Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ



Հունվարի 26-ին փոխգնդապետ Ռ. Գալստյանի հրամանատարությամբ գործող ինժեներասակրավորական զորամասում նշվեց ստորաբաժանման կազմավորման 18-րդ տարեդարձը։ Զորամասում անցկացված հանդիսավոր միտինգին ներկա էին ՊԲ ԻԾ պետ, գնդապետ Ս. Մանուկյանը, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Ռ. Բաղրյանը, ՊԲ ԻԾ պետի տեղակալ, փոխգնդապետ Կ. Մուսայելյանը, ինժեներասակրավորական զորամասի վետերաններ, ինչպես նաեւ Ստեփանակերտի 4-րդ եւ 5-րդ դպրոցների աշակերտներ։

Գնդապետ Ս. Մանուկյանը, բացման խոսքում շնորհավորելով անձնակազմին, կարեւորեց զորամասի գործունեությունը, նշեց կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են հանրապետության տարբեր հատվածներում։ Այնուհետեւ զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, մայոր Ս. Ուռուսյանը կարդաց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանի հրամանը, համաձայն որի՝ պատվոգրերով եւ թանկարժեք նվերներով խրախուսվեցին զորամասի սպայական եւ զինվորական կազմի մի շարք ներկայացուցիչներ։ Թանկարժեք նվերներ ստացան նաեւ վետերաններ Ս. Բեգլարյանը եւ Ռ. Հայրապետյանը, որոնք իրենց ելույթներում արժեւորեցին հայրենիքի պաշտպանի պատասխանատվության եւ անձնվիրության դրսեւորումը երկրին ու ժողովրդին ծառայելու գործում։ Իրենց շնորհավորական խոսքը եւ ցանկությունները արտահայտեցին նաեւ զորամասի զինվորները, նշելով, որ իրենք հպարտությամբ են կատարում իրենց ծառայական պարտականությունները՝ պատրաստ ցանկացած իրավիճակում, ինչպես վետերանները նշեցին, անձնվիրաբար պաշտպանելու հայրենիքը։

Միջոցառմանը դատարկաձեռն չէր ներկայացել Ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Ռ. Բաղրյանը։ Նա միության վարչության անունից թանկարժեք նվերներ փոխանցեց մի շարք զինծառայողների։ Զորամասի անձնակազմի բարեխիղճ ծառայությունը գնահատեց եւ խրախուսեց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ռ. Գալստյանը։ Նրա հրամանով զորամասի մի խումբ զինվորներ եւ սպաներ արժանացան պատվոգրերի եւ հուշանվերների։

Զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Ս. Ուռուսյանը իր ելույթում կարեւորեց զորամասի կատարած ինժեներական եւ բոլոր այն աշխատանքները, որոնք իրականացվել են անձնակազմի հետեւողական ջանքերի շնորհիվ, ինչի արդյունքում զորամասը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ԶՈՒ լավագույն ինժեներասակրավորական զորամաս։

Հանդիսավոր միտինգի ավարտին իրենց բանաստեղծություններով եւ հայրենասիրական երգերի կատարումով անձնակազմին դրական լիցքեր հաղորդեցին նշված դպրոցների աշակերտները։

ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Ազգային բանակ


07/02/2013