Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆԱՑ ԾԱՌ…



2011 թվական, մայիսի 28։ Սարդարապատ…

Հաղթական հուշահամալիրում տոնախմբություն է։ Եկել են Հայաստանի ողջ տարածքից, Արցախ աշխարհից, շատ են սփյուռքի մեր հայրենակիցները։ Մոտենում, խոնարհվում, ծաղիկ կամ ծաղկեպսակ են դնում Զանգակատան առջև ու շարունակում իրենց ճանապարհը ծաղիկներով քարացած արծիվների հայացքների տակ, քայլում են դեպի թանգարան… Շուրջբոլորը տարածվել է «Սարդարապատ» երգչախմբի սաների ձայնը.

-Զանգե՜ր, ղողանջեք, քաջերին կանչեք.

Սերունդներ, դուք մեզ հիշեք Սարդարապատից…

Երգչախմբի սաների՝ Հակոբյան Մերիի, Սմբատրյան Մերիի, Ստելայի, Սոնայի, Հերմիների, Գոհարի հայացքները մեկ հանդիսատեսին է, մեկ՝ երկինք, մեկ՝ Արարատներին, մեկ էլ՝ լուսանկարող սարքերին։ Երգում են բոցավառ հայացքներով։ Երգչախմբում երգում են համանուն գյուղի միջնակարգ դպրոցի սաները։ Դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանը Սարդարապատի տոնախմբության նախօրեին կազմակերպել էր «Առյուծասիրտ մայրեր» միջոցառումը։ Այն նվիրված էր հայոց մայրերին, ովքեր իրենց որդիներին, ամուսիններին ճանապարհել են ռազմի դաշտ։ Երգչախմբի սաներն այդ օրն էլ հուզմունք ու ոգևորության պահեր պարգևեցին…

Դպրոցի սաներից շատերն էլ ծառուղիների ծառերից մեկի (այդ ծառն անվանել են Կենաց ծառ) ճյուղերին նամակներ են կախել, որոնք նման են ճերմակ աղավնիների։ Նրանք գիտեն, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պիտի անցնի այդ ճանապարհով, և ուզում են, որ իրենց գրած որևէ մի նամակ իր ձեռքով վերցնի և կարդա։ Անհամբերությամբ սպասում են այդ պահին։ Եվ երբ անցնում է հանրապետության նախագահը, երեխաները շրջապատում են ոգևորությունից, ուրախությունից իր տեղը չգտնող մի աղջնակի՝ 4-րդ դասարանցի Վիկտորյային, ում բախտ է վիճակվել, որ իր նամակը կարդա նախագահը։ Ահա, թե ինչ էր գրել Վիկտորյան.

«Հարգելի պարոն նախագահ.

Երազում եմ առողջ մեծանալ, լավ մարդ դառնալ և օգտակար լինել իմ Հայաստանին։ Այդ են ուզում նաև բոլոր հայ երեխաները։ Օգնեք մեզ այդ գործում, սիրելի՛ պարոն նախագահ։ Մենք Ձեզ սիրում ենք, հավատում»։

Վիկտորյա

IV դ., գ. Սարդարապատ»։

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Հոգևոր-մշակութային


21/12/2012