Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ



Ռաֆիկ Հովհաննիսյանի նախնիները Սասնո Տալվորիկ գյուղից են։ Եղեռնին մեծ գերդաստանից փրկվել են քչերը։ Գաղթել ու բնակություն են հաստատել Արեւելյան Հայաստանում։ Հայրենական մեծ պատերազմ մեկնած հորից եկել է «սեւ թուղթ», եւ Հրանուշ մայրն իր երեք զավակներին սասունցի կնոջ պատվախնդրությամբ իր թեւերի տակ առած` պահել է, մեծացրել։ Գաղթական բառի հետ որբացած երեխաների ականջին լսելի էին արդեն զոհվածի ընտանիք, այրի, որբություն բառերը։

Անցան տարիներ։ Հրանուշ մայրիկի զավակները մեծացան, ամուսնացան, տուն-տեղ դրին։ Սկսվեց ազգային-ազատագրական պայքարը։ Անկախ Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհվեց Ռաֆիկի Գագիկ որդին՝ թողնելով պապի անունով իր նորածին որդուն։ Կլարա տատի եւ Ռաֆիկ պապի ծնկներին խաղում էր Ռաֆայել թոռը, իսկ նրանք վերհիշում էին դրվագներ իրենց որդու ապրած կյանքից։ Հրաժեշտին պատվարժան սասունցին ասաց.

-Տղայիս մասին գրելիս, խնդրում եմ՝ մի՛ օգտագործեք գաղթական, զոհվածի այրի, զոհվածի ընտանիք, որբություն բառերը, դրանք ճնշող են։ Էրգրից հետո մեզ գաղթական էին ասում, հայրս զոհվեց Մեծ հայրենականում՝ զոհվածի ընտանիք։ Էլ չեմ ուզում այդ բառերը լսել։ Դրանք ճնշող են, թող Ռաֆայել թոռս այդ բառերը չլսի։ Որդուս մասին գրելուց միայն նշեք, որ որդիս նորաստեղծ հայոց բանակի զինվորն էր եւ պաշտպանում էր անկախ Հայաստանի սահմանները։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013