Հայերեն | На русском | In English
Խաղաղությո՛ւն, տես քեզ որքան եմ պաշտում
Որ չեմ գոռում, թե վառոդ եմ Մասիսին…
Հովհ. Շիրազ
Երեք տասնամյակ առաջ, երբ ես ուսանող էի, երկրագնդի բնակչության թիվը չորս միլիարդ էր: Տնտեսագետները հաշվարկներ էին անում և հանրությանը համոզում, որ մեր մոլորակը կարող է կերակրել վեց միլիարդ մարդու: Այժմ երկրագնդի բնակչության թիվն անցել է յոթ միլիարդից, բայց դեռևս չեն սպառվել կենսապահովման հնարավորությունները: Փաստորեն, մեր մոլորակը, որը տիեզերքի մի փոքր մասնիկն է, ունի իր բնակիչների անխռով կյանքն ապահովելու անսպառ միջոցներ: Էլ ինչո՞ւ են մարդիկ կռվում, զանգվածաբար միմյանց սպանում: Անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չկանխվեց սպառազինությունների մրցավազքը, վերջ չտրվեցին պատերազմներին, չհաղթահարվեց ատելությունն ու անհանդուրժողականությունը ժողովուրդների ու պետությունների միջև: Քսանմեկերորդ դարում բռնության պատճառ են ժողովուրդների իրավունքների ոտնահարման փաստերը, նյութական բարիքների բաշխման անհամամասնությունները, մշակույթների բախումը, կրոնական անհանդուրժողականությունը…
Վերջին տասնամյակում մարդկության համար առավել վտանգավոր սպառնալիք են դարձել ահաբեկչությունները: Պայքարի այս ձևը որդեգրում են ինչպես պետությունները, այնպես էլ մարդկանց առանձին խմբերը: Որպես կանոն, ահաբեկիչներն իրենց համար ընտրում են հետադիմական գաղափարախոսություն ու գործելակերպ: Ահաբեկչության դեմ պայքարը մարդկության հրատապ խնդիրներից է, որովհետև աշխարհը լի է զանգվածային ոչնչացման զենքով, որը կարող է հայտնվել հենց այդ անկառավարելի մարդկանց ձեռքում: Ահա թե ինչու առաջադեմ մարդկությունը, բազմաթիվ կազմակերպություններ, և իհարկե, դրանցից ամենաներկայացուցչականը` Միավորված ազգերի կազմակերպությունը, ջանում, պայքարում են ժողովուրդների համերաշխության, աշխարհում խաղաղության հաստատման համար: Այդ պայքարն սկսվել է ՄԱԿ-ի ստեղծման օրից և շարունակվում է, իսկ 2002թ. կազմակերպությունը մայիսի 29-ը հռչակեց որպես խաղաղապահի օր: «Խաղաղապահությունը հակամարտության լուծմանը տալիս է ժամանակ և տարածություն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Այս խոսքերը ցույց են տալիս, որ գործողությունների նպատակը խաղաղության դիկտատուրայի հաստատումը չէ. այն միայն կանխում է արյունահեղությունը և հակամարտության մասնակիցների համար բանակցելու, միմյանց հասկանալու, սեփական ցանկությամբ հաշտվելու և խաղաղ ապրելու հնարավորություն է ընձեռում:
Սկսած 2004թ.՝ միջազգային խաղաղապահական գործողություններում իր կայուն ու կարևոր դերն ունի հայոց ազգային բանակի խաղաղապահ բրիգադը, որը տարիներ շարունակ հմտորեն ղեկավարում է գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Տոնի նախօրեին եղանք զորամասում, զրուցեցինք հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Երոյանի, ինչպես նաև առաքելությունների մասնակից սպաների ու զինվորների հետ:
-2001թ. հուլիսին Միացյալ ազգերի կազմակերպության կենտրոնակայանում` Նյու Յորքում, ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը ՀՀ կառավարության անունից ստորագրեց ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների համակարգին Հայաստանի միանալու մասին հուշագիրը, ինչից հետո փուլային տարբերակով կազմավորվեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը,- ասաց գնդապետ Ա. Երոյանը և շարունակեց:- ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես են գալիս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովոյի տարածաշրջան` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Սա սկիզբն էր: 2005թ. հունվարին, ստանալով ՀՀ ԱԺ համաձայնությունը, Իրաքին հետպատերազմյա աջակցություն ցուցաբերելու նպատակով 45 հոգանոց հայկական զորախումբը` բժիշկներ, սակրավորներ և վարորդներ, մեկնեց Իրաք՝ այս անգամ ընդգրկվելով լեհական ստորաբաժանման կազմում:
2010թ. հունվար ամսին ՀՀ կառավարության որոշմամբ՝ քառասուն մարդուց բաղկացած մեր խաղաղապահները մեկնեցին Աֆղանստան` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում Միջազգային Անվտանգության Աջակցման ՈՒժերի հետ մասնակցելու համատեղ առաքելությանը: Զորախմբի թվաքանակն այսօր հասնում է 126-ի: 2007թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ խաղաղապահ գումարտակը վերակազմավորվեց բրիգադի: Տասնամյա գործունեության ընթացքում զորամասը մասնակցել է բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրում ու միշտ բարձր է պահել հայ զինվորականի պատիվը:
2010թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով զորամասը պարգևատրվել է մարտական դրոշով: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը առաքելությունների ժամանակ այցելել են մեր զինծառայողներին, հանդիպել Աջակցման ՈՒժերի հրամանատարության հետ և, լսելով նրանց կարծիքը, համոզվել, որ հայ զինվորականները պատվով են կատարում իրենց ստանձնած պարտականությունները: Մեր բրիգադն իր գործունեության ընթացքում բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարների, ինչպես նաև օտարերկրյա բարձրաստիճան սպաների գովեստին, զինծառայողները պարգևատրվել են մեդալներով, այլ պարգևներով: Թանկ է խաղաղության գինը, և մենք մեր երկրի ղեկավարների վարած ճիշտ արտաքին քաղաքականության շնորհիվ միջազգային ասպարեզում դարձել ենք ոչ թե անվտանգության սպառող, այլ անվտանգության մեջ լուրջ ներդրում ունեցող երկիր:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Փոխգնդապետ Սամվել Սարգսյան. ծնվել է 1978թ. Երևանում, սովորել է Գալինա Ստարավոյտովայի անվան 177 միջնակարգ դպրոցում: 1995թ. ընդունվել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա: 2000թ. ավարտել է ուսումը և ծառայել ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում, խաղաղապահ գումարտակում: Բրիգադի կազմավորումից առ այսօր ծառայում է այստեղ: Փոխգնդապետ Ս. Սարգսյանը 2006-2007թթ. Իրաքում եղել է ՀՀ ԶՈՒ փոխգործակցության սպա, իսկ 2011-2012թթ. Աֆղանստանում` զորախմբի հրամանատարի տեղակալ:
-Աֆղանստանում՝ Մազարի Շարիֆում, մենք սպասարկում էինք մի շատ մեծ զինվորական ավանի անցագրային կետը: Պատասխանատու առաջադրանք էր, կային շատ նրբություններ: Օրական ստուգում էինք 1800 զինվորականների, բազայում աշխատող մոտ 1500 քաղաքացիների, 600-700 ավտոմեքենա… Աշխատանքը տեղի բնակչության համար շատ կարևոր է, նրանք ընտանիք են պահում, բայց արժանանում են թալիբան շարժման անդամների հակակրանքին, եթե չասեմ՝ թշնամանքին: Ասեմ, որ կանանց ստուգում էին գերմանացիները` առանձին անցումով: Մեզ հաջողվել էր տեղացիների շրջանում վստահություն ձեռք բերել, ինչը շատ կարևոր է: Նույնիսկ ապրանքները մեզ էժան էին վաճառում: Մի անգամ գերմանացիները խուզարկել էին մի աֆղանցու, նաև սքաներով և ոչինչ չէին հայտնաբերել, իսկ մենք նրա մոտ չիփ գտանք: Գերմանացիները զարմացել էին: Այնտեղ մեզ փոխարինեցին մոնղոլները: Նրանց հետ տեղացիները շատ դժվար էին համակերպվում:
Փոխգնդապետ Արտյոմ Ավդալյանը 2001թ. ստեղծված առաջին գումարտակի հրամանատարն է: Գումարտակի զինծառայողները տասնչորս առաքելություն են կատարել Կոսովոյում, ութ անգամ` Իրաքում, ութ անգամ` Աֆղանստանում: Ընդհանուր առմամբ, առաքելության է մեկնել 1130 զինծառայող, որոնցից շատերը՝ երկու-երեք անգամ:
-Գումարտակի անձնակազմը փոփոխվել է, զորացրվածներին փոխարինել են նորերը,- ասում է Ա.Ավդալյանը:- Մենք անցնում ենք այն բոլոր առարկաները, որոնք ուսուցանվում են ազգային բանակում, ավելացրած «Խաղաղապահություն» առարկան: Դասավանդում ենք բոլոր այն թեմաները, որոնք առնչվում են խաղաղապահ գործունեությանը տարբեր երկրներում: Ուսումնասիրվում են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, տվյալ կոնֆլիկտի առանձնահատկությունները, զարգացման միտումները, ուսումնասիրում ենք նաեւ տվյալ ժողովրդի կրոնը, սովորույթները, կռվի մեջ նրանց մարտավարության առանձնահատկությունները և այլն: Նախապատրաստությունը շարունակվում է նաև Գերմանիայում: Այնտեղ մենք սովորում ենք գործածել իրենց զենքերը, կապի սարքավորումները, տեխնիկան…:
Փոխգնդապետ Ա. Ավդալյանը եղել է Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում, արժանացել է բազմաթիվ պարգևների:
Կապիտան Ռուդոլֆ Սարգսյանը գումարտակի թիկունքային բաժանմունքի պետն է: Նա սովորել է հրթիռահրետանային սպառազինության ինստիտուտում, ծառայել է զորքերում, այնուհետև ԱՄՆ-ի թիկունքային ծառայության դասընթացներում, որից հետո երեք անգամ մեկնել է Աֆղանստան՝ խաղաղապահ առաքելության: Նա Տալական քաղաքում աֆղանական գումարտակում ծառայել է որպես ծանր զենքի վաշտի հրահանգիչ:
-Աֆղանստանը շատ բարդ խնդիրներով երկիր է: Թալիբան շարժումն անընդհատ փոխում է պայքարի ձևերը: Ցերեկը բոլորը սովորական մարդիկ են, իսկ գիշերը` շատերը թալիբներ: Թալիբանը մահմեդական ծայրահեղական շարժում (կուսակցություն) է: Երբ նրանք վերցրել էին իշխանությունը, պայթեցրին բազմաթիվ բուդդայական հուշարձաններ, որոնք արվեստի կարևոր գործեր էին: Եթե նրանք կրկին իշխանության գան, լուրջ սպառնալիք կդառնան տարածաշրջանի համար:
Զրույցին մասնակցում են հինգ առաքելության մասնակից սերժանտ Վահե Ղազարյանը, երեք առաքելությունների մասնակիցներ՝ ավագ սերժանտներ Արմեն Ղազազյանը, Գնել Խաչատրյանը, երկու առաքելության մասնակից, ավագ Հայկ Մկրտումյանը: Նրանք հետաքրքիր պատմություններ են անում, դեպքեր հիշում.
-Աֆղաններն իրենց խոսքի տեր մարդիկ են: Եթե մեկը (թեկուզ թշնամի էլ լինի) մտավ իրենց տունը (օջախը), ուրեմն նա բացարձակ անվտանգության մեջ է: Մի անգամ հանդիպեցինք ուղղաթիռների օդաչուների, որոնք պատմեցին, որ եղել են Ադրբեջանում, դեպի Ղարաբաղ թռիչքներ կատարել, բայց հայհոյում էին ադրբեջանցիներին, որովհետև իրենց խաբել, փողը չեն տվել,-պատմեց Վահեն:
-Այնտեղ ապրում են տաջիկներ, ուզբեկներ, փուշտուներ և խազարներ: Որոշ հայերեն բառեր կան նաև իրենց լեզուներում: Մի աֆղան եկավ բազա և սկսեց հետս հայերեն խոսել: Սկզբում պատասխանեցի գերմաներեն` նեղացավ: Պարզվեց՝ սովորել է Հայաստանում և մաքուր հայերեն է խոսում,- հիշեց Գնելը:- Ինչո՞ւ չեն զինաթափում: Երբեմն նման միջոցառումներ կազմակերպում են ամերկացիները և աֆղանական ստորաբաժանումները, բայց դրանք գրեթե օգուտ չեն տալիս: Առգրավված զենքերի տեղը նորերն են հայտնվում, բացի այդ էլ, յուրաքանչյուր ընտանիք մեկ ինքնաձիգ ունենալու իրավունք ունի` ինքնապաշտպանության համար: Ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել, աշխատել, բայց վախենում է թալիբներից, նրանց վրեժխնդրությունից: Քաբուլը բավական զարգացած քաղաք է, բայց մարզերը շատ են հետամնաց, երևի երկու-երեք դար հետ են մնացել: Ամուսնությունը շատ թանկ է նստում` քսան-քսանհինգ հազար դոլարի չափ` միջին խավի համար: Հինգից տասը հազարի չափ միայն ոսկեղենին են տալիս, մի այդքան էլ հարսի կերած կաթի փողն է կազմում…: Ավելի թանկ են երկրորդ, երրորդ, չորրորդ ու մանավանդ՝ հինգերորդ ամուսնությունները… Ծառայողական կոնֆլիկտնե՞ր: Նույնպես լինում են: Ասենք մի բարձրաստիճան աֆղանի (կարող է լինել գեներալ) հրավիրել են բազա: Կտեսնես՝ եկավ ջիփերի հսկայական շարասյունով, բայց անցագրային կետում միայն մեկ կամ երկու անուն է: Այստեղից էլ սկսվում է խառնաշփոթը: Հաճախ նեղանում, հետ են գնում:
Չէ, շատ բարդ երկիր է Աֆղանստանը, եթե կոալիցիոն ուժերն այնտեղից դուրս գան, կսկսվի քաոսը, ահաբեկչությունը կծավալվի ամբողջ աշխարհում: Քաղաքակիրթ աշխարհը սա լավ է հասկանում, և ճիշտ է, որ մենք նրանց հետ ենք: Եվ եթե մի օր երկրագնդի վրա կատարյալ խաղաղություն տիրի, մենք էլ կհպարտանանք, որ այդ գործում լուրջ ջանքեր ենք ներդրել:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ հեղինակի