Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՍԵՐ



Ա. Ինչպես որ մարդու մարմինն է անդամներից՝ իբրև մասերից, բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամներն ազգի բոլոր անհատներն են։ Եվ ինչպես որ մարմնի անդամներից մեկի՝ հիվանդության պատճառով վշտանալու դեպքում մյուս բոլոր անդամները ջանում են դարմանել ու բժշկել նրան, որպեսզի մահաբեր հիվանդությունն ամբողջ մարմինը չապականի, որով իրենք ևս կապականվեն, այդպես և ազգի հասարակության բոլոր անհատները պարտավոր են օգնական ու դարմանիչ լինել ձախողակի պատահարներով վշտացած ընկերոջ տկարությանն ու ցավերին, որպեսզի ախտը հետզհետե չտարածվի հասարակության մյուս բոլոր անդամների վրա. որովհետև ողջ ազգի տկարանալու և կործանվելու դեպքում անշուշտ կկործանվեն և իրենք։

Ուստի ովքեր կարող են, բայց չեն ջանում ցավակից ու օգնական լինել իրենց ազգակիցներին, արժանի են դատաստանի, որովհետև անհոգությամբ ամբողջ ազգի կործանման պատճառ են դառնում։

Ով իր հաջողության ժամանակ ձեռք չի մեկնում փորձության ենթարկվածներին, իր ձախորդության ժամանակ չի գտնի իրեն ձեռք մեկնող մեկի։

Բ. Աստվածային ամենաիմաստ տեսչությունը, որ քաղցրությամբ խնամում է իր արարածներին, բոլոր մարդկանց միօրինակ չստեղծեց, այլ ոմանց՝ հարուստ, ոմանց էլ՝ աղքատ, որպեսզի աղքատների ողորմելի վիճակը հարուստների գութը շարժի, հարուստներն իրենց ունեցվածքից հոգան աղքատների կարիքները, և փոխնիփոխ միմյանց բարեգործության պատճառ լինելով՝ ամենքն Աստծուց վարձ ընդունեն։ Եթե ամենքն աղքատ լինեն, ո՞վ կկարողանար ողորմություն տալ, և եթե ամենքը հարուստ լինեին, ո՞վ կխոնարհվեր ողորմություն վերցնելու։

Ուրեմն՝ ովքեր կարող են ողորմել, թող գոհանան Տիրոջից, որ իրենց ունեցվածք տվեց կարոտյալներին օգնելու, որպեսզի իրենց բարերարության դիմաց անեզրական վարձ ընդունեն։ Նույնպես և աղքատներն իրենց կարիքները հարուստների տվածով հոգալիս թող գոհությամբ երախտահատույց լինեն Տիրոջը և պարգևողներին, որպեսզի արժանի դառնան Աստծուց վարձ ստանալու։

Նույնիսկ եթե բազմությունը երախտագետ չլինի, հարուստները պիտի չդադարեն բարերարելուց, եթե կամենում են Աստծուն նմանվել։ Որովհետև ահա շատերը, Աստծուց բազում բարիքներ ստանալով, չեն ճանաչում Նրա բարերարությունը, սակայն Նա տակավին բարիք է գործում նրանց։

Գ. Ազգասեր մարդուն բավական չէ միայն ժողովրդի օգուտը սիրել ու նրա համար աշխատել, նաև պիտի ատի ու հեռու հալածի նրան, ով ընդդիմանում է իր բարվոք դիտողությանն ու ջանում վնաս հասցնել հայրենիքին։

(շարունակելի)

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Հոգևոր-մշակութային


21/12/2012