Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ



Սկիզբը՝ նախորդ համարներում

– Եթե դու խուսափես նույնիսկ իմ որդիների սրից, ես քեզ կգտնեմ: Կգտնեմ անգամ գերեզմանում, որտեղ դու կփորձես թաքնվել աստվածների պատժից, – զրնգաց նրա ձայնը:

«Եթե բոլոր հայուհիներն այսպիսին են, ապա հայկական հարցը միշտ կհետապնդի մեզ», – ցնցված մտածեց արքայից արքան` սարսափած լքելով պալատը:

Թորգոմը բարձրացրեց իշխանի գլուխը, և Սլովենան արագ նրա կիսաբաց բերանը լցրեց իր մոտի սրվակի պարունակությունը: Այնուհետև Թորգոմը խնամքով գրկեց իշխանին և ձեռքերի վրա տարավ պալատից:

Սլովենան ու Փառանձեմը տագնապած իրար նայեցին ու հասկացան միմյանց:

– Հարկավոր է զգուշացնել Արտավազդին, – բացականչեց Սլովենան:

Ասես նրանց լուռ կանչը լսելով` հայտնվեց Արտավազդը: Նրա դեմքն այրվում էր, ձեռքն ամբողջ ուժով սեղմում էր սուսերի կոթը:

– Ինչպե՞ս է հայրս, – տագնապած հարցրեց նա:

– Նրան հանգիստ է պետք, – պատասխանեց Սլովենան:

– Թորգոմը նրա մոտ է, – Արտավազդին հանգստացրեց մայրը:

– Ես նրանց թույլ տվեցի հեռանալ, – ասաց Արտավազդը` հոնքերը խոժոռելով, – բայց ես Հայկին ասել եմ, որ այրուձիու հետ միանալու եմ Դարեհին և հաջորդ ճակատամարտում մենամարտի հնարավորություն եմ փնտրելու իր հետ:

– Գինին Դարեհն էր թունավորել, – բացականչեց Փառանձեմը:

– Հայկն իմ կյանքը փրկեց և մեր ապագա զավակի, – ձայնակցեց Սլովենան:

– Դարեհը չէր կարող թունավորած լինել գինին, նա պատրաստվում էր խմել այն, – մռայլ պատասխանեց Արտավազդը: – Եթե Հայկը գիտեր, որ գինին թունավորված է, չպետք է թողներ, որ հայրս խմի այն: Եվ հետո` Դարեհը նամակով զգուշացրել էր ինձ, որ հարձակում է նախապատրաստվում:

– Արտավա՛զդ, դու սխալվում ես, – բացականչեց Սլովենան:

– Հայկին դարանակալում է սպասվում Գելանի լեռնանցքի մոտ, պետք է շտապել, – նրան ընդհատեց Փառանձեմը:

– Արդեն ուշ է , – մռայլ ասաց Արտավազդը, մենք չենք կարող հասնել նրանց ու զգուշացնել:

– Կայծակը կկարողանա հասնել նրանց հետևից, հրամայի՛ր թամբել:

– Կայծակը հայրիկից բացի ոչ մեկին չի թողնի իրեն մոտենալ, – ասաց Արտավազդը: – Բավական է: Ոչ մի զինվոր չի հետևի նրանց:

Արտավազդը կատաղած լքեց պալատը:

Առանց պայմանավորվելու` Փառանձեմն ու Սլովենան վազեցին դեպի ախոռ: Հավատարիմ ծառա Արծրունը դիմավորեց նրանց և շտապով ուղեկցեց Կայծակի մոտ: Նրանց առջև հոյակապ հասուն հովատակ էր, շքեղ ձիասարքով, թամբին ամրացված նետերով ու աղեղով: Նրա փարթամ կրծքին աչքի էին զարնում ամուր մկանները, ինչը վկայում էր անսահման ուժի ու դիմացկունության մասին:

– Արծրո՛ւն, պետք է հասնել ու հետ բերել Հայկին: Գելանի լեռնանցքի մոտ պարսիկները դարանակալած նրան են սպասում: Կայծակը մեր միակ հույսն է, – բացականչեց Փառանձեմը: – Ձին սովոր է քեզ, դու ամեն օր հետևում ու խնամում ես նրան: Ինձ քո օգնությունն է պետք:

Արծրունը կասկածանքով տարածեց ձեռքերը: Այնուհետև, անկարող լինելով դիմանալ Փառանձեմի աղաչական հայացքին` ճշգրիտ հաշվարկած շարժումով փլվեց հովատակի վրա: Կայծակն ակնթարթորեն ծառս եղավ, ռունգերը ջղաձգորեն լայնացան, և լսվեց ձիու կատաղի ու խռպոտ վրնջոցը:

Պտտվելով հետևի սմբակների վրա` հովատակը կիսապտույտ արեց և կտրուկ, ուժեղ ու ճկուն ոստյունով գետնին տապալեց հեծյալին: Արծրունը տնքաց ու ցավից գալարվելով` սողաց մի կողմ:

Փառանձեմը սարսափից ճչաց և նետվեց նրան օգնության:

Սլովենան սկսեց դանդաղ մոտենալ Կայծակին` սևեռուն նայելով նրա աչքերի մեջ: Հովատակը, սմբակները հերթով դնել-վերցնելով և խիտ բաշը թափահարելով, սպառնագին խրխնջաց:

– Կանգնի՛ր, – բացականչեց Փառանձեմը:

Սլովենան մեղմ ու համոզող տոնով սկսեց խոսել անծանոթ լեզվով: Նրա նուրբ ու գեղգեղուն ձայնն անսովոր հանգստացուցիչ ազդեցություն էր թողնում: Նա քնքշորեն շոյեց Կայծակի բաշը և գրկեց մեծ ու ծանր մռութը:

Փառանձեմը հուսահատված փակեց աչքերը ու երբ կրկին բաց արեց դրանք, առաջին բանը, որ տեսավ Արծրունի ապշահար դեմքն էր: Հետևելով նրա զարմացած հայացքին` նա շրջվեց դեպի Կայծակը և տեսավ վստահորեն թամբին նստած Սլովենային:

– Թռի՛ր, աղջի՛կս, թռի՛ր, – ոգևորված բացականչեց Փառանձեմը` նրան մեկնելով ձեռքն ու թուլացած` դանդաղորեն ծնկի իջավ:

Կատաղի արագություն հավաքելով` Կայծակը սլացավ Գելանի լեռնանցքի ուղղությամբ: Սլովենան հաճելիորեն զարմացավ, զգալով, թե որքան թեթև ու վստահորեն է ձին հաղթահարում վերելքը: Հեռավոր հյուսիսում` իր հայրենիքում, ձիերն ուրիշ գունավորում ունեին և զգալիորեն զիջում էին հասակով և ուժով: Դեռ մանկուց աղջիկը սովորել էր ձիավարել, հեքիմություն անել և նետ ու աղեղ գործածել: Պեչենեգների վայրի բազմամարդ օրդաները հնարավոր էր լինում կանգնեցնել միայն հին բնակավայրի բոլոր բնակիչների ուժերը համատեղելով, երբ տղամարդկանց կողքին նրանց կանայք, քույրերն ու մայրերն էին` ուս ուսի, նետ ու աղեղները ձեռքներին:

Սլովենան տագնապած նայեց ամրոցի կողմը և հեռվում` ամպամշուշից այն կողմ, ապարանքի պատերի տակ նկատեց Փառանձեմի` դեպի իրեն կարկառած ձեռքերը: Բոլորովին մոտ` կրծքի տակ նա զգաց կյանքի ջերմ կծիկը և ափով շոյելով` հանգստացրեց նրան: Սլովենայի սիրտը սիրուց ու ցավից սեղմվեց:

– Արա՛գ, ավելի՛ արագ, – շտապեցրեց նա Կայծակին և ուրախությամբ զգաց, որ ձին արագություն է հավաքում:

Այն բանից հետո, ինչ խելահեղ, կատաղի բոցերում այրվեց ու ընկավ հին բնակավայրը, երբ կրակի մեջ զոհվեցին նրա բոլոր հարազատներն ու մտերիմները, ստրկության ու անազատության անտանելի տարիներից հետո Սլովենան հաճախ երազում մորն էր տեսնում: Եվ երբ սկսում էր ուշադիր զննել նրա դիմագծերը, դրանք տարօրինակ կերպով սահունորեն Փառանձեմի դեմքն էին դառնում:

Պարսկաստանում` ստրուկների շուկայում, ուր նրան տարել էին պեչենեգները, Սլովենան առանձնանում էր իր զարմանալի, անսովոր գեղեցկությամբ: Հայրենիքից հեռու` կյանքը կաթիլ առ կաթիլ, դանդաղորեն լքում էր նրան, հոգու ուժն արդեն սպառվում էր: Վառ, պաճուճազարդ խալաթներով թուխ, սևամազ ասիացիների բազմությունը հավաքվում էր նրա շուրջը, ագահ հայացք նետում, բարձրաձայն խոսում և վրդովված ճղճղում` ստրկուհու համար պահանջվող հսկայական գումարի չափը լսելով:

Այն օրը նա հաստատապես վճռել էր, որ մայրը գալու է իր հետևից: Սլովենան կառչել էր այդ խելահեղ մտքից ու մի կողմ վանել մղձավանջային հիշողությունները: Ժամանակն անցնում էր, մայրը չէր գալիս, ու սիրտը հուսահատորեն սեղմվում էր երկաթե շղթայով: Նա բորբոքված աչքերով սևեռուն նայում էր իրեն շրջապատած մարդկանց: Հանկարծ հեռվում նկատեց հեռացող մորը:

– Մայրի՛կ, – հազիվ լսելի` ձայն տվեց նա և տեսավ, թե ինչպես մայրը կանգ առավ ու դանդաղ շրջվեց իր կողմը: Դա Փառանձեմն էր: Նա շտապով մոտեցավ, ուշադիր նայեց իր խոշոր ու գեղեցիկ աչքերով:

Պեչենեգները ճանաչեցին հայ իշխանուհուն և ստրկուհու համար եռակի գին պահանջեցին: Փառանձեմն շտապով պարանոցից պոկեց ոսկե մանյակը, անփութորեն նետեց ստրկավաճառների ոտքերի տակ ու աղջկան տուն տարավ…

Սլովենան սթափվեց, ցրեց հիշողությունների մշուշն ու մտրակեց հովատակին: Վերջապես հեռվում երևացին լեռնանցքի աղոտ ուրվագծերը: Կայծակը կատաղի քառատրոփով մոտենում էր Գելանի լեռնանցքին: Ձիու շնչառությունն ընդհատվող ու խռպոտ դարձավ: «Ուշացել եմ», – վախով մտածեց Սլովենան և կրծքի տակ ծակող ցավ զգաց:

Հանկարծ, լեռնանցքից մի քանի հարյուր մետր այն կողմ, դեպի ինքը սլացող երկու ձիավորի նկատեց: Մայր մտնող արևի շողերը հեռավոր հորիզոնը ներկել էին արյունաբոսոր շերտերով: Կայծակի սմբակների դոփյունը տարածվում էր հեռու, և Սլովենան հույս ուներ, որ հեծյալները կլսեն այդ դոփյունը մինչև դարանակալողներին հանդիպելը:

Շարունակելի

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Հոգևոր-մշակութային


04/04/2013