Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՐԴԱՁՈՐՆ ԱՅԼԵՎՍ ՎՏԱՆԳՎԱԾ ՉԷ



«Սա Հայաստան է և վերջ…»
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Տասիվերստ փոքրիկ գյուղն այն ժամանակ՝ 1990թ. աշնանը, տխուր էր, բայց գեղեցիկ: Ծաղկաձոր կոչեցինք գետակի հովտում, անտառապատ սարալանջի հովանու տակ ծվարած հայոց շենը, որի միջով անցնում էր Լաչին-Շուշի մայրուղին՝ իր հետ բերելով թուրքական չարիք: Նույն ճանապարհից քիչ վերև մեր շտաբն էր՝ այժմ ավերակ ու տխուր, կարոտով լի: Այդ տանն էինք ապրում. եթե իհարկե կարելի էր ապրել: Գիշերները հսկում էինք դիրքերում, շտաբում մնում էին 2-3 հոգի՝ տարածքի` չորս կողմից թուրքերով շրջապատված 3 հայկական գյուղերի՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, շտաբների հետ կապ պահպանելու և, հարկ եղած դեպքում, դիրքերում հսկողներին լուրեր հաղորդելու համար: Ցերեկները մի քիչ հանգստանալուց հետո բարձրանում էինք մոտակա անտառ կամ բլրակները: Յուրաքանչյուր պահի կարող էին հայտնվել խորհրդային՝ ադրբեջանցիների կաշառած հլու զինվորականները՝ անձնագրային ռեժիմի ստուգումներ կատարելու կամ ոչ բարի այլ նպատակներով: Մեր՝ այնտեղ եղած ժամանակ հայտնվեցին 2-3 անգամ՝ մեկ բանակցություններ վարելու նպատակով (եկել էին Շուշիի շրջանի ոստիկանության հետ), մեկ Ծաղկաձորից քիչ վերև ընկած ադրբեջանաբնակ Կանաչ Թալա գյուղը բնական գազ անցկացնելու, մեկ այստեղ կառուցվող գործարանի աշխատանքները արգելելու և այլ պատճառներով:

Կանաչ Թալա գյուղը, լինելով հայկական, 60-80-ական թվականերին հայաթափ էր եղել, իսկական տերերը հիմնականում կենցաղային վատ պայմանների պատճառով, որոնք ստեղծվել էին արհեստականորեն, լքել էին հարազատ օջախները, տեղափոխվել Ստեփանակերտ, Հայաստան, Ռուսաստան: Եկել էին ադրբեջանցի հովիվներ, իբր ժամանակավոր, և տիրացել հայկական գյուղին: Իսկ այդ տարիներին ընդամենը 10-12 տնտեսություն ունեցող ադրբեջանաբնակ Կանաչ Թալան պարզապես չարիք էր Բերդաձորի համար. այստեղ էին տեղակայվել թուրք օմօնականներ և այլ ռազմական ջոկատներ, և այստեղից էր ղեկավարվում Բերդաձորի թալանը, շրջափակումը: Հայկական գյուղերում տեղակայված էին Հայաստանից եկած ռազմական փոքրիկ խմբեր կամ ջոկատներ՝ հիմնականում տեղացի տղաների հետ հնարավոր հարձակումներին դիմակայելու, ազգաբնակչությանը պաշտպանելու նպատակով: Այժմ կարոտով եմ հիշում իմ մարտական ընկերներին, որոնցից Առնոն, Անդոն, Ստյոպան, Վարդանը, Արմենը, Պավլոն, Վաղինակը, Արմիկը չկան, անմահացան ռազմի ճանապարհներին:
♦♦♦
90-ի նոյեմբերին խիստ լարված էր իրավիճակը Բերդաձորում: Թշնամին ձգտում էր վերջնականապես հայաթափ անել արծվաբույնը և Արցախ-Մայր Հայաստան կապը հնարավորինս դարձնել անհնար: Ուստի եւ իրագործում էր ցանկացած խարդավանք: Շատ վտանգավոր էր դարձել կապը Ստեփանակերտի հետ: Ադրբեջանաբնակ Շուշի, Զարիսլու, Լիսագոր բնակավայրերի մոտ անպայման քարկոծվում ու գնդակոծվում էին հայկական մեքենաները, և միակ երթուղին կատարող ավտոբուսը, որի վարորդ Վագիֆը ամեն անգամ ուղևորվելով Բերդաձոր և հակառակ՝ Ստեփանակերտ, չգիտեր՝ տուն հասնելո՞ւ է, թե ոչ:

Նոյեմբերի կեսին պետք է վերադառնայինք Երևան` համալսարանում կիսամյակային քննություններին նախապատրաստվելու: Ստեփանակերտի օդանավակայանից Երևան թռչելը շատ էր դժվարացել: Մի կերպ կարողացանք մեր երկու ընկերներին՝ Արսենին և Ստյոպային ուղարկել, ես ու Արթուրը մնացինք մյուս չվերթով թռչելու, բայց՝ չստացվեց: Մեր՝ օդանավակայանում գտնվելը նաև վտանգավոր էր նրանով, որ ոչ ցանկալի անձի գրանցում ունեինք, և օդանավակայանը հսկող խորհրդային զինվորի կամ թուրք օմօնականի կողմից ճանաչվելու դեպքում՝ կձերբակալվեինք:
Իսկ այդ օրը մեր ընկեր Արսենը նույնիսկ հարվածեց ռուս զինվորին, որը արցունքաբեր գազ փչեց ժողովրդի վրա: Իհարկե զինվորականները կձերբակալեին նրան, եթե ժողովրդից չվախենային. երկար սպասումներն ու զինվորականների վերաբերմունքը նյարդայնացրել էր ուղևորներին: Մինչև մեր թռիչքի օրը 2-3 օր ժամանակ ունեինք և որոշեցինք այցելել Գանձասար ու Ամարաս: Ես ու Արթուրը գիշերով հասանք Գանձասարի վանք, որտեղ Երևանից եկած վարպետները նորոգման աշխատանքներ էին կատարում, գիշերեցինք նրանց մոտ, առավոտյան շրջեցինք վանքի տարածքում, լուսանկարեցինք և վերադարձանք:

Առավոտյան Սոսի կոլխոզի տրակտորով հասանք Ամարասի վանք: Ամարասից վերադարձանք ոտքով: Ճանապարհին մի «Մոսկվիչ» հանդիպեց: Նստեցինք: Վարորդը երբ իմացավ, որ Բերդաձորից ենք, ասաց, որ ադրբեջանցիներն այդ գյուղերը վառել են: Հասանք Ստեփանակերտ, հեռախոսով կապվեցինք Բերդաձորի շտաբի հետ: Պարզվեց, որ այդ գիշեր՝ նոյեմբերի 17-ին, ադրբեջանցիները տարել էին Եղցահողի ոչխարի հոտը՝ սպանելով հովիվ Ե.Ծատրյանին: Մինչ այդ՝ հոկտեմբերի վերջերին, գիշերով տարան նաև մոտ 300 գլուխ կով: Այդ ժամանակ անասնապահներին ծեծել և թողել էին ճանապարհին: Մենք իմանալով, որ այդ ավազակությունը կատարվել է Կանաչ Թալայում բնակվածների ձեռքով, նրանցից պահանջեցինք վերադարձնել անասունը: Սակայն, ինչ խոսք, ադրբեջանցիները հրաժարվեցին և երդվեցին, որ իրենք տեղյակ չեն: Ստիպված սկսեցինք գնդակոծել նրանց գյուղը: Իհարկե մեծ վնաս չէինք հասցնի որսորդական և ձեռագործ կարաբին-հրացաններով:

Եկան Շուշիից ու Լաչինից խորհրդային բանակի ներկայացուցիչներ, խոստացան գտնել ու պատժել ավազակներին, հետ վերադարձնել գողոնը: Այնինչ ռուս սպան հարբեց և նույնիսկ շփոթում էր հային ու ադրբեջանցուն: Իսկ այս անգամ՝ նոյեմբերի 17-ին, մեր տղաները արդեն վառել էին Կանաչ Թալայի մի քանի տուն. դրանք հիմնականում նոր ֆիննական տնակներ էին՝ նախատեսված ադրբեջանցի վերաբնակիչների համար: Ի պատասխան մերոնց գործողության՝ Շուշիի ոստիկանության աշխատակիցները, զինված ավտոմատներով, զրահաբաճկոններով, մտել էին Ծաղկաձոր ու վառել գյուղը: Իր տան մեջ այրվել էր նաև 90-ամյա Նանաշ Չոբանյանը, իսկ նրա Շիրակ թոռը, երբ ցանկացել էր օգնության հասնել, ադրբեջանցիները կրակել էին: Բարեբախտաբար, նա չէր վնասվել և պատսպարվելով հարմար դիրքում՝ ինքն էր կրակել ադրբեջանցիների վրա՝ վիրավորելով հրամանատարին: Ադրբեջանցիները ստիպված նահանջել էին: Սա էր այդ օրերի պատմությունը, և իմանալով այս ամենը՝ նորից Վագիֆի ավտոբուսով վերադառնում ենք Բերդաձոր: Իրավիճակը շտկելու և բերդաձորցիների անվտանգությունն ապահովելու համար ուղղաթիռներով մի քանի տասնյակ զինվորներ էին եկել Երևանից` Վազգեն Սարգսյանի հրամանով:

♦♦♦

Նոյեմբերի 21-ին Հին Շենում էի, այնտեղ էին նաև Իգոր Մուրադյանը, Ժաննա Գալստյանը, լրագրողներ Ստեփանակերտից: Առավոտյան դիրքերում էի: Բացի հրացանից, հետս մշտապես լուսանկարչական ապարատ ունեի: Նկարում եմ տղաներին: Այժմ ձեռքիս տակ է այդ օրերի մի լուսանկար՝ 5 զինված տղաներ: Սաքոյին և Գագիկին (Հադրութի Գագո) գիտեի դարձյալ 89-ից, իսկ 3-ին չէի ճանաչում: Այժմ էլ չեմ հիշում, թե ովքեր էին նկարը եզրափակողները, իսկ ձախից երկրորդը՝ երևանցի Վաղինակը, նույն օրը երեկոյան նահատակվեց գյուղի պաշտպանության ժամանակ: Դեռևս առավոտյան զգացվում էր, որ Լաչինի կողմից ադրբեջանցիների շարժ է նկատվում Մեծ Շենի ուղղությամբ: Իսկ Լաչինից մոտ 10 կմ հարավ ընկած Աղանոս գյուղից նաև զրահամեքենաներ էին շարժվում Հին Շենի ուղղությամբ: Քումին քար կոչվող բարձունքից, որտեղ մեր դիրքերն էին, լավ էր երևում այդ ուղղությունը:

Բերդաձորի ինքնապաշտպանության առաջամարտիկ Առնո Մկրտչյանը շտաբում հրահանգներ էր տալիս, ղեկավարում իրավիճակը: Միասին փորձում էինք գործի գցել ինքնաշեն գնդացիրը: Երեկոյան սկսվեց հարձակումը: Թշնամուն հաջողվեց գրավել իշխող դիրքերից մեկն ու կրակ բացել գյուղի վրա: 3-4 ժամ տևած մարտը դադարեց. թշնամին նահանջեց: Շատերն իջան դիրքերից: Պարզվեց, որ 2 հոգի չկան: Որոշում ենք բարձրանալ մարտավայր՝ փնտրելու տղաներին: Վարդան Բախշյանը ինձ է տալիս իր ավտոմատը՝ տեսնելով ձեռքիս որսորդական հրացանը:

5-6 հոգով, նաև կորած տղաներից հինշենցի Սամվելի եղբայրը՝ Էդիկը, բարձրանում ենք Քումին քարի դիրքեր: Քիչ ներքևում հանդիպում ենք մեր տղաներից երկուսին, որոնք խնդրում են փոխարինել իրենց, քանզի առավոտից այստեղ էին: Ես և ընկերս՝ Արթուրը, փոխարինում ենք նրանց, մեզ է միանում նաև Շիրակը: Տղաները շարունակում են վերելքը, և քիչ անց լսվում է Սամվելի եղբոր աղիողորմ ճիչը. «Սամվե՜լ, հե՜, Սամվե՜լ…»: Գտնում են նահատակներին՝ յուրաքանչյուրը մի քանի տասնյակ գնդակից խոցված: Առավոտյան իջնում ենք դիրքերից: Պարզվում է՝ մյուս նահատակը երևանցի Վաղինակն էր, որին լուսանկարել էի առավոտյան: Սամվելի մայրը մեզանից պահանջում է որդու վրեժը լուծել: Մյուս օրը ուղղաթիռով գալիս են Վազգեն Սարգսյանը և Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) նախագահ Անդրանիկ Հարությունյանը (զոհվեց ավտովթարից` Արտաշատի մոտ): Վաղինակի դին տեղափոխում ենք Երևան: Ուղղաթիռը Գորիսում վայրէջք է կատարում` մի վիրավոր ազատամարտիկի եւս վերցնելու նպատակով: Սպարապետը մեզ հրամայում է այնպես անել, որ վիրավորը չիմանա զոհի մասին:

♦♦♦

Տարիներ են անցել: Այդ ընթացքում Բերդաձորը ավելի ահավոր օրեր տեսավ, ուղիղ մեկ տարի հայաթափ մնաց: Գերվեցին շատ տղաներ, իսկ Առնո Մկրտչյանն ու եղցահողցի Հրաչ Պետրոսյանը տանջամահ արվեցին Բաքվի բանտերում: Մարտադաշտերում մարտիրոսվեցին մի քանի տասնյալ բերդաձորցիներ: Իր հղի կնոջը պաշտպանելու համար Մեծ Շենում գնդակահարվեց Անուշավան Գրիգորյանը: Ի հեճուկս ադրբեջանական զավթիչ քաղաքականության, այսօր Բերդաձորը կա, կանգուն է, և ես նորից հիշում եմ ողջ ու նահատակ տղաներին՝ Առնոյին, Հրաչին, Արմիկին, Կարենին, Սերոբին, Ռաֆիկին, Պավլոյին, այլոց: Իսկ Սամվելի մորը պետք է ասել, որ իր որդու վրեժը լուծել ենք. Շուշին ու Լաչինը այժմ հայկական բնակավայրեր են:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Պատմության էջերից


24/01/2013