Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ



Երևանի պետական համալսարանի նիստերի դահլիճում հունվարի 26-ին տեղի ունեցավ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2012 թվականին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների և ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցությունը, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարարներ, ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց՝ վերջին տարիներն առանձնանում են նրանով, որ մեծացել է ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը տարբեր գերատեսչությունների հետ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգծեց. «Հպարտ եմ, որ այսօր մշակույթը ներգրավված է մի ոլորտում, որով այն ավելի է հզորանում: Կարեւոր է գիտակցել, որ այսօր մենք պաշտպանում և պաշտպանվում ենք նաեւ մշակույթով, ուստի պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցությունը ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ շատ կարևոր է»: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` խորհրդակցությունը թույլ կտա ուրվագծել 2013թ. համատեղ անելիքները:

2012թ. կատարված աշխատանքների արդյունքները գերատեսչությունների ներկայացուցիչները ամփոփեցին զեկույցների տեսքով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանն անդրադարձավ համատեղ իրականացված ծրագրերին` ՆԶՊ հանրապետական օլիմպիադա, ռազմամարզական հանրապետական խաղեր, զորամասերում եւ դպրոցներում հայրենասիրական թեմաներով շարադրությունների մրցույթների կազմակերպում: «Ավարտական դասարանների աշակերտների նախազորակոչային պատրաստությանը մեծապես նպաստում են զորամասերում սահմանված «Դպրոցականի օր» միջոցառումը, ՊՆ զորավարժարաններում եւ ուսումնական կենտրոններում աշակերտների մասնակցությամբ անցկացվող «Հայրենյաց պաշտպան» եւ «Կորյուն» խորագրերով ռազմամարզական խաղերը, ինչպես նաեւ զորամասերի սպաների պարբերական հանդիպումները իրենց կցված դպրոցների ուսուցչական կոլեկտիվների, ավարտական դասարանների աշակերտների եւ նրանց ծնողների հետ,- ասաց Վ.Ավետիսյանը:- Սակայն պետք է արձանագրել, որ բանակ-դպրոց կապի սերտացման առումով դեռեւս նկատելի են որոշ թերություններ»:

Ըստ ներկայացված զեկույցի` զգալի անելիքներ կան ՆԶՊ կաբինետների կահավորման, ուսումնանյութական բազայի հարստացման, դպրոցական շարահրապարակների կառուցման, ֆիզկուլտուրա առարկայի դրվածքի արմատական բարելավման, զինղեկների մեթոդամանկավարժական պատրաստվածության որակական բարձրացման գործում. «Նորակոչիկների շրջանում նկատելի է ՆԶՊ առարկայի իմացության ցածր մակարդակ, հաճախ են դեպքերը, երբ հայտարարում են, թե իրենց դպրոցներում ՆԶՊ առարկայի դասերին հաճախելիությունը այնքան էլ պարտադիր չէ»,-նշեց Վ. Ավետիսյանն ու ընդգծեց, որ ժամանակն է էական փոփոխության ենթարկել գործող նախազորակոչային պատրաստության կանոնադրությունը.

«Եթե նախկինում զինղեկների նշանակումը համաձայնեցվում էր տարածքի զինվորական կոմիսարի` որպես պաշտպանական կառույցի ներկայացուցչի հետ, ապա այժմ նրանց վերապահված է միայն փաստական արձանագրողի դերը: Բավական է միայն նշել, որ 1342 զինղեկներից 320-ը չունեն բարձրագույն կրթություն, 142-ը` սպայական զինվորական կոչում, զինղեկների մեթոդամանկավարժական մասնագիտական պատրաստության, վերապատրաստման, որակավորման գործընթացները համակարգված չեն»: Հիմնախնդիրները լուծելու նպատակով Վարդան Ավետիսյանն առաջարկեց լրամշակել որոշ փաստաթղթեր, ինչը հնարավորություն կտա սահմանել հստակ պարտականություններ ՆԶՊ խնդիրների կատարումը վերահսկելու համար, նաեւ` Հայաստանի ՊՄՏԸ կազմակերպության ուսումնական հաստատությունները ՀՀ ՊՆ հսկողության հանձնելու դեպքում կազմավորել ՆԶՊ ուսումնական կենտրոններ:

Պաշտպանության նախարարը նշեց, որ ներկա վիճակի օբյեկտիվ պատկերը ունենալու եւ վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների համատեղ ստուգայցեր:

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը անդրադարձավ ուսումնական զենքով ապահովվածության խնդիրներին եւ ընդգծեց, որ կան մարզեր, որտեղ պատկան մարմինները այդ խնդրով այնքան էլ մտահոգ չեն:

Սեյրան Օհանյանը նշեց, որ ուսումնական զենքի համալրվածության ցածր մակարդակը հատկապես Տավուշի մարզում իր համար զարմանալի է, քանի որ մարզի 21 բնակավայրեր գտնվում են հակառակորդի հետ անմիջական շփման գծում. «Եթե անհրաժեշտություն կա, դիմե՛ք: Ես կապիտալ շինարարության վարչության պետին համապատասխան հանձնարարություն կտամ, որպեսզի դպրոցներում զենքի պահպանման սենյակներ կառուցենք եւ զենք հատկացնենք: Առանց զենքին տիրապետելու հմտության ուսուցման ՆԶՊ առարկան չի կարող լիարժեք լինել»: Մուրազ Սարգսյանն առաջարկեց նաեւ, որ դպրոցներում կազմակերպվեն երիտասարդ դիպուկահարների եւ նռնականետորդների ռազմահայրենասիրական խմբակներ:

Զինղեկների պատրաստության հարցին անդրադարձավ ԿԳՆ վարչության պետ Արման Այվազյանը եւ նշեց, որ վերաատեստավորման կարիք կա: Սեյրան Օհանյանը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէ՞ փոխարինել թոշակառու, բարձրագույն կրթություն եւ զինվորական կոչում չունեցող զինղեկներին: Արման Այվազյանը պատասխանեց, որ նման վիճակ է հատկապես գյուղական դպրոցներում, քանի որ հայտարարված մրցույթների պահանջներին համապատասխանող մասնագետներ չեն ներկայանում, տնօրենն էլ ստիպված է իր հայեցողությամբ ընտրություն կատարել: «Անհրաժեշտ է համատեղ պլանների մեջ մի կետ ներառել եւ ՆԶՊ դասերին պարբերաբար ընդգրկել զորամասերի հրամանատարական կազմին, որոնք կարող են դասավարման ուղղություն ցույց տալ»,-առաջարկեց Սեյրան Օհանյանը:

Խորհրդակցության ավարտին ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման համար մի խումբ զինվորականներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ արժանացան գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


31/01/2013