Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» 20 ՏԱՐԵԿԱՆ Է



1993 թ. ապրիլի 1-ին ծնվեց ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթը: Այն բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են բանակային առօրյայի կազմակերպմամբ ու իրականացմամբ, զինված ուժերի վիճակով, զինվորի ու սպայի կյանքով: Թերթն իր ազդեցությունն ունի զինվորական կյանքի վրա, ունի իր հավատարիմ ընթերցողը եւ անաչառ մոտեցում, դիպուկ խոսք, իրենց գործն իմացող լրագրողներ: Ներկայացնում ենք շաբաթաթերթի խմբագրակազմի անդամների շնորհավորական խոսքը:

ԷԴՎԱՐԴ ՈՍԿԱՆՅԱՆ, գլխավոր խմբագիր, գնդապետ. ««Հայ զինվորը» 20 տարեկան է: Բանակի թերեւս ամենագլխավոր ու հավատարիմ տարեգիրը այսօր էլ բանակի հետ է, բանակի խոսափողն է, բանակի գաղափարախոսության արտահայտիչն ու քարոզիչը: Բանակաշինության ակունքներում կանգնած պարբերականը տարիներ շարունակ քարոզել է ուժեղ պետության, պաշտպանված երկրի գաղափարը, կոչ է արել ազգային համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, եղել է ինքնաճանաչողության, ազգային ինքնության պահպանման, ազգային հպարտության ջատագով, միեւնույն ժամանակ զարգացման ու առաջընթացի, համաշխարհային քաղաքակրթության ճշմարիտ արժեքներին ինտեգրվելու կողմնակից: Սակայն ամենակարեւորը եղել ու մնում է բանակ-հասարակություն երկխոսությունն ու կապը ապահովելու «Հայ զինվորի» առաքելությունը: Բանակի պաշտոնաթերթը լինելով հանդերձ, «Հայ զինվորն» առաջին հերթին ընթերցողի թերթն է: Լսարանին գոհացնելու, թերթը է՛լ ավելի կատարելագործելու, այն բազմաբովանդակ, նպատակամետ ու հրապուրիչ դարձնելու մեր ջանքերը հետայսու կլինեն ավելի արդյունավետ ու արգասաբեր, որպեսզի «Հայ զինվորը» դառնա իր երկրի ճակատագրով, իր բանակի մարտունակությամբ, իր հայրենիքի պաշտպանվածությամբ մտահոգ յուրաքանչյուր հայի թերթը, նրա մտահոգությունների ու երազանքների, նրա հոգսերի ու ուրախությունների արտահայտիչը, նրա բարեկամն ու անդավաճան ուղեկիցը: Շնորհավոր 20-ամյակդ, «Հայ զինվոր»:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ, հատուկ թղթակից, փոխգնդապետ. «1992 թ. սեպտեմբերին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ պաշտպանության նախարարությունն ստեղծում է իր պաշտոնաթերթը` «Հայ զինվորը»: Շատ չանցած՝ հոկտեմբերի վերջերին, պարզվեց, որ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր է նշանակվել Գագիկ Մանասյանը: Նա հիմնադրել էր «Անդրադարձ» շաբաթաթերթը եւ այդ բնագավառում կազմակերպչական աշխատանքի փորձ ուներ: Հենց նա էլ ինձ առաջարկեց միասին աշխատել: Այդ տարվա ծանր ձմռան ընթացքում որոշեցինք խմբագրության (զորամասի) տեղակայման, կադրերի ընտրության (պետք է նշեմ, որ աշխատանքի համար մեզ դիմող լրագրողներից շատերը մտափոխվում էին, իմանալով, որ «Հայ զինվորում» աշխատանքը զինվորական ծառայություն է), անհրաժեշտ միջոցների ձեռքբերման հարցերը: Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը խմբագրությանը տրամադրեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նվիրած համակարգիչը:

Մարտի կեսերից սկսվեցին առաջին գործուղումները զորամասեր ու սահմանային շրջաններ, իսկ ապրիլի 1-ին տպագրվեց առաջին համարը: Պետք է խոստովանել, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէր: Անկախությունը, ստեղծվող ազգային բանակը նոր` դեռեւս չմարսված իրողություններ էին, իսկ մարտադաշտում հիմնականում կռվում, երկիրը պաշտպանում էին ազատամարտիկները, կամավորականները:

Քննարկումների արդյունքում որոշեցինք փաստել, ցույց տալ կամավորականների դերը, նրանց` հանուն երկրի, ժողովրդի պաշտպանության գործը, բայց կենտրոնանալ բանակի ստեղծման խնդիրների, զինվորի կերպարի ստեղծման վրա, որովհետեւ միմիայն բանիմաց, զինվորական մասնագիտությանը լիարժեքորեն տիրապետող, գիտակցաբար ծառայող զինվորներով համալրված բանակն է կարողանալու ապահովել երկրի անվտանգությունը, կերտել ապագան:

Անցած քսան տարիների ընթացքում իմ հրապարակումներով ձգտել եմ ոչ միայն լուսաբանել, այլեւ ցույց տալ, նախանշել բանակաշինության զարգացման ու կատարելագործման ճիշտ ուղին: Միշտ եղել եմ զինվորի կողքին եւ իմ խոսքով ոգեւորել եմ նրան: Արել եմ հնարավորը, որ մեր ժողովուրդը տեսնի ու սիրի իրեն պաշտպանող զինվորին, բանակը:

Ասեմ նաեւ, որ ստեղծման օրից «Հայ զինվորի» խմբագրությունը եղել ու մնում է յուրահատուկ մշակութային կենտրոն: Բազմաթիվ երիտասարդ լրագրողներ մեզ մոտ անհրաժեշտ փորձ ձեռք բերելով՝ այսօր հաջողությամբ աշխատում են հանրապետության տարբեր լրատվամիջոցներում: Տարիներ շարունակ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր է եղել արձակագիր Վրեժ Իսրայելյանը, խմբագրությունում են աշխատել բանաստեղծներ Արմեն Մարտիրոսյանը, Իգնատ Մամյանը, Գրիգոր Ջանիկյանը, Ռոմիկ Սարդարյանը… Մենք մեր թերթի էջերը սիրով ենք տրամադրել հանրապետության գիտության, մշակույթի, քաղաքական գործիչներին, բոլոր նրանց, որոնց համար թանկ ու կարեւոր են մեր զինվորը, բանակը, հայրենիքը»:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ, բաժնի խմբագիր, մայոր. «Հայ զինվորը» իմ Կենսագրությունն է ու իմ սիրո տարածքը: «Հայ զինվորը» տնից աշխատավայր ձգվող ամենօրյա ճանապարհ է: Շուշանի, Արսենի, նախկին խմբագրի վարորդ Հայկի, օրերս մեզնից հեռացած լուսանկարիչ Հովիկի (ավելացրեք եւս 20 անուն) հարազատ դեմքերը, մտերիմ ձայները, նոր թխված… կներեք, տպված թերթի յուրահատուկ բույրը, իմ զինվորական համազգեստը, որ, ասում են, մեր հողի գույնն ունի…

«Հայ զինվորը» իմ երկրի բանակն է ու իմ Հայրենիքի սահմանին կանգնած 18-ամյա զինվորը… Եվ մտքիս, հոգուս մեջ ծավալվող իմ ամենօրյա երկխոսությունը նրա հետ: «Հայ զինվորը» իմ մտահոգությունների, իմ տագնապների… իմ ուրախությունների, իմ հաղթանակների… իմ ցավի ու Սիրո առանցքն է: Աշխարհի ու մարդու հետ իմ չավարտվող զրույցը, իմ երկրում ինչ-որ բան դեպի լավը փոխելու իմ անհատնում ջանքը, ինչ-որ մեկի հոգսը թեթեւացնելու, ինչ-որ մեկի ցավին հաղորդակցվելու, ինչ-որ մեկի ուրախությունը կիսելու իմ բարեբախտությունը: «Հայ զինվորը» պատուհան է, որի միջով ես նայում եմ աշխարհին: «Հայ զինվորը» իմ հենման կետն է… իմ Տունը… իմ փոքրիկ Հայրենիքը»:

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ, բաժնի խմբագիր, մայոր. «Կարծես երեկ էր, որ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսումնառությանս զուգընթաց աշխատանքի անցա ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում: 90-ականներն էին: Տարիներ, երբ պարտադրված պատերազմի և տնտեսական շրջափակման արդյունքում երկիրը ծանր օրեր էր ապրում: Սակայն անգամ ամենաօրհասական պահերին մարտի դաշտի հերոսական հաղթանակների կողքին գիտակցվում էր նաև լրատվական դաշտի ապագա հաղթանակների կարևորությունը: Եվ հենց այս գործին էր կոչված ծառայելու մեր թերթը, որ պիտի ջերմացներ խրամատում դիրքավորված զինվորի, գնդակների տարափի դեմ աննկուն` նրան գրոհի առաջնորդող սպայի, կամ քարտեզի առջև հաղթանակը կռող հրամանատարի ոգին»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, լրագրող, մայոր. «Համալսարանի վերջին կուրսում սովորելուն զուգահեռ աշխատանքի անցա ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում: Դժվար ժամանակներ էին: Երբեմն, աշխատանքի ընթացքում, լույսը գնում էր, ու ժամերով սպասում էինք ցուրտ սենյակներում: Պատահում էր` ուշ երեկոյան էինք տուն հասնում, բայց անում էինք ամեն ինչ, որ թերթը չուշանա… «Հայ զինվոր» թերթը զինվորի պատասխանատվությամբ ու պարտաճանաչությամբ է աշխատել, նվիրումով:

Այս քսան տարիների ընթացքում թերթը միշտ բանակի կողքին է: Ամեն օջախում, վստահ եմ, մեր թերթից թեկուզ մեկ օրինակ կգտնեք: Մեր թերթը կգտնեք սահմանամերձ ամենահեռավոր գյուղի բնակչի տանը, ազատամարտիկի տանը, Արցախյան պատերազմում զոհված քաջորդու տանը, Հայրենական մեծ պատերազմի վետերանի, հայոց բանակում ծառայած եւ ծառայող զորականի ու զինվորի տանը… Այսինքն` մեր թերթը բոլորինն է:

«Հայ զինվորը» քսան տարեկան է: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ջերմորեն շնորհավորել թերթի ե՛ւ նախկին, ե՛ւ այսօրվա աշխատողներին, ուզում եմ հիշենք նաեւ նրանց, ովքեր այսօր մեր կողքին չեն…

«Հայ զինվորը» 20 տարեկան է, ու քսան տարի հավատարիմ զինվորի նման մեր թերթը շարքում է…»:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, լրագրող, մայոր. ««Հայ զինվորը» բանակի հետ ծնվեց, բանակի հետ հասակ առավ, բանակի հետ բռնեց կայացման ճանապարհը: «Հայ զինվորը» բանակի վավերագիրն է, որն իր առաքելությունը կատարել եւ շարունակում է կատարել անսահման սիրով եւ մեծ նվիրումով: Այսօրվա տպագիր մամուլի մեջ «Հայ զինվորը» մի լուսաղբյուր է»:

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ, բաժնի պետ, մայոր. «Երբեք չէի կարծել, թե ի վիճակի կլինեմ որեւէ հիմնարկ-ձեռնարկությունում երկու-երեք տարուց ավելի (ինչն ինքնին դատավճռի հնչեղություն ուներ ինձ համար) «խարիսխ գցել», քանի որ խառնվածքով միեւնույն տեղում, ինչպես տատս էր ասում, երկար տիտիկ անել չեմ սիրում եւ «բույնս» հաճախ եմ փոխում (վախենում եմ ճահճանալուց…): Բայց… արի ու տես` ստացվեց այնպես, ինչպես արդարեւ զգուշացրել էին վաղուց` «Երբեք մի՛ ասա երբեք»։ Եկա, քննություն բռնեցի, ընդունեցին, հրաման արձակեցին… Եվ ահա արդեն 20 տարի շարունակ աշխատակցում եմ Հայաստանի նորանկախ Հանրապետության պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթին (մի ամբողջ կյանք): Թերեւս ճիշտ եւ տեղին կլիներ նկատել` «ծառայում եմ» (զորակոչվել եմ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով, սպա եմ, կոչումով` մայոր, բաժնի պետ), բայց ես տակավին խուսափում եմ տարողունակ այդ բառի միանշանակ գործածությունից, որովհետեւ ինքս իմ «արածի», առավել եւս` «չարածի» նկատմամբ խիստ տարակույս ունեմ, որպեսզի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մատուցողի հավակնություն ինձ թույլ տամ… Ինչեւէ, քսան տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի շրջվեմ ու չտեսնեմ այն դժվարին հետագիծը, որ բազում զրկանքների գնով արխել է մեր երկիրը` մեր բանակը: Չեմ կարող չհիշել բանակաշինության ակունքներում կանգնած այն նվիրյալներին, որոնց հավաքական սխրանքի եւ անձնազոհության շնորհիվ ես, մենք բոլորս այսօր բարեբախտություն ունենք ականատեսը եւ վկան լինելու ոչ պակաս կարեւոր եւ հրատապ մի գործընթացի, որն է` պետականաշինություն… Ուրեմն եւ դեռ որքան պիտի հատուցեմ, որ արժանի լինեմ ինձ մատուցված բարեբախտությանը:

Քսան տարին, մեծ հաշվով, մեր պետության, մեր զինված ուժերի կայացման համար, թերեւս, մակընթացության եւ տեղատվության ժամանակաշրջան է` հասունացման շրջանին հատուկ մաքառումներով եւ խիզախումներով, ինքնահաստատմամբ… որի հասակակիցն ու ուղեկիցն է ի սկզբանե եղել «Հայ զինվորը», իմ եւ ձեր զինվոր որդիների բանբերն ու խոսնակը, որ, հավատում եմ, դեռեւս մի քսան տարի էլ պիտի ճիգ ու ջանք թափի, որպեսզի վաստակի առաջնագծում կանգնած ԶԻՆՎՈՐԻ` շարքայինից մինչեւ գեներալ, սպասված սիրելի թերթը լինելու լիարժեք իրավունքը: Ուրեմն, հառա՛ջ, եւս քսան տարի…»:

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ, բաժնի պետ, մայոր. «Եթե չե՛ս ապշում, եթե չե՛ս զարմանում, եթե չե՛ս ուրախանում, եթե չե՛ս տխրում եւ զայրանում, եթե սիրտդ չի ուռչում հպարտությունից, եթե սիրտդ չի նվում ցավից, եթե սիրտդ չի պայթում անզորությունից, եթե ո՛չ քրտնում ես շոգից եւ ո՛չ էլ դողում ցրտից, եթե կորցնում ես ու չես գտնում, եթե չե՛ս հուսավառվում բացվող օրով եւ չե՛ս տագնապում վաղվա օրվա համար, եթե նայում ես ու չե՛ս տեսնում, ախպոր պես, գրիչդ ցա՛ծ դիր…»:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, բաժնի խմբագիր, մայոր. ««Հայ զինվոր» պաշտոնաթերթը քսան տարեկան է: Թերթը դարձավ ինչպես մեր նորանկախ պետության, այնպես էլ նոր կազմավորված հայոց բանակի տարեգիրը: Պատմությանը թողեց ազատամարտի դուրս եկած հերոս տղաների սխրանքները, որոնք այսօր էլ նոր լիցք ու ոգի են փոխանցում իրենց հետնորդներին` հայոց բանակի զինվորին ու սպային: Թերթի տարեգրությունը շարունակվում է: Թերթն իր էջերում պահելու է, պահում է հայոց բանակի սպայի ու զինվորի մասին հերոսական ու իրական այն պատումները, որոնք «վաղը մյուս օրը» դառնալու են հրաշալի գեղարվեստական ստեղծագործությունների հիմք, ատաղձ:

Բարի օր ու բարի ճանապարհ, սիրելի «Հայ զինվոր»:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ, բաժնի խմբագիր, մայոր. «Ես «Հայ զինվոր» եմ եկել ուղիղ տասը տարի առաջ: Այս տասը տարիների ընթացքում մեր ֆոտոթղթակիցների հետ եղել եմ ՀՀ զինված ուժերի գրեթե բոլոր զորամասերում, լուսաբանել եմ մարտական պատրաստության գործընթացը, զինվորական առօրյան, մարտական հերթապահության առանձնահատկությունները, գրել եմ նաեւ այլ թեմաներով: Ձգտել եմ լինել զինվորի ու սպայի կողքին, խորամուխ լինել նրանց հուզող խնդիրների մեջ: Թե ինչքանով է հաջողվել, թող որոշի ընթերցողը: Բայց մի բան ակնհայտ է. ես միշտ բարձր եմ գնահատել մեր գործի կարեւորությունը, համարել եմ, որ մեր թերթը չափազանց անհրաժեշտ է յուրաքանչյուր սպային, զինվորին, ընդհանրապես զինված ուժերին, պետությանը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ «Հայ զինվորը» միակն է հանրապետությունում, որ խորությամբ անդրադառնում է զինվորական թեմային: Սակայն, մասնագիտականից առավել, թերթի կարեւորությունը զգացել եմ, երբ հանդիպել եմ նյութերի հերոսներին, տեսել նրանց ոգեւորվածությունը: Հավատացնում եմ, մի աննկարագրելի զգացում ես ապրում, երբ աչքիդ առաջ մայրը թերթի էջերում տեսնում է խրամատում կանգնած իր զինվոր որդու լուսանկարը, թե ինչպես է վերջինս զենքը ձեռքին պաշտպանում իր հայրենիքը: Եվ հպարտությամբ լցված ծնողի աչքերից ուրախության արտասուք է հոսում:

Ցանկանում եմ, որ մեր զինվորները ծառայեն անփորձանք, խաղաղ պայմաններում: Իրենց գերազանց ծառայության շնորհիվ ձգտեն հայտնվել մեր թերթի էջերում: Իսկ «Հայ զինվոր»-ը ինչպես եւ այս քսան տարիների ընթացքում, հետայսու եւս կլինի զինվորի հետ, զինվորի կողքին»:

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/04/2013