Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻՆԵՐ



Սկիզբը՝ նախորդ համարում

Բոլոր ժամանակներում, բոլոր բնակավայրերում լինում են պետության «նվիրյալներ»։ Գյուղացիներից մեկին, ասում էին, աքսորել են այն բանի համար, որ գյուղամիջում ցույց էր տվել ձեռքի ափերի կոշտուկները, որոնք առաջ էին եկել գերանդի բանելուց, բահով հողը փորելիս, ջուր անելիս… Եվ այդ նվիրյալներից մեկը վերևներին գրել էր, որ էսինչ-էսինչյանը դժգոհ է էս երկրից ու գյուղամիջում ձեռքերը ցույց տալով ասում է. «Նայեք, տեսեք, թե էս ինչ օրի հասցրին մեզ»։ Այն ժամանակների համար այդքանն էլ բավական էր, որ մի ամբողջ գերդաստան՝ իր մեծով ու փոքրով բռներ հեռավոր Սիբիրի ճանապարհները։ Իսկ աքսորը դա չարյաց փոքրագույնն էր, որովհետև մարդու կյանքն այնքան էր էժանացել, այնքան էր դարձել անարժեք, որ անողոքաբար կարող էին գործել դաժան ու անմարդկային պատիժներ։ Ես հետագայում, շատ տարիներ անց դա հասկացա, երբ կարդացի «Ժողովրդի հայր», «ժողովրդի առաջնորդ» Ստալինի մտքերից մեկը. «Մեկ մարդու մահը ողբերգություն է, միլիոնների մահը՝ վիճակագրություն»։ Այսպես էր ասել նա երևի իր ելույթներից մեկում։ Իսկ իմ ծննդավայրի, իմ հայրենի գյուղի մարդիկ ապրում էին ամեն առավոտ հայացքներն ուղղելով արևագալ՝ սուրբ Հովհաննես ու սուրբ Գևորգ եկեղեցիների կողմը, Թևավոր խաչ ուխտատեղի և աղոթքի խոսքեր էին մրմնջում իրենց հարազատների բարօրության, առողջության, աշխարհի խաղաղության համար։ Պատերազմը նոր էր ավարտվել, և բոլորի սրտերը վիրավոր էին, պատերազմից մնացած վերքերով։

…Մորս ձայնից արթնանում եմ։ Զինվորականի ու միլիցիայի հագուստով երեք մարդ շտապեցնում են.

-Ժողովրդի թշնամիները պետք է աքսորվեն։ Այդպես է ժողովուրդների հայր Ստալինի որոշումը։

Դրսում մի բեռնատար ավտոմեքենա էր կանգնած։ Գյուղից էլի հինգ ընտանիքներ կուչ էին եկել մեքենայի թափքում։ Այդ գիշեր գյուղից աքսոր տարան 15 ընտանիք։ Պարզվեց՝ էլի մի քանի մեքենաներ գյուղի տարբեր թաղամասերում կանգնած են եղել մթության մեջ։ Մեզ շտապեցնում են. միայն Սիբիր անունն ենք լսել ու գիտենք, լսել ենք նաև, որ այնտեղ ցուրտ է։ Մայրս տաք հագուստներն է կապկպում։ Հայրս եղբայրներիս ասում է, որ մի երկու պարկ ցորեն բարձեն մեքենան։ Քույս ամուսնացած է։ Գյուղի մյուս ծայրին էր գտնվում տունը։ Ես ուզում եմ գնալ, հրաժեշտ տալ նրանց։ Պարզ է, հայրս էլ, մայրս էլ, եղբայրներս էլ են այդպես ուզում, սակայն, երբ տեսնում են, որ իմ խնդրանքը մերժում են օրենքի մարդիկ, իրենք լռում են։ Շատ ծանր է այդ լռությունը, կարոտի լռությունը։ Հետո ժամանակի հետ քանի-քանի անգամ ձյուն ու սառույցի ճրթճրթոցի հետ կոտրվեց այդ լռությունը, սակայն ավելի բորբոքվեց, ավելի լսելի դարձրեց կորստի լռությունը…

Մեքենան դանդաղ դուրս եկավ գյուղից ու արագացրեց ընթացքը։ Թվում էր՝ գյուղը քնած է, սակայն, ինձ թվում էր, շշուկները տարածվել-լցվել էին ամեն մի տուն, ու պատուհանների վարագույրները աննկատ կողքի տանելով՝ մարդիկ տեսնում էին գյուղից դուրս եկող մեքենաները։ Մարդիկ վախենում էին այդ բառից՝ աքսոր։ Նոր-նոր Հայրենական պատերազմն ավարտվել էր, և հաղթանակի բերկրանք ու ցնծություն ապրող մարդկանց հոգիները երկփեղկվել էին։ Պատերազմական տարիների տառապանքից հետո, երբ եկել էր պահը այդ ամենը թոթափելու՝ հիմա էլ աքսոր։ Եվ օրն էլ՝ այդ չարաբաստիկ օրը, համընկնում էր Հայրենական մեծ պատերազմի օրվան՝ հունիսի 22…

Այդ օրը (և ոչ միայն այդ օրը) Հայրենական մեծ պատերազմ մեկնեցին բազմաթիվ շահնազարցիներ, նրանցից շատերը մնացին Մեծ պատերազմի ճամփաներին, չվերադարձան հայրենի օջախ։ Նրանց զավակների, նրանց այրիների հայացքները, նրանց աչքերի տխրությունը մինչ օրս անջնջելի են մնացել իմ հոգում։ Այդ հայացքները իմ հոգում ես բռնեցի աքսորի ճամփան։ Եվ հաճախ էինք աքսորավայրում խոսում նրանց մասին, վերհիշում այն անունները, որոնք մնացին հեռուներում, որոնք ծննդավայրից հեռու անգամ չունեցան գերեզմաններ… Այդպես եղավ նաև շատ ու շատ աքսորյալների կյանքը, որոնք կարոտ ծննդավայրին՝ փակեցին իրենց աչքերը ու վերջին բառերն էլ մանկության սուրբ վայրերն էին՝ աղբյուրներ, մատուռներ, վանքեր, որտեղ սիրով ու հավատով ուխտի էին գնացել… Ահը, սարսափը լցվել էր երկրով մեկ, մեր գյուղի ամեն մի տան քունջ ու պուճախ։ Եվ մարդիկ վախենում էին։ Մթության մեջ ես տեսա Աղասիին։ Աղասիի հայր Նապալն ու իմ հայր Արմենակը մտերիմներ էին, մանկության ընկերներ։ Նրանք հաճախ էին նստում ծառի ստվերում ու վերհիշում նախնիներից իրենց փոխանցված հետաքրքիր, հերոսական, ինչպես նաև ջարդերի, կոտորածների մասին տխուր պատմություններ։ Պատմում էին Ալաշկերտից, նրա շրջակա գյուղերից՝ Իրիցու գյուղից, Շահնազար գյուղից, պատմում էին այնտեղ մնացած Քառասուն աղբյուրներից, Լուսաղբյուրներից, Կաթնաղբյուրներից, բերդերից ու վանքերից։ Պատմում էին կսկիծով ու ափսոսանքով։ Ու ամեն զրույցի ավարտին ցավով ասում էին.

-Տեսնես Աստված մեզ բախտ կվիճակի մեկ անգամ գնանք-տեսնենք մեր պապերի երկիրը։ Հետո, երբ մեր ընտանիքը մեղադրեցին որպես «դաշնակ», անկեղծ ասած՝ ես տեղյակ էլ չէի այդ կուսակցության մասին, որովհետև գաղթական, գաղթի ճամփա տեսած ամեն մի հայի ընտանիքում նոր-նոր աշխարհ եկած մանուկը «դաշնակ» էր, այսինքն՝ հայրենասեր, նախնիների հող ու ջրին նվիրված մարդ։ Դաշնակ բառը մենք հասկանում, ընկալում էինք որպես հայրենասեր, ազգասեր, ավանդապահ։ Իմ կարծիքով՝ դա էր այդ բառի իսկական, լայնախոհ իմաստը, որովհետև կուսակցությունը այդ ամենը առնում է նեղ շրջանակի մեջ…

…Ու հիմա մեզ ճանապարհողների մեջ է Նապալի որդին՝ Աղասին, որի թաքուն հայացքը ես զգում եմ։ Մեր հայրերը իրենց զրույցներում հաճախ էին կրկնում. «Ամեն մարդ ճիպոտը պիտի իր անտառից կտրի»։ Ասում էին ու նայում մեզ։ Դա երևի ինչ-որ խորհուրդ ուներ, թաքուն, դարերից եկող ավանդապահություն… Ու մենք, դեռ ոչ մի խոսք չփոխանակած, իրար նայելիս ինչ-որ անմեկնելի զգացողություններ էինք ունենում։ Ու հիմա Աղասին արհամարհելով վտանգը, վախը եկել է մեզ ճանապարհելու։ Երբ եղբայրներս պարկով ցորենը բարձում էին մեքենան, Աղասին պատրաստակամ օգնում է նրանց։ Զգում ես, որ պատրաստ է ամեն մի զոհողության, սակայն մարդկային անկարողությունը մարդկային ամենաողբերգական վիճակն է…

…Առավոտը բացվեց, ու արևի հետ տարածվեց ողբ ու կականը։ Ասես Սոդոմ, Գոմորը լիներ։ Շրջանի, ինչպես նաև հեռու ու մոտ բնակավայրերից Թումանյան կայարան էին հասել աշխատավոր մարդկանցով բեռնավորված մեքենաները։ Տատ, պապ, հայր, մայր, տղա, աղջիկ, կային մայրեր, որոնք կրծքի երեխաներով էին, շատերն էլ սպասում էին երեխաների։ Իջեցնում էին մեքենաներից, ցուցակագրում ու տեղավորում ապրանքատար վագոններում։ Ճանապարհողներ համարյա չկային։ Վախը տիրել էր աշխարհին, ոնց գային ճանապարհելու, երբ հաջորդ օրն իսկ իրենք կարող էին լինել այդտեղ, աքսորյալների նոր խմբի հետ։

Մեր վագոնում էլի մեր նման բազմանդամ հինգ ընտանիք տեղավորեց։ Այսպես երկու օր ու գիշեր ապրանքատար վագոնները լցնում էին մարդկանցով, աքսորյալներով, դժբախտ ու հոգնատանջ մարդկանցով, որոնց աղեկտուր ձայները անհասցե բարձրանում էին երկինք։ Միգուցե անհասցե էին հողի, երկրի վրա ու երկնքո՞ւմ էին գտնում իրենց տիրոջը՝ ի՞նչ իմանաս… Եվ նորից ձայներ, ձայներ՝ ամառ էր, շոգ, ծննդկան կանայք ու երեխաները ջուր էին ուզում, տղամարդիկ անզորությունից լուռ էին քարի պես։ Այսպես երկու օր… Ապրանքատար նոր վագոններով գնալով երկարում էր գնացքը։ Երրորդ օրը մթնշաղի հետ լսվեց գնացքի սուլոցի ձայնը, և նորից տարածվեցին արդեն հոգնությունից լռած տարաբախտ մարդկանց ձայները։ Հայացքներն ամեն մեկն ուղղած իր ծննդավայրի կողմը՝ կանչում էին, լալիս։ Գնացքը դանդաղ շարժվեց։ Ձայները մարեցին գնացքի աստիճանաբար արագացող շարժի հետ։ Մի քանի օր արդեն անքուն մարդկանց աչքերը փակվեցին, արցունքները չորացան… Եվ այսպես 60 ապրանքատար վագոններով այդ օրը աքսորյալներ «ուղևորվեցին» հեռավոր Սիբիր, Ալթայի երկրամաս։ Քնում էին՝ ով որտեղ հարմար էր գտնում՝ գլուխը պարկերին, մեկմեկու հենած։ Գալիս, անցնում էին նոր-նոր բնակավայրեր՝ արդեն անծանոթ ու օտար։ Այդպես մոտ մեկ ամիս։ Եվ գնացքի միալար աղմուկի մեջ լսվում էին նոր ծնվող մանուկների ճիչեր։ Եղան նաև սիրահար զույգեր, որոնք ամուսնացան… Գնացքը շարժվում էր, կյանքն ասես դուրս էր եկել իր հունից և մի նոր օրենք-սովորույթով էր առաջ գնում… Այսպես օրեր, օրեր և մի առավոտ էլ մեզ ուղեկցող զինվորականը ասաց. «Պատրաստվեք իջնելու, հասել ենք Սիբիր, աքսորավայր»։

Անուշ, լուսավոր առավոտ էր, և պայծառ արևով մեզ դիմավորեց Սիբիրի առաջին լուսաբացը…

Եվ այսպես սկսեցինք հաշվել աքսորավայրի ամեն մի օրը…

Շարունակելի

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Հոգևոր-մշակութային


04/04/2013