Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՍՊԱՌ ՀՈԳՈՒ ԼՈՒՅՍՈՎ…



Վահագն ու Հրաչյա Ճենտերեճյան զույգ եղբայրներին Երևանից տեսակցության էին եկել քույրը՝ Նարեն, մայրը՝ Սվետան, և հորեղբայր Արմենը, որը աշխատում էր «Հայ զինվոր» թերթում: Հայրը՝ Աշոտը, եկել էր Ստեփանակերտից (Արցախի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն էր)։ Վահագնը մասնագիտությամբ երաժիշտ է, Հրաչյան՝ գեղանկարիչ։ Վահագնը ջերմություն ուներ։ Կից սենյակում պառկած էր, և քույրը՝ Նարեն, մշտապես կողքին էր։ Սվետա մայրը սեղան էր գցում, շուտ-շուտ կողքի սենյակ անցնում, դեղահաբեր, թեյ տալիս որդուն.

-Ոչինչ, Վահագն ջան, թեթև մրսածություն է, կանցնի։ Տղամարդը կյանքում ամեն դժվարություն էլ պետք է հաղթահարի։ Հայկանուշ տատը ձեզ ջերմ բարևներ է ուղարկել, իր օրհնանքները,- ասում էր ժպիտով, ծիծաղով, ապա համբուրում որդուն ու դուրս գալիս։

Հայկանուշ մայրիկը երկար տարիների մանկավարժ է եղել՝ կիրթ, մտավորական ընտանիքի դուստր։ Քույրն է ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի՝ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» աշխատության հեղինակի։ Ի դեպ, Ճենտերեճյան եղբայրների Հրաչյա պապն էլ Մուշեղ Իշխանի զարմիկն է։

Մինչ բաժանումը մոր ու որդիների խոսք ու զրույցն ուրախ էր, թեթև՝ ոչ մի խոսք հիվանդության մասին։ Տղաներն անընդհատ հարցնում էին Հայկանուշ տատից «Ինչպե՞ս է առողջությունը, էլի թերթերը կարդո՞ւմ է։ «Հայ զինվորը» կարդո՞ւմ է։ Էլի նույն հարցասերն է, և այսպես շարունակ… (բազմամյա մանկավարժը մշտապես հետաքրքրվում էր թոռներով, նրանց դասերով)… Բաժանումին արդեն Վահագնը Հրաչյայի հետ ուղեկցում էր նրանց։ Տղաները նորից հիշեցին տատին, խնդրեցին փոխանցել իրենց ջերմ բարևներն ու համբույրները… Մայրը համբուրեց որդիներին, ու երբ մեքենան կորավ զինվոր տղաների տեսադաշտից՝ Սվետա մայրը անաղմուկ թաշկինակը տարավ աչքերին։ Մայրական քնքշանք ու սեր, վեհություն կար այդ ամենում։ Եվ դա երիցս հաստատում էր այն ճշմարտությունը, որ ընտանեկան ջերմ ու անսպառ լույսից են ծնվում հայոց երկրի անդորրը պաշտպանող տղաները… Եվ հավատում ես, որ անցնող տարիների հետ, Մռավի գագաթին անցկացրած իրենց ծառայության մասին Հրաչյան ու Վահագնը մեզ կպատմեն մեղեդու ու գույների լեզվով…

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Հոգևոր-մշակութային


21/12/2012