Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏՎԱԴՐՈՇԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ»



Փոխգնդապետ Հ. Գրիգորյանը սահմանամերձ զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի հրամանատարն է։ 2011թ ուսումնական տարվա արդյունքներով այս դիվիզիոնը ճանաչվել է լավագույնը դիվիզիայում և պարգևատրվել է փոխանցիկ պատվադրոշով։ Դիվիզիոնը ընդգրկված է մարտական հերթապահության մեջ` մշտապես պատրաստ կատարելու իր առջև դրված մարտական առաջադրանքը` անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել սահմանը պահող հրաձգային ստորաբաժանումներին։ Դիվիզիոնի մյուս ստորաբաժանումները, գտնվելով մշտական տեղակայման վայրում, ներգրավված են մարտական պատրաստության պարապմունքներում՝ հընթացս կատարելագործելով իրենց մասնագիտական ունակություններն ու վարպետությունը։

Դիվիզիոնի մարտկոցները ամենօրյա գործնական և մեթոդական օգնության շնորհիվ կարողանում են կրակային պատրաստության գործնական պարապմունքները ճիշտ և արդյունավետ կազմակերպել։ Նորակոչիկներն այստեղ ստանում են նեղ մասնագիտական պատրաստություն ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ՝ հետագայում զբաղեցնելով համապատասխան հաստիքներ։

-Ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր պարապմունքները իրականացնում ենք հետևողականորեն, ինչի շնորհիվ էլ անցած ուսումնական փուլի արդյունքներով մեր դիվիզիոնը ճանաչվեց լավագույնը։ Ողջ անձնակազմը վճռական է հաջողությամբ կատարելու ձմեռային ուսումնական փուլի խնդիրները ևս։ Այս տարի էլ կփորձենք փոխանցիկ պատվադրոշը պահել մեզ մոտ։ Մեր դիվիզիոնի սպաներն ունեն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն, անձնակազմը աչքի է ընկնում առաջադրանքների կատարման բարձր պատասխանատվությամբ և ծառայական կարգապահությամբ,- մեզ հետ զրույցում վստահեցրեց դիվիզիոնի հրամանատարը։

Փոխգնդապետ Հ. Գրիգորյանը արդեն տասնհինգ տարի է, ինչ բանակի շարքերում է։ Այս ընթացքում ավարտել է սպայական դասընթացները, ստացել կրտսեր լեյտենանտի կոչում ու նշանակվել մարտկոցի ավագ սպա, այնուհետև հրամանատար։ 2000թ. հաջողությամբ ավարտել է հրետանային մարտկոցի հրամանատարի որակավորման եռամսյա բարձրացման դասընթացները։ Մշտապես ձգտում է կատարելագործել զինվորական գիտելիքները, քանզի, իր խորին համոզմամբ, առաջին հերթին կրթվածությամբ, զինվորական գործի կատարյալ իմացությամբ եւ մասնագիտական ունակությունների վարպետ համադրմամբ է հնարավոր դիմակայել մեր հայրենիքի առջեւ ծառացած արդի մարտահրավերներին։

-Արդեն տասնհինգ տարի պատվով և արժանապատվորեն ծառայում եմ հայրենիքիս, ծառայում եմ մեծ նվիրումով՝ մշտապես զինվորի հետ, զինվորի կողքին։ Զորամասը վաղուց արդեն դարձել է իմ երկրորդ տունը,- ասաց դիվիզիոնի հրամանատարը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ազգային բանակ


14/12/2012