Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ



Ենթասպա Գայանե Գրիգորյանը ծնունդով Ապարանից է՝ օժտված ապարանցիներին բնորոշ հատկանիշներով ու բնավորության գծերով՝ թասիբով, հայրենասեր, ինչ-որ տեղ տղամարդուն վայել հաստատակամությամբ, համարձակ եւ, իհարկե, հումորի զգացումով։ Նա 1991թ. ավարտել է Երևանի ֆիզմաթ թեքումով միջնակարգ դպրոցը և ընդունվել ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո աշխատել է պետստանդարտում, իսկ վերջին հինգ տարիներին ազգային բանակում է։ Ծառայությունն սկսել է առաջնագծի պահպանություն իրականացնող զորամիավորման շտաբում, իսկ 2010-ին տեղափոխվել է ինժեներասակրավորային զորամասի շտաբի շարային մաս։

-Հրաշալի աղջիկ է մեր Գայանեն,- ասում են զորամասի հրամանատարը, շտաբի ու շարային մասի պետերը։ -Ունենալով գիտելիքների հարուստ պաշար, նա իր առաջադրանքները կատարում է ժամանակին ու բարձր մակարդակով։

-Եթե այդքան լավ ծառայող ես, ինչո՞ւ սպայական հաստիքի չեն նշանակում,- հարցնում եմ կատակով։

-Ես քչով բավարարվող եմ,- ասում է ու ժպտալով ավելացնում,- ախպերս, ստեղ ապարանցիքին չեն սիրում։

Իրականում ենթասպա Գայանե Գրիգորյանի ծառայությունը գնահատվել է հավուր պատշաճի։ Նա պատվոգրի է արժանացել պաշտպանության նախարարի կողմից, խրախուսվել է շնորհակալագրով՝ ԶՈՒ ԳՇ պետի կողմից։ Պատվոգրեր ունի նաև զորամիավորման հրամանատարի ու վարչության պետի անունից։ Վերջին խրախուսանքին արժանացել է համաբանակային ռազմավարական զորավարժության ժամանակ աչքի ընկնելու, երկար ռազմերթերի ու դաշտային ծառայության պայմաններում տոկունություն դրսևորելու համար։

-Զինվորների հետ հաճա՞խ եք շփվում։

-Շա՜տ-շա՛տ, այնպես, որ տխրում և միաժամանակ էլ ուրախանում եմ զորացրման օրերին։ Տխրում եմ, որովհետև բաժանվում ենք մեր լավ զինվորներից, ուրախանում եմ՝ լրացնելով նրանց զորացրման փաստաթղթերը։ Ախր նրանց տանն անհամբերությամբ սպասում են։ Բանակից որդու վերադարձին սպասող մոր ուրախությունը սահման չունի։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, հայ ժողովրդին, զինվորներին, սպաներին, ենթասպաներին, հայոց բանակի կանանց։ Համբերություն եմ ցանկանում մեր մայրերին։ Թող բոլոր զինվորները ողջ ու առողջ վերադառնան իրենց օջախները՝ ամուսնանան, ընտանիք կազմեն ու մեր բանակի համար շատ որդիներ ունենան։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Ազգային բանակ


27/12/2012