Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ



Հայաստանը ետ չի մնում սպառազինությունների մրցավազքում

«Տոչկա-Ու»

Ադրբեջանը ռազմավարական առավելություն ունի՞ արդյոք Հայաստանի նկատմամբ. «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում այս հարցն է քննարկել մոսկովյան «Հայասա» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

Նա գրում է, որ փորձագետների համար բավականին անսպասելի էին Երևանում 2011թ. ՀՀ Անկախության 20-ամյակին, ապա նաև 2012թ. Ստեփանակերտում Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսներում ցուցադրված զինատեսակները, մասնավորապես՝ «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը (ՕՄՀՀ) և «Ռ-17» («Սկադ-Բ») բալիստիկ հրթիռները (հեռահարությունը` 300 կմ): «Ընդ որում՝ Հայաստանն ավելի շատ «Տոչկա-Ու» ՕՄՀՀ ունի, քան Ադրբեջանը, իսկ «Ռ-17» հրթիռների նման զինատեսակ Ադրբեջանն ընդհանրապես չունի»:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յու.Գ. Խաչատուրովը «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի 2012թ. 4-րդ համարում տպագրված` «ՀՀ ԶՈւ-ի Հրթիռային զորքերի և հրետանու զարգացման հիմնական ուղղությունները պաշտպանական բարեփոխումների համատեքստում` համաշխարհային միտումների հաշվառմամբ» հոդվածում տեղեկացնում է. «Ներկայումս Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններից մեկում իրականացվում են նոր, գերճշգրիտ հրթիռային համալիրի ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքներ, և մոտ ժամանակներս մեր ԶՈՒ-ն կհամալրվի հայրենական արտադրության գերճշգրիտ հրթիռային համալիրներով» (էջ 13): Լ.Ներսիսյանի կարծիքով, եթե Հայաստանին հաջողվի սկսել այդ ՕՄՀՀ-ի սերիական արտադրությունը, ապա «Ադրբեջանը ստիպված կլինի իր նավթագազային ենթակառուցվածքները պաշտպանելու նոր տարբերակներ փնտրել»:

Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հայաստանը Լեհաստանի հետ համատեղ կապիտալ վերանորոգման է ենթարկելու և արդիականացնելու է «Տ-72» տանկերը, ինչի արդյունքում դրանք գործնականում չեն զիջելու ռուսական և ուկրաինական «Տ-90»-ին: (Տանկը կստանա 1000 ձիաուժ հզորությամբ նոր շարժիչ, կբարելավվի դինամիկ պաշտպանությունը, կտեղադրվի շրջանաձև դիտարկման համակարգ, անձնակազմը կապահովվի հովացուցիչով և այլն):

Հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունում կապիտալ վերանորոգման կենթարկվեն նաև «ՀՄՄ-1» և «ՀՄՄ-2» մարտական մեքենաները, կսպառազինվեն հակատանկային նոր հրթիռներով և 30 մմ-անոց թնդանոթով:

«Ռ-17»

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ՀՕՊ միջոցների արդիականացմանը: «ՕՍԱ-ԱԿ» համալիրները արդիականացման արդյունքում մի քանի անգամ ավելի զգայուն են դարձել, հատկապես գիշերը: Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանն արդիականացնում է «Ս-300ՊՏ-1» և «Ս-300ՊՍ» զենիթահրթիռային համալիրները, ինչի արդյունքում դրանք հավասարազոր են դառնալու «Ս-300ՊՄ»-ին: Համալիրի 5B55P հին հրթիռների փոխարեն տեղադրվելու են նորերը` 48H6E: Դրա շնորհիվ կրակի հեռահարությունը կրկնապատկվելու է` հասնելով 150 կմ-ի: Նոր ռադիոտեղորոշիչ կայանը ապահովում է թիրախների հայտնաբերումը 300 կմ հեռավորությունից և հնարավորություն ընձեռում խոցելու միաժամանակ 6 թիրախ` յուրաքանչյուրի վրա միաժամանակ արձակելով 2 հրթիռ:

Վերջերս տեղեկություն ստացվեց, որ Հայաստանը ՌՕՈՒ համար մեծ քանակությամբ տեխնիկա ձեռք բերելու շուրջ բանակցում է Ռուսաստանի հետ: Մասնավորապես՝ խոսքը գրոհային ուղղաթիռների, ուսումնամարտական «Յակ-130» նորագույն ինքնաթիռների և կործանիչների մասին է: «Հավաստի աղբյուրների տվյալներով, ռազմական տեխնիկայի մատակարարումները Գյումրու ռուսական ռազմակայան ներկայումս կատարվում են ռազմատրանսպորտային ավիացիայի միջոցով»,- գրում է Լեոնիդ Ներսիսյանը:

Ինչ վերաբերում է սպառազինության այն ոլորտներին, որտեղ Ադրբեջանն առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, ապա դրանք շատ չեն: Դրանցից մեկը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն (ՀԿՌՀ) են. Ադրբեջանն ունի 12 «Սմերչ», 4 «Ուրագան» և թուրքական «Kasirga» ՀԿՌՀ-ի մատակարարման պայմանագիր: Սրա դիմաց Հայաստանն ունի 8 չինական «WM-80», թեպետ, նկատում է Լ.Ներսիսյանը, «վաղուցվանից լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի սպառազինության մեջ ընդգրկված են նաև որոշ քանակությամբ «Սմերչ» և (կամ) «Ուրագան» ՀԿՌՀ-ներ»:

«Ս-300ՊՄ»

Ռազմական փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև ադրբեջանական բանակի մարտական պատրաստության, ինչպես նաև կարգապահության ցածր մակարդակի (անձնակազմի ոչ մարտական կորուստների մեծ թվի) վրա. «Ընդհանրապես, կարո՞ղ է արդյոք ներքին այդքան լուրջ խնդիրներ ունեցող բանակն արդյունավետ կռվել. դա խիստ կասկածների տեղիք է տալիս»,- գրում է Լ.Ներսիսյանը: Համադրելով վերոշարադրյալը` նա եզրակացնում է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը չունի լուրջ առավելություն, որը նրան թույլ կտար իրականացնել կայծակնային ռազմագործողություն և հսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Պատրաստեց

ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆԸ

«Տոչկա-Ու»

«Ռ-17»

«Ս-300ՊՄ»

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


30/05/2013