Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵ ՏԱՍԸ ՈՐԴԻ ՈՒՆԵՆԱՄ, ՏԱՍՆ ԷԼ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ



Ավետիս Վարոսյանը այնքան էլ վաղուց չէ, որ զորացրվել է։ Բանակից երիտասարդը վերադարձել է 7 պատվոգրով և 2 կրծքանշանով՝ «Հայոց բանակի գերազանցիկ» և «Լավագույն զինվոր մարզիկ»։

-Սկզբում դժվար, շատ դժվար համակերպվեցի,- հիշում է Ավետիսը,- մինչև բանակ զորակոչվելը սովորում էի Երևանի ագրարային համալսարանում և սովորելուն զուգընթաց աշխատում էի՝ փոքր կոլեկտիվի ղեկավարի պաշտոնն էի ստանձնել։ Եվ ահա հայտնվում եմ բանակում, և արդեն ոչ թե ես պետք է ղեկավարեմ, այլ ղեկավարվեմ։ Ինչ խոսք, հոգեբանորեն դժվար էր համակերպվել այդ մտքին, սակայն այդ դժվարությունը արագ էլ հաղթահարեցի, երևի ծառայությանս 8-րդ օրը. պարզապես գիտակցեցի, հասկացա և ընդունեցի, որ այս պահին ես սովորական զինվոր եմ, որը անվերապահորեն պետք է կատարի հրամանատարի հրամանները, կատարի իր պարտքը հայրենիքի նկատմամբ՝ հայրենիքի պաշտպանի առաքելությունը։

-Հոգեբանորեն հաղթահարեցիր, իսկ ֆիզիկապե՞ս։

-Դպրոցին զուգահեռ տարբեր մարզաձևերով էի զբաղվել՝ սամբո, թեթև աթլետիկա, կարատե, մի խոսքով՝ ֆիզիկական դժվարություններ էականորեն չեմ զգացել։

-Իսկ սնունդն ինչպիսի՞ն էր։

-Լավ։ Մի անգամ նույնիսկ երեք ափսե ոսպապուր կերա։

-Ամենահիշվող օ՞րը։

-Զինվորական երդմանս օրն է անչափ տպավորվել։ Նշանակված ժամին մարտական դրոշով և նվագախմբի նվագակցությամբ մեր զորամասը շարային քայլքով մտավ հրապարակ։ Եվ ահա հերթն իմն է՝ երդվում եմ… Դրանք սոսկ անգիր արած բառեր չէին, արտասանածս ամեն բառն ինձ ավելի էր պարտավորեցնում՝ մորս առաջ, ընտանիքիս, ինձ հարազատ և օտար մարդկանց առաջ, հայրենիքի՛ս։ Հիշվող օրեր շատ կան։ Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ մեր զորամաս էին եկել բարձրաստիճան սպաներ, պաշտպանության նախարարը։ Ինձ հանձնարարեցին մի-երկու խոսք ասել։ Ոգևորված, հպարտ խոսեցի և զինվորների անունից էլ խոստացա, որ ամեն ինչ կանենք՝ լավ արդյունքներ ցույց տալու համար։ Ելույթիցս հետո Սեյրան Օհանյանը ժպտաց ու սեղմեց ձեռքս և շնորհավորեց ինձ։ Հպարտությամբ էի համակվել։

Մի ուրիշ անգամ էլ մեր զորամասում սպարապետին նվիրված միջոցառում էր (ի դեպ, ես ծառայել եմ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում)։ Ներկա էր նաև սպարապետի մայրը։ Ես «Գետաշեն» երգի ռիթմի տակ մեր վաշտի երգն էի երգում։ Երևի լավ երգեցի, որ տիկին Գրետան ինձ նվիրեց Վազգեն Սարգսյանի «Խաչ» գիրքը՝ մակագրությամբ՝ «Սիրով նվիրում եմ մեր սիրելի զինվոր Ավետիս Վարոսյանին՝ իր օրինակելի ծառայության և լավ երգելու համար։ Աստված քեզ պահապան։ Ակնկալում եմ, որ միշտ կհիշես սպարապետին և կաշխատես նմանվել նրան»։

-Ամենաուրախ օրդ երևի զորացրվելո՞ւդ օրն էր։

-Ո՛չ, գուցե զարմանաք, երկու տարի թեև անընդմեջ ամեն զինվոր էլ սպասում է վերադառնալուն, բայց հենց զորացրվելուս օրը այնքան էլ ուրախ չէի, այսինքն՝ և՛ ուրախ էի, և՛ տխուր, զգացողությունների խառնաշփոթ էր։ Նայում էի զորամասիս. ամեն քար ու թուփ, ծառ ու ծաղիկ, անկողինս, ճաշարանը, ամեն ինչ այնքան հարազատ էր… Իսկ ամենաուրախ օրը բանակում նշված ծննդյանս օրն է։ Բանակի ընկերներս մեծ հանդիսավորությամբ բերում են ծննդյանս տորթը… բուֆետի սովորական կորժիկի վրա մի մոմ էին դրել…

-Բանակի տված ամենամեծ նվերը։

-Ընկերությունը։ Ամուր ընկերությունը։ Երկու տարի առավոտից իրիկուն միասին էինք՝ միասին հաղթահարել ենք դժվարությունները, միասին կիսել ուրախությունները։ Կապը բանակային ընկերներիս հետ այսօր էլ շարունակվում է ու կշարունակվի։

-Բանակի տված դասերը։

-Բանակն ինձ տվեց ինքնավստահություն, կարճ ժամանակում ճիշտ որոշումներ կայացնելու, տարբեր խառնվածքի ու բնավորության տեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն։ Բանակը կերտում է քեզնից զինվոր, զինվոր՝ ամբողջ կյանքի համար։

-Եթե դու հրամանատար լինեիր։

-Կաշխատեի անել հնարավորը, որ զինվորը մարտական գիտելիքներին տիրապետելուն զուգահեռ է՛լ ավելի կոփվի ֆիզիկապես, ազատ ժամանակը արդյունավետ օգտագործի՝ կրթվելով, ինքնազարգացմամբ։ Ես ինքս էլ որպես հրամանատար ինձ վրա անընդմեջ կաշխատեի։ Հաճախակի կզրուցեի զինվորների հետ իրենց հուզող, մտահոգող թեմաների շուրջ։ Հարգանքի և վստահության մթնոլորտ կապահովեի։ «Առաջնորդվենք կանոնադրությամբ, կարգուկանոնով և կրթվենք, կրթվենք, կրթվենք». սա կլիներ իմ կարգախոսը։

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս բանակ մեկնողներին։

-Շուտ հարմարվել բանակային կյանքին։ Կցանկանայի նաև ազգային ինքնագիտակցումով մեկնեն ծառայության, հստակ գիտակցեն, թե ինչի համար են ձմեռվա սաստիկ ցրտին, ամառվա կիզիչ շոգին կանգնում սահմանաբերանին։ Ես երկու տարին զուր չեմ կորցրել բանակում։ Ինձ հաճախ ասում էին՝ այդ երկու տարին էլ բուհում կսովորեիր կամ քաղաքացիական կյանքում այս կամ այն գործը կձեռնարկեիր։ Բայց այս երկու տարին ես ապահովել եմ իմ մոր, իմ հարազատների, պարզապես հայ մարդու ու իմ հայրենիքի անվտանգությունը։ Այժմ ես հանգիստ խղճով շարունակում եմ իմ ուսումը, քաղաքացիական կյանքում էլ գործեր եմ ձեռնարկում, որովհետև գիտեմ, որ սահմանին այսօր իմ փոխարեն մեկ ուրիշ զինվոր է կանգնած, որը հսկում է մեր երկրի անդորրը։ Ու կցանկանայի՝ ամեն ոք հասկանա, որ ոչ ոք պարտավոր չէ իր փոխարեն պաշտպանելու հարազատ մորն ու քրոջը, կնոջը կամ սիրած էակին, իր տունն ու օջախը։ Ու ես էլ թե տասը որդի ունենամ, տասն էլ պիտի ծառայեն հայրենիքին։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Հ.Գ.- «Հայ զինվորը» խմբագրություն է հրավիրում զորացրված երիտասարդների՝ նրանց հետ զրուցելու բանակային կյանքի մասին։

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Բանակ և հասարակություն


11/04/2013