Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԻՆ՝ ՀԶՈՐ ՊԱՏՎԱՐ



Սա Հայաստանն է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

Մայր Արաքսն այսօր սահման է դարձել, և այդ սահմանից սկսվում է նորօրյա հայոց երկիրը: Մեր զինվորն է դարձել պատնեշ և հսկում է երկրի ու ժողովրդի անդորրը: Արցախյան շարժումը նաև ծնողը դարձավ հայոց բանակի, որն արդեն 21 տարեկան է:

Արդեն մի քանի տարի է, ինչ Բանակի օրվա առթիվ Քաշաթաղի շրջվարչակազմը կազմակերպում է մշակութային խմբերի այցելություն զորամասեր: Այս տարի էլ հունվարի 28-ին Քաշաթաղի տարածքում տեղակայված սահմանապահներին այցելեցին և նրանց տոնը երգով ու պարով շնորհավորեցին Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի/տնօրեն՝ Գ. Մանուկյան/ պարի խմբի սաները և «Բերձոր» ժողգործիքների համույթի/ղեկավար՝ Հ. Գրիգորյան/ երաժիշտները: Այստեղ էին նաև շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը:

Նույն օրը զորամաս էին այցելել նաև Արծվաշենի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Մինչև համերգի սկսվելը զրուցում եմ զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Աբրահամյանի հետ: Նա տեղեկացնում է, որ սահմանապահները հիմնականում պայմանագրային ծառայողներ են, որոնք եկել են տարբեր վայրերից: Զորամասն այժմ ունի ենթասպաների պահանջ. կարող են դիմել միջնակարգ և բարձրագույն կրթությամբ, բանակում ծառայած երիտասարդները: Կան նաև ժամկետային ծառայողներ: Զորամասը մեծ նպաստ ունի նաև տարածաշրջանի բնակավայրերի շենացման գործում: Մշտական է կապը հատկապես Արծվաշենի, Աղաձորի, Երիցվանքի, Գետամեջի, Իշխանաձորի, Կումայրիի և այլ դպրոցների հետ: Հրամանատարը ցանկանում է, որ Արծվաշենի դպրոցն անվանակոչվի ի պատիվ հադրութցի նահատակ ազատամարտիկ Սամվել Պողոսյանի, որը մեծ ավանդ ունի այս տարածքների ազատագրման գործում և զոհվել է Հորադիզում:

♦♦♦

Արծվաշենի դպրոցի աշակերտները ծանոթանում են զորամասի առօրյային, այցելում զինապահեստ, ուսումնասիրում զենքերը՝ հպարտությամբ գլխներից վեր պահելով իրենց հերոս ազատարարների ինքնաձիգները: Բացի զինվորականներից՝ համերգի հանդիսատես են դառնում նաև շրջակա բնակավայրերի բնակիչները, Արծվաշենի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Մեկ ժամից ավելի հնչում է խրոխտ երաժշտությունը. զորամասի պայմանագրային զինվոր Ռ. Սիմոնյանը Միջնավան քաղաքից է. նա էլ է միանում երգիչներին ու երգում, զինակից ընկերներն ավելի են ոգևորվում, ու միասնական պարն ավելի գեղեցիկ է դառնում:

Ավարտվում է տոնական միջոցառումը: Քաշաթաղի շրջանի ղեկավարության ու բնակչության անունից աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը շնորհավորում է հայոց բանակի զինվորներին՝ մաղթելով անփորձանք ծառայություն: Շրջանի զարգացման գործում ունեցած ներդրումների համար զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Աբրահամյանը, հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լ. Կնյազյանը և մայոր Թ. Կարապետյանը պարգևատրվում են շրջվարչակազմի պատվոգրերով: Զորամասի հրամանատարը նույնպես շնորհավորում է տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում այցելության համար:

♦♦♦

Նույն օրը խմբերը համերգով հանդես եկան նաև զորամիավորման մեկ այլ զորամասի զինվորների առաջ: Այս զորամասի վրա է դրված Քաշաթաղի շրջանի դպրոցների շեֆությունը, և տարբեր համայնքների դպրոցականներ են հաճախ լինում զորամասում, ծանոթանում զինվորական առօրյային, անցկացնում ՆԶՊ առարկայական ծրագրով նախատեսված ուսումնական վարժանքներ: Այստեղ ավելի շատ էին զինվորները, որոնք մի պահ կտրվել էին զինվորական առօրյայից՝ վայելելով հայոց երգն ու պարը: Քիչ անց իրենք էլ միացան փոքրիկներին, պարեցին, ուրախացան: Պարզ է՝ բոլորն էլ կարոտել են իրենց հարազատներին, բոլորն էլ փոքրիկ քույր ու եղբայր, զարմիկ ու զարմուհիներ ունեն, ուստի նրանց կարոտը այս պարող երեխաներից էին առնում: Փոքրիկներն էլ գիտեն, որ բանակն է այսօր մեր հզոր պատնեշը, բանակն է ապահովում մանուկների խաղաղ օրը: Եվ Հայ զինվորին էր նվիրված յուրաքանչյուր երգ ու պար, ժպիտ ու բարի խոսք:

♦♦♦

Վարդան Բարսեղյանն արդեն 7 ամիս ծառայում է զորամասում: Երգում է իր հեղինակած «Սիրտը իմ» երգը, որի հնչյունների տակ պարում են նաև նրա զինակիցները: Ասում է, որ այսօր ստացել է սերժանտի կոչում, ինչի համար շատ ուրախ է: Հայոց բանակին մաղթում է մարտունակություն, հայոց երկրին՝ խաղաղություն:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դ. Դավթյանը շրջանի ղեկավարության և բնակչության անունից հայ զինվորներին շնորհավորում է Բանակի օրվա առթիվ՝ նշելով, որ երկրապահ ջոկատների միավորումով ստեղծված մեր բանակն անցել է փառավոր ուղի, այսօր էլ շարունակում է իր առաքելությունը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ Քաշաթաղի կայացման գործում ունեցած ներդրումների համար պատվոգրի են արժանանում զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Մինասյանը, մի շարք սպաներ: Հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գոռ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնում շրջանի ղեկավարությանը՝ ուրախ տոն պարգեւելու համար:

Օրը մթնում է: Երբ հրաժեշտ տվեցինք զինվորներին և պատրաստվում էինք վերադառնալ Բերձոր, համերգին ներկա զինվորները շարվել էին արդեն՝ զինվորական հրամաններ ստանալու: Վերադառնում ենք հավատով, որ ունենք հզոր բանակ՝ մեր կայացման ու հաղթական երթի ամենակարևոր երաշխավորը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Բանակ և հասարակություն


07/02/2013