Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ



Պաշտպանական բարեփոխումները, ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի զարգացումը ենթադրում են ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան հոդվածներում, որպես լրացում, սահմանել վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտի պարտականությունները:

Զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության բաժնի պետ, գնդապետ Արթուր Ստեփանյանը, որ մասնակցում էր ՀՀ ԶՈՒ կանոնագրքի համապատասխան հոդվածներում, որպես լրացում, վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտի պարտականություններ սահմանելու վերաբերյալ հանձնաժողովի քննարկումներին, մեզ հետ զրույցում նշեց, որ ժամկետային պարտադիր ծառայություն անցնող սերժանտները վեց ամիս վերապատրաստվում են, այնուհետեւ անցնում են ծառայության իրենց հիմնական զորամասերում եւ երկու տարին լրանալուն պես զորացրվում են, իսկ զինվորական գործը ենթադրում է երկարամյա ծառայության փորձ, ինչը թույլ է տալիս զինվորականին հստակ տիրապետել պարտականությունների յուրաքանչյուր բաղադրիչի եւ հաջողությամբ դրանք կատարել:

«Երբ մենք ուսումնասիրեցինք Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում սերժանտական ծառայության անցնելու փորձը, պարզվեց, որ սերժանտը տվյալ երկրի զինված ուժերի ստորաբաժանումներում ավելի մեծ լիազորություններ ունի, քան հայոց բանակի սերժանտը մեր զինված ուժերում: Այն խնդիրները, որոնք մեզ մոտ իրականացնում են ստորաբաժանման հրամանատար- սպաները, նրանց դեպքում 60-80%-ը` անմիջական ղեկավարում եւ ծառայության կազմակերպում, իրականացնում է արհեստավարժ սերժանտը: Սակայն որեւէ երկրի սերժանտի պարտականություններ վերցնել եւ մեխանիկորեն ներդնել գործնականում անհնար է, մենք կարող ենք օգտագործել միայն տվյալ երկրի ծառայության կազմակերպման սկզբունքները»:

«Արդյոք չորսամսյա վերապատրաստման դասընթացները բավարա՞ր են որպես սերժանտ կայանալու համար» հարցին Ա. Ստեփանյանը պատասխանեց՝ ինչ խոսք, կարելի է ավելի կարճ ժամանակահատվածում էլ մարդուն սովորեցնել իր պարտականությունների կատարման տեսական հիմունքները:

«Պայմանագրային սերժանտական համակարգի դրական կողմն էլ այն է, որ գործնականում կատարելով իր ծառայական պարտականությունները՝ տարեցտարի զինծառայողը ավելի ունակ եւ պարտավորված է դառնում: Պայմանագրային սերժանտն առնվազն տասը տարի կարող է ծառայել ՀՀ զինված ուժերում՝ ջոկի սերժանտից հասնելով մինչեւ վաշտի սերժանտ: Վաշտի ավագի, դասակի տեղակալի եւ ջոկի հրամանատարի լիազորություններն ու պարտականությունները գրեթե նույնն են, պարզապես ավելանում է ենթակա անձնակազմի թիվը, հետեւաբար, մեծանում է առաջադրվող խնդիրների ծավալը: Պարտականությունները սահմանելիս հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ սերժանտի պատասխանատվության եւ պարտավորությունների շրջանակն ընդհանուր եզրեր ունենա իր ենթակաների, պետերի պարտականությունների հետ եւ ներդաշնակ լինի համազորային կանոնադրությունների ընդհանուր տրամաբանությանը: Ջոկի հրամանատարի, դասակի հրամանատարի տեղակալի, վաշտի ավագի համար նախկինում գոյություն ունեցող սահմանված պարտականությունների որոշ ձեւափոխություններ կատարեցինք. գլխավոր տարբերությունն այն է, որ սերժանտը աշխատանքային օրվա ավարտին գնալու է տուն, իսկ այն խնդիրները, որոնք առաջադրված էին ջոկի հրամանատարին, դասակի հրամանատարին, կփոխանցվեն վաշտի հերթապահին, որը եւս կլինի պայմանագրային սերժանտ: Կարելի է ենթադրել, որ նա ավելի որակով կկատարի իր պարտականությունները:

Ջոկի սերժանտը ջոկի միակ հրամանատարն է, ուստի տարբերությունները դասակի սերժանտի եւ վաշտի սերժանտների պարտականությունների միջև բխում են դրանից: Ջոկի հրամանատարը ջոկի սերժանտն է, ուստի նա ավելի ինքնուրույն է: Դասակի սերժանտը տեղակալի կարգավիճակում է, եւ նրա պարտականությունները ոչ թե ղեկավարի են, այլ սերժանտ-տեղակալի: Նույն տրամաբանությունն է գործում նաեւ վաշտի սերժանտի պարագայում: Առաջարկություններն այժմ վերջնական քննարկման փուլում են: Կարեւոր է, թե ինչ մոտեցում կցուցաբերեն պրոֆեսիոնալ սերժանտների ծառայությանը ստորաբաժանման հրամանատար սպաները, եթե սպաները սերժանտներին թույլ չտան ամբողջ ծավալով իրականացնել իրենց պարտականությունները, ոչինչ էլ չի փոխվի: Այսինքն՝ այն, ինչ նախկինում իրականացնում էին սպաները, օրինակ՝ վերահսկում, պարապմունքների անցկացում, առօրյա խնդիրների կատարում, այժմ կկատարեն սերժանտները, անհրաժեշտ է միայն նրանց ինքնուրույնություն տրամադրել, արդյունքում՝ սպաներն ավելի շատ ժամանակ կունենան միջոցառումների պլանավորման, ուսումնական գործընթացի կատարելագործման, սեփական գիտելիքների խորացման համար»:

Գնդապետ Ստեփանյանը նշում է, որ զինված ուժերում այսօր էլ ունենք ստորաբաժանումներ, որոնցում ծառայում են պայմանագրային սերժանտներ. «Զորամասերում ստուգումներ իրականացնելիս հանդիպել ենք պայմանագրային սերժանտների, որոնք ակտիվ են, վստահ, կարողանում են ղեկավարել: Մեր զինված ուժերում էլ պայմանագրային ծառայության ինստիտուտը կարծես թե քիչ-քիչ կայանում է»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/04/2013