Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԹԻԿՆԱՊԱՀԸ



Ռոխուս Միշը՝ Ադոլֆ Հիտլերի վստահելի մարդկանցից մեկը, ապրեց մինչեւ մեր ժամանակները: 2007 թ. հուլիսի 29-ին նա տոնեց իր իննսունամյակը: Իսկ դրանից ավելի քան կես դար առաջ` 1945 թ. մայիսին, ֆյուրերի թիկնապահը` Ռոխուս Միշը, ավարտեց իր ծառայությունը Բեռլինի բունկերում: Նա իր բոլոր հասակակիցներից ու գործընկերներից երկար ապրեց եւ հիմա երիտասարդ սերնդին շտապում է պատմել այն մարդկանց եւ դեպքերի մասին, որոնց ականատեսն ու մասնակիցն է եղել ճակատագրի բերումով:

Այն ամենից, ինչ Միշը հիշում է 1945 թ. մայիսյան օրերի մասին, ամենատարօրինակն ու զարմանալին երաժշտության հնչյուններն էին: Մետրոյի «Կայզերհոֆ» կայարանի սրահում երկու կիթառահարներ էին նվագում: «Ես հենց նոր էի դուրս եկել մահվան բունկերից,որտեղ լիակատար հուսալքություն էր տիրում, ողբերգության վերջին արարը: Ու հանկարծ` երաժշտություն: Հավայական կիթառներ: Ցնցող հակադրություն էր»: Դա մայիսի 2-ին էր, Բեռլինում, առավոտյան ժամը վեցի կողմերը: Մինչ ֆրանսիացի էսէսականները եւ գերմանական վերմախտը Ռայխգրասենյակի մոտ վերջին ճիգերով ջանում էին երկարաձգել Երրորդ ռայխի հոգեվարքը, Ռոխուս Միշը փորձում էր ողջ-առողջ դուրս պրծնել այդ հնոցից: Եւ դա նրան հաջողվեց:

Դրանից մեկ ժամ առաջ` առավոտյան ժամը հինգին, քսանյոթամյա Ռոխուս Միշը ռայխսգրասենյակի շենքի նկուղում գտնվող, այսպես կոչված` «ֆյուրերի բունկերում» ավարտել էր իր ծառայությունը «ֆյուրերին, ժողովրդին եւ հայրենիքին»: Զինվորական ծառայության վերջին օրն էլ նա ամեն ինչ արել էր ըստ կանոնադրության` ինչպես վայել է իսկական զինվորին: Այնուհետեւ նա Գեբելսին հարցրել էր` էլի որեւէ հանձնարարություն կա՞, ու ավելացրել. «Պարոն ռայխսկանցլեր, ես կուզենայի միանալ իմ ընկերներին եւ հեռանալ այստեղից»:

Այդ ժամանակ խորհրդային բանակը երեւի մի երկու հարյուր մետր էր հեռու այն վայրից, որտեղ Ռոխուս Միշը` Հիտլերի անձնական թիկնապահը եւ հեռախոսավարը, անցկացրել էր իր ծառայության վեց տարիները: Բունկերը լքող վերջին մարդկանցից մեկը հանդիսացող այս մարդն ապրեց մինչեւ Գերմանիայի միավորման ժամանակները, ապա նաեւ հասավ 21-րդ դար:

Ռոխուս Միշն ապրում է Բեռլինի խաղաղ մի անկյունում գտնվող տանը: Այստեղ բոլորը ճանաչում են միմյանց, անսովոր բաներ հազվադեպ են պատահում: Միայն Միշի բնակարանում հանգիստ չկա: Հեռախոսն անդադար զնգում է, փոստատարը գրեթե ամեն շաբաթ նամակներ է բերում պարոն Միշին, որի գրասեղանին կիտված են նամակների կույտերը, իսկ ծերուկը չի էլ հասցնում կարդալ բոլորը: Ռոխուս Միշը նամակներ է ստանում մինչեւ անգամ Ճապոնիայից, Իսպանիայից եւ ԱՄՆ-ից: Երբեմն ծրարի մեջ փող է լինում` փոստային ծախսերի համար, ինչպես նաեւ` ինքնագիրն ուղարկելու խնդրանք: Վերջերս Միշին ուղարկել էին սեփական լուսանկարները եւ խնդրել մակագրել դրանք ու ետ ուղարկել: 65 տարվա վաղեմության լուսանկարներում բունկերների ֆոնին երիտասարդ քաջարի Միշն է` էսէսական սեւ համազգեստով: Պատերազմը համառորեն կրնկակոխ հետապնդում է Հիտլերի վերջին թիկնապահին ու թույլ չի տալիս, որ նա մոռանա անցյալը:

Երկամյա հասակում որբացած Ռոխուս Միշը մեծացել է տատիկի ու պապիկի խնամքի ներքո: Դպրոցն ավարտելուց հետո գովազդային մի գրասենյակում աշխատում էր որպես ներկարար` ցուցապաստառներն էր ներկում:

1937 թ. Միշը ծառայության է անցնում Էսէսի հատուկ նշանակության զորամասերից մեկում, որը հետագայում վերակազմավորվում է որպես Ադոլֆ Հիտլերի անձնական պահպանության գունդ: 1939 թ., Լեհաստանում պատերազմի ընթացքում, ռազմական դիրքերը զիջելու վերաբերյալ լեհերի հետ տարվող բանակցությունների ժամանակ Միշը ծանր վիրավորվում է: Այնուհետեւ հաջորդում է դեպքերի մի ողջ շղթա, որը թոշակառու Միշը կարճ անվանում է «զինվորի ճակատագիր»: «Ես շատ էի վախենում: Վախենում էի, որ ինձ բախտ չի վիճակվի տեսնել ֆյուրերին»: Մինչ նա կազդուրվում էր, դասակի հրամանատարը նրան ֆյուրերի շտաբին կից ստորաբաժանում տեղափոխելու հրաման է արձակում: Բանն այն է, որ Միշը, որպես ընտանիքի միակ եւ վերջին ժառանգ, ըստ գերմանական օրենքի` ռազմաճակատ ուղարկվելու ենթակա չէր: Դեռ լրիվ չապաքինված Միշին նստեցնում են ավտոմեքենա եւ հասցնում Բեռլին` «ուղիղ ֆյուրերի մոտ` ռայխսգրասենյակ»,-պատմում է Միշը: Այստեղ նրան ներկայացնում են Հիտլերի գլխավոր համհարզին, որն էլ նրան բացատրում է իր պարտականությունները ծառայության նոր վայրում: Միշը սարսափելի հուզվում էր, նա վախենում էր, որ չի հանդիպի Հիտլերին:«Ֆյուրերն ինձ համար մեծ առաջնորդ էր, ինչպես եւ այն ժամանակ` բոլոր գերմանացիների համար»: Հետո համհարզը մոտենում է դռանը, բացում այն, մի կողմ քաշվում եւ հարգալից ձգվում. դռան մեջ հայտնվում է Հիտլերը: Միշը, աչքերը ֆյուրերի վրա չռած, տեղում սառում է, իսկ Հիտլերը մոտենում է նրան, նամակ տալիս եւ հանձնարարում այն ուղարկել Վիեննա, որտեղ ապրում էր նրա քույրը: «Դա առաջին հանդիպումն էր: Նա ամենեւին նման չէր ո՛չ հրեշի, ո՛չ էլ գերմարդու: Նա կանգնել էր իմ առջեւ, եւ շատ սովորական մարդ էր: Սիրալիր էր ինձ հետ, շատ սովորական դիմեց ինձ»:

Ռոխուս Միշն այսպիսի բազմաթիվ առօրեական դեպքեր է հիշում: Նա այնքան շատ է պատմել Հիտլերի հետ իր հանդիպումների մասին, որ ասես անգիր արած լինի տեքստը: Մի անգամ Միշին այցելել է գերմանացի անվանի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ Վիլլի Բրանդտը, իսկ կինոգործիչները նրան բազմիցս են այցելել: Միշը ծանոթ է գերմանացի անվանի պատմաբան, պրոֆեսոր Գվիդո Քնոփի հետ, որը վերմախտի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության հեղինակավոր մասնագետներից է:

Ռոխուսը պատրաստակամորեն է անդրադառնում Հիտլերի հետ իր հանդիպումներին, սակայն այն մասին, թե ինչ էր կատարվում բունկերում պատերազմի վերջին օրերին` նա կամ լռում է, կամ էլ անորոշ ինչ-որ բան մռթմռթում:

Թեեւ այդ իրադարձությունները րոպեի ճշգրտությամբ, մանրամասն նկարագրված եւ արձանագրված են, եւ կա դրանց պաշտոնական վարկածը, սակայն, այնուամենայնիվ, նաեւ «սպիտակ բծեր» են մնացել: Օրինակ, անհայտ է, թե ով է գնդակահարել Էսէսի գրուպենֆյուրեր Հերման Ֆեգելյայնին, որն ամուսնացած էր Գրետել Բրաունի` Եվա Բրաունի հարազատ քրոջ հետ, այնպես որ` Ֆեգելյայնը Հիտլերին «ազգական էր գալիս»: Նա Հիտլերի օրոք ծառայում էր Հենրիխ Հիմլերի մոտ` որպես կապի սպա: Ապրիլի 27-ին նա առանց թույլտվության դուրս էր եկել բունկերից եւ քիչ անց իր բեռլինյան բնակարանում ձերբակալվել անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Էսէսի զորքերի գրուպենֆյուրեր եւ գեներալ-լեյտենանտ Հերման Ֆեգելյայնը մահապատժի ենթարկվեց ապրիլի 29-ին: «Քրեական ոստիկանության խորհրդական Հեգլը` Ռաթենհուբերի (Էսէսի գրուպենֆյուրեր, գեներալ-լեյտենանտ, Հիտլերի անձնական թիկնազորի պետ) ներկայացուցիչը, հրաման էր տվել գնդակահարել Ֆեգելյայնին: Այդ մասին ինձ պատմեց անվտանգության ծառայությունում աշխատող իմ ծանոթը, որի ընկերներն էլ հենց կատարել էին հրամանը: Ես գիտեմ նրանց անունները, բայց չեմ ասի»,- պատմում է Միշը:

Հիտլերի կենսագիր Յոահիմ Ֆեսթը պնդում է, որ Հիտլերն անձամբ է հրամայել գնդակահարել Ֆեգելյայնին: Մինչդեռ Միշի վարկածի համաձայն` ֆյուրերը նման հրաման չի արձակել, նա ընդամենը պաշտոնանկ է արել Ֆեգելյայնին: Ու թեեւ վերջինիս մահապատիժն իրականացրած էսէսականները վաղուց արդեն չկան, Միշը հրաժարվում է տալ նրանց անունները, ու թերեւս դրա համար լուրջ պատճառներ ունի: Նա գերադասում է պատմել օդաչու Հաննա Ռեյչի մասին, որն ուզում էրԳեբելսի երեխաներին դուրս բերել Բեռլինից, որտեղ արդեն փողոցային մարտեր էին ծավալվել: Միշն ասում է, որ Գեբելսը փորձում էր փրկել իր երեխաներին, մինչդեռ նրա կինը, սարսափից խելքը թռցրած, պնդում էր, որ հարկավոր է վեցին էլ սպանել: Իսկ հետո այդ ցնդած կինը նույնիսկ նստել էր սեղանի մոտ ու միացել թղթախաղին: Հիտլերը վերջին հրաժեշտն էր տալիս բոլորին: Եվա Բրաունը նստել էր անկյունում դրված թախտին, գլուխը դրել Հիտլերի ուսին: «Նա ոտքերը ծալել էր, ծնոտը հենել ծնկներին: Նրա հագին մուգ կապույտ շրջազգեստ էր` սպիտակ օձիքով»:

1945 թ. մայիսի 2-ի վաղ առավոտյան Ռոխուս Միշը որոշեց, որ հեռանալու ժամանակն է: Գեբելսը նրան ազատ արձակեց հետեւյալ խոսքերով. «Մենք գիտեինք ապրել, այժմ կսովորենք մեռնել»: Միշը շարքից հանեց հեռախոսակապը եւ հեռացավ բունկերից, այսինքն` դուրս եկավ նկուղի լուսամուտից: Նա հասցրեց հրաժեշտ տալ տեխնիկ Յոհաննես Հենչելին, որը վերջում լրիվ մենակ մնաց բունկերում: Նա Միշին բացատրել էր, թե պետք է հետեւի, որպեսզի լազարեթում ջուր եւ էլեկտրականություն լինի: Միշն ասել էր` «Ցտեսություն» ու հեռացել էր:

Նրանք իսկապես էլ «տեսնվեցին», միայն թե` ութ տարի անց: Իսկ այդ օրը` 1945 թ. մայիսի 2-ին, Միշը վազելով հասավ մինչեւ մետրոյի «Կայզերհոֆ» կայարանը, մտավ թունել եւ մթության միջով հասավ մինչեւ հաջորդ կայարանը, որտեղ նրան գերի վերցրին: Գերիների մեջ Միշը ճանաչեց Հիտլերի գլխավոր անձնական օդաչուին` ավիացիայի գեներալ-լեյտենանտ Հանս Բաուրին: Նա օգնեց ծանր վիրավորված Բաուրին, սակայն վերջինս հարցաքննության ժամանակ մատնեց նրան` հայտնելով նրա ծառայության վայրը եւ պաշտոնը: Միշին տարան Մոսկվա, բազմիցս հարցաքննեցին, տանջեցին, նորից հարցաքննեցին: Գերի Ռոխուս Միշը նամակ գրեց անձամբ Լավրենտի Բերիային, որում խնդրում էր իրեն հանգիստ թողնել եւ արագ գնդակահարել: «Այդ նամակը պահպանվել է արխիվում, այն գտել է ՌՕՈՒ մի աշխատակից»,- պատմում է Միշը:

Հայտնի չէ` Բերիան այդ նամակը կարդացե՞լ է, թե ոչ, բայց Միշին այդպես էլ չգնդակահարեցին, այլ ուղարկեցին ռազմագերիների ճամբար: Նա յոթ տարի նստեց Ղազախստանում եւ Ուրալում եւ 1953 թ. վերադարձավ Բեռլին: Միշն ինքնուրույն կերպով տեղափոխվեց կիսված քաղաքի արեւմտյան հատվածը եւ աշխատանքի տեղավորվեց իր հին ընկերոջ ներկարարական արհեստանոցում, որտեղ էլ մնաց մինչեւ թոշակի անցնելը:

Պատերազմից 60 տարի անց Ռոխուս Միշը թղթին հանձնեց իր հուշերը: Հիտլերի վերջին թիկնապահի հուշերը հրատարակվեցին նախ Հարավային Ամերիկայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Լեհաստանում եւ Թուրքիայում: Գերմանիայում Միշի գիրքը լույս տեսավ 2007 թ. աշնանը` «Ես եղել եմ Հիտլերի թիկնապահը» վերնագրով: Ասում են` հրատարակիչներն առաջարկել են «Սատանայի թիկնապահը» վերնագիրը, սակայն Միշը չի համաձայնել: Նա պնդում է, թե Հիտլերն ուզում էր հեռանալ Ստալինգրադի պարտությունից հետո, սակայն չէր համարձակվում իր փոխարեն նշանակել Գյորինգին, որին էր վերագրում մեղքի առյուծի բաժինը ստալինգրադյան աղետի համար:

Ռոխուս Միշը բազմանշանակ լռում է ամեն անգամ, երբ նրան հարց են ուղղում իր տեղեկացվածության աղբյուրների վերաբերյալ: Նա, իհարկե, ֆյուրերի մերձավոր շրջապատի մարդկանցից էր, բայց եւ ընդամենը թիկնապահ էր, եւ Երրորդ ռայխի առաջնորդները, բնականաբար, կարեւոր գործերի մասին նրան չէին տեղեկացնում: Ղեկավարությունը հաճախ ուշադրություն չի դարձնում Միշի նման մարդկանց վրա, մինչդեռ նրանք շատ բան են տեսնում ու լսում: Այնպես որ, հնարավոր է` Միշը շատ այնպիսի բաներ գիտեր, որոնք չպետք է իմանար: Հիմա նա ասում է, որ ինքը ոչ մի կապ չի ունեցել նացիստների հանցագործություններին, նույնիսկ չի էլ իմացել դրանց մասին: «Ես սովորական զինվոր եմ»: Իսկ Հիտլերի հանդեպ Ռոխուս Միշը պահպանել է ջերմ եւ հարգալից վերաբերմունքը. «չէ՞ որ նա ողջ ժողովրդի առաջնորդն էր»:

«Սեկրետնիե մատերիալի»

Թարգմ. ՍԵԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013