Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՉՈՐՆԻՆ»



Հայրս՝ Ռուբեն Հակոբյանը, Հայրենական պատերազմից վերադարձավ հաղթանակով ու մի ամբողջ կյանք նվիրեց հայ երեխաների դաստիարակությանն ու կրթությանը։ Նա շատ լավ գրիչ ուներ և հրաշալի պատմող էր։ Ես ժամանակին գրի եմ առել նրա հիշողությունները պատերազմի և իր մարտական ընկերների մասին։ Ներկայացվող ակնարկը, որը թելադրել է հայրս, իսկ ես ընդամենը թղթին եմ հանձնել, տասնամյակներ գզրոցումս պահելուց հետո որոշեցի հրապարակել։ Այն մի հավաստի պատմություն է Զանգեզուրի հերոս որդիներից մեկի՝ կարմիրբանակային Սեդրակ Ալավերդյանի մասին, որի անունն ու գործը թերևս շատ քչերին է հայտնի։ Մեր հերոս որդիների սխրանքը չմոռանալը յուրաքանչյուրիս պարտքն է, և ես ինքս էլ կատարում եմ իմ պարտքը՝ տպագրության ներկայացնելով այս տողերը։

Մեր՝ 89-րդ հայկական դիվիզիան կռվում էր հյուսիսային Կովկասում։ 1943 թվականն էր։ Ես հետևակային վաշտում դասակի հրամանատար էի։ Մեր վաշտում էր կռվում կրակոտ սև աչքերով, կարճահասակ, բայց ամուր թեև ու թիկունքով մի մարտիկ՝ Սեդրակ Ալավերդյանը։ Թուխ մաշկի համար նրան բոլորը Չորնի էին ասում, ինքը, սակայն, դրանից բոլորովին չէր նեղվում, նույնիսկ հակառակը, ասես ուրախ էր։ Հաճախ հենց այդպես էլ ներկայանում էր. «Ընկեր հրամանատար, Ձեր հրամանով մարտիկ Չորնին ներկայացավ»։

Վերին աստիճանի ընկերասեր տղա էր Չորնին, ուրախ, երբեմն էլ լռակյաց։ Սակայն Աստված այդ կարճահասակ երիտասարդի կրծքում առյուծի սիրտ էր դրել։ Մենք հաճախ էինք հետախուզության գնում, խցկվում էինք թշնամու ականապատ դաշտերը, հետախուզում նրանց ամրությունները, երբեմն հանդիպակաց մարտեր մղում, հարձակվում, նահանջում։ Սեդրակը միշտ մեզ հետ էր և իրեն պահում էր քաջի պես։ 43թ. սեպտեմբերյան մի առավոտ, երբ նոր էինք անցել Վերին Բականսկը, հանկարծ որտեղից որտեղ երևաց Սեդրակ Ալավերդյանը՝ երկու ֆրից առաջը գցած։ Իմ հարցական հայացքին պատասխանեց. «Ես կտրվեցի տղաներից։ Պառկեցի ճամփի եզրին ու սպասեցի լույսը բացվելուն։ Հանկարծ թփերի արանքից մի քանի գերմանացի դուրս եկան։ Երբ արդեն ինձնից հեռացել էին մի քանի մետր, ես ետևներից բղավեցի՝ «հենդեհոխ, վափն այն լեգեն» (ձեռքներդ վեր, զենքերդ՝ ցած)։ Մեկը փորձեց փախչել. ավտոմատի կրակահերթով փռեցի գետնին։ Մյուսները զենքերը նետեցին և հանձնվեցին»։ Ես նայում էի Սեդրակի անհողդողդ դեմքին ու զարմանում… ասես սովորական գործ էր արել։ Այդպես նաև հաջորդ անգամ. երբ հնչեց հրամանը՝ «Անցնել թշնամու թիկունք, պատրաստվել մարտի», առաջինը պայթեց Սեդրակի նռնակը, հետո իրար հաջորդեցին ևս 14 նռնակներ։ Թշնամին խուճապահար փախչում էր։ Այդ մարտում Ալավերդյանը ոչնչացրեց 7 հոգու և վիրավորեց մեկ տասնյակից ավելի գերմանացի զինվորի։

1943թ. սեպտեմբերի 26-ի գիշերը դարձյալ մենք հետախուզություն էինք անում։ Գյուղը կոչվում էր Մարինոչեչենսկայա աուլ։ Տեղը ճահճուտ էր, եղեգնուտներով և ջրախոտերով պատված։ Հայտնվել էինք թշնամու ականապատ դաշտում։ Հանկարծ Սեդրակը ոտքը դնում է ականի վրա… Ֆշշում է ականի հրդեհացուցիչը, որին սակայն չի հաջորդում պայթյունը։ Սեդրակը ցույց է տալիս պատռված անդրավարտիքը. «Ինձ էլ մեռնել չկա»։ Սակայն նա դեռ չգիտեր, որ մահը դարանակալ իրեն է սպասում։ Օրը հասնում էր վախճանին, քամին շարունակում էր ոռնալ, թշնամու հեռահար հրանոթների արկերը պայթում էին գյուղում, շրջակա տարածքներում, մեզ շատ մոտիկ… Լսում եմ Սեդրակի ձայնը։ Բեկորներից մեկը դիպել էր նրա գոտկատեղից կախված նռնակին… Ալավերդյանը պառկել էր աջ կողքին՝ կիսաթեք, չէր հառաչում, չէր տնքում։ Նայեցի, պայթյունը պոկել-տարել էր նրա ձախ կողերն ամբողջովին։ Ես չոքել էի նրա գլխավերևը և գլուխն առել էի ափերիս մեջ։ Սեդրակը խոսում էր հանգիստ, առանց հուզմունքի, հետո աղերսանքով նայեց դեմքիս և շատ պարզ ու հստակ ձայնով ասաց. «Ընկեր Հակոբյան, կգրես Հայկական ՍՍՌ, Գորիսի շրջանի Տաթև գյուղ,- տվեց հոր անունը, որը ես հիմա մոռացել եմ,- և կասես, որ ձեր որդին զոհվեց պատերազմի դաշտում»։ Ես թեքվեցի նրա վրա, համբուրեցի սառը քրտինքով պատված ճակատը, հուսադրեցի ու ասացի. «Դու դեռ երկար կապրես, Սեդրակ ջան, քո աչքերով կտեսնես հաղթանակը»։ Գլխով արեց, հետո նայեց բացված կողին ու հարցրեց. «Հնարավոր չէ՞ փաթաթել…»։

Սեդրակ Ալավերդյանը մահացավ մայրամուտին։ Մենք նրան թաղեցինք գյուղի արևմտյան պռունկին, համբուրեցինք թարմ շիրիմը և արցունքոտ աչքերով պատրաստվեցինք հարձակման…

ՋՈՒԼԻԵՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Ճակատագրեր


21/12/2012