Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՔԱՂԱՔԻ ՀԱՅԵՐԸ



Ռումինիայի քարտեզին այսօր նշվում է Գեռլա քաղաքը, որը հնում կրել է Հայաքաղաք անունը (լատիներեն՝ Արմենոպոլիս, գերմաներեն՝ Արմենիերշտադ, հունգարերեն՝ Էորմենիվարոշ)։ Այստեղ հոծ հայություն է հաստատվել 1672 թվականին, երբ տեղի իշխանի հրավերով մեծ թվով հայեր Մոլդովայից տեղափոխվել են Տրանսիլվանիա։ Այդ ժամանակ Գեռլան փոքրիկ գյուղ էր, քաղաք դարձավ միայն 18-րդ դարի սկզբին։ Նրա կառուցման նախագիծը կազմել էր հայ ճարտարապետ Ալեքսանը։

1700-ական թվականների սկզբին Գեռլայում ստեղծվեց Տրանսիլվանիայի հայերի առաջնորդության կենտրոն Օ. Վրզարյանի գլխավորությամբ։ Համայնքն ապրում էր բնականոն կյանքով, սակայն Վրզարյանի մահից (1715) հետո ինքնակոչ մի լատին եպիսկոպոս իր ձեռքը վերցրեց հայերի հոգեւոր ղեկավարությունը։ Այնուհետեւ ավելի քան 200 տարի Գեռլայի հայերը գլխավորել են Տրանսիլվանիայի պայքարը հայկական հոգեւոր առաջնորդության վերականգնման, ազգային ավանդույթների եւ հայալեզու դպրոցների պահպանման համար։

Այլազգիներին արգելվում էր բնակություն հաստատել Գեռլայում, սակայն 1726թ. կայսերական հրամանով հայերին պաշտոնապես տրվեց այդ իրավունքը։ Ավելին, հայերն ստացան առանց մաքսի առեւտուր անելու, դատավոր կամ քաղաքապետ ունենալու, խորհրդականներ («ծերեր») ընտրելու իրավունք։ Դարձյալ կայսերական հրամանով՝ հարուստ հայերին տրվում էին ազնվական տիտղոսներ։

Այսպես՝ Գեռլան աստիճանաբար դարձավ Տրանսիլվանիայի հայերի կենտրոնը։ 1757-ին ստեղծվեց հայերի հարյուրոց ժողովը («սուտա»), որը գլխավորում է սուտաշը (հարյուրապետը)։ Այն ունեցել է իր կնիքը եւ զինանշանը (երկգլխանի արծիվ)։ Հայերն ունեցել են իրենց արհեստավորական, առեւտրական, հոգեւոր եղբայրությունները։ Հատկապես մեծ ժողովրդականություն է վայելել Կտրիճվորաց եղբայրությունը։

Այս ամենը վկայում է Գեռլայի եւ ընդհանրապես Տրանսիլվանիայի հայերի ակտիվ կենսագործունեության եւ մեծ հեղինակության մասին։ Հատկանշական է, որ նրանց հիմնադրած կաշվի գործարանները երկրի առաջին ձեռնարկություններից են եղել։

Գեռլայի հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի քաղաքական կյանքին։ Մեծ է եղել նրանց նյութական օգնությունը 18-րդ դարում թուրքերի դեմ Տրանսիլվանիայի մղած զինված պայքարին։ Ակտիվ էր նաեւ նրանց մասնակցությունը 1848-ի հեղափոխությանը։ Գեռլայում ստեղծվել է հայկական գվարդիա։ Հունգարական հեղափոխության առաջնորդ Լայոշ Կոշուտը Գեռլայի հայերից մեկին՝ Գրիգոր Շիմայանին, նշանակել է Տրանսիլվանիայի ազգությունների հարցերի կոմիսար։ Տրանսիլվանիայի հեղափոխական ուժերի ընդհանուր հրամանատար Բեմի օգնականը եղել է հայազգի գեներալ Յանոշ Ցեցը (Հովհաննես Ցեցյան), այնուհետեւ նա ինքն է դարձել ընդհանուր հրամանատար։

Գեռլան եղել է հայ գրչության կենտրոն, ունեցել հարուստ դիվան, որի փաստաթղթերի մեծ մասն այսօր էլ պահվում է Կլյուժի պետական արխիվում։ 1909թ. բացվել է Գեռլայի հայկական թանգարանն իր բազմահարուստ նյութերով, որոնց զգալի մասը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացվել է, ցիրուցան եղել։ Փրկված ցուցանմուշները հետագայում տեղ են գտել Բուխարեստի, Վատիկանի թանգարաններում, դրանցից ներկայումս կան նաեւ Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյանների եւ Երեւանի մատենադարաններում։

Գեռլայի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է դեռեւս 1675թ., հետագայում կառուցվել են այլ հոգեւոր շինություններ։ Այստեղ դեռեւս 18-րդ դարում հայերն ունեցել են իրենց դպրոցական թատրոնը, պահպանել, տարածել ազգային երգերը եւ պարերը։ 1887-ին Գեռլայում հիմնվել է «Արմենիա» հանդեսը, լույս է տեսել «Բանբեր Գեռլայի» շաբաթաթերթը։

Գեռլայի հայերը ժամանակին իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական բարբարոսության, հանգանակություններ կատարել Եղեռնից փրկված հայրենակիցներին օգնելու համար, տեղ տվել նրանց։

Ահա այսպիսին են եղել Գեռլայի՝ Հայաքաղաքի հայերը։ Նրանց պատմությունը մեր ազգային պատմության անքակտելի մասն է։

Պատրաստեց Կ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Պատմության էջերից


21/02/2013