Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏՆԵՇԻ ՏՂԱՆ»` ԵՂԻԿ ԳԱՅԱՅԱՆ



«Ո՜վ պատանյակ…

Վասն Հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար»:

Մկրտիչ Պեշիկթաշլյան

1915թ. Հայոց ցեղասպանդից հետո հայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ: Օտարության մեջ բույն դրած երկրներում ու քաղաքներում ձևավորվեցին հայկական այնպիսի համայնքներ ու թաղամասեր, որոնք պահելով ազգային ոգին, դաստիարակությունն ու դիմագիծը` մեծացրին երիտասարդներ, որոնք իրենց անուրանալի սխրանքներով ու գործունեությամբ` Հայ Դատի ու Գաղափարի մարտիկը դարձան: Նման թաղամասերից էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի սրտում գտնվող Բուրջ Համուդը, որը հայտնի է որպես «Փոքրիկ Հայաստան»: Բուրջ Համուդը պատմություն է, պայքարի ոգի, որն իր մեջ կրում է ողջ Արևմտահայաստանի հավաքական կերպարը: Եվ այս ազգային շունչ ունեցող մթնոլորտում է, որ ծնունդ առան ու մեծացան մեր նորօրյա մարտիկները, որոնք քաջ գիտակցում էին, որ միայն զենքով ու պայքարով կա Հայոց փրկություն:

♦♦♦

Արյան ու վերքերի մեջ սողացող Լիբանանի քաղաքացիական պատերազմը (1975-1990թթ.) հայության համար կատարյալ արհավիրք էր: Լիբանանյան քրիստոնյա և մահմեդական բնակչությունը ելել էր իրար դեմ: Կրկին մահ, կորուստ, գաղթ, որի հետևանքով Սփյուռքի հոգևոր մայրաքաղաք Բեյրութն ապրեց հուսաբեկության մեծ ալիք: Այս պատերազմում հայերը որդեգրեցին դրական չեզոքության քաղաքականություն: Բեյրութը բաժանվել էր երկու մասի` Արևելյան ու Արևմտյան: Արևելյանում` Բուրջ Համուդում, ապրում էր հայերի գերակշիռ մասը, մի որոշակի հատված` արևմտյանում, որտեղ մեծամասնություն էր մահմեդական տարրը:

Այդ օրերին էր, որ պայթեցվեց Բիկֆայայի հայոց Եղեռնի հուշարձանը, հարձակում սկսվեց Բուրջ Համուդի վրա: Ի պատասխան` հայությունը, հատկապես՝ երիտասարդությունը, զինված ջոկատներ կազմեց և բազմիցս պատվով հաղթանակներ տարավ: Պայքարի շնորհիվ գաղութը կարողացավ վերապրել 15-ամյա պատերազմը՝ պահելով իր դիմագիծը:

Բուրջ Համուդը պաշտպանող «Արագած» շրջանը դարձավ վտանգի դեմ ամուր պատվար ամրոց, մի բերդավայր, որտեղ հիմնական կռիվներն էին ընթանում, եւ որտեղ պատերազմի թոհուբոհում հասակ առան ու մկրտվեցին բազում երիտասարդ տղաներ ու աղջիկներ, որոնք հայտնի էին «Կալաշնիկովի սերունդ» անվամբ:

Նրանցից էր 25-ամյա նահատակ-մարտիկ Եղիկ Գայայանը:

♦♦♦

Եղիկը ծնվել է Բուրջ Համուդի Արագած շրջանում, 1964 թվականին: Հաճախել է թաղի Ազգային Արամյան վարժարանի նախակրթարանը: 11 տարեկան էր, երբ սկսված պատերազմի պատճառով թողնում է ուսումը: Հետո մեկը մյուսի հետևից կորցնում է ծնողներին, նախ՝ մորը, հետո` հորը: Պետք է հոգ տաներ քույրերի մասին, օգներ ավագ եղբորը: Պատանի տարիքից անդամակցում է ՀՅԴ Լիբանանի Երիտմիության «Արաբո» մասնաճյուղին, մի քանի տարուց լրացնելով ՀՅԴ-ի շարքերը: 1984-85թթ. ստանձնում է Նոր Սիս շրջանի «Քրիստափոր» պատանեկան միության վարիչի պարտականությունը: Թեև թերի էր կրթությունը, բայց զբաղվում էր ինքնակրթությամբ՝ իր գիտեցածն էլ փոխանցելով պատանիներին, որոնց հմայում էր իր գեղեցիկ խոսքով, խրոխտ ու քաջ կեցվածքով: Պատմում են, որ հաճելի զրուցակից էր, ժամերով կխաղար փոքրերի հետ, դառնալով նրանց ավագ ընկերն ու եղբայրը:

1986-87թթ. անցնում է Արևմտյան Բեյրութ՝ մասնակցելով տեղի հայության ապահովման աշխատանքներին: 1987թ. վերադառնում է Արագած ու մինչ իր նահատակությունը ստանձնում պատասխանատու պաշտոններ:

Եղիկի մասին խոսելիս՝ պայքարի իր զինակից ընկերներից Կիրօ Կարագեօզյանն ու Համբիկ Պիլալյանը նշում են, որ խոնարհ զինվոր էր, չէր սիրում, երբ իր շրջապատում ինչ-որ մեկը պարծենկոտ էր լինում, ավելին՝ խիստ էր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում էին գովել իրեն կամ իր կատարած գործը… Համառ էր ու գաղտնապահ: Ընկերոջ` Կիրօյի բնորոշմամբ.

– Եղիկը չէր վարանում նույնիսկ իր անմիջական շրջապատին՝ մտերիմ ընկերներուն իր միտքերն ու քննադատութիւններն ուղղել, թէկուզ անոնք ըլլային սուր կամ դիմացինին համոզումներուն հակասող: Իր առօրեայ կեանքին մեջ միշտ ալ ուրիշին օգնելու պատրաստակամ էր: Շատ անգամ կվտանգեր իր կեանքը` դիմացինին հասնելու համար: Մահէն չէր վախնար, բայց արկածախնդիր չէր: Քաջութեամբ լցված էր և հավատարմութեամբ կը տաներ իրեն վստահված ամեն պարտականութիւն: Անոր կեանքը եղավ փոթորկոտ: Մոռացութեան էր մատնել իր անձնական կեանքը և նետվել հավաքական կեանքին ծառայելու աշխատանքներին մեջ: Կարգապահ ու անկոտրում կամքով այս երիտասարդը իր օրինակով հասկացնում էր, որ զինվորը պետք է հեռու մնա փառամոլությունից: Խրոխտ ու հանդուգն էր, չընկրկող ոչ մի անարդարության դեմ: Ու այս ամենի հետ մեկտեղ պատերազմող երկրի մեջ գտնում էր ժամանակ ընթերցելու: Հավաքում էր իր գրադարանը՝ հպարտանալով իր ունեցած գրքերով: Կարդում էր այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը: Անգիր գիտեր բազմաթիվ ստեղծագործություններ ու երգեր:

Հետո պետք է շատերն իմանային, որ այս խրոխտ, երկաթյա վճռականությամբ ու եզակի հոգեկերտվածքով հայտնի տղան սիրում է նաև ստեղծագործել, հուշեր գրել, նույնիսկ երգիծական պատումների հեղինակ էր: Գործեր, որոնք ամփոփված էին երկու ստվարածավալ տետրակներում: Ասում են՝ այնտեղ, որտեղ Եղիկն էր.«…հոն կըսփռէր խինդ, զւարթութիւն ու խնդութիւն»: Միաժամանակ, խիստ պատասխանատու պահերի գերադասում էր մնալ ստվերում, ինքնամփոփ ու լուռ:

Եթե դիրքում էր և վտանգի մեջ, առաջինն ինքը պիտի գնար կրակի ու վտանգի բերան: Նման հուշեր ընկերները շատ ունեն, որոնք հիշում են ամեն պատեհ առիթի ու հավաքույթների ժամանակ:

– Երիտասարդ տարիքից մահվան հետ հաշտված գիտակցութիւն ուներ: Թաղի ինքնապաշտպանական կռվի որևէ ատեն պատրաստ էր առաջինը ելնել թշնամու դեմ, անվախ գնալ մինչև հակառակորդի դիրքեր: Սա խոսում էր իր ընկերասիրութեան ու զոհողութեան մասին: Բայց գիտեինք, որ այս հուժկու մարմնի մէջ կտրոփեր փափուկ սիրտ մը,- այսպես է նրան հիշում իր պատանեկության ընկեր լիբանանահայ Կիրօն:

Եղիկի համար զենք վերցնելու գիտակցման խթան հանդիսացավ մի կարևոր հանգամանք: 1982թ. լիբանանահայության մեջ մի ցնցող դեպք եղավ, առևանգվեց Աբո Աշճյանը: Ինչպես Եղիկն է գրում. «Մինչ այս թուականը, ազգային զգացումներս երբեք չէին արթնցած: Թերթերեն կհետեւէի հայկական վրիժառական գործողութիւններուն»:

Մասնակցում է կազմակերպված հավաքներին, և հենց առաջին մասնակցությունն էլ, իր իսկ բնորոշմամբ, «…փոխեց ամբողջ կեանքս: Հոն էր, որ ես զգացի, թէ ես ալ «պարտք» մը ունէի տալիք ազգիս: Հոն էր մէջս արթնցավ վրեժի զգացումս թուրքին հանդէպ: Ես այդ օրուընէ սկսեալ որոշեցի ծառայել ազգիս` ի հարկին մահուան գնով… Տասնութ տարեկան էի»:

Պատերազմի օրերին 10 օրը մեկ վերադառնում էր տուն, տեսնվում քույրերի ու եղբոր հետ, որոնք ամեն կերպ ջանում էին նրան հետ պահել կրակներից, բայց միաժամանակ քաջ գիտեին Եղիկի որոշման կարծրությունը: Ճիշտ է, ուներ նյութական դժվարություններ, որոնք խոչընդոտում էին իր երազանքների կատարմանը, բայց զինված էր լավատեսությամբ, ու իր հաստատ համոզումը նրան այլ բան էր թելադրում. ամեն ինչից վեր հայությունն էր՝ հայ պայքարի ոգին, իր միջավայրը, թաղամասն ու ընկերները:

Ինչեւէ… Ճակատագիրը այսուհանդերձ նոր փորձություններ էր բաժին հանել Եղիկի համար:

♦♦♦

… 1987 թվականի նոյեմբեր ամիսն էր: Եղիկը թաղի գրախանութում նկատում է մի հմայիչ աղջկա` Ծովինարին: Ալեկոծվում է մարտիկի սիրտը, սիրահարվում: Եվ պարբերական այցելություններից հետո ի վերջո իր սիրահար սրտի փափագը հայտնում է աղջկան՝ օրագրում այսպիսի գրառում անելով՝ «Ուրախ ու ժպիտով լեցուն դէմքը, քայքայված տրամադրութեանս բալասանն էր»…

Ծովինարի նկատմամբ ունեցած սերը արտահայտում էր նաև Ծովինարին նվիրված բանաստեղծություններով, որոնք իր հուզաշխարհի բյուրեղյա նկարագիրն են.

ԱՉՔԵՐԴ

Աչքերդ, զոյգ մը բոցեր էին ինծի համար

Աչքերդ բազում գաղտնիքներ ունէին ինծի համար,

Աչքերէդ մէկը ծով կը թուեր ինծի,

Իսկ մյուսը` տիեզերք.

Ու կը կարծէի, թէ պիտի կորսուէի

Մէկուն խորութեան ու միւսին անհունութեան մէջ:

Աչքերդ զոյգ մը ջահեր եղան ինծի համար,

Զոյգ մը կրակ` կեանքս ջերմացնող:

Աչքերդ նորանոր յայտնութիւններ եղան ինծի համար,

Ուր գտայ բոլոր իղձերուս պատասխանները:

Աչքերէդ մէկը դարձավ անապատս ծաղկեցնող ծովակ,

Իսկ միւսը` կեանքս իմաստաւորող լուսնակ:

Աստուծոյ հասցէագրուած իմ բոլոր խնդրանքներուս

Լիառատ կենսագործումը գտայ աչքերուդ մէջ:

Երազներով ու խոհերով լիացած հոգիիս

Նկարահանումը տեսայ աչքերուդ մէջ:

Անցած ու գալիք բոլոր վիշտերուս

Սպեղանին ճառագայթեց աչքերուդ մէջ:

Աչքերուդ մէջ ես տեսայ այն ահաւոր մենութիւնը.

Զոր կապրէի առանց քեզի:

Աչքերուդ մէջ ես տեսայ բովանդակ անցեալս ու անհուն ապագաս,

Ու տակաւին` վաղվան գալիք մեր զավակներուն

Մայրական համակ սէրդ:

Ու եկավ այն օրը, երբ աղջկան ամուսնության առաջարկ արեց: Մերժումը կոտրեց տղայի սիրտը: Ծովինարը, ինչպես եւ ավագ եղբայրը, պատրաստվում էր ընտանիքի հետ մեկնել ԱՄՆ՝ մշտական բնակության:

Ապրեց ցավալի, պոռթկուն հոգեվիճակներ՝ մահացու թախիծ, մտատանջություն… Եվ որքան էլ ընկերները սփսփում էին, կրկնում էր. «Այդ ցավն իմս է»…

♦♦♦

Ապագան անորոշ էր: Ո՞վ գիտի՝ եթե չլիներ այդ մերժումը, Եղիկը կապրեր, կպայքարեր… Մենության պահերին հաճախ էր սկսել մտածել, որ կորցնելիք այլևս չունի: Ծովինարն ուժեղ և կամքով չգտնվեց` պայքարելու, զոհողության գնալու հանուն սիրո: Կարծես հուսախաբությունն ավելի խեղդեց ու հիասթափեցրեց Եղիկին: Հեռավոր Ամերիկայի երազանքը աղջիկը գերադասեց սիրող տղայի ազնիվ սրտից ու նվիրումից:

Թեև մի կարճ ընթացք նամակագրություն կար երկուստեք, բայց գնալով այն վերջնականապես սառեց-հանգավ: Մյուս կողմից` պատերազմը շարունակվում էր: Եղիկը պայքարում էր երկու ճակատով` կռվի և սիրո… Երկուսն էլ թանկ էին… Կողմ դնելով հպարտությունը՝ փորձ արեց օգնություն խնդրել ամերիկաբնակ եղբորից. ուզում էր այցելել Ծովինարին: Մերժումը և կորսված սերը դառնացրեց տղային, Եղիկի խոսքերով` «Երազներուս մեջ թաղված մնացի` դժվար տանելի օրերու ծանրութեան տակ… Ըստ երևույթին՝ պիտի հաշտուէի ճակատագրիս հետ»:

1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Եղիկն էլ շատերի նման մտքով սավառնում էր հայրենիքում, նոր ծրագրեր մշակում: Ավա՜ղ, այս երազանքն էլ անկատար մնաց: Այդ օրերին շարունակաբար նամակ էր գրում Հայաստանում ուսանող իր ընկերներին, որոնք մի օր Երևանում պետք է հավաքվեին ու հիշեին Եղիկին, և Արցախում կռվող կամ զոհված ամեն մարտիկի մեջ տեսնեին ու փնտրեին նրա էությունը: Վստահաբար, եթե չկտրվեր նրա կյանքի թելը, պիտի գար, պիտի կռվեր հայրենի հողի համար: Դիպուկ է Համբիկ Պիլալյանի խոսքը.

– Հայկականությամբ առլեցուն, ազգայնութեամբ տրոփիւն եւ վեհանձնութեամբ յատկանշեալ Ալագեազեան (Եղիկի գրչանունը) կերպարին նրբազգաց հոգին, բնականաբար, հայրենիքէն ու Արցախեան աշխարհէն թեւածող ազատութեան եւ անկախութեան կանչերով պիտի ալեկոծեր:

♦♦♦

1989թ. ապրիլի 3-ն էր: «Արագած»-ը կրակների մեջ էր: Թաղամասի բնակիչներին օգնել էր հարկավոր, իսկ կրակը տեղատարափ անձրևի էր նմանվում: Վիրավորներին հարկավոր էր դուրս բերել: Եղիկն առաջինն էր, որ հանդուգն ու վճռական կամքով ելավ օգնության: Օգնության պահին արկի բեկորը խոցեց նրան: Այնքան համառ էր, որ ցավին ու մահին չէր հանձնվում, փորձում էր դիմադրել, որ փողոցում չընկնի: Հավաքում է վերջին ուժերը… Չէր ուզում զենքը թողնել թշնամուն: Արյունաքամ վիճակով հասնում է ակումբ, որ իր տունն էր, և մի լուսավոր ժպիտ դեմքին, որ այդ էլ կատարեց` ընկնում է մարտիկին վայել…

«Արագածի» մարտիկի շիրիմը Բուրջ Համուդի հայկական գերեզմանատանն է: Հայորդի, որին հիշում են «պատնեշի տղան» անունով: Այն միայն շիրիմ չէ, այն ուխտավայր է: Եղիկի նման քաջերը չեն մահանում, քանզի Անմահությունն է անմահին շիրիմ և ուխտավայր, իսկ նրանց հավերժախոս Պանթեոնը` մեր սրտերն ու հիշողությունը:

Ուխտյալ զինվոր՝ կարճ, սակայն հավերժով օծված իմաստալից կյանքով:

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ-ՍԱՍՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ճակատագրեր


06/06/2013