ՍԻՐԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ
Հարցազրույց սայաթնովայագետ ԻՇԽԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Ստեփանյան, տպագրվեց հերթական գիրքը մեծն Սայաթ-Նովայի մասին, իսկ ձեր աշխատասիրությամբ՝ երրորդը, ինչի համար շնորհավորում եմ ձեզ և անմահ երգչի տաղանդի բոլոր սիրահարներին։ Գիտե՞ք, սովորույթի, թե ինչի ուժով, չգիտեմ, ամեն նոր գրքի լույս աշխարհ գալը համեմատում են մանկան ծնունդի հետ, ինչը միայն ուրախություն պետք է պատճառի։ Բայց ընդունենք, որ մեր օրերում, երբ ամեն ոք՝ գրագետ, թե կիսագրագետ, եթե չի ծուլանում, գիրք է գրում ու հրատարակում՝ ապականելով գրքի, այսինքն՝ մարդկային ոգու, մտքի թռիչքի դաշտը, վերն ասված միտքն այնքան էլ ճիշտ չէ։ Ահա, խնդրեմ, Արցախյան պատերազմը. մի սուրբ թեմա, որի մասին այնքա՜ն մերձգրական հրատարակություններ եղան՝ դատարկ, ծայրից ծայր սխալ փաստերով, դատողություններով, մասնակից անձանց անհարկի հերոսացումներով ու փառաբանումներով, որ ուղղակի լացդ գալիս է… Սայաթ-Նովան էլ ահա այդ սրբազան, նաև հրապուրիչ թեմաներից է։ Շատերն են ուզում «անմահանալ» նման թեմայի ձեռք զարկելով։ Ես քաջ ծանոթ եմ Ձեր նախորդ երկու գրքերին, բայց մինչ նոր գրքին անդրադառնալը, կուզեի իմանալ` ի՞նչն է դրդել Ձեզ ժամանակակից գրական հայերենի վերածել Սայաթ-Նովայի խաղերը։
-Միանգամից էլ պատասխանեմ՝ սերը Սայաթ-Նովայի նկատմամբ, սերը մեր մշակույթի նկատմամբ: Ես ցավով եմ նկատում, որ գնալով հեռանում ենք մեր արմատներից, անտեսում ենք մեր մշակութային հարստությունը և ապավինում ենք դրսի, շատ հաճախ` հոռի, մեր էությանը, ազգային նկարագրին խորթ արժեքներին: Մենք պարտավոր ենք ազգային մշակութային արժեքները ներկայացնելու հստակ պետական քաղաքականություն վարել… Եթե երիտասարդ սերունդն այսօր լավ չի ճանաչում, ասենք, Սայաթ-Նովային, ապա մեղավորը մենք ենք և ոչ թե նրանք: Ահա նաև այս մտահոգությունն է ինձ ստիպել մեծ երգչի հայերենով գրված բոլոր ստեղծագործությունները գրական արևելահայերենի փոխադրել, այսինքն` հասու, մատչելի դարձնել մեր երիտասարդությանը, ժողովրդի լայն շերտերին։ Մոռանում ենք, որ մի Սայաթ-Նովա մի ամբողջ ազգ կարող է պահել…
-Իսկ ինչո՞վ է սույն՝ «Սայաթ-Նովա. Հայերեն և թուրքերեն խաղեր» հատորը տարբերվում նախորդից։
-Այս հատորում տեղ են գտել Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարում առկա բոլոր 47 հայերեն (բայց վրացատառ) խաղերի բնագրերը և դրանց զուգահեռ իմ կատարած արևելահայերեն վերածումները։ «Թուրքական խաղեր» բաժնում զետեղել եմ 23 թուրքերեն լավագույն խաղերի հայերեն բնագրերը և դրանց զուգահեռ՝ իմ կատարած գեղարվեստական թարգմանությունները (տողացի թարգմանությունների հեղինակը վաղամեռիկ արևելագետ Նիկոլայ Գևորգյանն է)։ Այս հատորում կգտնեք նաև Սայաթ-Նովայի մի քանի խաղերի ռուսերեն թարգմանությունները, որոնք կատարել է երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանը՝ հիմք ընդունելով իմ կատարած գրական վերածումները։
-Ի դեպ, վերածումների կամ, այսպես ասած, փոխադրումների մասին. ոմանք այն կարծիքին են, որ դրանց կարիքը չկա, և զարմանում են՝ ասելով. «Հայերենից հայերենի՞»։
-Դա էլ չարչրկված հարցերից մեկն է։ Տեսեք, մենք գրաբարյան տեքստերը, որոնք գրված են մաքրամաքուր հայերենով, թարգմանում ենք՝ հասկանալի դարձնելու համար, իսկ ահա Սայաթ-Նովայի խաղերը, որոնք գրված են երկու հարյուր տարի առաջվա Թիֆլիսի բարբառով, չենք ուզում թարգմանել, ուզում ենք գոնե փոխադրել կամ վերածել գրական հայերենի։ Հիշեցնեմ, որ Սայաթ-Նովայի խաղերի բառամթերքի մոտ 30 տոկոսը արաբա-պարսկա-թուրքական ծագում ունի, և ժամանակի ընթացքում բարբառային շատ բառեր և արտահայտություններ թե՛ դուրս են եկել գործածությունից և թե՛ իմաստային փոփոխություններ են կրել։ Նմանների տրամաբանությունն ինձ հասկանալի չէ։ Ես պարզապես ձգտել եմ Սայաթ-Նովային ավելի հասկանալի դարձնել, այսինքն՝ սիրելի։ Երգում են Սայաթ-Նովա՝ չիմանալով, թե ինչ են երգում, չեն հասկանում իրենց երգածի իմաստը կամ մոտավոր են հասկանում։
-Դե, ասում են՝ երգը բացատրել պետք չէ…
-Այո՛, համաձայն եմ, պետք չէ, բայց հասկանալ անպայման պետք է։ Սայաթ-Նովայի դեպքում մենք գործ ունենք գրական մեծ արժեք ներկայացնող խաղերի հետ, որոնք անպայման պետք է հասկանալ։ Ժողովուրդը չի հասկանում, երիտասարդությունը չի հասկանում, երգիչները չեն հասկանում: Իսկ Սայաթ-Նովան իսկապես էլ պարզ չէ, այլապես ի՞նչ ենք այս էլ 200 տարուց ավելի փնտրում, որոնում, մեկնաբանում Ախվերդյանից սկսած մինչև մեր օրերը… Ամեն սերունդ փնտրելու և գտնելու է իր Սայաթ-Նովային… Ես հեշտացրել եմ դեպի մեծ երգչի սիրտը տանող ճանապարհը, հեռացրել բառային, խիստ բարբառային, օտար, անծանոթ խոչուխութերը…
-Իսկ շատերը ձեր ասածը, ինչը ծանր, տքնաջան ստեղծագործական աշխատանքի արդյունք է, ընդամենը հասկանում են՝ Սայաթ-Նովային գրական հայերենով երգել…
-Իհարկե, ծիծաղելի է։ Ես չեմ ասում՝ եկեք գրական հայերենով երգենք, օրինակ՝ հայտնի երգը` «Աշխարհս մի պատուհան է»։ Սա զավեշտ է։ Ավելին, ես իմ գրքի առաջաբանում նման թյուրըմբռնումներից խուսափելու համար ոչ միայն դատապարտում եմ նման մոտեցումը, այլև խստիվ արգելում եմ։ Ես ընդամենը ուզում եմ, որ մեր երիտասարդները, մեր երգիչները Սայաթ-Նովայի խոսքերը, միտքը, լեզուն, մեծությունը ավելի լավ հասկանան։ Սայաթ-Նովան այսօր, ավաղ, հասկանալի է միայն նեղ մասնագետներին։
-Որքան հասցրել եմ նկատել, Դուք, կարծես, որոշակի փոփոխություններ եք կատարել նաև խաղերի փոխադրություններում։
-Այո՛, միանգամայն ճիշտ եք։ Հետևելով սայաթնովայագիտության ամենաերևելի դեմքերից մեկի՝ Մորուս Հասրաթյանի խորհրդին, խիստ սահմանափակել եմ թարգմանչական եռանդս և այն բոլոր բնագրային բառերը, որոնք այս կամ այն չափով հասկանալի են ընթերցողին, թողել եմ անփոփոխ, օրինակ՝ ղարիբ, բլբուլ, մարալ, աղա, հեքիմ, գոզալ և այլն, այլ կերպ ասած՝ հնարավորինս պահպանել եմ բնագրի համն ու հոտը։
-Հիշեցի Թումանյանին. նա իրեն հասցեագրված քննադատություններից մեկին պատասխանելով՝ ինչո՞ւ է օտար «ջան», «յար» բառերն օգտագործում, ասել է՝ իսկ ինչպե՞ս վարվեմ՝ «ախպեր ջանի» կամ «Գրիգոր ջանի» փոխարեն ասեմ «հոգյա՞կ եղբայր» կամ «հոգյա՞կ Գրիգոր» և այլն։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Թումանյանը խոսում է նաև մարալ, ղարիբ, ջեյրան, մուրազ օտար բառերի մասին ու ասում, որ այդօրինակ մաքրամոլությունը նման է հոնքը շինելու փոխարեն հայոց լեզվի աչքը հանելուն… Ինչևէ, շատ հեռացա. խնդրում եմ ասեք՝ այդ դեպքում ինչպե՞ս եք կարողացել պահպանել խաղերի հանգերը, վանկերը…
-Հիմնականում հետևել եմ Սայաթ-Նովայի խաղերի տաղաչափությանը։ Խաղերի որոշ տողեր գրականացնելիս, ելնելով չափի ու հանգի պահպանման անհրաժեշտությունից, աննշան շեղումներ եմ կատարել։ Նման դեպքերում ջանացել եմ պահպանել ենթատեքստը։ Ես այս գործին ձեռք եմ զարկել՝ գիտակցելով դրա ողջ ծանրությունն ու դժվարությունը։ Չնաշխարհիկ են Սայաթ-Նովայի խաղերը, սակայն, ավաղ, դրանց բարդ ու խրթին լեզուն հաճախ խանգարում է մեզ ճիշտ հասկանալ դրանք և արժևորել։
-Դուք ասում եք բարդ ու խրթին լեզու, բայց ոմանք, կարծես, ոչ միայն գլուխ են հանում այդ լեզվից, այլև նույնիսկ հանելուկներ են գտնում ու լուծում։
-Հասկանալի է ձեր ակնարկը։ Այո՛, ճիշտ եք ասում, Սայաթ-Նովան նույնպես բավականին հրապուրիչ թեմա է ոմանց մտավարժանքների համար։ Բայց իմ ուսուցիչները Նիկոլ Աղբալյանը, Հովհաննես Թումանյանը, Մորուս Հասրաթյանն են։ Այս գրքի առաջաբանում ես հպանցիկ անդրադառնում եմ Սայաթ-Նովայի համար կենսագրություն, ծննդյան և սիրո էակ հորինած «սայաթնովայագետներին», հպանցիկ, որովհետև այս թեմայի մասին իմ վերաբերմունքը արտահայտել եմ առանձին հոդվածով, որը զետեղված է www.Sayat-Nova.am կայքում։ Այս գրքի առաջաբանում ես ևս մեկ անգամ դատապարտում եմ Սայաթ-Նովայի խաղերից ինչ-ինչ կամայական բառեր առանձնացնելու և այդ բառերը կազմող տառերի թվային արժեքների հետ թվաբանական ձեռնածություններ անելու հեղհեղուկ և հակագիտական մեթոդը…
-Ինչպե՞ս չհիշես «Սայաթ-Նովա» տխրահռչակ ֆիլմը, որտեղ մեծ երգիչը ներկայացվում է որպես տերերի, հարուստների դեմ ռամիկ ժողովրդի պայքարի խոսափող և այստեղից՝ դասակարգային պայքարի զոհ…
-Այո՛, այդպես է: Նմաններն իրենց ասելիքը հիմնավորելու համար հաճախ դիմում են մեր սիրելի բանաստեղծ Պարույր Սևակի օգնությանը, ավելի ճիշտ՝ հղում են անում նրա «Սայաթ-Նովա» աշխատությանը։ Այո՛, Սևակն էլ է տուրք տվել նման մեթոդին, բայց հիշենք նաև, որ անմիջապես էլ արժանացել է Մորուս Հասրաթյանի սուր քննադատությանը («Դիտողություններ Պ. Սևակի «Սայաթ-Նովա» աշխատության ձեռագրի վերաբերյալ»)։ Շեշտեմ՝ Պարույր Սևակի համաժողովրդական սերն ու հեղինակությունը թզենու տերև չէ, որով կարելի է ծածկել սեփական մտքերի տկարությունը։ Այո՛, Սայաթ-Նովայի կենսագրությունից քիչ բան է հայտնի, բայց դա դեռ չի նշանակում, որ կարելի է կասկածելի մեթոդներով և կասկածելի փաստերով ինչ-ինչ կենսագրություն նրա համար հորինել։ Առաջաբանում ես հենց այդպես էլ գրել եմ. «Այդ հեղինակներն առաջնորդվել են ոչ թե փաստերով, այլ իրենց իսկ սեփական բարոյահոգեբանական արժեհամակարգով, ինչպես նաև ժամանակի բոլշևիկյան գաղափարախոսությամբ։ Այդպիսի հորինվածք եմ համարում արքայադուստր Աննայի նկատմամբ սիրո կոլխոզա-կինտոյական առասպելը, նրան՝ Սայաթ-Նովային որպես ընդոստ հեղափոխական ներկայացնելու բարբաջանքները։
-Ես լիովին համամիտ եմ ձեր կարծիքին: Դուք իսկապես դժվարին, բայց և անհրաժեշտ ու շնորհակալ գործ եք կատարել։
-Ամեն աշխատանքի գնահատականը ժամանակն է միայն տալիս։ Շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Հատկապես շնորհակալություն պետք է ասեմ «Պարգև Ոսկանյան» հրատարակչության ղեկավարությանը: Հենց նրանք եղան այս հրատարակության նախաձեռնողը։ Ասեմ, որ հրատարակելով այս գիրքը՝ ինչպես հրատարակիչը, այնպես էլ ես, ուրիշ շահ, բացի բարոյական շահից, մեր մշակույթի շահից, չենք հետապնդել։
Հարցազրույցը վարեց
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ