Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԳԵՆԵՐԱԼ ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ



Զրույց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ – գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Պարոն Հարությունյան, Ձեր կերպարն այնքան ներդաշնակ է զինվորականի մասին համընդհանուր պատկերացումներին։ Զինվորականներ կան, որոնք ասես համազգեստով են ծնվել…
-Իմ կերպա՞րը… իսկ ինչպիսի՞ն է իմ կերպարը ժողովրդի պատկերացմամբ։
-Խիստ, կտրուկ, անզիջում, հավասարակշիռ, պրագմատիկ… գեներալական համազգեստը…
-Գեներալական համազգեստի տակ ապրող, զգացող հոգի է, որը կարոտներ ունի, սերեր, կորուստներ, թուլություններ… Երբեմն թվում է՝ երեկ էր, երբեմն թվում է՝ մի ամբողջ հավերժություն է անցել… Հորս կորցրի, երբ չորս տարեկան էի, գրեթե չեմ հիշում նրան։ Հայրս եղել է ու կմնա իմ ամենամեծ հպարտությունը։ Հորս բարի անունը, համբավն ու հեղինակությունը միշտ ուղեկցել են ինձ։ Նրան օրհնանքով էին հիշում։ Մտածում եմ, որ հայրս իր հիշատակով ավելի շատ է դաստիարակել ինձ, քան կդաստիարակեր, եթե կենդանի լիներ։ Նա հեռացավ՝ թողնելով մի անսահման հպարտություն ու մի մեծ պարտք՝ իր հիշատակի առաջ։ Այդ պարտքը ես մարում եմ մինչ օրս։ Մայրս արժանապատվորեն իր ուսերին առավ միայնակ յոթ զավակ մեծացնելու ծանր բեռը։ Նա խիստ կին էր, հազվադեպ էր ժպտում, երեխաներին երես չէր տալիս ու պատժում էր սխալների համար։ Մենք վախենում էինք մայրիկից։ Ես հետո հասկացա, որ իր սերը, քնքշանքը, թուլությունը պահում էր ներսում. չէ՞ որ պիտի փոխարիներ տան տղամարդուն, պիտի նաեւ հայր լիներ երեխաների համար։ Թերեւս իմ հանդեպ մի քիչ ներողամիտ էր. ես ընտանիքի ամենակրտսեր երեխան էի։ Հավանաբար դա էր պատճառը, որ ես մյուսներից աշխույժ էի, ավելի չար, նույնիսկ կարող էի անկարգություն անել։ Մեր ընտանիքի բոլոր երեխաները մանկուց աշխատել են։ Մեծերը խնամում էին փոքրերին, օգնում էին հոգալ տան կարիքները։ Մենք միշտ կարիքի մեջ ենք եղել, ես դպրոցում սովորելուն զուգընթաց` աշխատել եմ կոլտնտեսությունում։
-Ինչպիսի՞ն էին Ձեր մանկության մարդիկ, ի՞նչ պատկերներ են արթնանում մանկություն ասելիս։
-Ես ծնվել եմ Շամախու շրջանի Սաղյան գյուղում։ Իմ ծննդավայրը աշխարհի ամենագեղեցիկ անկյունն է՝ լեռներով, այգիներով, անտառներով, հնամենի վեհաշուք եկեղեցով։ Մեծ գյուղ էր, 5□6 հազար բնակիչ ուներ։ Իմ ծննդավայրում տղամարդիկ պինդ էին, խստաբարո, ոգեղեն, հայրենասեր։ Կանայք հպարտ էին, անկոտրում, օջախի սյուն էին, ընտանիքի պահապան հրեշտակ։ Ես անհայր եմ մեծացել, ապրել եմ կարիքի մեջ, սակայն երբեք միայնության, անպաշտպանվածության զգացում չեմ ունեցել, որովհետեւ մեր գյուղը մի մեծ ընտանիք էր, մարդիկ ապրում էին մեկը մյուսի հոգսով, օգնում էին իրար, կիսում էին ցավն ու ուրախությունը։
Մեր գյուղում մի հոյակերտ, սպիտակ եկեղեցի կար, որի խաչն ու գմբեթը պոկել, եկեղեցին դարձրել էին ցորենի ամբար։ Եկեղեցու շրջակա տարածքները անբնակ էին, զանազան փլվածքներ կային, կիսավեր շինություններ։ Մայրս ասում էր, որ չի կարելի խզմզել եկեղեցու պատերին, փչացնել, քանի որ եկեղեցին սրբություն է։ Մենք չէինք հասկանում, թե ինչո՞ւ է սրբություն ցորենի պահեստը, բայց մեր մեծերն այնպիսի երկյուղածությամբ էին խրատում մեզ, որ ակամա ենթարկվում էինք։ Շատ տարիներ անց ես իմացա, որ մեր գյուղում է եղել Ստեփանոս Նախավկայի վանքը, որտեղ ժողով է արել ինքը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Եկեղեցին երկրաշարժից ավերվել է, սակայն հիմքը մնացել է հաստատուն, ու այդ հիմքի վրա կառուցվել է նոր եկեղեցի՝ նախկին անվանումով։ Ես հետո իմացա, որ մեր գյուղի միջնակարգ դպրոցը եղել է վանքապատկան դպրոց, որ եկեղեցու մերձակա տարածքում ապրել են հոգեւորականները, ու զանազան սրբատեղիներ են հիմնվել։ Այդ տարածքների վրա ոչ մի գյուղացի տուն չէր կառուցում, չէր հանդգնում ձեռք տալ սրբություններին անգամ խորհրդային կրոնամերժ գաղափարախոսության պայմաններում։ Այդ եկեղեցին ասես մեր գյուղի մարդկանց հավաքական նկարագիրը լինի՝ հիմքը ամուր, մխրճված իր հողի մեջ, դարավոր, անհաղթելի, սրբացած, հավերժական…
-Պարոն Հարությունյան, Դուք մի զրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր արմատները Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում են։
-Թալիշը հորս ծննդավայրն է։ Թալիշցի են իմ նախնիները, ուրեմն՝ եւ ես։ Բայց հայրս ու մայրս հանգամանքների բերումով ապրել են մորս ծննդավայրում՝ Սաղյան գյուղում։ Ի դեպ, երկուսն էլ որբ են եղել, մեծացել են իրենց ազգականների հոգածությամբ։ Ծառայության ընթացքում ես շատ եմ շրջել երկրե երկիր։ Երբ կարոտը խեղդում էր, գալիս էի Թալիշ, հորեղբորս տուն։ Նա կույր էր։ Հայրենական պատերազմում կորցրել էր տեսողությունը։ Ես լուռ մոտենում էի, բռնում ձեռքը։ Նա մատներով շոշափում էր դեմքս, գլուխս ու ճանաչում էր ինձ ինչ-որ ներքին հարազատությամբ, արյան կանչով։ Հորեղբայրս հայրենիքի յուրատեսակ խորհրդանիշ էր ինձ համար։
-Ո՞րն է ամենամեծ, ամենակարեւոր գաղափարը, որը ուսումնառության տարիներից մինչ օրս ուղեկցում է Ձեզ։
-Մենք բոլորս զինվորներ ենք՝ անկախ ուսադիրների աստղերից։ «Զինվոր» գաղափարը այնքան բարձր է, տարողունակ, վսեմ։ Զինվոր են ե՛ւ գեներալը, ե՛ւ շարքայինը։
-Թերեւս՝ լավ գեներալը, լավ շարքայինը…
-Նրանք, ովքեր պատրաստ են տալ ամենաթանկը հայրենիքի պաշտպանության համար։ Ովքեր գիտակցում են, որ շարքայինն ու գեներալը մարտական ընկերներ են, զինակիցներ, պատասխանատու են մեկը մյուսի համար։ Ովքեր պատրաստ են վտանգի պահին կա՛մ փրկել ընկերոջը, կա՛մ մեռնել նրա հետ. երրորդ ճանապարհը դավաճանություն են համարում։
-Պարոն Հարությունյան, Ձեզ հետ հանդիպելուց առաջ զրուցում էի Ֆելիքս Պողոսյանի հետ։ Նա, ինչպես գիտեք, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալն է, պատերազմի ժամանակ կամավորական է եղել, հետո զինվորագրվել է բանակին։ Նա սիրով, երախտագիտությամբ հիշում էր, թե ինչպես եք համբերատար, մանրակրկիտ բացատրել զինվորական գործի գաղտնիքները։ Պարոն Պողոսյանը մի դեպք էլ հիշեց. կամավորականները պատրաստվում էին գնալ առաջնագիծ։ Դուք մոտեցել եք զորախմբին, հարցրել, թե ի՞նչ խնդիրներ ունեն։ Պարոն Պողոսյանը դժգոհել է, որ իր բուշլատը հնամաշ է։ Դուք արագ-արագ հանել եք Ձեր հագի զինվորական վերարկուն եւ տվել ճակատ մեկնող մարտիկին։
-Հիշեցի իմ առաջին զինվորական ղեկավարին՝ կապիտան Կուզնեցովին։ Երբեք չեմ մոռանա նրան ու միշտ երախտապարտ կլինեմ. ոչ միայն հրաշալի զինվորական էր, այլեւ լավ ուսուցիչ ու դաստիարակ, մանկավարժ ու հոգեբան։ Ինձ համար ե՛ւ ավագ եղբայր էր, ե՛ւ ընկեր, ե՛ւ հրամանատար։ Նա ինձ շատ բան սովորեցրեց։ Ցույց տվեց զինվորական աստիճաններով բարձրանալու դժվար, բայց ճշմարիտ ու ազնիվ ճանապարհը, հուշեց դժվարությունները պատվով հաղթահարելու գաղտնիքը։
-Եվ ո՞րն է այդ գաղտնիքը։
-Միշտ ձգտել առավելագույնին, հիշել, որ կատարելագործումը սահման չունի, չբավարարվել ձեռքբերածով, չընկնել ինքնագոհության թմբիրի մեջ ու քննադատաբար վերաբերվել ինքն իրեն։ Յուրաքանչյուր նվաճումից հետո ասել՝ ավելին կարող էի։ Լինել վճռական, չվախենալ սխալվելուց։ Ապրել զինվորի կյանքով, հնարավորինս մոտ լինել նրա հոգսերին եւ ուրախություններին, նրա ներաշխարհին, վստահելի ու հուսալի հենարան լինել զինվորի համար։ Իմ ղեկավարած ստորաբաժանումները միշտ առաջատար են եղել, ու ես հաջողության եմ հասել առաջին հերթին զինվորի հանդեպ ջերմ վերաբերմունքի շնորհիվ։
-Պարոն Հարությունյան, փաստորեն Դուք ամուսնացել եք, երբ դասակի հրամանատար էիք։ Շատ զինվորականներ ասում են, որ ծառայությունը խլում է գրեթե ամբողջ ժամանակը եւ տեղ չի թողնում անձնական կյանքի համար։ Դուք ինչպե՞ս եք կարողացել համատեղել գերազանց ծառայական արդյունքներն ու անձնական կյանքը։
-Կինս՝ Սվետլանան, եղբորս հարեւանուհին էր։ Մի անգամ առիթ էի ունեցել նրան տեսնելու, բայց երբ արձակուրդին տուն վերադարձա, հանկարծ ուրիշ աչքերով նայեցի նրան, տեսա բաներ, որ նախկինում չէի նկատել. կանացի հմայք, բարություն, մեղմություն, ինտելեկտ, բարեկրթություն։ Իդեալական կնոջ իմ չափանիշները մինչ օրս չեն փոխվել։ Ինձ դուր են գալիս, այսպես ասած, օջախի կանայք, ովքեր լավ տնտեսուհի են, մաքրակենցաղ են, աշխատասեր, կարող են խնամել իրենց ամուսիններին, զբաղվել փոքրիկների դաստիարակությամբ։ Կինն օջախի դեմքն է, նա է տանը եղանակ ստեղծում։ Երբ ես հյուր եմ գնում, դեռ ներս չմտած՝ նայում եմ տանտիրուհու աչքերին։ Եթե դրանք ժպտուն են, ջերմ, հյուրընկալ, ապա ժամանցից հաճույք եմ ստանում, հակառակ դեպքում՝ արագ հեռանում եմ։ Մեծ բարեբախտություն է, որ կինս որքան էլ հոգսաշատ ու ծանրաբեռնված լինի, միշտ ջերմությամբ ու սիրով է ընդունում իմ հյուրերին, ստեղծում է անմիջական, տրամադրող մթնոլորտ։ Երախտապարտ եմ, որ նա իր վրա է վերցնում նաեւ այն հոգսերը, որ ես էի պարտավոր հոգալ։ Տանը ես կարողանում եմ հանգստանալ։ Կինս իմ ընկերն է, որի հետ կարողանում եմ քննարկել ամեն ինչ (իհարկե, բացի ծառայությանն առնչվող հարցերից)։
-Դուք տա՞նն էլ եք հրամանատար։
-Փորձում եմ չլինել։ Ես շատ քիչ ժամանակ եմ ունեցել առնչվելու աղջկաս ու երկու տղաներիս հետ եւ պարտավոր եմ ավելի շատ հայրական սեր ու ջերմություն տալ նրանց, պարտավոր եմ ինչ-որ չափով հետ բերել կորցրած ժամանակը։ Մենք անընդհատ տեղից տեղ ենք տեղափոխվել։ Աղջիկս Գերմանիայում ծնվեց, տղաներս՝ Մոսկվայում, երբ սովորում էի Ֆրունզեի անվան ակադեմիայում։
-Պարոն Հարությունյան, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Դուք ապրում էիք Մոսկվայում, դասավանդում էիք գլխավոր շտաբի ակադեմիայում։ Թողեցիք ամեն ինչ՝ հարմարավետ բնակարան, բարձր աշխատավարձ, հեղինակություն եւ վերադարձաք հայրենիք։
-1992 թվականին խորհրդային բանակում մոտ 5 հազար հայ սպա ու գեներալ էր ծառայում, ովքեր եկան հայրենիք, հերոսություն չարեցին, իրենց պարտքը կատարեցին, ովքեր չեկան, ուրացան երկրին եւ ժողովրդին։ Գուցե սուբյեկտիվ է, բայց սա ի՛մ գնահատականն է։ 1991□ին Մոսկվայում հանդիպեցի Վազգեն Սարգսյանին։ Նա ասաց, որ բանակաշինությանն ու պատերազմին օգնելու համար մասնագետ զինվորականներ են պետք։ Երկմտանք չկար, որոշումն ընդունվեց միանգամից, որովհետեւ կշեռքի նժարին ինչ էլ դնեիր, մյուս նժարն իջնելու էր. այնտեղ վտանգված հայրենիքն էր։ Իսկ դուք ասում եք՝ աշխատանք, բարեկեցություն, հեղինակություն։ Երբեմն ասում են՝ բանակի ծնունդը նման է հրաշքի, առասպելի։ Այսպես են ասում նրանք, ովքեր փոքր-ինչ հեռվից են նայել այդ ամենին, իսկ բանակաշինության ակունքներում կանգնած մարդկանց համար այն տաժանակիր, քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների, բազում զոհողությունների արդյունք է։
-Հետ նայելիս դժվարությամբ ենք հավատում, որ հաղթահարել ենք բոլոր փորձություններն ու զրոյից բանակ ենք կառուցել։ Ինչպե՞ս կարողացանք։
-Միասին էինք, միակամ էինք։ Բոլորիս շահերը համատեղված էին. մեզ բանակ էր պետք, բոլորիս էր պետք, մեր տունը, մեր հողը, մեր ծնողներին ու զավակներին պաշտպանող ուժ էր պետք։ Չկար տարակարծություն, կասկած, երկընտրանք։ Ամեն հայ բանակին տվեց ինչ կարող էր, մեկը՝ իր գիտելիքներն ու փորձառությունը, մյուսը՝ իր քաջությունն ու նվիրումը, երրորդն օգնեց ֆինանսապես։ Նույնիսկ կանայք իրենց զարդերն էին վաճառում, որ կռվողների համար զենք, պարեն ու հագուստ գնենք։ Հարազատ ժողովրդի ջերմ ու սիրառատ շնչառությունը մեր թիկունքին՝ պատրաստ էինք ցանկացած սխրանքի։ Բանակն այնքան վսեմ էր, որ տեղ չէր թողել նյութապաշտության, մանրախնդրության եւ անձնական նկրտումների համար։ Ազգային բանակի ծնունդը կենդանի դաս է ապրողներիս եւ պատգամ՝ գալիք սերունդներին, երբ միասին ենք` անհաղթ ենք։
-Դուք 13 տարի ղեկավարել եք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը, եւ Ձեր ավանդը, որպես գլխավոր շտաբի պետ, երեւելի է։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում հասցրի՞ք որեւէ ծանրակշիռ գործ անել, որեւէ հիմնավոր փոփոխություն։
-Կարճ կպատասխանեմ. ռազմական դոկտրինի ստեղծումը, ռազմավարական բարեփոխումների սկզբնավորումը, ըստ իս, պատմական իրադարձություն էին ոչ միայն զինված ուժերի, այլեւ հանրապետության կյանքում։ Ինչ վերաբերում է հիմնարար փոփոխություններին, ես պիտի շարունակեի այն ծրագրերը, որոնց ստեղծման եւ կատարման մասնակիցն էի պաշտպանության նախարար նշանակվելուց առաջ, երբ գլխավոր շտաբի պետ էի։ Իմ օրոք բարձրացավ կատարողական կարգապահության մակարդակը, ինչը կարեւորում եւ մեծ ուշադրություն էի դարձնում։
-Պաշտպանության նախարարի եւ բանակի կերպարները որքանո՞վ են առնչվում։
-Չի կարող բանակն ուրիշ կերպար ունենալ, նախարարն՝ ուրիշ։ Նախարարի աշխատանքի գնահատականը բանակի վիճակն է։ Պաշտպանության նախարարի կերպարը հասարակության ուշադրության կենտրոնում է, քանի որ պաշտպանության նախարարն իր ղեկավարած կառույցով երկրի անվտանգության գլխավոր երաշխավորներից է։ Նա պետք է ավելի մոտ լինի հասարակությանը, վայելի հասարակության սերը, վստահությունը, հարգանքն ու իրենով սիրել ու հարգել տա բանակը։ Նախարարի հանդեպ հասարակության վերաբերմունքը ուղղակիորեն տարածվում է բանակի վրա։ Եվ հակառակը՝ բանակի թերությունները սասանում են նախարարի հեղինակությունը, անկախ նրա իրական կերպարից։ Որովհետեւ բանակի թերությունները ուղղակիորեն վերագրվում են նախարարի անձին։
-Երեք տարի է, ինչ ղեկավարում եք ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչությունը։ Որո՞նք են այս տարիներին Ձեր ղեկավարած կառույցի գլխավոր ձեռքբերումները։
-Մենք փոխեցինք ռազմական տեսչության կանոնադրությունը, կառուցվածքը՝ ժամանակի պահանջներին համապատասխան, ստեղծեցինք մի կառույց, որն ավելի մոտ է բանակին եւ այլ զորքերին, հնարավորություն ունի ավելի արդյունավետ կատարելու իր ֆունկցիոնալ պարտականությունները։ Ես ռազմական տեսչություն էի եկել բանակից եւ շատ լավ գիտեի բանակի խնդիրները։ Սակայն պարզվեց, որ հեռվից շատ-շատ խնդիրներ ավելի ակնառու են երեւում, եւ ավելի հեշտությամբ են զանազանվում առաջնահերթությունները։ Մենք բանակի կողքին ենք, կոչված ենք նպաստելու բանակաշինությանը, բանակը դարձնելու ավելի մարտունակ, ավելի կարգապահ, ավելի ոգեղեն։
-Ի՞նչը ավելի շատ կօգնի գործին՝ որ երկրի նախագահի գլխավոր ռազմական տեսուչն ու պաշտպանության նախարարը ընկերնե՞ր լինեն, թե՞ հակառակը՝ լավ կլինի, որ նրանց հարաբերությունները լինեն պաշտոնական, որովհետեւ ռազմական տեսչությունը ստուգող, հսկող մարմին է։
-Գլխավոր ռազմական տեսուչը եւ պաշտպանության նախարարը պետք է գաղափարակիցներ լինեն, պետք է նվիրված լինեն նույն գաղափարին՝ ուժեղ բանակի, պաշտպանված երկրի գաղափարին։ Այդ դեպքում ո՛չ ընկերներ լինելը գործին կխանգարի, ո՛չ էլ՝ հակառակը։ Ես ու Սեյրան Օհանյանը մարտական ընկերներ ենք, զինակիցներ ենք։ Մենք թիմ ենք՝ լծված նույն նպատակի իրագործմանը, նվիրված նույն գաղափարին։
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2010-ը ամփոփելիս ասաց, որ տարին նշանավորվել է ձեռքբերումներով, առաջընթացով, նվաճումներով։ Լրագրողի մասնագիտական պարտքն է շատ զուսպ լինել ձեռքբերումները գնահատելիս եւ սեւեռուն նայել բացթողումներին: Իմ դիտարկմամբ՝ բոլոր հաջողություններով հանդերձ, տարին, այնուամենայնիվ, ծանր էր բանակի համար, որովհետեւ բանակի հեղինակությունը սասանող, բանակ-հասարակություն կապը խարխլող դեպքերից խուսափել չկարողացանք։ Ուզում եմ ուղղակիորեն հարցնել՝ ռազմական տեսչությունը ունի՞ մեղքի իր բաժինը (երբ բանակի զինվորականների հետ զրուցենք, նրա՛նց կհարցնենք, թե ո՞րն է իրե՛նց բացթողումն ու վրիպումը)։
-Բոլորս ունենք մեղքի մեր բաժինը, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեինք կատարողական կարգապահությանը, կանոնադրային հարաբերություններին, միջանձնային խնդիրներին, զինվոր-սպա առնչություններին։ Պետք է ավելի շատ աշխատեինք զինվորների հետ, ավելի արագ արձագանքեինք խնդիրներին, ավելի մոտ լինեինք զինվորի հոգս ու ցավին, ավելի լավ պատրաստեինք սպային։ Բայց մի բան էլ ասեմ. եթե բանակում բարոյահոգեբանական խնդիր կա, ապա դրա ակունքը պիտի փնտրել նաեւ հասարակության բարոյահոգեբանական նկարագրում։
-Ինչպիսի՞ն է մեր բանակն այսօր, եթե համեմատենք քաղաքակիրթ երկրների բանակների հետ, ոչ թե Ադրբեջանի կամ հարեւան երկրների։
-Օրերս տոնեցինք մեր բանակի 19□ ամյակը։ Կարծում եմ՝ արդար չէ 19 տարեկան պատանուն համեմատել հարյուրամյակների փորձառություն ունեցող բանակների հետ։ Կասկած չկա, որ մեր բանակը շատ ավելի մարտունակ, ուժեղ ու կազմակերպված է, քան տարածաշրջանի մյուս երկրներինը։ Այդուհանդերձ, ես կփորձեմ համեմատել մեր բանակը նաեւ հզոր երկրների բանակների հետ՝ նշելով թերություններն ու առավելությունները։ Մեծ երկրների բանակները տեխնոլոգիապես ավելի զարգացած են, տեխնիկական հագեցվածության մակարդակն ավելի բարձր է, ավելի մեծ գումարներ են ծախսվում ռազմական կրթության վրա, ավելի շատ են վճարում սպային։ Մեր զինվորը շատ ավելի դիմացկուն է, արագ է յուրացնում, արագ է կողմնորոշվում, ունի ստեղծագործ միտք, ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն։ Մեր զինվորի հոգու ու արյան մեջ նստած է հայրենի հողի համար կյանքը չխնայելու հոգեբանությունը, որը մենք փոխանցում ենք սերնդեսերունդ։ Այսօր մեր զորախմբերը բարձր արդյունք են ցույց տալիս զարգացած երկրների բանակների չափանիշներով։ Իրաքում, Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություն իրականացնելիս նրանք ծառայում են իրենց հույն, թուրք, ամերիկացի եւ այլ ազգերի գործընկերների կողքին ու ոչնչով չեն զիջում նրանց։
-Պարոն գեներալ, Ադրբեջանն այս տարի կրկին ավելացրել է ռազմական ծախսերը եւ բացահայտ սպառնում է պատերազմով։ Որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսումը։
-Ես չեմ բացառում պատերազմը։ Կարող է հայ-ադրբեջանական ընդհարում սկսվել ե՛ւ որպես վերեւից իջեցվող քաղաքական որոշում, ե՛ւ որպես փոքրիկ, տեղային բախման շղթայական ռեակցիա։ Սակայն կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ մոտ ապագայում պատերազմ չի սկսվի։ Ադրբեջանական բանակը տանուլ կտա այդ պատերազմը, եւ ադրբեջանցիները գիտեն այդ։
-Ադրբեջանցիները տարեցտարի ավելացնում են ռազմական բյուջեն, նրանց սպաները կրթվում են ԱՄՆ□ի, Թուրքիայի ռազմական ակադեմիաներում։ Ադրբեջանի ռեսուրսները՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ նյութական, ավելի մեծ են, քան մերը, բայց արի ու տես, Ադրբեջանի բանակը չի հզորանում։ Ի՞նչն է պատճառը։
-Խորհրդային բանակը Հայրենական պատերազմից տասնամյակներ անց վայելում էր հաղթանակի փառքն ու ոգին, նույնիսկ հիմա մեր բանակը Հայրենական պատերազմի հաղթանակի ժառանգորդն է՝ ի դեմս մեր հայրերի, պապերի հերոսության ու սխրանքների։ Այսինքն՝ ե՛ւ հաղթողի հոգեբանությունը, ե՛ւ պարտվածի ախտանիշը շատ կենսունակ են։ Եթե դու ինքդ պարտվել ես, զրկվում ես զինվորիդ «պիտի հաղթես» ասելու բարոյական իրավունքից։ Եթե դու պարտվել ես, փախել ես մարտադաշտից, հերոսության, ինքնազոհության կոչերդ լսողների հոգում արմատ չեն գցում, ծիլ չեն տալիս։ Մի դիպուկ օրինակ բերեմ. Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւը պատերազմի ժամանակ իր զորքով բախվել է մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած զորքին։ Աբիեւի զորքը ջախջախվել, Աբիեւը փախել է Սեյրան Օհանյանի առաջ։ Հնարավոր պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանի բանակը պիտի կրկին հանդիպի Աբիեւի բանակին։ Սա արդեն կես հաղթանակ է մեզ համար։ Մեր ազգային հերոսները պատերազմում հաղթած հերոսներ են, որոնց թափած արյունը իմաստավորված է։ Ադրբեջանի ազգային հերոսները տանուլ տված պատերազմի հերոսներ են։ Տանուլ տված պատերազմի հերոս կլինի՞։ Այդ երկիրն այսօր հերոսներ չունի։
Բարոյահոգեբանական մթնոլորտը Ադրբեջանի բանակում անմխիթար է, սպանությունների քանակով մի քանի անգամ գերազանցում են մեզ։ Ադրբեջանի բանակում իշխում է «մահակի կարգապահությունը»։ 21-րդ դարում մահակով կարգուկանոն չես հաստատի։ Այսինքն՝ ռազմական բյուջեն ամենազոր չէ, խնդիրներ կան, որոնք գումարով չեն լուծվում։
Մենք ուժեղ ամրաշինական կառույցներ ենք ստեղծել առաջնագծում։ Այդ պատնեշը հաղթահարելու համար Ադրբեջանը այնպիսի մեծ կորուստներ կունենա, որ ուժերի հարաբերակցությամբ էապես կզիջի մեզ։ Իսկ մեր դիրքային առավելությո՞ւնը. սա նույնպես Ադրբեջանը հաշվի է առնում։ Մի խոսքով, Ադրբեջանը զինվում է ու սպասում այն պահին, երբ ինքը մեզնից առավելություն կունենա։ Պատերազմի ճանապարհը փակելու միակ ձեւը ադրբեջանցիներից ուժեղ լինելն է։ Այնուամենայնիվ, մինչ օրս Ադրբեջանն իր ռազմական բյուջեով ու արտերկրում կրթված սպաներով չի փորձել հետ բերել կորցրածը։ Մեր ժողովուրդն ու բանակը Ադրբեջանին ոչ մի հնարավորություն չեն տա, վստահ եղեք։ Նրա քաջությունը հոխորտանքից այն կողմ չի անցնի։
-Պարոն Հարությունյան, եկեք այս հուսավառ խոսքերով էլ ավարտենք բանակի մասին զրույցը ու կրկին դառնանք անձնական հարցերի։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին արված քննադատությանը։
-Մերկապարանոց, ինքնանպատակ քննադատությունը չեմ ընդունում ո՛չ իմ, ո՛չ էլ բանակի հասցեին։ Սխալվելը սարսափելի չէ, ավելի վատ է, երբ ոչինչ չես անում, ու սխալվելու առիթ էլ չկա։ Ինձ համար մարդկային ամենամեծ արատը ոչինչ չանելն ու զազրախոսելն է։ Չեմ սիրում անսխալականության բարդույթով տառապող մարդկանց, ովքեր միշտ սովորեցնում են ու ոչինչ չեն սովորում։
-Կարելի՞ է ասել, որ Դուք Ձեզ համարում եք լավ որդի, լավ ամուսին, լավ հայր եւ լավ ընկեր։
-Կուզենայի ավելի լավը լինել։ Ես մորս կրտսեր որդին եմ, բայց նա մինչեւ կյանքի վերջն ապրեց եղբորս հետ, քանի որ ես անընդհատ տեղից տեղ էի տեղափոխվում։ Ինչպե՞ս կարող եմ ասել, որ ես լավ որդի եմ։ Երեխաներս գրեթե առանց ինձ մեծացան… ինքներդ որոշեք, թե որքանով եմ լավ հայր։ Կինս ընտանիքի հոգսն իր ուսերին առավ (չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ նրան թատրոն կամ կինո տարել)։ Ընկերությունը շատ թանկ է ինձ համար։ Ես կապը չեմ կտրել ո՛չ մանկության, ո՛չ ուսանողական ընկերներիս հետ։ Թեեւ հնարավորություն չի լինում հաճախ հանդիպելու, բայց հոգով իրար հետ ենք, իսկ դժվարության պահերին պատրաստ ենք ամեն գնով աջակցել իրար։ Ընկերությունն ուժ է, ընկերոջ դավաճանությունը ծանր հարված է։
-Ձեզ դավաճանե՞լ են։
-Այո՛։ Նման դեպքում շատ կարեւոր է, որ արագ ազատվես մաղձից, դառնությունից ու մեջդ ոխ չպահես։ Պիտի ներես, որ հոգիդ խաղաղ լինի։ Իմ բնավորության մեջ ամենից բարձր եմ գնահատում հենց ներելու կարողությունը։ Իսկ թոռնիկներիս հանդեպ յուրատեսակ թուլություն ունեմ. նրանց կարող եմ ներել ամեն ինչ։ Ի դեպ, օրերս առաջին տղա թոռս՝ Միքայել Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնությունում դարձավ բրոնզե մեդալակիր ըմբշամարտից։ Ես այնքան հպարտ էի։ Արդեն վեց թոռնիկ ունեմ, վերջինը աղջիկ է, մեկ տարի առաջ ծնվեց։
-Պատահե՞լ է, որ ձեռք բարձրացնեք զինվորի կամ սպայի վրա։
-Երբեք այդքան թույլ չեմ եղել, նույնիսկ՝ երբ դեռ նոր էի սկսում ծառայությունս եւ դասակի հրամանատար էի։
-Պարոն Հարությունյան, Դուք Ձեր ծառայական կենսագրությունն սկսել եք դասակի հրամանատարից, անցել եք բոլոր հրամանատարական աստիճաններով եւ հասել եք զինվորական ամենաբարձր պաշտոնին։ Դուք բանակին տվել եք Ձեր ամբողջ կյանքը։ Ի՞նչ եք ստացել։
-Իմ երրորդ որդուն՝ բանակը։ Ո՞վ է մտածում, թե ինչ տվեց իր որդուն եւ ինչ շահեց դրանից։ Նախկինում նման համեմատություն չէի անի, կմտածեի՝ վերամբարձ է հնչում։ Հիմա տարիքս թույլ է տալիս ավելի անկեղծ լինել։

-Պարոն Հարությունյան, Ձեր ծննդյան 65-ամյա տարեդարձի կապակցությամբ հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ։ Ձեզ մաղթեցին քաջառողջություն, կորով, եռանդ, բեղուն աշխատանք՝ ի փառս մեր բանակի ու պետության։ «Հայ զինվորը» միանում է բոլոր շնորհավորանքներին ու մաղթանքներին։ Իսկ ես Ձեզ պարզ, մարդկային երջանկություն եմ մաղթում։ Անկորուստ անցեք Ձեր հետագա ճանապարհը, թող Ձեր կողքին միշտ լինեն կարեկից մարդիկ, ու թող երբեք չզգաք սիրո ու ջերմության պակաս։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/02/2011