Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍԸ



Օրերս ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվեց միջոցառում, որը նվիրված էր մայիսյան հաղթանակներին: Միջոցառումը կազմակերպվել էր «Հայկական Լեգեոն» եւ «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Բաղդասարյանը, զորամասի սպայական կազմը, Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկներ, զինվորներ, ծնողներ, լրագրողներ, հյուրեր:

Միջոցառմանն իրենց շնորհավորական ելույթներով հանդես եկան նաեւ ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այրին` տիկին Ռուզան Գորգիսյանը, ինչպես նաեւ ազատամարտիկներ Սոս Գոգչյանը, Ստեփան Ստեփանյանը, Սարգիս Միքայելյանը, Աղասի Կարապետյանը եւ ուրիշներ: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ` նվիրված հաղթական մայիսի 9-ին: Ելույթ ունեցան նաեւ զորամասի շնորհալի զինվորները:

Միջոցառման վերջում ազատամարտիկները պատվոգրեր ստացան «Հայկական Լեգեոն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Աղասի Կարապետյանի, ինչպես նաեւ «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Աշոտ Աղաբաբյանի կողմից, որոնք հանձնեց կազմակերպության նախագահի տեղակալ, կին ազատամարտիկ Անուշ Մացակյանը:

Թող յուրաքանչյուր հայ հպարտանա իր երկրի հերոսական անցյալով, որովհետեւ մեր կռիվը հանուն ազատության էր, մեր կռիվը հանուն արդարության էր, իսկ դրա վառ ապացույցը «Եռաբլուր» պանթեոնն է, որտեղ ննջում են մեր ազգի քաջերը: Տոնդ շնորահավոր, հայ ազատամարտիկ, տոնդ շնորհավոր, հայ զինվոր, մեր տոնը շնորհավոր:

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Բանակ և հասարակություն


16/05/2013