Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՃԱՆԿԱՐ



4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ` F-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Lockeed Martin ընկերության հետ՝ Lightning II F-35 կործանիչների հինգերորդ խմբաքանակի գնման շուրջ։

Ինչպես հաղորդում է Defense News գործակալությունը, 32 ինքնաթիռներն իրենց կցասարքավորումներով կարժենան շուրջ 4 միլիարդ դոլար։ Ըստ գործակալության հաղորդագրության` խմբաքանակի կազմում կընդգրկվեն ՌՕՈՒ-ի` սովորական թռիչքուղով թռչող և վայրէջք կատարող F-35A 22 ինքնաթիռներ, կարճ թռիչքուղով թռչող և հորիզոնական վայրէջք կատարող ծովային հետևակի երեք F-35B, ինչպես նաև ՌԾՈՒ-ի յոթ F-35C կործանիչներ։ Բոլոր ինքնաթիռները պատրաստվում են Տեխաս նահանգի ֆորտ-Ուորտի Lockeed Martin ձեռնարկությունում։

Փոքր խմբաքանակով արտադրվող F-35 (LRIP-5-ի հինգերորդ խմբաքանակի մասին պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերին։

Այնուամենայնիվ, Պենտագոնն ու Lockeed Martin ձեռնարկությունն ամբողջ տարվա ընթացքում չկարողացան համաձայնության գալ ինքնաթիռների գների հարցում։ Ի սկզբանե պայմանագիրն ընդգրկում էր 30 ինքնաթիռ և գնահատվում էր ավելի քան 5,5 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ, F-35 կործանիչների մշակման, գնման և շահագործման համար առաջիկա 50 տարում ԱՄՆ-ը կծախսի գրեթե 1.5 տրիլիոն դոլար։ ՌՕՈՒ-ի, ծովային հետևակի և ՌԾՈՒ-ի 2,4 հազ. ինքնաթիռների համար Պենտագոնը կծախսի 382 մլրդ դոլար։

ԱՄՆ-ից բացի, F-35 կործանիչների ծրագրին մասնակցում են նաև Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Իտալիան և մի շարք այլ երկրներ։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ

Քիչ նկատելի անօդաչու nEUROn թռչող սարքը, որը ստեղծվել է քիչ նշմարելիության տեխնոլոգիայի կիրառմամբ, 2012թ. դեկտեմբերի 1-ին կատարեց իր առաջին թռիչքը, հաղորդում է Flightglobal գործակալությունը։ Սարքի հիմնական մշակողն ու արտադրող՝ ֆրանսիական Dassault ընկերությունը առաջին թռիչքի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում։ Հայտնի է միայն, որ թռիչքը բարեհաջող է անցել։ Գործող ժամանակացույցի համաձայն` մինչև 2014թ. nEUROn-ի փորձարկումներ կիրականացվեն Ֆրանսիայում։

Եվրոպական անօդաչու ինքնաթիռի առաջին թռիչքը ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել 2012թ. կեսերին։ Դրա մշակումը բխում է Ֆրանսիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Հունաստանի, Իտալիայի և Շվեյցարիայի շահերից։ Սակայն անօդաչու ինքնաթիռի լրամշակման անհրաժեշտությունից ելնելով` առաջին թռիչքը հետաձգվեց։ Ակնկալվում է, որ nEUROn-ը 2014 թվականին կուղարկվի Շվեդիա փորձարկումների, իսկ այնուհետև՝ Իտալիա, որտեղ կչափվի անօդաչու թռչող սարքի ցրման արդյունավետ մակերեսը և կանցկացվեն սպառազինության փորձարկումներ։

Եվրոպական անօդաչու թռչող սարքի առաջին նախատիպի ցուցադրությունը կայացել է 2012 թվականի հունվարի վերջին։

Սարքի մշակումը սկսվել է 2007 թվականին։ Բացի Dassault-ից, նախագծին մասնակցում են նաև շվեդական Saab, իտալական Alenia Aeronautica, հունական EAB, շվեյցարական RUAG, ֆրանսիական Thales և իսպանական EADS-CASA ընկերությունները։

nEUROn-ի մշակման ծրագրի արժեքը կազմում է շուրջ 405 միլիոն եվրո։

nEUROn-ն ստեղծվում է «թռչող թևի» սխեմայով (ուրվագծով)՝ կիրառելով քիչ նկատելիության տեխնոլոգիան։ Անօդաչու սարքն ունի 9,5 մետր երկարություն, իսկ թևի բացվածքը կազմում է 12,5 մետր։ Ռեակտիվ շարժիչով սարքը կարող է զարգացնել մինչև 920 կմ/ժամ արագություն և տեղափոխել մինչև 500 կգ տարատեսակ սպառազինություն, օրինակ` յուրաքանչյուրը 500 ֆունտ տրամաչափով երկու ավիառումբ։

2013Թ. ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵԼԵՆԵՐԸ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԱՆՏՈՆՈՎ ԵՒ ՍՈՒԽՈՅ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՒՄ

«Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ն 2013 թվականից պատրաստվում է ռելե մատակարարել ռուսական ինքնաթիռաշինարարներին։ Այս մասին է News.am -ի թղթակցին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը։ Ավիացիոն շուկա ռելեի մատակարարումները կազմում են տարեկան մի քանի միլիոն խմբաքանակ։ Ներկայումս ընկերությունն արտադրում է ռելե և տվիչներ՝ ավտոմոբիլային շինարարության համար։ Ընկերության արտադրանքը լիովին արտահանվում է Ռուսաստան։

Երևանի ռելեի գործարանը ռելե էր մատակարարում նաև խոհրդային տարիներին, դեռևս այն ժամանակ «Ռաֆէլգրիգ»-ը նրա եղեգնաձորյան մասնաճյուղն էր։ «Տարիներ անց, Ռուսաստանում և Ուկրաինայում ինքնաթիռաշինության ծավալների աճին զուգընթաց ավելանում է նոր մատակարումների պահանջարկը։ Մեզ հաջողվեց ինքնուրույն պայմանագրեր կնքել նրանց հետ, աշխատանքների կատարմանը ձեռնամուխ կլինենք մյուս տարի»,- նշում է Ռ. Գրիգորյանը։

Ընկերության պատվիրատուների շարքում էր նաեւ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ռուսական ՓԲԸ-ն և ուկրաինական «Անտոնով» պետընկերությունը։

Նշենք նաև, որ 2011թ. Հայաստանում արտադրվել է 701 մլն ռելե՝ 2010 թվականի 598 մլն-ի համեմատությամբ։ Աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը սկսել է արտադրանք մատակարարել ոչ միայն ռուսական ավտոկոնցեռններին, այլ նաև Ռուսաստանում արտոնագրով աշխատող արտասահմանյան գործարաններին։

Պատրաստեց Հ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ռազմական


14/12/2012