատիվ է հայ լինելը:

Հետո զինվորը սկսում է հիշել մեր պատմությունը վաղնջական ժամանակներից, հայոց ստեղծած մշակույթը, մեկ առ մեկ հիշատակում է այլոց բանակներին «շունչ ու ոգի» տված հայ զորականներին, ու ես ու Շուշանը «տեղեկանում» ենք, որ հայերը ամենատաղանդավորն են ե՛ւ գրականության մեջ, ե՛ւ նկարչության, ե՛ւ աստղագիտության, ե՛ւ ռազմարվեստի…

Կրտսեր սերժանտը իր խոսքը եզրափակում է ասմունքով.

-Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է ու հին…

…Շատ վաղուց նման հայրենասիրական ելույթները ինձ չեն խանդավառում, բայց երբ այս ամենը հնչում է զինվորի շուրթերից, որը Սուրբ Սեղան է պատրաստել եկեղեցու համար, քանդակել է մեր նշանավոր կաթողիկոսին, գերատեսչական մեդալ է ստացել ու հենց նոր է իջել դիրքերից… իմ ներսում` սրտիս մեջ, ինչ-որ բան է խլրտում:

-Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա…

Արտասանում եմ ես պաթոսով: Շուշանը չի կարողանում թաքցնել ժպիտը ու հարցական նայում է ինձ: Մեծ ջանքեր պետք չեն վերծանելու նրա հայացքը. «Էս ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես ոգեւորում»: Շուշանը իմ մտերիմ ընկերուհին է ու շատ լավ գիտի, որ ես համաձայն չեմ իր ազգային պատկանելիությամբ անսահման հպարտ մեր զինվորի հետ ու չեմ կարող կիսել նրա կարծիքը, թե մենք` հայերս, աշխարհի քաղաքակրթության հիմքն ու առանցքն ենք: Մանավանդ` ես չեմ կարծում, թե մարդը սիրում է իր հայրենիքն ու ժողովրդին, որովհետեւ նրանք ամենատաղանդավորն են ու ամենազորավորը: Ես հայրենասիրության իմ բանաձեւն ունեմ: Ես սիրում եմ իմ հայրենիքն ինչպես մորս եմ սիրում: Իսկ ես սիրում եմ մորս ոչ այն պատճառով, որ նա ամենագեղեցիկն է, ամենախելացին… այլ որովհետեւ իմն է: Ես այս ամենը ասում եմ զինվորին: Նա օրորում է գլուխը:

-Երբ ես զենքը ձեռքիս կանգնում եմ սահմանին, չեմ կարող չհիշել, որ միայն իմ ազգի այսօրն ու ապագան չէ, որ պաշտպանում եմ, այլ նրա դարավոր անցյալը` մեծագույն մշակույթով ու վեհագույն արժեքներով: Եվ սեփական կյանքս դառնում է աննշան ու չնչին այդ հզոր արարումների առաջ:

… Հանկարծ ես մոռանում եմ, որ նա ընդամենը 20 տարեկան է, որ նա զինվոր է… որ սեփական ազգի պատմությունը սերտած ու սեփական հայրենիքի անցյալով հպարտ այս պատանին չէ, որ պիտի պատասխան տա իմ հարցերին:

-Իսկ ինչո՞ւ այդքան հանճարեղ ու իմաստուն ազգը չկարողացավ պաշտպանել իր պատմական հայրենիքը… ինչո՞ւ է մարդկության երկրորդ ծնունդը խորհրդանշող Արարատը պղծվում օտարի ոտքերի տակ… ինչո՞ւ են առաջին Քրիստոնյա ազգի եկեղեցիները խոնարհվում, հուշարձանները քանդվում, եւ երբեմնի Արմենիան մի աննշան կետ է աշխարհի քարտեզին…

Ես ուսերս եմ թոթվում Շուշանի հայացքին ի պատասխան. «Ուշ է, արդեն ասել եմ»:

-Մենք հետ կբերենք Արարատը…,- զինվորը չի բարձրացնում հայացքը: Նրա ձայնի մեջ այնքան ցավ կա, որ ինչ-որ բան փլվում է իմ ներսում… Զինվորը շարունակում է գրեթե շշուկով, բայց հաստատուն.

-Ճակատագիրը բարեհաճ չի եղել մեր հանդեպ: Մենք մեծահոգի ու ազնիվ ենք եղել մեր փառքի տարիներին ու չենք տիրապետել խարդավանքների հմտությանը: Այդքանով հանդերձ` շատ մեծ ու զորեղ ազգեր են հեռացել պատմությունից, մնացել են կեսճանապարհին, բայց թեկուզ մեր պատմական հայրենիքի այս փոքրիկ հողակտորի վրա մենք կանք, անկախ հայրենիք, պետություն, դրոշ ու բանակ ունենք… Մենք թվաքանակով շատ փոքր ենք, բայց մեր ազգի մեծությունները փառք են բերում մոլորակին: 20 տարի առաջ մենք ազատագրեցինք, հետ բերեցինք մեր կորցրած հողերի մի փոքրիկ հատվածը… սա սկիզբն է… մեր սլացքը մի օր անկասելի է լինելու, մենք վերագտնելու ենք նախկին փառքը…

…Սուրճին ձեռք չի տվել: Ու արդեն ոտքի է կանգնում.

-Եկեք, մի քանի րոպե կանգնեք սահմանին` կյանքի ու մահվան սահմանագծում… անցյալի ու ներկայի ճամփաբաժանին: Ու կհասկանաք, թե որքան ամուր է հողը ձեր ոտքերի տակ… թե որքան ուժեղ է Սերը ձեր հոգում… թե որքան անկասելի է հզոր Հայաստանի տեսիլքը…

Զինվորը դուրս է գալիս մեր աշխատասենյակից: Շուշանը իր մեծ ու սիրուն աչքերը հառել է վրաս:

-Հը՞…

-Էս ի՞նչ արիր, հարցազրույցս ձախողեցիր: Ես բազմաթիվ հարցեր էի պատրաստել, ոչ մեկը չտվեցի… հիմա ես ո՞նց եմ գրելու այս հոդվածը:

-…

-Ինքդ էլ կգրես:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Բանակ և հասարակություն


06/06/2013