Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Ցնցված ու ոգևորված, նախնիների հնագույն դրոշի շուրջը բռունցքված, որպես եռացող ահեղ լավա, ընթանում էին նրանք զորագնդի վրա, դեպի անխուսափելի մահ, և իշխանը հաստատ գիտեր, սա նրանց կյանքի վերջին գրոհն է:

Զորագունդն անսպասելիորեն կանգ առավ: Իշխանը լսեց, թե ինչպես մակեդոնացիների շարքերում բարձր հնչեց հրամանը, տեսավ` ինչպես իրենց կորցրած, քարացան առջևում կռվող հայ հեծյալները: Նրանց թիկունքում Թորգոմը, Արտավազդի վիրավոր մարմինը խնամքով իր ձիու վրա տեղավորելով, քառարշավ սլացավ դեպի ինքը` շարժվելով կանգ առած փաղանգին զուգահեռ: Իշխանը թեթևացած շունչ քաշեց և անմիջապես հրամայեց նահանջի շեփոր հնչեցնել: Հայկական այրուձին հնազանդորեն շրջվեց ու հետևելով Թորգոմին` սկսեց արագ հետ քաշվել:

Կանգ առած փաղանգի աներևակայելի տեսքը ցնցեց իշխանին: Ջղաձգորեն սկսեց բացատրություն փնտրել, և այն խելագար ենթադրությունը, որ դա կարող էր միայն Հայկի արածը լինել, գիտակցությունը լցնում էր որդու հանդեպ կարոտի անտանելի զգացումով: Մի կողմ նետելով այլևս անպետք սուրը և իր ռազմիկներին հրամայելով հետ քաշվել` իշխանը նետվեց դեպի զորագունդը` ամբողջ ձայնով կանչելով որդուն.

– Հա՛յկ, որդի՜…

Նա հասավ զորագնդի առջևի շարքին և տեսավ մակեդոնացիների ժպտացող դեմքերը: Արբած այն ենթադրությունից, թե մակեդոնացիները հայերի դեմ չկռվելու հրաման են ստացել` համոզվելու համար բռունցքի հարվածով գետնին տապալեց ամենամոտ կանգնածին և խլեց մյուսի եռանկյունաձև վահանը, երբ հետևից վազքով եկած զինվորներն ուժով դուրս հանեցին նրան փաղանգի առջևի եզրից: Շտապով, գրեթե ձեռքերի վրա, նրանք իրենց իշխանին զորագնդից հեռու տարան: Կատաղած դուրս պրծնելով և շարունակելով խելահեղորեն կանչել որդուն` իշխանը նկատեց, թե ինչպես փաղանգն անսպասելիորեն ցնցվեց և կրկին շարժվեց առաջ:

Հանկարծ իշխանը լսեց մեծաթիվ սմբակների ահագնացող թնդյունը և փոշեամպի միջից տեսավ Ալեքսանդր Մեծի` զորագնդից առաջ անցած և սարսափելի աղաղակով Դարեհի վրա ընթացող հեծելազորը: Առջևից` շքեղ հովատակին հեծած, թանկագին ու հարուստ հանդերձանքով, արևի տակ փայլփլող զենք ու զրահով սլանում էր անվեհեր ռազմիկը, և իշխանը հասկացավ, որ նրան այլևս ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել:

Հիշողությունների քողը դանդաղ ընկավ աչքերից, և իշխանը տագնապով նայեց Արտավազդի ձեռքերի մեջ անզգայացած Փառանձեմին: Նա հրամայեց, և որդին արագ լքեց պալատը` գորովանքով գրկած տանելով մորը: Սլովենան, դռան բռնակի մնացորդներին մեղավորությամբ նայող Թորգոմի ուղեկցությամբ, անմիջապես հետևեց նրանց և իր հետևից ամուր փակեց պալատի դռները:

Հանկարծ Թարիփի թիկունքում կանգնած պարսիկ զինվորը կիսաձայն ինչ-որ բան ասաց նրան: Պատվիրակը, խոնարհվելով զինվորին, անմիջապես լքեց պալատը: Իշխանն անշարժացավ և զարմանքով նայեց հանգիստ ու վստահորեն իրեն մոտեցող պարսիկին: Զինվորը գլխից հանեց սաղավարտը: Ապշած իշխանն իր առաջ տեսավ Դարեհի` թալկացած ու հոգնած, ապրած տագնապներից ու կասկածներից ծերացած դեմքը: Նրանք լուռ գրկախառնվեցին:

«Ոնց որ մանուկ ժամանակ, – մտածեց իշխանը, – երբ կռվից կամ երկար բաժանումից հետո հանկարծ միմյանց տեսնելու անդիմադրելի ցանկություն էինք ունենում»:

– Ես պարտվեցի, – կարճ ասաց Դարեհը, – դու ինձ պետք ես և չես կարող մերժել ինձ:

Ներքին կատաղությամբ ու վրդովմունքով` իշխանն իր վրա զգաց Դարեհի հմայքի ճնշող ազդեցությունը: Ակամա մռայլվեց: Դարեհը նկատեց նրա դեմքի փոփոխությունը և ժպտաց:

– Դու բոլորովին չես փոխվել և առաջվա նման կանխատեսելի ես:

– Իսկ դու նոր շախմատային պարտիա ես պատրաստում, որտեղ ես զոհաբերվող նավակի դերո՞ւմ եմ լինելու:

– Դու դարձյալ ոչինչ չհասկացար: Այս անգամ շախմատն անկարող է, և մենք բախվել ենք ճակատագրի չար անիվին: Ալեքսանդրը նրա ձեռքում ընդամենը վրեժի թուրն է:

– Ոչ թե մենք ենք բախվել, այլ դու, – քրթմնջաց իշխանը:

– Եվ դարձյալ դու սխալվում ես, – մտածկոտ շարունակեց Դարեհը, – Հիշու՞մ ես մեր հնդկական արշավանքը, երբ երկուսս էլ երիտասարդ էինք ու պատվախնդիր: Մենք պաշարել էինք Սամբհար քաղաքը և դրա պատերի տակ կորցրինք մեր բանակի կեսը: Իսկ երբ այն ընկավ, մենք քաղաքը կրակի մատնեցինք ու չխնայեցինք ոչ մեկին. ո՛չ կանանց, ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին:

«Ոչ թե մենք, այլ դու», – ցանկանում էր ընդհատել իշխանը, սակայն հանկարծ Դարեհի աչքերում չարագուշակ կրակ բոցկլտաց, և արթնացած վառ հիշողություններն իշխանին ստիպեցին լռել:

– Հիշու՞մ ես հնդիկների` խորհրդավոր նշաններով ծածկված սուրբ տաճարը` բազմաձեռք աստվածության պատկերով ու դրա սպասավոր սուրբ Բհադանապալին: Նա մեզ սպասում էր տաճարի մուտքի մոտ: Մինչև սպանելը մենք գնացինք նրա հետևից ու ստորգետնյա պատկերասրահում ապշեցուցիչ որմնանկարներ տեսանք: Դե՛, հիշի՛ր վերջապես, ո՞վ էր այնտեղ առաջին պլանում պատկերված:

– Ընդամենը ոսկեզօծ հեծյալ` ծագող արևի ճառագայթների մեջ, – մտածկոտ պատասխանեց իշխանը:

– Ո՛չ եղբա՛յրս, դա արևը չէր, այլ նրա գլխավորած ահեղ զորագունդը: Մեռնելիս Բհադանապալը սեղմած ատամների արանքից շշնջաց. «Յուրաքանչյուր ուրախություն դժբախտություն է ծնում: Ինչու՞ ապրել, եթե չի կարելի ուրախանալ»:

Շարունակելի

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Հոգևոր-մշակութային


14/02/2013